Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ, ՄԵՐ ԿՈՂՔԻՆ...
ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ, ՄԵՐ ԿՈՂՔԻՆ…

ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ, ՄԵՐ ԿՈՂՔԻՆ...Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցած միջոցառում-հանդիպմանը ուսանողները ակնածալի խոնարհումով ու հպարտությամբ էին սպասում: ՀՀ զինված ուժերի մայոր, Բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, ‹‹Դյուցազնագրքի›› հերոս Սարգիս Ստեփանյանը սպասված հյուր է ամենուր՝ հատկապես երիտասարդների շրջանում… այն երիտասարդների, որոնք մերօրյա պատմության քառուղիներում փնտրում են իրենց ժամանակների հերոսին. … ու այսօր հանդիպեցին ՆՐԱՆ:

ՀՖԿՍՊԻ-ի ՖԴԱՏ ֆակուլտետի Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի և անատոմիայի ամբիոնի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաև զինհաշմանդամներ Ռոման Գևորգյանը, Արշակ Հովհաննիսյանը, Լիպարիտ Մելքոնյանը, Նարեկ Հովեյանը, ողջույնի խոսք ասաց ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը:  Շնորհակալություն հայտնելով հայրենիքի նվիրյալներին միջոցառմանը ներկա լինելու համար: Վ. Առաքելյանը իր խոսքում  նշեց, որ նրանք այն մարդկանցից են, որոնք կարողացել են կերտել հայի զինվորի, հայրենքի պաշտպանի հզոր կերպար, որ մեզնից յուրաքանչյուրին պարտավորեցնում է երբևէ չմոռանալ մեր հերոսական ակունքները: Վ. Առաքելյանի խոսքով՝ ինստիտուտը իր գործունեության տիրույթում մշտապես ձգտում է մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած ուսանողներին առնել իր հոգածության տակ: ‹‹Զինվոր-մարզիկները հոգածության ու աջակցության պակաս երբևէ չպետք է զգան: Մենք էլ մեր գործով փորձում ենք փոխադարձել այն նվիրումը, որը տղաները ցուցաբերեցին իրենց հայրենիքին ու ժողովրդին››,- շեշտեց ռեկտոր Առաքելյանը:

Այնուհետև ԶՈՒ մայոր Սարգիս Ստեփանյանի առաջարկով հանդիպումը անցկացվեց հարց ու պատասխանի միջոցով:

ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ, ՄԵՐ ԿՈՂՔԻՆ...ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների մեդալներով պարգևատրված Սարգիս Ստեփանյանը պատմեց իր անցած ուղու, մարզական ու ռազմական կարիերայի մասին, ներկայացրեց հերոսացման ու հայրենասիրության իր բանաձևը:

Ապրող ու ապրեցնող Սարգիսը ներկաների խնդրանքով պատմեց սահմանային մարտերին իր հետ պատահած դեպքի մասին: «2014 թվականի հուլիս ամիսն էր, իրավիճակը սահմանում բավականին լարված էր: Պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն խումբը հարձակում էր իրականացրել մեր դիրքապահ ստորաբաժանումների ուղղությամբ: Չնայած մեր ստորաբաժանումները հետ էին մղել թշնամուն, բայց չեզոք գոտում վիրավոր զինընկեր ունեինք: Ես իմ խմբի հետ ստացա նրան չեզոք գոտուց դուրս բերելու հանձնարարություն: Ամեն ինչ շատ բարդ էր: Տարածքն ականապատված էր, սակայն հետադարձ ճամփա չկա, երբ վիրավոր ընկեր ունես: Ռազմական խնդիրը կատարելու ժամանակ ոտքերիս տակ պայթեց ականը, վիրավորվեցի, կորցրի երկու ոտքս և աջ ձեռքս»- պատմեց մայորը:

Խոսելով իրեն չընկճած բարդությունների մասին՝ Սարգիսն ասաց. «Աննկուն հավատքն է, որ օգնել է վերագտնելու ուժն ու տոկունությունը, ընտանիքն ու զավակներն են ապավեն եղել ծանր օրերին, անծանոթ մարդկանց ուշադրությունն ու ջերմ վերաբերմունքն են ուժ ու կյանք տվել ամեն վայրկյան»:

Զինվորականի աչքերն էլ են պատմում իր ապրումների և դժվարությունների մասին ու ասում՝ թուլանալու իրավունք չկա:

ՀԵՐՈՍՆԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ, ՄԵՐ ԿՈՂՔԻՆ...Սարգիս Ստեփանյանի օրինակը ապրիլյան պատերազմում վերջույթներ կորցրած շատ երիտասարդների համար ոգեշնչող ու հուսադրող է։ Միգուցե դժվարություններից մի պահ ընկրկած զինընկերը մի պահ մի բուռ կդառնա, բայց հետո կասի՝ տե´ս ինչպես է քայլում… ե´ս էլ կարող եմ:

Սպորտը կյանքի կարևորագույն ուղիներից մեկը դարձրած մայորը պատմեց նաև, որ ժամանակին լուրջ, պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է ծանրամարտով: Վիրավորում ստանալուց հետո, սակայն, սկսվեց կյանքի մի ուրիշ փուլ, մի նոր ճանապարհ ավելացավ, որը մայորի մարզական կյանքը կապեց բազկամարտի հետ: Սկսվեցին աննահանջ մարզումներ, մասնակցություններ տարբեր առաջնությունների, մինչև որ աշխարհի գավաթը նվաճված կլիներ:

Նպատակադրվելով շարունակել հաջողություններ ու հաղթանակներ գրանցել սպորտում՝ բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոնը վերջերս հիմնել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիա, որտեղ կամավորության սկզբունքով ամեն ինչ արվել է զարգացնելու հաշմանդամային սպորտը՝ չառանձնացնելով որևէ մարզաձև։

Հանդիպման ավարտին մայոր Ստեփանյանը ներկաներին, մասնավորապես՝ երիտասարդներին, մաղթեց՝ լավ ու պիտանի մարդ լինել, ներդրում ունենալ հայրենիքի բարօրությանը՝ չվհատվել դժվարություններից, լինել հոգով ուժեղ: Վստահ  է՝ ցանկացած խոչընդոտ հնարավոր է հաղթահարել:

Գոհար Մուրադյան

Լուսանկարները՝ Լիլիթ Մկրտչյանի