Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՍ ՉԵՄ, ԻՄ ՈԳԻՆ Է ԵՐԳՈՒՄ»



«ԵՍ ՉԵՄ, ԻՄ ՈԳԻՆ Է ԵՐԳՈՒՄ»Ժողովրդական արտիստ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ դարձավ 80 տարեկան

 

-Պարոն Մանսուրյան, պիտի խնդրեմ, որ մեր զրույցն սկսենք Ձեր կենսագրությունից՝ այն, ինչը չի արձանագրվում պաշտոնական տեղեկություններում, այլ հոգու մեջ է, սրտի ամենանվիրական անկյունում։

-Մենք լավ ընտանիք էինք՝ վեց հոգով. հայրս, մայրս եւ նրանց չորս երեխաները, մեծը ես էի։ Իմ ծնողները երկուսն էլ որբանոցի զավակներ էին։ Հայրս Տիգրանակերտից էր, մայրս՝ Մարաշից։

Մեր ընտանիքում բոլորը երգում էին։ Առավոտն սկսում էինք երգով:Կպատահեր՝ մայրս հորս կասեր՝ Եղիա, էսինչ երգը երգիր, հայրս կսկսեր, ու մենք բոլորս կմիանայինք նրան։

-Որո՞նք էին Ձեր ընտանիքի երգերը։

-Ժողովրդական, գուսանական երգեր, նաեւ Կոմիտաս… Ակունքից բխող, զուլալ, անապական, աննկարագրելի գեղեցիկ։ Իմ ընտանիքը 47-ին Բեյրութից ներգաղթեց Արթիկ։ 8 տարեկանում ես սովորեցի հայերեն տառերը ու լցվեցի հայկական երաժշտությամբ։ Արթիկի ժողովուրդը երգեցիկ էր։ Հիշում եմ մի երիտասարդի, որը սիրահարված էր (անհանգիստ, զգացմունքային տղա էր), գիշերային քաղաքի լռության մեջ բարձրաձայն երգում էր իր սիրո մասին։ Անցան տասնամյակներ, ու տարիներ առաջ մեր երիտասարդ երգչուհիներից մեկը վերակենդանացրեց այդ երգը, ու ես կրկին լսեցի.

Սարերի դարդն ունենայի՝

յար չունենայի…

Այնքան շնորհակալ եմ այդ երգչուհուն։

Հիշում եմ Սուրբ տոները։ Գյուղացիները տարբեր շեներից գալիս-հավաքվում էին Հառիճի վանքի շուրջ։ Ու այդ ժամանակ հնչում էին հարյուրավոր երգեր, պարեղանակներ։ Իմ մանկության տարիներին դեռ հեքիաթասացներ կային, գյուղից գյուղ շրջող աշուղներ։ Ես հասցրի տեսնել այդ ամենը։

…Իմ մեջ ապրում է նաեւ Բեյրութը, արեւելյան քաղաքի գույները, Միջերկրական ծովը, սփյուռքի կյանքը…

-Ե՞րբ ծնվեց առաջին մեղեդին, ինչպե՞ս ծնվեց։

-Հենց տառերը ճանաչեցի, սկսեցի բանաստեղծություններ գրել։ Դա տեւեց մինչեւ 1969 թիվը։ Երեսուն տարեկան էի՝ դեռ շարունակում էի բանաստեղծություն գրել։ Բայց երաժշտության նկատմամբ ջերմեռանդ սերը, որ ժառանգել էի ծնողներիցս, անանցողիկ էր։ Բարեբախտաբար, մեր տանը հնչել է նաեւ դասական երաժշտություն՝ Շոպեն, Շուբերտ, Բեթհովեն… Մի օր մայրս ինձ ուղարկեց բանվորական ակումբ, որ տուն կանչեմ հորս (երրորդ թե չորրորդ դասարանում էի այդ ժամանակ)։ Հայրս դաշնամուր էր նվագում։ Նա վեր կացավ տեղից, ես նստեցի դաշնամուրի մոտ… Այդ օրվանից ես դաշնամուրի մոտ եմ, նվագում եմ գլխիս մեջ պտտվող մեղեդիները։ Արթիկում երաժշտական դպրոց չկար, ու ես ամիսներով ապարդյուն ընթերցում էի Մարտին Մազմանյանի երաժշտության դասագիրքը, որ նոտագրել սովորեմ։

