Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ



ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՀայոց բանակի շարքերը համալրող զինվորն ու սպան, ինչպես նաև բանակի թիկունքն ապահովող քաղաքացին իրենց հիմնական գիտելիքներն ստանում են դպրոցում։ Այնտեղ է նաև ձևավորվում ապագա քաղաքացու աշխարհայացքը, նախասիրությունները, բնավորությունը։

Հայաստանի Հանրապետության դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման տրամաբանությունը ժառանգվել է Խորհրդային Միության ուսումնական ծրագրերից, սակայն ՀՀ զինված ուժերի զորամասերի կազմակերպչական մեխանիզմների և առաջադրված խնդիրների սկզբունքները տարբերվում են խորհրդայինից։ Նպատակ չունենալով վերլուծել խորհրդային ու ՀՀ զինված ուժերի կազմակերպչական առանձնահատկությունները՝  միայն նշենք, որ մեր երկրի դպրոցներում  ուսումնական գործընթացը մշտապես պետք է կատարելագործվի և համապատասխանեցվի 21-րդ դարի մարտահրավերներին։ Դրանում պետք է արտացոլվեն երկրի անվտանգությանն սպառնացող բոլոր գործոններին դիմագրավելու, այդ թվում՝ մշակութային, տնտեսական, ֆինանսական, քաղաքակրթական, տարերային ու տեխնածին աղետներին մարտահրավերներին հակազդելու քաղաքակիրթ կանոնների ուսուցումը, ինչպես նաև զինված ուժերին առաջադրված խնդիրների հաջող կատարմանը նպատակաուղղված նախնական զինվորական պատրաստությունը։ Վերջինիս ուսուցման ծրագրերում պետք է ներառվեն ծառայության գործնական խնդիրներին նորակոչիկներին նախապատրաստելու հարցերը՝ հաշվի առնելով, որ զորամաս մտնելու առաջին օրվանից զինվորը ստորաբաժանման կազմում բնակվում է զորանոցում, խստորեն սահմանված օրվա կարգացուցակով։ Նրանք պետք է ենթարկվեն զինծառայողների, հրամանատարների ու պետերի փոխհարաբերությունների կանոնադրական կարգին։ Յուրաքանչյուր ստորաբաժանում ու զինծառայող ունեն առաջադրանքներ ու մարտական խնդիրներ, որոնց հստակ կատարումն է ապահովում երկրի անվտանգությունը։  Վերը նշվածից ենթադրվում է, որ նորակոչիկները պետք է բավարար գիտելիքներ ունենան.

-զորամասերի կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ շինությունների ու օբյեկտների, զորանոցների կառուցվածքի, դրանցում անձնակազմի տեղակայման ու կենցաղի ապահովման կարգի (նույն շինությունում մեծ թվով մարդկանց բնակվելու դեպքում համակեցության կանոնները ու դրանց պահպանման կարևորությունը), օրվա կարգացուցակի պահանջների ու նշանակության,

-զինծառայողների, հրամանատարների, պետերի իրավունքների, պարտականությունների ու պատասխանատվության կանոնադրական ընդհանուր դրույթների,

-ծառայողական պարտականությունների և մարտական առաջադրանքի էության ու դրանց հաջող կատարման համար անհրաժեշտ հանգամանքների ու գործոնների, այդ թվում՝ մարտական պատրաստության պարապմունքների նշանակության մասին։

Դպրոցում ճիշտ, արհեստավարժ աշխատանքի պարագայում հնարավոր կլինի ոչ միայն դաստիարակել երկրի ապագա պաշտպանին, այլ նաև զինված ուժերի զորակոչային հանձնաժողովին ներկայացնել լիարժեք բնութագիր՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով առաջարկություն՝ նորակոչիկի ունակություններին համապատասխան զինվորական մասնագիտության ուսումնական զորամաս ուղարկելու վերաբերյալ։ Լիարժեք բնութագրերի կարևորությունը անվիճելի է, քանի որ նորակոչիկների նախապատրաստման և ուսումնական ստորաբաժանումներում  գործնականում հնարավոր չէ յուրաքանչյուր նորակոչիկի համար կազմել լիարժեք ծառայողական բնութագիր։ Որպես կանոն, այդ ստորաբաժանումներում ծառայության ամիսներին հնարավոր չի լինում պարզել ծայրահեղ իրավիճակներում գործելու նրանց որակները, զինվորական անձնակազմում՝ առանձին իրավիճակների դեպքում ցուցաբերվող վարքականոնը, զինծառայողների փոխհարաբերություններում երբեմն առաջացող դժվարությունները հաղթահարելու ունակությունը և այլն։ Հետևաբար, հրամանատարի, առաջնորդի բնածին որակների ակնհայտ դրսևորումների բացակայության պարագայում կրտսեր հրամանատարների ուսումնական ստորաբաժանումները ավարտած անձանց ձեռք բերած հրամանատարական ունակություններին օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ։

Այսպիսով, ժամկետային ծառայության զորակոչելիս նորակոչիկի փաստաթղթերում լիարժեք բնութագրի առկայության դեպքում հրամանատարի, առաջնորդի բնածին որակներով օժտված տղաները կդառնան  կրտսեր հրամանատարներ, հակառակ դեպքում, երբեմն նրանք որպես շարքային ստորաբաժանումներում ձեռք են բերում հեղինակություն, դառնում ստվերային առաջնորդներ և կարգապահությանն սպառնացող խնդիրներ առաջացնում։ Վերը նշված խնդիրների համակողմանի լուծման նպատակով դպրոցականներին պետք ներկայացվեն ծառայության ընթացքում կանոնադրական կարգի խախտման հետևանքով առաջացող սպառնալիքները, ինչպես նաև սեփական ունակությունները դրսևորելու միակ ընդունելի ուղին՝ կանոնադրական կարգի ու մեր երկրի օրենքների խստորեն պահպանումը։

Հաշվի առնելով երկրի պաշտպանի դաստիարակության գործի կարևորությունը ու բարդությունը, դպրոցներում միայն մեկ ուսուցչի ուժերով այն լիարժեք  իրականացնելն անհնար է, ուստի մանկավարժական կոլեկտիվները, պետական ու հասարակական կազմակերպությունները պետք է ոչ միայն մասնակցեն, այլ նաև ունենան ուսուցման գործընթացի իրենց բաղադրիչը։

 

Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Պահեստազորի գնդապետ

Խորագիր՝ #6 (1277) 20.02.2019 - 26.02.2019, Ռազմական


21/02/2019