Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՊԱՀԵԼ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ-ՏՈՒՆԸ



 

ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՊԱՀԵԼ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ-ՏՈՒՆԸՍահմանամերձ զորամասի շարահրապարակից, ինչպես ափի մեջ, երևում է մոտակա բնակավայրը. սա կարծես հատուկ հիշեցում լինի նրանց, ովքեր պաշտպանում են հայրենի եզերքը: Մարտական ուղի անցած զորամասը սահման է հսկում, իսկ այսօր էլ նորակոչիկների հերթական կազմի երդման արարողությունն է:

Բացվում են զորամասի դարպասներն, ու մարդկանց հսկայական հոսքը շարժվում է դեպի շարահրապարակ: Հարազատները շարքում գտնում են իրենց զինվորին, փորձում հարմար դիրք գրավել՝ հետևելու երդման հանդիսավոր արարողությանը:  Մեր երկրի տարբեր վայրերից են եկել, երկար ճանապարհ են կտրել-անցել այս օրը այստեղ ներկա լինելու համար: Փետրվարի 23-ն է: Գուցե և հատուկ է ընտրվել հայրենիքի պաշտպանի օրը:

Տղաները հերթով մոտենում, կարդում են հանդիսավոր երդման խոսքերն ու վերադառնում շարք: Զորիկի խոսքը մի քիչ երկար է տևում. Ռուսաստանից է եկել: Խնդրել է, որ ռուսատառ հայերենով կարդա երդման տեքստը: Հաղթահարում է լեզվական խնդիրն ու հպարտ վերադառնում շարք:

Հայերենին լավ չի տիրապետում նաև Արեգը, եւ փորձում է արագ հաղթահարել այս խնդիրը: Երիտասարդը կյանքի զգալի մասն արտերկրում է ապրել: Հայրը՝ Գեղամը, մասնագիտությամբ ու կոչումով բժիշկ է: Նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությամբ եղել է աշխարհի տարբեր երկրներում, իսկ ընտանիքը նույնիսկ թեժ կետերում է կողքին եղել:

Բայց  հայերենին չտիրապետելը ամենևին չի անդրադարձել տղաների ծառայության վրա: Նրանք երկուսն էլ այս կարճ ժամանակամիջոցում ծառայությամբ արդեն աչքի ընկածների շարքում էին և խրախուսվեցին հրամանատարության կողմից: Ծնողներին ուղղված շնորհակալագրերում նշված է, որ տղաները կարգապահ են, լիարժեք յուրացրել են իրենց մատուցված գիտելիքներն ու հմտությունները, արդեն իսկ հայրենասիրական ոգով դաստիարակված են եկել բանակ:

ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՊԱՀԵԼ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ-ՏՈՒՆԸՀանդիսավոր արարողությունից հետո հարազատները զորամասի տարածքից դուրս սպասում են իրենց տղաներին՝ այս հիշարժան օրվա մնացած մասը  միասին վայելելու:

-Ինքս էլ չհասկացա, թե ինչպես երկու ամսվա ընթացքում Զորիկը որոշեց Ռուսաստանից գալ ու ծառայել,- ասում է Զորիկի մայրը՝ Մարինեն:-Ասաց՝ «Ես գնում եմ իմ երկիր»: Աշխատանքը լավ էր. մարզասրահ ուներ, սաներին մարզում, չեմպիոններ էր պատրաստում: Իսկ հետո սկսեց միտք անել. «Ինչո՞ւ մեր հայ տղաներին չմարզեմ»: Որոշեց ու մեզ էլ իր հետ բերեց, ինչի համար ուրախ եմ շատ: Դժվարություններ շատ է տեսել տղաս: Տարիներ առաջ մեծ քրոջը կորցրինք… Հիվանդ էր, մեր ամբողջ ուշադրությունը նրա վրա էինք կենտրոնացրել. Զորիկս շատ ինքնուրույն մեծացավ: Մրցումների էր գնում, հաղթում, մեդալներով վերադառնում: Հիմա էլ իր կյանքի կարևոր որոշումներն ինքն է ընդունում: Մենք ոչինչ ասել չենք կարող. իմաստ էլ չունի:

-Երկար տարիներ Հայաստանում չենք ապրել,- պատմում է Գեղամ Պետրոսյանը՝ Արեգի հայրը:- Աշխատանքի բերումով ընտանիքով աշխարհի տարբեր երկրներում ենք ապրել, երեք տարի առաջ ենք վերադարձել Հայաստան: Արեգն այստեղ ընդունվեց Ամերիկյան համալսարան: Եվ ահա որդիս արդեն մեկ ամիս ծառայում է: Գիտեինք, որ այս պահը գալու է, ու մեր տղան էլ պիտի զորակոչվի: Հոգեբանորեն պատրաստվել էինք:

-Իսկ այն, որ Ձեր տղան սահմանի՞ն է ծառայելու:

-Խնդիր չկա: Ես ինքս էլ, որպես բժիշկ, սահմանամերձ գյուղերում եմ այժմ աշխատում, Արցախում: Իրականում մեր ամբողջ հանրապետությունն էլ սահման է:  Ավելի շատ մտահոգ էի, թե ինչպես կհարմարվի նոր միջավայրին: Սակայն մտածում էի, որ աշխարհի տարբեր երկրներում ապրելուց, ամենատարբեր դպրոցներ փոխելուց, ընկերներ կորցնել-ձեռք բերելուց հետո պիտի որ որոշակի ճկունություն ձևավորված լիներ նրա մեջ: Ու կարծես թե այդպես է: Ծառայությունը շատ կարգին է, սակայն այս պահին դեռ զբաղվածությունը քիչ է: Տեսեք, ի՜նչ տղերք են բոլորը՝ ջահել, էներգիայով լեցուն, կուզենայի, որ նրանցից յուրաքանչյուրի ներուժը ավելի շատ օգտագործվեր: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի: Սպասում եմ, որ Արեգն ավելի կամրանա  հոգեպես, ֆիզիկապես, մտածելակերպով: Մենք ուզում ենք, որ մեր երեխաներն ապրեն Հայաստանում, ու պետք է այնպես անենք, որ դա լինի իրե՛նց ընտրությունը: Թող գնան, դրսում լավ կրթություն ստանան, ճամփորդեն, լավագույն թանգարանները տեսնեն, բայց իրենց տունը այստե՛ղ լինի:

ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՊԱՀԵԼ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ-ՏՈՒՆԸԱրեգի տատիկը՝ Ջուլիետա Կաժոյանը, ճանաչված հեռուստալրագրող է: 45 տարի շարունակ հեղինակային, մշակութային հաղորդումների շարքեր է վարել, ներկայացրել է հայազգի մեծանուն մշակութային գործիչներին:

-Հիմա, երբ  չեմ աշխատում ու ժամանակ ունեմ ի մի բերելու արածս, զգում եմ, որ նախ և առաջ ինքս եմ անչափ հարստացել, ո՞վ է ասում, թե աղքատ երկիր ենք. չէ՞ որ այս հսկայական մշակութային ժառանգությունը, այս հարստությունը մերն է: Այո, ամեն ինչ սկսվում է այստեղից: Մշակույթն է, որ մարդուն է՛լ ավելի հայրենասեր է դարձնում, զինվորին՝ ավելի քաջ: Սա գիտակցողն անպարտ է:

Ես իսկապես հպարտ եմ: Իմ հայ լինելու հպարտությանն այսօր շատ բան ավելացավ: Ես հիմա բոլորի աչքերին համարձակ նայելով, կարող եմ ասել՝ «Իմ թոռը զինվոր է»: Երջանիկ եմ, որ ապրել եմ մինչև այս պահը: Արդեն երկրորդ թոռնիկս է ծառայում: Ու զգում եմ, թե որքան մեծ է տարբերությունը: Առաջինի ժամանակ հոգեպես այսքան հանգիստ չէինք, իսկ Արեգին ճանապարհելիս վախի, անորոշության ու տագնապի զգացում բնավ չունեի: Այս անգամ ամեն ինչ պարզ էր. վիճակահանության կարգը հստակ էր, վստահելի: Մեր տղան եկավ ծառայելու այնտեղ,  որտեղ վիճակահանությամբ իրեն բաժին էր ընկել: Այս ամենը հոյակապ է,- ասում է տիկին Կաժոյանը:

ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՊԱՀԵԼ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ-ՏՈՒՆԸՇուտով երևում են նաև զինվորները. նրանք  զորամասի մուտքից դուրս են գալիս խրոխտ հայրենասիրական երգը շուրթերին՝ կարծես ծնողներին ուզում են վստահեցնել, որ գիտակցում են իրենց նոր կարգավիճակն ու պատասխանատվությունը: Հետո արդեն գրկախառնություններ, ուրախության արցունքներ… Մի զինվոր մարդկանց հոսքի ճիշտ կենտրոնում գտել է իր սիրած աղջկան, ամուր գրկել է,  ու ժամանակը նրանց համար կանգ է առել…

Դավիթ Մարտիրոսյանը նույնպես Ամերիկյան համալսարանի ուսանող է: Մի կիսամյակ սովորելուց հետո անցել է ծառայության:

-Երդում տալու պահը շատ հաճելի, հետաքրքիր ու կարևոր պահ է, կարծում եմ, անխտիր բոլոր զինվորների համար: Ինչ վերաբերում է զինվորական կյանքին, անկեղծ ասած, սպասումներս շատ ավելի քիչ էին, բայց հետո հաճելիորեն զարմացա: Մինչև չգաս, չես իմանա, թե ինչն ինչոց է: Հիմա արդեն ինքս եմ համոզվում, որ ամեն ինչ շատ լավ է՝ սկսած ճաշարանից,  վերջացրած՝ զինվորական առօրյայով: Ուսումնական փուլը դեռ մի քանի օր առաջ է մեկնարկել: Տագնապ եղավ, մարտավարական տարբեր հարցեր ենք ուսումնասիրում, շարային քայլք ենք սովորել: Մարզավանում ամեն օր մարզվում ենք:  Արդեն լիովին համակերպվել եմ զինվորական ռեժիմին:  Լինում է՝ «վերկացից» առաջ արդեն ինքնուրույն արթնանում եմ, սպասում եմ ազդանշանին, դե, իսկ «ավարտի» ազդանշանից հետո էլ անմիջապես քնում եմ: Այսպես կամաց-կամաց զինվոր ենք դառնում: Մեզ արդեն բաշխել են ըստ մասնագիտությունների. ես  հրաձիգ, գնդացրորդի օգնական եմ լինելու:

…Ես Զորիկին ծանոթ եմ դեռ հավաքակայանից. նրան բարի ճանապարհ մաղթեցինք և այժմ էլ հենց զորամասում կփորձենք տեղեկանալ, թե ինչպես է ծառայությունը:

-Ամեն ինչ գերազանց է: Եկել եմ ծառայելու ու շատ ուրախ եմ,- արդեն ինձ ծանոթ հպարտ ու միաժամանակ զվարթ հնչերանգով ասում է Զորիկը:

ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՊԱՀԵԼ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ-ՏՈՒՆԸ-Դու շատ ոգևորված էիր գալիս, երբ հավաքակայանից քեզ ճանապարհում էինք: Հիմա զորամասում ես. ի՞նչ կասես:

-Եկել եմ հողս պահելու: Պիտի պոստ պահենք ու ամեն վայրկյան պատրաստ լինենք հակառակորդին կասեցնելու: Հիմա լավ պատրաստություն ենք անցնում:

-Քո ունեցած մարզական հմտություններն այստեղ պե՞տք են գալիս:

-Իհարկե: Սկսել եմ պարապել. ինձ ջոկ են վստահել: Հինգ ամսից սերժանտի կոչում կստանամ ու կսկսեմ պատրաստել տղաներին: Ամենադժվար վարժություններով եմ մարզելու, որ ցանկացած բարդ ու անսպասելի իրավիճակի պատրաստ լինեն: Շատ լավ տղաներ են. ընկերասեր, պատրաստակամ: Չենք թողնում, որ որևէ զինվոր մյուսին նեղացնի. ուժը պետք է միշտ գիտակցության ու բարության հետ համընթաց քայլի… Տղերքին անընդհատ ասում եմ՝ իրար թև ու թիկունք պետք է լինենք: Ամեն վայրկյան կարող է պատերազմ սկսվել, ու եթե մեր հայ զինվորը գիտակցի, թե ինչի համար է ծառայում՝  կարգապահությամբ, մտածելակերպով, իրեն ձիգ պահելով, նրան գերազանցող չի լինի:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #7 (1278) 27.02.2019 - 5.03.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/02/2019