Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԻՐՎԱԾ ՀՈՂ ՈՒ ՋՐԻՆ



ՆՎԻՐՎԱԾ ՀՈՂ ՈՒ ՋՐԻՆԶորակոչ-զորացրում… Հպարտություն, հուզմունք, հազար ու մի զգացողություն… Այս օրերին մի օջախում բանակ են ճանապարհում, մյուսում էլ՝ դիմավորում:  Զորացրվածների համար զինվորական կյանքն արդեն զորամասի դարպասների այն կողմում  է մնացել, բայց բանակային հիշողություններն իրենց հետ կմնան ընդմիշտ:

Հասմիկ եւ Աշոտ Բոյախչյանների երկու զավակները՝ Նարեկն ու Սիփանն արդեն զորացրվել են, երկուսն էլ ծառայել են տարբեր զորամասերում:

Նարեկն ավելի վաղ է զորացրվել, Սիփանն էլ՝ վերջերս:

-Տղաներիս մտքով երբեք չի անցել խուսափել զինվորական ծառայությունից, մեր ընտանիքում այդ թեման նույնիսկ  չի էլ քննարկվել: Ծառայեցին, եկան, աշխարհն ասես ինձ են տվել, թող բոլոր ծնողներն ապրեն այս բերկրանքը,-հուզմունք-ուրախությունը չի թաքցնում Հասմիկը:

Ավագ որդին՝ Նարեկը, բժշկական համալսարանի երկրորդ կուրսից է զորակոչվել,  Սիփանը՝ առաջին:

-Բանակի, ծառայության մասին տարբեր պատմություններ էի լսել, բայց իմ տպավորությունները, իմ ապրումները ոչ մեկի նկարագրածի նման չէր: Երբ առաջին անգամ բարձրացա դիրքեր, հպարտության մի անպատմելի զգացողություն էր պատել սիրտս. հենց սահմանին կանգնած ես առավել հասկանում, կարեւորում քո դերը՝ դու մեկն ես այն զինվորներից, որ ամուր ու անառիկ է պահում հայրենիքը,-ասում է Նարեկը:

Ծառայության ընթացքում Նարեկը  խրախուսվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով:

-Մի տարի ու մի քանի ամիս էր անցել ծառայությունից,  որ սկսվեց քառօրյան…Նոր էինք իջել պոստերից, երբ առավոտյան տագնապ ազդանշանից արթնացանք ու նորից բարձրացանք դիրքեր:

♦♦♦

Հեռուստացույցով, համակարգչով, ռադիոյով պտտվող լուրերի հոսքը գուժում էր՝ ադրբեջանական կողմը  լայնածավալ հարձակման է  անցել:

Պատերազմական այդ օրերին երիտասարդ զինվորների կողքին կանգնեցին նաեւ կամավորները: Նրանք իրենց ներկայությամբ ոգեւորում, քաջալերում էին տղաներին, ուժ տալիս, գոտեպնդում: Նարեկի հայրը՝ Աշոտը, եւս կամավորագրվեց:

-Ուզում էի գնալ որդուս մոտ,  նրա կողքին կանգնել, բայց բոլորովին այլ ուղղությամբ մեզ տարան: Նարեկիս հասակակից ուրիշ զինվորների կողքին կանգնեցի, բայց, հավատացեք, բոլոր զինվորների մեջ որդուս աչքերն էի տեսնում…Ապշեցի, հիացա  ու հպարտացա մեր երեխեքի համախմբվածությունից, նրանց անսահման նվիրումից՝ վճռական, ուժեղ, համարձակ, մեկը մյուսի կյանքը սեփականից վեր դասող. «Թող ընկերոջս ուղղությամբ եկող թշնամու գյուլեն ինձ կպնի, միայն թե ընկերս ողջ մնա..»: Կյանքն էսքան սիրող տղերքը պատրաստ էին կյանքը տալու ընկերոջ համար, հայրենիքի համար…:

Նարեկի եղբայրը՝ Սիփանը եւս ցանկացել էր այդ օրերին միանալ կռվողներին, բայց հայրը հորդորել էր, խնդրել. «Շուտով բանակ ես գնալու, քո հերթն էլ կգա, հիմա մաման մենակ է, մնա կողքին»:

Իսկ թե ինչ էր կատարվում մոր՝ Հասմիկի սրտում,  ինչ փոթորիկ էր, կհասկանան երեւի այն մայրերը միայն, որոնց զավակները այդ ժամանակ բանակում էին…

Կամ եկեղեցում էր, կամ  հոսպիտալում…. ու այս ամենի կողքին՝ հեւատրոփ, սրտամաշ սպասում…Ամեն լուր տակնուվրա էր անում հոգին. էնտեղ՝ առաջնագծում զավակն էր, ուսանողները, ընկերները…

Հոսպիտալ անընդհատ վիրավոր զինվորներ էին բերում, ու մանկավարժ մայրը դասերից հետո ուսանողների հետ շտապում էր այնտեղ, թերթ ու գիրք էր տանում, քաղցրավենիք, իր օգնությունն առաջարկում վիրավոր զինվորներին, մայրերին: Վերջիններս արդեն գիտեին, որ Հասմիկն էլ իրենց նման զինվորի մայր է ու զավակից դեռ տեղեկություն չունի:  Ամեն տեսնելիս հարցնում էին մտահոգ.

