Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՆԵՆՔ ՄԻ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆԱՌԻԿ ՊԱՀԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ



ՈՒՆԵՆՔ ՄԻ ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆԱՌԻԿ ՊԱՀԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸՍիրելի՛ հավատացյալ հայորդիներ

Սիրելի՛ սպաներ և զինվորներ Հայոց հաղթական  բանակի

Հարության ու հաղթանակի ամիս է մայիսը՝ Ավարայր, Սարդարապատ, Շուշի, երբ օրհասական պահին հնչում են Եկեղեցիների զանգերի ղողանջները, հավատավոր հոգու նոր զորությամբ և միաբանության ոգով խմբվում է Հայոց աշխարհազորը, զինվում հոգևորականները, մանուկն ու կինն իջնում են ռազմի դաշտ՝ կերտելով բեկումնային հաղթանակ. այսպես ենք պայքարել մինչև այսօր, պայքար ոչ թե կյանքի ու գոյատևման, այլ պայքար մեր հավատի ջահի համար…

Մայիսի 9-ի հաղթական խորհուրդը ուղենիշն է զինված ուժերում ծառայող   յուրաքանչյուր հայորդու համար: Դժվարին հաղթանակներով սրբագործված մեր անկախ Հայաստանի հզորացման համար մարտերը դեռ շարունակվում են. անկախության ճանապարհը միշտ էլ փշոտ է եղել: Դեռ էլի նոր Մայիսներ կգան՝ Հայոց Ոստանում Եռագույնի վեհատեսիլ նոր ծածանումով… Ունենք մի սուրբ առաքելություն՝ անառիկ պահել  սեփական հայրենիքը, որը նման է Սրբազան Տաճարի կառուցման, որի որմերին ամեն օր մի քար պիտի ավելացնենք. և առաջին ավելացնողը հենց դուք եք։

Ջերմ շնորհավորանքներով Ի խորոց սրտի աղոթքով հայցում ենք Ամենակալ Աստծուց, որ Երկնավոր Տերը մեր Զորավոր Սրբերի և Սուրբ Նահատակների արդար բարեխոսությամբ, Իր ամենազոր Աջի ներքո խաղաղության և հավատքի մեջ պահի և պահպանի Մեր սրտաչափ Հայրենին՝ սքանչելի Հայաստան Աշխարհը, անկոտրում պահի ոգին ու բազուկը հայրենյաց պաշտպան մեր զավակների և նրանց քաջարի հրամանատարության:

Շնորհավորանքով և օրհնությամբ՝

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Խորագիր՝ #17 (1288) 8.05.2019 - 14.05.2019, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային


10/05/2019