Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉՄԱՐՈՂ ՀՈՒՅՍ



ՉՄԱՐՈՂ ՀՈՒՅՍՀորս հորեղբայրը՝ Ասքանազ Պետրոսյանը, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղից Կարմիր բանակ է զորակոչվել 1939թ., մասնակցել է Խորհրդա-ֆիննական պատերազմին, որի ավարտից հետո երազել է առաջիկա զորացրման, օր առաջ հայրենի գյուղ վերադառնալու, հարազատներին տեսնելու, նորից դպրոցում դասավանդելու, ապա եւ՝ ընտանիք կազմելու մասին։ Բայց, ցավոք, օրերը շարունակում են մնալ տագնապալի. հիմա էլ Խորհրդային Միությանն սպառնում են ֆաշիստական Գերմանիայի զորքերը։ Եվ Ասքանազ Պետրոսյանի վերադարձը հայրենի օջախ կրկին հետաձգվում է։

Երբ 1941թ. հունիսին ֆաշիստական զորքերը կատաղի հեղեղի պես խուժում են Խորհրդային Միության սահմաններից ներս, նրանց դեմ ելնում են նաեւ ֆիննական ճակատից տեղափոխված խորհրդային զորքերը։ Ասքանազ Պետրոսյանը նահանջի ճանապարհներին վիճակված կարճատեւ դադարների ընթացքում նամակներ է գրում տուն՝ հարազատներին։ Անցնում են օրեր, ամիսներ, եւ տնեցիներն այլեւս ոչ մի նամակ չեն ստանում նրանից։ Չեն ստանում նաեւ զոհվելու մասին որեւէ տեղեկություն։ Ասքանազ Պետրոսյանը համարվում է հարյուր-հազարավոր անհետ կորածներից մեկը։

Մինչդեռ տանը երբեք չեն հաշտվում այդ մտքի հետ եւ շարունակում են սպասել նրան ինչպես պատերազմի ողջ ընթացքում, այնպես էլ պատերազմի ավարտից հետո, երբ, բարեբախտաբար, վիրավոր տուն է վերադառնում նաեւ իմ պապը՝ Ասքանազ Պետրոսյանի ավագ եղբայրը՝ Մարկոս Պետրոսյանը։

Հայրս՝ բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը, իր կորած հորեղբորը չի տեսել եւ նրա մասին լսել է միայն հարազատներից։ Հատկապես մի դեպք անջնջելի հետք է թողել հորս հիշողության մեջ։

1958թ. հայրս սովորում էր Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագիտական ֆակուլտետում, Հայաստանի տարբեր շրջաններից եկած տղաների հետ ապրում էր հանրակացարանում։ Եվ մի օր էլ, երբ երեկոյան կատակներից թնդում էր հանրակացարանի փոքրիկ սենյակը, հանկարծ ուսանողներից մեկի ուղեկցությամբ սենյակ է մտնում մի բարձրահասակ, թիկնեղ զինվորական՝ գնդապետի ուսադիրներով։ Բոլորը տեղում քարանում են, իսկ զինվորականը, բոլոր տղաներին ուշադիր զննելուց հետո, հայացքը հառում է հորս վրա եւ գոչում.

-Սա՛ է եղբորս որդին։

Եվ թեւերը տարածելով՝ փարվում է հորս։ Աննկարագրելի էր հորս ուրախությունը՝ կարծելով, թե անհետ կորած հորեղբայրն է հանկարծ հայտնվել։ Այնինչ, շատ կարճ են տեւում հորս ուրախությունն ու զարմանքը. պարզվում է, որ զինվորականն ամենեւին էլ հորս կորած հորեղբայրը չէ, այլ պապիս՝ Մարկոս Պետրոսյանի մանկության ընկերը՝ Անդրանիկ Հակոբյանը, որը պատերազմից հետո ապրում եւ աշխատում էր Թբիլիսիում եւ եկել էր հանդիպելու ընկերոջ տղային։

-Ուրախ էի եւ միաժամանակ՝ տխուր,- վերհիշում է հայրս,- ուրախ էի, որ հորս վաղեմի ընկերը եկել էր ինձ տեսության, բայց եւ տխուր, որ զինվորականն իմ հորեղբայրը չէր, որին այդքան սպասում էինք։

Ժամանակը հոսում է, անցնում են օրեր ու տարիներ, բայց Ասքանազ Պետրոսյանի ժառանգները դեռ շարունակում են սպասել ու հուսալ, որ օրերից մի օր մի լուր կստանան անհետ կորած իրենց հարազատից կամ գոնե կիմանան, թե որտեղ է նրա գերեզմանը։

 

ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆ

Խորագիր՝ #17 (1288) 8.05.2019 - 14.05.2019, Ճակատագրեր


10/05/2019