Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋՆԱԳԻԾ



ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋՆԱԳԻԾՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ, հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Վարչապետի պաշտոնակատարը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը:

Գործողությունները զարգանում են կայծակնային արագությամբ՝ անընդմեջ պայթող արկերի տեղատարափի ներքո: Բանակային զորամիավորման և ենթակա զորամասի հրաձգային, տանկային և ականանետային ստորաբաժանումները գրոհի են անցել: Նպատակը՝ գրավել հակառակորդի զբաղեցրած բնագիծը:

Հանրապետության զորավարժարաններից մեկում անցկացված մարտավարական հարձակողական զորավարժությանը հետևում են կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ու նրանց ուղեկցող բարձրաստիճան զինվորականներ:

Ստորաբաժանումների գլխավոր խնդիրն է գրոհային խմբերի ուժերով հարված հասցնել հակառակորդին առանցքային ուղղություններին՝ ապահովելով գլխավոր գրոհային խմբի հարձակումը դեպի բարձունք:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋՆԱԳԻԾԿիրառելով նոր մարտավարություն և հատուկ տեխնիկական միջոցներ՝ գրոհող խմբերը բարդ լեռնային տեղանքում եւ անբարենպաստ եղանակային պայմաններում փայլուն իրականացրին նոր բնագծերի գրավման գործողությունը:

Զորավարժությունն ավարտված է: Նիկոլ Փաշինյանը մեկնում է մարտական հենակետ: Այստեղ կառավարության ղեկավարի պաշտոնակատարին են ներկայացվում ինժեներական և ամրաշինական կառույցները, առաջնագծում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Մարտական հենակետում Նիկոլ Փաշինյանը զրուցեց հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ: Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց դիրքապահ զինծառայողներին անձնվեր ծառայության համար, խրախուսեց նրանց արժեքավոր նվերներով, մաղթեց առողջություն ու խաղաղ ծառայություն:

Կառավարության ղեկավար պաշտոնակատարի այցն ավարտվեց զինծառայողների հետ ավանդական սելֆիով:

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #21 (1268) 21.11.2018 - 27.11.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/11/2018