Ես ֆանատիկորեն եմ տրվել երաժշտությանը։ Դա խելացնորություն էր՝ այդպիսի նվիրում, այդպիսի տքնանք… Մենք ռադիո չունեինք։ Բայց մեր քաղաքում բարձրախոսներ կային, ու ես իմ տեղն ունեի բարձրախոսների մոտ (հիմնականում խոտերի մեջ), պառկում էի ու երաժշտություն լսում։ Անգիր գիտեի՝ որ ժամին ինչ էր հնչելու, գիտեի բոլոր մեղեդիները, սիմֆոնիաները… Հենց ժամը գալիս էր, խաղը թողնում էի, վազում բարձրախոսների մոտ։

1954թ. Արթիկ եկավ (ես 15 տարեկան էի) Վանյա Շահխաթունի անունով մի ազնվական հայ մարդ, բարձր երաժիշտ, կոնսերվատորիա ավարտած։ Եկավ ակումբի դաշնամուրը լարելու։ Երբ առավոտյան մտա ակումբ, գեղեցիկ երաժշտություն լսեցի. ինչ-որ մեկը դաշնամուր էր նվագում։ Վանյա Շահխաթունին էր։ Ես կպա նրան ու էլ պոկ չեկա: Իմ երազանքներն առաջին անգամ այդ հրաշալի մարդուն եմ պատմել, ասում էի, որ պիտի օպերաներ գրեմ։ Տարիներ անց, երբ ուսումնարանում էի սովորում, կրկին հանդիպեցի Վանյա Շահխաթունուն, հարցրեց՝ օպերաներդ ի՞նչ եղան։ Չէր մոռացել։

…Ես Արթիկից գնացի Գյումրի եւ Վանյա Շահխաթունիի գրությամբ ներկայացա երաժշտական ուսումնարանի տնօրենին, ու ինձ ընդունեցին ուսումնարան։ Դա իմ առաջին պրոֆեսիոնալ երաժշտական կրթությունն էր։ Տարիուկես սովորելուց հետո ծանր հիվանդացա, մեր ընտանիքը տեղափոխվեց Երեւան, եւ ես կրթությունս շարունակեցի Երեւանի երաժշտական ուսումնարանում։ Եվ այդպես սկսվեց…

-Կարո՞ղ էր ինչ-որ բան խանգարել, եւ Դուք չդառնայիք Տիգրան Մանսուրյան։ Ընդհանրապես, խոչընդոտները, դժվարությունները, արտաքին ազդակները կարո՞ղ են կասեցնել մեծ արվեստի ճանապարհը։ Հնարավո՞ր է՝ այսօր մեր կողքին կա մի նոր Տիգրան Մանսուրյան, բայց կարող է չկայանալ, եթե չօգնենք նրան, եթե պայմաններն ու հանգամանքները նպաստավոր չլինեն։

-Դուք մի մտածեք, թե իմ գլուխը միշտ շոյել են։ Ես անցել եմ կյանքի դաժան ճանապարհ ու անցնում եմ մինչ օրս։ Նահանջողներին ու հանձնվողներին չեմ հավատում, չեմ հավատում նրանց տաղանդին, որը կարող է այդպես հեշտ տեղի տալ, չեմ հավատում նրանց նվիրվածությանը։ Չեմ սիրում լսել նվնվոց, չեմ սիրում լսել մարդու պարտության մասին՝ ուղեկցված մեղադրանքներով ու չարախոսությամբ։ Պարտությանը ի՞նչ արդարացում… Արի պատմիր, թե ինչպես, ինչ դժվարությամբ հաղթեցիր, ու ես կհիանամ քեզնով, կեղբայրանամ քեզ։