-Որդուցդ  լուր ունե՞ս…

Վերջապես Նարեկը զանգեց. հրամանատարը զինվորներին  հեռախոս էր տրամադրել, որ զանգեին հարազատներին…

Երջանկությունը տարբեր ընկալումներ ունի. զինվորի մոր համար չկա ավելի մեծ երջանկություն, քան զինվոր որդու ձայնը լսելը՝ աշխարհի ամենաքաղցր երաժշտությունը…

-Նարեկը չգիտեր, որ մենք տեղյակ ենք, թե ինչ է կատարվում այնտեղ, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ աշխարհի հայությունն էր տեղյակ ու սրտատրոփ, անհանգիստ հետեւում էր արցախյան իրադարձություններին: Զանգել, ձայնին խաղաղ երանգ հաղորդելով, այնքան հանգիստ-հանդարտ էր խոսում. «Մա՛մ ջան, ամեն ինչ լավ է, սովորական, իր հունով….»: Ասես աշխարհում ոչինչ չէր կատարվել:

♦♦♦

Ապրիլյան պատերազմն անցած զինվորներից շատերը այսօր էլ խուսափում են այդ օրերը վերհիշել…

Հիմա էլ, մեր զրույցի ընթացքում Նարեկը կարճում է,  բառի անգամ հնչերանգի մեջ այդ թեմայի վերջակետն ես կարդում:

-Բանակային սիրուն օրերից պատմեք, ինչ տվեց ձեզ բանակը,-փոխում եմ զրույցի թեման:

-Լավ ընկերներ, -ասում է սակավախոս Սիփանը  ու շարունակում:-Բանակում նախ ինքդ քեզ ես բացահայտում, հետո  դիմացինիդ, ավելի ինքնուրույն ես դառնում,  առավել պատասխանատու:

Սիփանը  հայացքը շրջում է Նարեկի ուղղությամբ՝ դու պատմիր:

-Երկու ծննդյանս օրերն էլ դիրքերում եմ դիմավորել: Տղերքը պեչենու վրա լուցկու 19 չոփ էին ամրացրել՝ տոնական տորթի տպավորություն ստեղծել: Փչելիս միմյանց խաղաղություն մաղթեցինք… 20-ամյակիս նույնպես դիրքերում էի: Սպաներից մեկը բարձրացել էր դիրքեր ու  շնորհավորեց ինձ՝ մի թերթ պարզելով. մայրս «Հայ զինվոր» թերթի միջոցով շնորհավորել էր ծնունդս….Անակնկալի եկա, մինչ օրս էլ թերթը պահում եմ:

-Զինվորի մայր կարգավիճակում  իմ ծննդյան օրերին ինձ համար ամենամեծ նվերը որդիներիս մոտ լինելն էր, -զրույցին միանում է Հասմիկը:- Հիշում եմ՝ զորամասի մոտ գտնվող կամրջի մոտ կանգնած անհամբեր սպասում էի Նարեկիս, ամուսինս գնացել էր տղայիս հետեւից: Վերջապես երեւաց տղաս՝  կոկիկ, մաքուր զինվորական համազգեստով ու ձեռքին…. դեղին վարդերի շքեղ մի  փունջ…Մյուս ծննդյանս օրը այդ հրաշքը դարձյալ կրկնվեց, այս անգամ էլ Սիփանս էր ծաղիկներով շնորհավորում:

Տղաներս ծառայեցին պատվով, գիտակցումով ու երբեք չտրտնջացին,  չբողոքեցին բանակային կյանքի դժվարություններից:  Հիմա երկուսն էլ տանն են, մայրական սիրտս ափեափ ուրախությամբ է լցված:…Մեկ-մեկ  ուշ երեկոյան զգուշորեն մոտենում եմ տղաներիս սենյակին,  բացում եմ դուռն ու լսում նրանց խաղաղ շնչառությունը… Շնորհակալ եմ, ՏԵ՛Ր…

♦♦♦

Զորացրվելուց հետո Սիփանն ու Նարեկը շարունակում են ուսումը, ապագա բժիշկներ են:

Մեր ամբողջ զրույցի ընթացքում Սիփանը գրեթե չխոսեց:

Արտաքուստ, բնավորությամբ  շատ տարբեր են եղբայրները, բայց ընդհանուր բնորոշող գծերն էլ քիչ  չեն՝  պարզ ու շիտակ, ազնվական ու ամենակարեւորը՝ ծնողների նման նվիրված իրենց հող ու ջրին:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #4 (1275) 6.02.2019 - 12.02.2019, Բանակ և հասարակություն


07/02/2019