Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ



Սեպտեմբերի 1-ին ՀՀ ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի անունը կրող Աջափնյակի թիվ 111 դպրոցի բակում բացվեց հերոսի կիսանդրին։ Հանդիսավոր արարողակարգին ներկա էին հերոսի հարազատները, հյուրեր, մարտական ու մանկության ընկերներ, հատուկ գնդի առաջին հրամանատար Ս. Առաքելյանը, վարչական տարածքի ղեկավար Ռ. Հովսեփյանը, ՊՆ Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ Ֆ.Պողոսյանը, Մաշտոցի զինկոմիսարիատից, հասարակական կազմակերպություններից։

Դպրոցի շրջանավարտներից 46-ը մասնակցել են Արցախյան ազատամարտին, նրանցից 5-ն ընկել են հերոսի մահով։ Բակում կանգնեցված հուշաղբյուրը նրանց փառքի հավերժացումն է խորհրդանշում:

Զորամասի զինվորները (ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Է. Բաղդասարյան) պատվո պահակ են կանգնել, խրոխտ են ու հպարտ։ Հնչում է Հայաստանի պետական օրհներգը։ Հուշարձանի բացման պատիվը տրվում է հերոսի մայր Բավական մայրիկին եւ եղբորը՝ Պետրոսին։

-Այսօր կրկնակի տոն է մեր դպրոցում՝ Գիտելիքի օր եւ ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հուշարձանի բացում,- ողջունելով ներկաներին` ասաց դպրոցի տնօրեն Ա. Քեհեյանը։ -Հերոսները ծնվում են ճիշտ ժամանակին եւ պատմության կանչով։ Ջիվանի երկրային կյանքը տեւեց ընդամենը 30 գարուն, սակայն հարուստ եղավ կենսագրությունը, իմաստալից ու հերոսական։ Ջիվան Աբրահամյանը մեր ժամանակակիցն է։ Դեռ երեկ նա այս դպրոցի սանն էր՝ ժիր ու կայտառ մի պատանի, իսկ այսօր նորից իր օջախն է վերադարձել եւ իր հերոսական կերպարով դարձել դպրոցի սաների համար արիության, անմնացորդ նվիրումի խորհրդանիշ։

Միջոցառման ավարտին Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն ՀԿ-ի կողմից (նախագահ՝ Յու. Միքայելյան) պատվոգրեր հանձնվեցին Ա. Բաղդասարյանին, դպրոցի տնօրեն Ա. Քեհեյանին։ Իսկ վարչական տարածքի ղեկավար Ռ. Հովսեփյանը հուշարձանի կառուցման, միջոցառման կազմակերպման եւ շրջանի զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար պարգեւատրվեց «Հայրենիքի պաշտպանության համար» հուշամեդալով։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները` ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (900) 08.09.2011 - 14.09.2011, Բանակ և հասարակություն


14/09/2011