Երբ 1947-ի ձմեռնամուտին հայտնվեցինք Պեմզաշենում, սառնամանիք էր, իսկ բեյրութաբնակ իմ ընտանիքը կյանքում ձյուն չէր տեսել։ Մենք երկարաթեւ շոր չունեինք, երկար շալվար չունեինք, վառելիք չկար, ուտելիք չկար։ Հայտնվել էինք ծայրահեղ վիճակում։ Ես պահ առ պահ, դրվագ առ դրվագ հիշում եմ իմ առաջին մուտքը դպրոց։ Չորս աստիճան էր, որից հետո սկսվում էր գոմ հիշեցնող միջանցք։ Ես՝ հուսահատության եզրին, ծայրահեղ կարիքի մեջ հայտնված փոքրիկ մարդ, բարձրանում եմ աստիճաններով՝ մեկ-երկու-երեք-չորս, հետո հարթակ, դուռ, միջանցք։ Գլուխս բարձրացնում եմ՝ միջանցքի երկայնքով նկարներն են՝ հայոց մեծերը։ Նայում եմ նրանց ու… որոշում. «Այս իրականությունից վերեւ կա մի ճշմարտություն, ու իմ ճանապարհը դեպի այդ ճշմարտությունն է»։ Այս միտքը թրթռում է ենթագիտակցությանս մեջ, եւ ծնվում է մի ներքին ծրագիր։ Ու ես չեմ հարցնում՝ ինչպե՞ս։ Ես մտածում եմ՝ եթե ինչ-որ մեկը կարողացել է, ես էլ կկարողանամ։ Կարեւորագույն որոշումներս եղել են իմ գոյության օրենքը, ու երբեք չեմ հաշվարկել հնարավորություններս, որովհետեւ հնարավորությունը դու ես ստեղծում։ Ես Աստծու զավակ եմ, ու իմ երազանքներն ինձ հղվել են վերեւից, վերեւից էլ կօգնեն, որ իրականացնեմ դրանք։

-Ի՞նչ ակունքից է ծնվում Ձեր երաժշտությունը, ի՞նչ խտացումներից է ամբողջանում։ Այդքան ազգային ու այդքան համամարդկային։ Այդքան բազմաշերտ ու այդքան մատչելի… Որտե՞ղ գտաք, որտեղի՞ց պեղեցիք…

-Դա ես եմ՝ իմ արյան հիշողությամբ, մանկության ու պատանեկության տարիների լսած եկեղեցական երգերով, ժողովրդական մեղեդիներով, դասական երաժշտությամբ, այս ամենը խառնվում է, ու ծնվում է հոգեվիճակ, ապրում, ասելիք։ Ես հայոց լեզվի նկատմամբ ունեմ պաշտամունքի հասնող սեր։ Երբ 1954թ. առաջին անգամ Չարենց տպվեց, այդ գիրքը եկավ մեր տուն, ու ես, հիշում եմ, վառարանի մոտ նստած՝ սկսեցի թերթել գիրքը, ու մինչ օրս Չարենցն ինձ հետ է։ Ոչ մի բանաստեղծի, ոչ մի արվեստագետի հետ այդքան տեւական չեմ շփվել, որքան Չարենցի հետ։ Չարենցն իր ամբողջ տարերքով, իր ամբողջ Աստվածատուր հանճարով, իր ամբողջ ընդգրկումով՝ արեւելք, արեւմուտք, հեթանոսություն, միջնադար, աշուղական արվեստ, մոդեռնիզմ… մեծ ազդեցություն է թողել ինձ վրա։

…Ես պառկել եմ ցորենի արտում, սինձ եմ հավաքել … Ալագյազի քամին շոյել է մաշկս։ Դուք զգացել եք հազարավոր բույրերից քամած՝ դաշտերի խենթացնող բույրը, լսել եք այն երաժշտությունը, որի մեջ հազարավոր ձայներ են՝ միջատների, թռչունների, ամեն մի խոտի, տերեւի, ծաղկի՝ թանձր լռության ֆոնին։ Ու հանկարծ մաշկիդ վրայով անցնում է մի տաք հոսանք, մի քանի վայրկյան հետո՝ սառը։ Ալագյազի քամին՝ մերթ մեղմ, մերթ հուժկու։ Սրանք սերեր են։ Սրանք երկրիդ ձայներն են, բույրերը, գույները։ Սա է եղած-չեղածը։ Մեկի հոգում բանաստեղծություն է դառնում, մյուսի հոգում՝ մեղեդի, պատմվածք ու գեղանկար…

Ես նույնքան մեծ սեր ունեմ բառի հանդեպ։ Փոքր ժամանակ ես գրադարանից գրքեր էի թռցնում։ Չէի ցանկանում բաժանվել իմ կարդացած գրքերից ու սկսեցի թռցնել։ Գիրքը խցկում էի վերնաշապիկիս տակ ու դուրս գալիս գրադարանից։ Այդպես մի ճամպրուկ լցվեց։ Ես երջանիկ էի՝ սիրելի գրքերս կողք կողքի էին, ձեռքիս տակ։ Մի օր էլ հայրս ասաց. «Գրադարանի վարիչին ասել եմ, որ քո ընկերներից մեկը գրադարանից գրքեր է գողացել, ամաչում է վերադարձնել ու քեզ է խնդրել, որ գրքերը հանձնես գրադարանին»։ Այդպես ես բաժանվեցի իմ սիրելի գրքերից։

