Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՍՄԱՆՅԱՆ ՈՍԿՈՎ ԳՆՎԱԾ ՊԱՊՍ



ՕՍՄԱՆՅԱՆ ՈՍԿՈՎ ԳՆՎԱԾ ՊԱՊՍԵրբ Երևանից առաջին անգամ գնացի Լիբանան, 1991 թվականն էր: Պատերազմը նոր էր ավարտվել: Բեյրութում փլատակների մեջ փոքր Փարիզը չտեսա (Բեյրութը հաճախ են համեմատում Փարիզի հետ` անվանելով Արևելքի Փարիզ), բայց ավելի ցնցող բան տեսա` փոքրիկ Հայաստան: Զգացողություններս խառն էին` մանկությունից լսած, բայց չտեսած ազգականներ, անսովոր հայերեն, միայն հայերեն գրված խանութների ցուցանակներ, որ այդ տարիներին և հիմա էլ Հայաստանում այդքան հաճախ չես հանդիպի: Անթիլիասի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի մտա, Դեր-Զորից բերված ոսկորները սարսափազդու էին, սոսկումով նայում էի, և միայն մի միտք էր ուղեղս մուրճի պես զարկում` ո՞րն է արդարությունը:

Հայկական եկեղեցիներ, ակումբներ, մշակույթի տներ և ահա վերջապես այդքան լսած, բայց երբեք չտեսած Բուրջ Համուդ հայկական թաղամասը. այստեղ է ծնվել հայրս, այստեղ է այն տունը, որտեղ ապրել է հայրս:

Այսքան տպավորություններիս գումարվեց մի պատմություն, որը չէի լսել ո՛չ հորիցս, ո՛չ պապիցս: Երևի թուրքի վախն ապրած կյանքն էր ստիպել, որ լռել էր պապս:

Մեզնից ամեն մեկը մեր պատմության տխուր ու ցավոտ էջերի ժառանգորդն է, և Լիբանանը իր բաժինն ունի այդ էջերի մեջ:

Դարեր առաջ հայոց Տիգրան թագավորը տիրել է Լիբանանին, բայց դարեր հետո այդ նույն հզոր թագավորի ժողովուրդը որպես գաղթական մտավ Լիբանան: Այո՛, գաղթական, խոշտանգված ու հալածված մտավ Լիբանան, բայց օտար ափում երբեք չմուրաց, իր աշխատանքով ոտքի կանգնեց, սիրվեց և հարգվեց տեղի ժողովրդի կողմից:

Ժամանակի ընթացքում վերքերը սպիացան, բայց ցավը մնաց, անթեղվեց սրտերում: Հազարավոր հայ որբուկներ ևս հանգրվան գտան այս հողում` դանիացի միսիոներ Մարիա Յակոբսոնի որբանոցում` «Թռչնոց բնում», այլ որբանոցներում: Տեսնես՝ ի՞նչ ճակատագրի արժանացան նրանք, որոնց թաքցրին կամ որպես ծառա պահեցին քրդերը, այն ժամանակ ո՞վ էր տերը, այսօր նրանք կոչվում են ծպտված հայեր:

Հայ լինելուս հպարտության կողքին Լիբանանում նաև սարսափելի սոսկում ապրեցի, երբ մտածեցի, որ ես և եղբայրներս էլ կարող էինք ծպտված հայ լինել, չիմանալ մեր ազգությունը, մեր կրոնը…

