Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍՏՂԻԿ ԻՄ, ԱՍՏՂԻԿ



Օգնական ուժը տեղ էր հասել, ու պետք է անցնեինք հարձակման։ Բայց ինչպե՞ս. մի փոքր շարժի դեպքում հազարավոր գնդակներ էին թափվում մեր գլխին։ Մեկ էլ երկինքը ոռնաց, մթնեց ու սեւացավ,- պատմում է Հ. Փանոսյանը,- քամին սկզբում դանդաղ, ապա այնպիսի մի ուժով սկսեց փչել, որ մարդուն թվում էր` թղթի նման կշպրտեր։ Բնությունը գուցե փորձում էր մեզ օգնել։ Սկսեց հորդառատ անձրեւ տեղալ։ Խրամատը լցվեց ջրով։ Նորեկ տղաներից մեկը փորձեց կատակել. «Հենց իմանանք, թե վայրի բադ ենք»։ Չծիծաղեցինք՝ սրտներս կրակվում էր։ Նախորդ օրվա նահանջից հետո մեր տղաներից 4-ի ճակատագիրն անհայտ էր։ Աննկատ շարժվեցինք առաջ։ Թշնամին մեզ չէր նկատում։ Մոտ տարածության վրա դիրքավորվեցինք։ Անձրեւը գալիս էր ու գալիս։ Երբ դադարեց, քամին թուլացավ, թշնամու դիրքերում նկատելի էր շարժը։ Մեր մոտենալը, դիրքավորվելը նրանք չէին նկատել ու սկսեցին շարժվել առաջ։ Տարածությունն աննշան դարձավ։ Չեք պատկերացնի, թե ինչ տեղի ունեցավ։ Հանկարծակի այնպիսի կրակ տեղաց, որ թշնամին խուճապահար մտածում էր միայն փախուստի մասին։ Մարտը տեւեց մոտ կես ժամ։ Շատերը գտան իրենց արժանի վախճանը։ Թշնամին փախչում էր, իսկ մենք, վրեժով լցված, առաջ էինք շարժվում։ Ախր անզորությունից, մեր ընկերների անհայտ ճակատագրից խենթացել էինք։ Հասանք նրանց դիրքերին։ Ոչ մի շունչ։ Գտանք մեր տղաների գազանաբար խոշտանգված մարմինները ու արնոտած աչքերով հետապնդեցինք թշնամուն։ Երեկոյան կողմ հրամանատարը դադարի ազդանշան տվեց։ Հետադարձ ճանապարհին ընկած էին թշնամու դիակները։ Մեր զոհված ընկերների դիերը փաթաթելով շորերի մեջ՝ սկսեցինք տեղափոխել։ Տղաների կողքին ցեխի մեջ ցելոֆանով փաթաթված մի թուղթ գտա։ Վերցրի։ Զգուշորեն բացելով՝ կարդացի։ Բանաստեղծություն էր, ահա այն.

-Թող ձեռքս հանդարտ դնեմ քո ուսին,
Ինչպես փաթիլն է հեզորեն նստում քո սեւ վարսերին.
Թող գուրգուրեմ քեզ, ինչպես լուսինը՝ բարձր սարերին։
Թող վերջին անգամ սուզվեմ քո խորունկ, կապույտ ծովերում ու փնտրեմ ինքս ինձ,
Ուր ոչինչ չկա ուրիշի, ոչինչ
Ամեն տեղ դու ես, ամեն տեղ ես եմ,
Ու կիսակործան մի վանքի ներսում, ես լուռ խոնարհով ծնկի եմ գալիս ու համբուրում եմ մի սրբապատկեր,
Որն կամաց-կամաց քեզ է նմանվում.
Ու ինձ մոռացած, անձայն ու հուշիկ՝
Լուռ շշնջում եմ՝ Աստղիկ իմ, Աստղիկ…

Այս բանաստեղծությունն էր ու մի անսովոր նամակ. «Իմ սիրելի, իմ սրբություն, ես քեզ հավատում եմ ու ողջ էությամբ սիրում։ Դու ինձ համար մխիթարություն ես ու ջերմության աղբյուր։ Ես անպայման կգամ։ Մի քիչ էլ համբերիր։ Դու միայն քեզ լավ պահի։ Քո կարոտը երբեմն ինձ նեղում է։ Երբեմն քո…»։

Կարդալուց հետո մարմինս թուլացավ, զգացի սրտիս զարկերը։ Քիչ առաջ իմ հոգում արթնացած գազանը ննջել էր։ Ձեռագիրը ծանոթ չէր, եւ ոչ էլ հասցեատերն էր հայտնի, քանզի հասցեն գրված չէր։

Հրադադարի այս տարիներին ես խնամքով պահում եմ խունացած թղթի այդ կտորը եւ բազմաթիվ հարցեր եմ տալիս ինքս ինձ, որոնք սակայն մնում են անպատասխան։ Տեսնես ո՞վ էր գրել այդ նամակը, տեսնես ո՞ւմ էր հասցեագրված։ Երբ հանդիպում եմ իմ զոհված ընկերներին, նրանց մեջ փնտրում եմ այն աղջկան, հասցեատիրոջը, փնտրում եմ, փնտրում…

Եվ մտքումս ու նաեւ բարձրաձայն նորից ու նոր հնչում են իմ զոհված, անհայտ ընկերոջ սիրո տողերը.

Ու ինձ մոռացած, անձայն ու հուշիկ
Լուռ շշնջում եմ՝ Աստղիկ իմ, Աստղիկ…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #36 (901) 15.09.2011 – 21.09.2011, Հոգևոր-մշակութային


22/09/2011