-Պարոն Մանսուրյան, ո՞վ ենք մենք՝ հայերս, համաշխարհային քաղաքակրթության հիմնադիրներից մե՞կը, թե՞ ժամանակի զարգացումներից հետ ընկած եւ համաշխարհային քաղաքակրթության հետնաբեմում հայտնված ազգ… Մենք հանճարների՞ ազգ ենք, թե՞ մարդկային համակեցության տարրական բարեկրթությունը նոր-նոր սովորող ժողովուրդ։

-Եթե այդ երկու իրարամերժ գնահատականները կան, ուրեմն՝ պիտի հաշվի նստենք դրանց հետ, հասկանանք դրանց ակունքը։ Այո՛, երբեմն մենք ընկնում ենք ինքնագովության էյֆորիայի մեջ, եւ դա շատ պարզ հոգեբանական հիմնավորում ունի. մենք մեծ արյունահեղության միջով ենք անցել։ Տերյանը գրում է.

Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,

Արեւի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման…

Սա ցեղասպանություն տեսած ու ապրող ժողովրդի զավակի պաթոս է, ծայրագույն քաջալերանք։ Երբ Արամ Խաչատրյանն աշխատում էր Լենինգրադի սիմֆոնիկ նվագախմբի հետ, մարդիկ նկատում էին, որ Խաչատրյանը գոռում է երաժիշտների վրա։ Բայց Լենինգրադի սիմֆոնիկի երաժիշտների վրա գոռալը, մեղմ ասած, սխալ էր, չէր կարելի։ Երբ փորձում են Խաչատրյանին բացատրել… նա պատասխանում է՝ ես չեմ գոռում, պարզապես ես բարձրաձայն եմ (я громкий)։ Խաչատրյանին ավելի լավ բնորոշում չես տա՝ громкий, ինչպես «Ջութակի կոնցերտը», «Սպարտակը»։ Մեծ, մոնումենտալ, հզոր, թափով։ Ցեղասպանություն տեսած ազգը պիտի ծներ Խաչատրյանին՝ իբրեւ հակակշիռ ոչնչացման սարսափի, վախի, նվաստացման… Ու հետո այդպես պիտի ապրեր՝ ինքնամեծար, հուժկու, բարձրաձայն։ Մենք եղել ենք արեւմտյան ու արեւելյան մշակույթների խաչմերուկում, Հայաստանը արեւելքի եւ արեւմուտքի խառնարան է եւ, հրաշալիորեն սնվելով այդ երկու ակունքից, աշխարհին է ներկայանում ապշեցուցիչ հարուստ ու ինքնատիպորեն գեղեցիկ։ Երբ լսում ես Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», ապշում ես՝ ինչպես կարող է ջութակը այդպես միանգամից ու այդքան հայերեն խոսել։ Բայց երբ լսում ես Կոմիտասի պատարագը կամ միջնադարյան շարականները, երես առ երես հանդիպում ես գենիդ առեղծվածին, ակունքիդ հարստությանը, ազգիդ մշակութային հզոր ժառանգությանը։ Մեր հիմքերը շատ խորն են, երբեմն առեղծվածային ընդգրկուն։ Կգա մի օր, երբ մենք կխաղաղվենք, երբ մեր ցավերը, կարոտները, վախերը, իրոք, կդառնան անցյալ, երբ մեր պատմության սարսափները չեն շնչի մեր կողքին։ Այդ ժամանակ կգա ինքնաճանաչ, վստահ ու տաղանդավոր մի սերունդ, կբերի գիտելիք, արվեստ, ճաշակ։ Ես վստահ եմ, որ մենք փառահեղ ապագա ենք ունենալու։ Տարրական բարեկրթության մասին խոսակցությունն այնքան չնչին է մեր մշակութային հիմքերի եւ հոգեւոր ժառանգության կողքին։ Մենք այնքան մեծ «բագաժով» ենք գալիս։