Եվ ահա Լիբանանը իմ աչքի առաջ բացեց իմ ընտանիքին բաժին հասած ցավը: Այստեղ մնացի մի տան մեջ, որտեղ ապրել էր պապս և զորավոր մի կին, որի խոսքն օրենք էր և՛ իր ազգականների, և՛ իր թաղի համար: Պապիս հորեղբոր աղջիկը` Սառա խաթունը, որը 16-18 տարեկանում հասցրել էր արդեն ամուսնու և զավակի կորստյան ցավը տեսնել, կորցրել էր ամբողջ գերդաստանը. փրկվել էին միայն ինքը և հորեղբոր երկու աղջիկները` Մարիամը և Թամամը: Նրանք Դեր-Զորով հասել էին Սիրիա: Սառա խաթունը ինքնամոռաց փնտրել էր հինգ զոհված եղբայրներից ողջ մնացած միակ տղային` Սարգսին, որն այդ ժամանակ տասը տարեկան էր: Ամիսներ շարունակ ամեն օր նրան գտնելու հույսը սրտում բավական երկար ճանապարհ կտրելով գնացել-հասել էր «կարանտին» կոչվող շրջանը, որտեղ ամեն օր գաղթական հայեր էին ավելանում, բայց Սարգիսը չկար ու չկար: Ամենօրյա այցերից մեկի ժամանակ հանդիպում է համագյուղացիներից մեկին, որը լուսավոր հույսի շող է արթնացնում` կինն ասում է, որ քրդերի վրանների մոտ Սարգսին նման մեկին է տեսել: Սառան ոգևորված, ուրախացած, առանց ժամանակ կորցնելու երկար ճամփա է կտրում ու հասնում նշված վայրը: Տեսնում է, որ իրենց միակ հույսը քրդերի մոտ ոչխար է արածեցնում: Սարգիսը լսել անգամ չի ուզում քրոջ հետ վերադառնալու մասին. ո՞վ գիտի՝ այն ժամանակ ի՞նչ է մտածել տասնամյա երեխան, որ տեսել էր սպանություն, ջարդ, անցել դաժան ճամփեքով ու հիմա գտել է իր կարծիքով ապահով մի անկյուն ու կարծում էր, թե հայերի մոտ միայն ու միայն մահ է: Հերիք չէ՝ Սարգիսը չէր ուզում վերադառնալ, մյուս կողմից էլ՝ քուրդ տերը պնդում է, որ իր աշխատողին հենց այնպես չի տա: Խեղճ Սառան դափ-դատարկ վերադառնում է տուն, բայց առավոտ շուտ, դեռ լույսը չբացված, կանգնում է քրդի վրանի առաջ միակ խնայողությունը` օսմանյան մեկ ոսկին ձեռքին ու օսմանյան ոսկիով հետ է գնում իր գերդաստանի միակ գանձը` իրենց տոհմի շարունակողին ու պահում-փայփայում է նրան մոր պես: Հետո Սառան ամուսնանում է Նազար աղայի հետ ու երկու աղջիկ ունենում` Մարի և Թրվանդա: Հենց իրենք էլ ինձ պատմել են այս իրողությունը:

ՕՍՄԱՆՅԱՆ ՈՍԿՈՎ ԳՆՎԱԾ ՊԱՊՍՍարգիսն ամուսնանում է, ունենում երեք աղջիկ ու մեկ տղա` Հարությունը` հայրս, որը մեր ամբողջ գերդաստանի հարությունն էր: Սակայն Սառա խաթունի ուրախությունը երկար չի տևում, մոտենում է 1946 թվականը, այսքան ցավից, տառապանքից հետո կրկին բաժանում: Այս անգամ Հայաստանն էր պատճառը` ծովից ծով հայրենիքից մնացած մի փոքրիկ պատառը:

Սարգիսն ընտանիքով միանում է Հայաստան ներգաղթողներին: Օրերով, շաբաթներով նավահանգստում սպասում են, որ նավ բարձրանան` ներգաղթողների մեծ հոսք կար, ու ամեն օր Սառա խաթունը ուտելիք է հասցնում նավահանգիստ` եղբոր ընտանիքին, ամեն օր աչքն արցունք, որ վաղն այլևս չի տեսնի եղբորը: Հայրս` Հարությունը, որ արդեն տասներկու տարեկան էր, երեք անգամ փախչում է ծնողներից, աղաչում-պաղատում, որ հորաքրոջ մոտ մնա, բայց հորաքույրը անդրդվելի էր. «Գնա՛, տղա՛ս, հայրենիքից անուշ բան չկա…»:

Հայաստան… ո՞վ կմտածեր, որ այդչափ ցավ, սարսափ տեսնելուց հետո այդքան փայփայած ու երազած հայրենիքը շատ, անպատմելի շատ հեռու էր լինելու իրենց երազանքներից: Ու հազար զրկանք կրած հայերը նորից պետք է տեսնեին սով, վախ, սարսափ ու աքսոր:

Պապս ու հայրս երբեք չտրտնջացին, չբողոքեցին: Յոթ տարեկան էի, երբ Սարգիս պապս մահացավ, մանկական հիշողություններիս մեջ տպավորվել է պապս` լուռ, խոնարհ, բարի, մշտապես իր թթի ծառի տակ նստած ու երկար-երկար զրույց անելիս իր դասընկերոջ` Լիբանանից եկած պապիկի հետ: Տեսնես՝ ի՞նչ էին խոսում` կորցրածի, թե՞ գտածի, էրգրի, թե՞ Լիբանանի մասին, չգիտեմ, միայն Աստված կիմանա…

Բայց շնորհակալ եմ քեզ, իմ անբախտ պապ, որ քո զավակներին մայր հայրենիք բերեցիր, աշխարհում ամենավատը անհայրենիք լինելն է…

 

ԱՆԱՀԻՏ ՔԻՐԱՋՅԱՆ

ԲԵՅՐՈՒԹ

Խորագիր՝ #16 (1287) 1.05.2019 - 7.05.2019, Պատմության էջերից


02/05/2019