Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՐ ՀՊԱՐՏ ԼԵՌՆԵՐԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԵՆ»



«ՄԵՐ ՀՊԱՐՏ ԼԵՌՆԵՐԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԵՆ»Առաջինը, որ աչքի է զարնում դիրքի տարածքում, նրա պահապանների անօրինակ հոգածությունն է: Այստեղ ստեղծված են լիարժեք կենսագործունեության բոլոր պայմանները: Ամուր ու պաշտպանված պատերից ներս մի ամբողջ զինվորական տնտեսություն է` լողասենյակով, արևային վահանակով, տեսադիտարկման սարքերով, կահ-կարասիով: Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներն ասում են, որ սա իրենց երկրորդ տունն է: Իսկ թե ինչու են այսքան կապված սահմանին, հենակետին, բացատրվում է նրանցից յուրաքանչյուրի ոչ դյուրին կյանքով, անցած ուղիով:

Դիրքի անկյուններից մեկում գլաքարերից շարված գողտրիկ  մատուռն է, որ իր ձեռքով կառուցել է հենակետի  «հնաբնակներից» մեկը` դիրքի ավագ, սերժանտ Ատոմ Հայրապետյանը: Մատուռի պատին կարդում եմ. «Սրբ. Ատոմ»: «Մեր կորպուսի գնդերեցը` Տեր  Վահան քահանան օծեց ու դրեց այդ անունը: Վարդանանց զորավարներից մեկի անունով,- «մեկնաբանում է» Ատոմը:

-Ինքը որոշել է, իր ձեռքերով էլ կառուցել,- հուշում է մեր ուղեկցորդը՝ զորամասի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Զոհրաբ Մկրտչյանը:- Դիրքերում կառուցված մատուռները հատուկ խորհուրդ ունեն՝ հիշեցնում են, որ դիրքն ինքնին սրբություն է, և  պարտավոր ենք թեկուզ կյանքի գնով պահել այն:

Ատոմը տեղաբնակ է. ընտանիքը մոտակա սահմանամերձ գյուղերից մեկում է: Տասը տարի է, ինչ ծառայում  է այս հենակետում: Հարակից դիրքերից մեկում էլ եղբայրն է հսկում սահմանը:

-Սա մեզ համար ոչ միայն աշխատանք է, այլև պարտականություն,- ասում է:- Մեր հողի, ջրի, հայրենիքի, ընտանիքի համար ենք այստեղ,- խոսում է հանդարտ ու մտքերը հատ-հատ ձևակերպելով:

«ՄԵՐ ՀՊԱՐՏ ԼԵՌՆԵՐԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԵՆ»Ատոմը բարձրագույն կրթություն ունի. ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Այնուհետև մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հնգամսյա դասընթացներին և անցել զինծառայության:

-Արդեն սովոր եմ դիրքային կյանքին: Երբեմն ավելի շատ այստեղ եմ լինում, քան տանը. սա իմ ընտրությունն է:

Երկու որդի ունի` Տարոնն ու Վարդանը: Շատ լավ են սովորում: Երկուսն էլ ուզում են զինվորական բժիշկ դառնալ:

-Շուտով մեր Ատոմին սպայական կոչում է շնորհվելու: Նա մեր ամենապարտաճանաչ, կարգապահ, գրագետ, խնդիրներն ու հրամանները ժամանակին ու անթերի կատարող զինծառայողներից է: Նրան կարող ենք վստահել ցանկացած խնդիր,-զրույցին է միանում փոխգնդապետ Մկրտչյանը:

…Գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Սամվել Ավալյանին խնդրում եմ պատմել հենակետի անձնակազմի մասին:

-Շատ բան կա ասելու: Բայց ամենից կարևորը, որ կուզեի ասել մեր տղաների մասին, նրանց նվիրվածությունն է միմյանց ու ծառայությանը: Մի օրինակով կարելի է ներկայացնել. կյանքի համար վտանգավոր խնդիրների կատարումը ամուսնացած, երեխա ունեցող տղերքը երբեք չամուսնացածներին չեն թողնում: Ասում են` «Դուք մնացեք, հաց պատրաստեք, որ ետ գանք, ուտենք»:

-Ի՞նչ է տալիս ձեզ սահմանին լինելը:

«ՄԵՐ ՀՊԱՐՏ ԼԵՌՆԵՐԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԵՆ»-Տասնմեկ տարի է, ինչ ծառայում եմ և տասնմեկ տարին էլ սահմանին եմ… Սահմանը ամեն ինչ է՝ կյանքիս իմաստը, նպատակը… Ինձ չեմ պատկերացնում մի այլ տեղում: Այստեղ ենք, ու սա մեր որոշումն է: Այստեղ դու առավել ես սիրում, առավել ես կապվում քո հող ու ջրին: Այս լեռները ազատության խորհրդանիշ են: Այստեղ է, որ ինձ լիարժեք մարդ եմ զգում: Հայրենիքն այստեղից է սկսվում: Վերջին անգամ, երբ քաղաք իջա, հանդիպեցի մեր համագյուղացի բարերարին` Կարապետ Առաքելյանին, որ տարիներ շարունակ օժանդակում է մեզ. աչքը սահմանին է, թե էլ ինչո՞վ կարող է մեզ օգնել:  Ինքը Ռուսաստանում է ապրում, բայց շուտ-շուտ գալիս է, այցելում է դիրքեր: Նոր տարվա շեմին մեզ նվեր արեց` դիրքերում արևային վահանակ տեղադրեց: Կուզենայի կրկին նրան խորին շնորհակալությունս հայտնել:

Սամվել Ավալյանը ծնունդով սահմանամերձ գյուղից է, ինչպես այստեղ կանգնած զինծառայողների մեծ մասը:

-Յոթ տարեկան էի, երբ Արցախյան կռիվներն սկսվեցին: Մի օր արկը մեր այգու մեջ պայթեց: Ես, պապիկս ու հորեղբայրս մի քանի մետր այն կողմ շպրտվեցինք… Մի անգամ էլ մեր տարածք ընկած ու չպայթած հրետանու արկը երեք երեխայի կյանք արժեցավ. ընկերներս էին գտել ու խաղալով պայթեցրել էին: Մենք այդ ժամանակ դպրոցում էինք… Երբ կրակոցներն սկսվում էին, լինում էր՝  օրվա մեջ մի ժամ էլ չէինք կարողանում դաս անել: Իսկ երբ ռմբակոծություն էր սկսվում, ուսուցիչները մեզ ապաստարաններն էին փախցնում: Հետո խոցվելու վտանգի տակ մեկիկ-մեկիկ ուղեկցում  մեր տները… Ահա այսպես ենք մեծացել…

Սամվելն էլ 2 որդի ունի` մեծը դպրոցական է, կարատեի չեմպիոն: Փոքրը օրերս է երկու տարեկան դարձել:

Փոխգնդապետ Զոհրաբ Մկրտչյանը նույնպես հիշելու շատ բան ունի: Ապրիլյան քառօրյայի ընթացքում ծառայում էր Մատաղիսում.

-Այդ շրջանը մեզ շատ բան տվեց: Նախ՝ մեր զինվորին նորովի ճանաչեցինք. զինվորը մնաց մինչև վերջ ու ասաց` «Չէ՛, մերն է դիրքը, պիտի պահենք»: Ու պահեցինք… ոմանք` իրենց կյանքի գնով… Այստեղ, այս տարածքներում էլ ժամանակին` հատկապես Արցախյան պատերազմի ընթացքում, մարտեր են ընթացել, որոշ տեղերում` թեժ մարտեր: Ու գյուղացին ամենադժվար պահին միշտ զինվորականի կողքին է կանգնել: Հիմա էլ մի փոքր վտանգ զգալիս գալիս, մեր կողքին են կանգնում, թե` «Ի՞նչ է պետք, ինչո՞վ օգնենք»:

Դիտակետերից մեկում այդ օրը հերթապահում էր շարքային Անդրանիկ Գյուլինյանը, որը նույնպես սահմանամերձ գյուղի բնակիչ է:

-Մեր սահմանն է, պահում ենք: Արցախյան պատերազմի ժամանակ էլ եմ ծառայել` 1993-1995թթ.: Սահմանին անհանգիստ էր. գնդակոծում էին մեր գյուղերը: Զոհեր, վիրավորներ…: Հենց այդ ժամանակվանից էլ անցա ծառայության: Հրետանավոր եմ եղել. թշնամու տանկ ենք խփել, «Գրադ», իրենց ռազմաբազաներն ենք խոցել:

…Ծառայում ենք, որ մեր հայրենիքը պահենք, մեր ընտանիքը: Ամուսնացած եմ, երկու որդի ունեմ: Մեծ տղաս այս պահին «Եղնիկներում» է ծառայում: Մի քանի ամսից կավարտի ծառայությունը: Հաղթանդամ, ֆիզիկապես շատ ուժեղ տղա է Արտյոմս: Բազմիցս խրախուսվել է` որպես լավ զինծառայող: Նռնականետորդ է, բայց շատ զենքերի է տիրապետում:

-Արտյո՛մ ջան, բարևներ քեզ հայրիկիցդ` մի դիրքից մյուսը: Բարո~վ ավարտես ծառայությունդ:

Մյուս դիտորդը՝ շարքային Կարապետ Բաբայանը, ծնվել-մեծացել է Երևանում, բայց արդեն քսան տարի է, ինչ ընտանիքով մոտակա գյուղերից մեկում է բնակվում: «Պատերազմի տարիներին եկա մորս մոտ. այստեղ` մեր գյուղում էր մնում: 1991թ. հունվարն էր. ասացին, որ «Արաբկիր» ջոկատին մարտիկներ են պետք, ու ես միացա նրանց, ծառայեցի Երասխավանում: 2007թ. որպես պայմանագրային անցա ազգային բանակի շարքերը:

2008թ. այս տարածքի դիրքերից մեկում Կարապետը ծանր վիրավորվել է, սակայն հետո կրկին վերադարձել է դիրք:

…Հերթապահներին հրաժեշտ ենք տալիս: Կապիտան Սամվել Ավալյանը հրահանգավորում է դիրքի անձնակազմի մյուս անդամներին: Շարքայիններ Սամվել Մարդոյանը, Բաբկեն Գրիգորյանը երկուսն էլ շուրջ տասներկու տարի է, ինչ այս սահմանին են կանգնած: «Ամեն ինչ էլ տեսել ենք, պայքարել, պահել ենք մեր հողը: Պետք լինի` էլի նույնը կանենք»,- սա է նրանց հավատամքը:

…Դիրքապահներին բարի ծառայություն ու խաղաղ օրեր ենք մաղթում ու սարերից ուղևորվում քաղաք… Հետդարձի ճանապարհին հիշում եմ կապիտան Ավալյանի խոսքը՝ «Հայրենիքն այստեղից է սկսվում…»:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #8 (1279) 6.03.2019 - 12.03.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/03/2019