Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՏՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԸ



ԳԻՏՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԸՍենիկ Մատինյանը ծնունդով Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքից է, նեյրոգիտության ասպարեզում իր գիտական ու հեղափոխական հետազոտության շնորհիվ հիացմունք ու զարմանք է առաջացրել անգամ ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականների շրջանում:

 

Նեյրոգիտության լաբորատորիայի մշտական «բնակիչ» ու հետազոտող Սենիկ Մատինյանը` բժշկական համալսարանի 25-ամյա ուսանողն ու միեւնույն ժամանակ զինված ուժերի ժամկետային զինծառայողը, զորակոչվել է ամիսներ առաջ՝ հունվարին, կարճ ժամանակ անց վերադարձել հարազատ համալսարան՝ կրթությունը շարունակելու։ Սա բժշկական կրթություն ունեցողներին պաշտպանական գերատեսչության առաջարկած այլընտրանքային ծառայության շնորհիվ է։ Կնքում են պայմանագիր, ևս մեկ տարի սովորում են ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայում և հետո մեկնում զորքեր՝ ոչ թե երկամյա շարքային զինվորի, այլև բուժծառայողի որակավորմամբ՝ լեյտենանտի ուսադիրներով։

Սենիկը նույնպես այս ծրագրի շահառու է, սակայն մյուսներից տարբերվում է իր` գիտության ասպարեզում ու հեղափոխական հետազոտությամբ, արդյունքով, հեռանկարով։ Մինչ զինծառայությունը, որոնել ու նախնական արդյունքով գտել է ամենատարածված հիվանդություններից մեկի բուժման ճանապարհը։ Պայքարում է կաթվածի դեմ։ Տարածված կարծիք կա. կաթվածը դատավճիռ է, բեկման ենթակա չէ։ Հիվանդության մասին այս ձևակերպումը տված համաշխարհային հազարավոր գիտնականներին հակադարձել է հայ երիտասարդը, առաջարկել լուծումը, տվել հիմնավորումը. «Մասնագիտությունն ընտրելիս, կրթություն ստանալիս ինձ համար առաջնահերթություն էի սահմանել. չլինել հերթականը, սովորականը, լինել ճանաչելի, հնարավորության դեպքում, աշխարհի բժշկական համայնքում։ Կարծես ստացվում է»։

Համեստ երիտասարդը բացականչեց՝ «էվրիկա՜», երբ գտավ հիմնարար լուծումը։ Կաթվածի դեպքում մարդկանց ուղեղային նյարդերը մահանում են, և հիվանդությունն անբուժելի է հենց այդ պատճառով՝ հնարավոր չէ վերականգնել նյարդերը։ Այսքանը, մինչև Սենիկի փորձը։ Զինծառայող բժիշկը կարողացավ փորձերի ու անքուն գիշերների արդյունքում հայտարարել, որ հնարավոր է ոչ միայն վերականգնել որոշ նյարդեր, այլև կենսունակ դարձնել ուղեղի այլ շերտերում գտնվող նյարդերը։ Սա հիվանդությունը բուժելու ընդհանուր բացատրությունն է, մասնագիտական հիմնավորումները լաբորատորիայի փակ սենյակում են՝ ստերիլ պայմաններում. «Կաթվածի դեպքում մարդուն փրկելու հստակ ժամկետ կա՝ մինչև 24 ժամ։ Այդ ընթացքում պետք է հասցնել հիվանդանոց, և հավանական է՝ փրկել կյանքը, սակայն մեծ է հաշմանդամություն ունենալու հավանականությունը։ Ընդ որում, կաթվածի ենթարկվածների միայն 5 տոկոսին է հաջողվում այս ժամանակում բուժօգնություն ստանալ։ Հենց այստեղ է իմ անելիքը, ներկայացնել եղանակ, որ կարողանանք այս մարդկանց վերադարձնել լիարժեք կյանք, սոցիալական առողջ միջավայր»։

ԳԻՏՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԸՍենիկ Մատինյանի գաղափարն ու նախնական փորձերն արդեն հայտնվել են Եվրոպայի բժշկական էլիտայի սեղանին։ Միջազգային ամենահայտնի կառույցների գիտնականները տպավորված են, զարմացած, հիացած։ Ողջունել են հայ երիտասարդի հետազոտությունն ու արձագանքել դրամաշնորհով։ Եվրոպական Միության հեղինակավոր «Հորիզոն 2020» ծրագիրը Սենիկին ու աշխատանքային խմբի մյուս անդամներին մեկ միլիոն դոլար կհատկացնի՝ ուսումնասիրությունները շարունակելու, վերջնական արդյունքի հասնելու համար։ Այս ընթացքում նեյրոգիտությունը կհասցնեն նոր մակարդակի, կփոխանակեն փորձը միջազգային լավագույն լաբորատորիաներում, կհանդիպեն Նոբելյան մրցանակակիրների հետ։ Ընդ որում, գիտության հայտնի դափնեկիրներն իրենք են ցանկություն հայտնել  Հայաստան այցելելու և երիտասարդ գործընկերոջ հեղափոխական լուծումները քննարկելու համար։

Սենիկն ու ընկերներն իրենց այս բեկումնային հետազոտություններով ևս մեկ հաջողություն կբերեն Հայաստան։ Կստեղծեն գիտահետազոտական կենտրոն, ուսումնասիրելու ոչ թե մեկ, այլ երեք հիվանդությունների հնարավոր բուժման ճանապարհները։ Կաթվածի դեմ պայքարը մեկ ուղղությունն է, զուգահեռ կգործեն ալցհեյմերի և աուտիզմի բուժման ուղղությամբ։ Հիվանդությունները կանխելու, բուժելու համար Սենիկն ու աշխատանքային խումբը որոշել են սարք ստեղծել, որն էլ կիրականացնի նպատակը՝ բուժումը անբուժելի հիվանդության։

Բժիշկ, զինծառայող Սենիկը կարող է մնալ պատմության մեջ որպես բացառիկ գիտնական, որպես հայկական գիտական վերածննդի կերտողներից մեկը։ Նախադրյալները կան, ֆինանսական նախնական աղբյուրը՝ նույնպես։ Մնում է գործել: «Անելիք դեռ շատ կա, ամիսների, տարիների հետևողական աշխատանք է պետք, կարևորն այն ձգտումն է, որ միլիոնավորներին վերադարձնեմ ժպիտն ու արարելու ցանկությունը, և… և ես դա կանեմ»։ Այսպես էլ ամփոփում է միտքը երկու համազգեստով ու երկու երդում ընդունած Սենիկը՝ բժշկականի երիտասարդ ասպիրանտն ու հայկական բանակի զինվորը՝ խոստանալով հաջորդիվ պատմել դրական ու ճակատագրական արդյունքների մասին։

Հայրենակցի սխրանքի լուրը հասել է նաև Տավուշ՝ Արծվաբերդ։ Գյուղում սպասում են հետազոտության հաջորդ փուլերին, զարգացումներին… համագյուղացի հերոսին։ Արծվաբերդի տարեցները կեսլուրջ-կեսկատակ անկեղծանում են՝ Մատինյանների նոր սերունդն իր նորարարություններով փոխելու է աշխարհն ու աշխարհի կենտրոնը՝ բերելով դափնիները մարտնչող Արծվաբերդ։

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #15 (1286) 24.04.2019 - 30.04.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/04/2019