-Մեր արվեստագետները դրսում են ստեղծագործում, արտագաղթը ոգեզրկում է երկիրը…

-Ոգեզրկո՞ւմ է, ասում եք։ Հայաստանի պետական սահմաննե՞րն են մեր ոգու սահմանները։ Հայաստանն այնքա՜ն ուժեղ է, հայկական հողը այնքա՜ն մեծ ձգողականություն ունի, որ անհնար է հեռանալ դրանից։ Եթե արվեստագետի մեջ գոնե մի կաթիլ հայկական արյուն կա, նա չի կարող «ազատվել» հայրենիքից, նա հայրենիքն իր մեջ է ստեղծագործելու՝ գրելու, նվագելու, նկարելու, երգելու՝ որտեղ էլ ապրի։ Չորս պատերը, որտեղ քնում ես, ճաշում, ընդամենը կացարան են:

Ինձ միշտ ապշեցրել է հայ մարդու մշակութային բնատուր հղկվածությունը։ Հայ պարզ, կրթություն չունեցող գեղջուկը հակված է դեպի բարձր արվեստը, հարգանք ունի բարձր արվեստի հանդեպ։ Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմում մի շատ բնորոշ տեսարան կա. դարբինները ինչպիսի՜ խորին ակնածանք ունեն փոքրիկ տղայի ջութակից հնչած երաժշտության հանդեպ, քանի որ «ան գիտությունով կչալե»։ Այդպես է՝ մենք գիտություն, գիրք, արվեստ, մշակույթ սիրող ենք։ Տեսեք՝ Գյումրին մի փոքրիկ գավառական քաղաք է, բայց ինչ անուններ է ծնել։

-Որո՞նք են մեր նորագույն պատմության ամենանշանակալի իրադարձությունները։

-Հարկավ, առաջինը անկախությունն է։ Չեք պատկերացնի` անկախությունն ինչ պարգեւ է մի ստեղծագործողի համար, որը սովետի տարիներին «невыездной» է եղել։ Արվեստը ստրատեգիական նորմերով չի գոյանում: Իսկական արվեստը երբեք գաղափարախոսության կրող չէ: Գեղեցիկի արարման դրդապատճառներն առեղծվածային են, մեկ էլ տեսար՝ հպվել ես հավերժությանը: Բայց հենքն ազատությունն է: Ի վերջո, ժամանակն էր, որ տեսնեինք մեր պատկերը քաղաքակիրթ աշխարհի հայելում ու ձերբազատվեինք «վարժապետական» արվեստագետի կեցվածքից:

-Որքանո՞վ են առնչվում արվեստագետի ասելիքն ու իր ապրած ժամանակաշրջանը։

-Այսօր ես չեմ կարող խոսել 10 տարի առաջ հայտնաբերած ճշմարտություններից: Ես աշխարհը բացահայտում եմ ամեն ժամ: Հայտնի դիրիժոր Բրունո Վալտերը խոստովանում էր, որ Մոցարտի հետ յուրաքանչյուր հանդիպում հայտնություն է իր համար: Ստեղծագործելիս մարդը պետք է հանդիպի իր շնչառությանը եւ ճշմարտության մասին խոսելիս տարբերի իրականությունը պատրանքից: Արվեստը չի լուսանկարում արտաքին աշխարհը: Չարենցն ասում էր` ես չեմ, իմ ոգին է երգում. ոգին գոյանում է ու երգում բոլորովին այլ բաների մասին: Իմպրեսիոնիստները դրախտ էին նկարում, երբ մերկ էին ու սոված: Մանեն, Ռենուարը գունազարդում էին աշխարհը, սա էր նրանց ստեղծագործական հավատամքը: Մարտիրոս Սարյանը ծաղիկներ էր նկարում Եղեռնի ժամանակ: Ի՞նչ է, նա պետք է ջարդ ու արյուն նկարեր ժամանակավրեպ չկոչվելու համար: Նույն ժամանակ Կոմիտասը զբաղված էր ձայների տիեզերքով:

-Ես ուզում եմ մերօրյա «Վարդանանք», մեծ կտավի, մոնումենտալ արվեստ, պոռթկում:

-Իսկ ես հոգնել եմ պաթետիկ աղմուկից, որը կարող է այնքան կեղծիք կուտակել իր մեջ: Ես ուզում եմ ճշմարիտ արվեստ, խորքային արվեստ: Ես ընդհանուր ոչինչ չունեմ պոպուլիզմի մարդկանց հետ: Ժամանակին Բեթհովենին 30 մարդ է լսել, դա եղել է իր սալոնը, որը հետագայում ընդարձակվել է, մեծացել: Հայաստանում չի ձեւավորվել բուրժուազիան` իր բարձր կենցաղով։ Պոպուլիզմի վրա աճած սիմֆոնիկ ռաբիսը, ըստ էության, նույն ռաբիսն է:

-Ի՞նչ է ազատագրված հողը Ձեզ՝ արվեստագետի համար:

-Արցախյան պատերազմի հաղթանակը անկախության ամենամեծ նվերն էր։ Մի շատ լավ կոմպոզիտոր կար՝ Սերգեյ Բալասանյանը, Արցախից էր, Մոսկվայում էր ապրում։ Դեռեւս խորհրդային տարիներին պատմում էր, որ մոսկվայաբնակ արցախցի մտավորականները պարբերաբար հավաքվում էին ու զրուցում Ղարաբաղից։ Նրանց միացնում էր կորցրած հայրենիքի ցավը։ Այդ ցավը իմ ընտանիքում էլ կար. կինս՝ Նոնան, արմատներով Շուշիից էր, ջարդի ժամանակ հարազատներ էր կորցրել։ Երեխաներս ազատագրված Արցախում վերագտան իրենց հիմքերը։ Իսկ հիմքը ամենակարեւորն է, առանց հիմքի ամեն ինչ կփլուզվի։

-Ինչպե՞ս է ապրում արցախցին։ Տեղյա՞կ եք:

-Դժվարությամբ հայրենիք է կառուցում, դժվարությամբ սահման է պահում, բայց հուսավառ է, տոկուն, կենսալի։

-Իսկ բանա՞կը, զինվո՞րը… Մեր ուժը սահմանին է…

-Բանակը ամենակարեւորն է։ Բանակը պետականության հիմքն է ու գագաթը, բանակը մեր հավաքական բարոյականությունն է, մեր հավաքական քաջությունը, մեր հավաքական ուժը։ Հիշում եմ՝ սովետի տարիներին Շիրազը արագ-արագ մոտենում էր մարդկանց մեկ այս, մեկ այն խմբին ու ցածրաձայն մրթմրթում էր՝ բանակ չունենք, բանակ չունենք, բանակ չունենք։ Հիմա բանակ ունենք, պատերազմում հաղթած բանակ։ Այսինքն՝ հերոսությունը, քաջությունն ու անձնվիրումը իբրեւ չափանիշ ունեցող բանակ։ Ես առաջին անգամ ազգային բանակի զորամասերում շրջեցի, երբ տեսա մեր զինվորին, հասկացա, որ նա պիտի երգի «Ես իմ անուշ Հայաստանին»՝ իբրեւ իր հոգու երգ, իբրեւ երդում, իբրեւ սեփական ուժի գիտակցում։ Վերադարձա Երեւան, եւ մի քանի օր անց ծնվեց «Ես իմ անուշ Հայաստանի» քայլերգ-հիմներգը։

…1993-ին, երբ մեր կոնսերվատորիայի ռեկտորն էի, մի շատ լավ ուսանողուհի ունեի՝ արցախցի Սարինա Ավթանդիլյանը։ Հիմա իր երգչախումբն ունի, ու հայ երգը տարածում է աշխարհով։ Գիտեք՝ նա ի՜նչ անմարդկային դժվարությունների միջով անցավ, պատերազմում կորցրեց ամուսնուն, մնաց մենակ փոքրիկ երեխայի հետ, բայց չնահանջեց, չհանձնվեց ու հիմա հիացնում է աշխարհին իր երգչախմբի կատարումներով։ Զրույցի սկզբում հարցրիք սկսնակ արվեստագետին խանգարելու ու հնարավոր դժվարությունների մասին։ Ես Սարինա Ավթանդիլյան տեսակին եմ հավատում։ Նա երկրի զավակ է։ Ես սահման պահող զինվորին եմ հավատում, մեր երեխաների ծիծաղը, մեր սրբությունները պաշտպանող զինվորին։ Ես հայրենիքի զինվոր տեսակին եմ հավատում ու միայն նրա առաջ եմ խոնարհում գլուխս՝ որպես ակնածանք ու պաշտամունք։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #3 (1274) 30.01.2019 - 5.02.2019, Հոգևոր-մշակութային


31/01/2019