Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ` ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑՈՒՄ



«ԳՈՐԾ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ Է ՍՊԱՆԱՆԵԼ ԶԹՇՆԱՄԻՍ»

♦ «Սուր բարձրացնողը սրով պիտի ընկնի»:

♦ «Զենքը թշնամիներին հալածելու համար է»:

♦ «Եթե այլակրոնը հայհոյի Աստծուն, ապա քրիստոնյաները պարտավոր են քարկոծել նրան. արժանի է»:

♦ «Եթե թուրքը քրիստոնյա սպանի, նրան անպայման պետք է սպանել»:

Զանազան բարեգործական կազմակերպությունների անվան տակ Հայաստան ներխուժած աղանդավորական շարժումները հեռահար ծրագրեր են իրականացնում մեզանում։ Մարդորսությամբ նրանք թուլացնում են Հայ Եկեղեցին եւ մեզանում ստեղծում զանազան կրոնական միություններ-համայնքներ՝ յուրատեսակ անկլավներ, որոնք ղեկավարվում են արտաքին գաղտնի ծառայությունների կողմից։ Այդ անկլավները մեզանում կարող են գոյատեւել միայն Հայ Եկեղեցին թուլացնելու եւ վարկաբեկելու մթնոլորտում։

Այս բոլորին ավելանում է նաեւ քրիստոնեությանը եւ եկեղեցուն՝ մեր ժողովրդի քաղաքական կյանքում բացասական դեր վերագրելու քարոզչությունը։ Այդ քննադատության հիմնահարցերից մեկը հետեւյալն է. Հայ Եկեղեցին դարեր շարունակ իր հավատացյալներին դաստիարակել է Ավետարանի՝ «Երբ մի երեսիդ խփում են, մյուսն էլ դեմ տուր» եւ «Սիրիր քո թշնամուն»՝ հնազանդության գաղափարով, որը եւ, իբր, պատճառ է դարձել ինքնապաշտպանության ու ազատության, սրին սրով պատասխանելու եւ այդպիսով` ազգի բարգավաճումը ապահովող գաղափարների չեզոքացմանը։

Թվում է, թե այդ հարցին կարելի է հեշտությամբ պատասխանել` խոսելով Ավարայրի ճակատամարտի ու Եղիշեի, կաթողիկոս Եսայի Հասան Զալալյանի, Սարդարապատի ճակատամարտի ու Գարեգին Հովսեփյանի եւ այլ պատմական դեպքերի ու կրոնական դեմքերի մասին (ինչպես եւ արվում է երբեմն)։ Սակայն նման բացատրությունը չի բավարարում, որովհետեւ այս սխալ կարծիքն ունեցողի համար Վարդանանքը դիտվում է որպես կրոնական քողի տակ «քրիստոնեությունն ուրացած» Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ տեղի ունեցած քաղաքական ուժերի, Սարդարապատը՝ Հայաստանի Հանրապետության ու համայն ժողովրդի կողմից կազմակերպված պատերազմ, իսկ հոգեւորականների դերն այս հարցում՝ անձնական վերաբերմունք ու դիրքորոշում։ Չի բավարարում նաեւ այն բացատրությունը, թե քրիստոնեական գաղափարախոսությունը համամարդկային է, եւ կամ թե Հիսուսի այդ խոսքը վերաբերում է անհատական փոխհարաբերությունների եւ ոչ թե ազգային, կրոնական ու քաղաքական հակամարտությունների ու պատերազմների։ Նման բացատրությունը կամ վիճաբանությունը հանգում է նրան, որ քննադատող կողմն ասում է, թե Եկեղեցին այն դեպքում է սրի դիմել, երբ բուն Եկեղեցու գոյությունն է վտանգվել։

Չգիտես ինչու, «թշնամուն սիրելու» սկզբունքը աղանդավորական «լիդերները» մեկնաբանում են միակողմանի, այն է, թե` մենք պետք է միայն սիրենք նրանց եւ չարգելենք նրանց կրոնական ներխուժմանը, իսկ իրենց՝ աղանդավորներին, կարելի է, թույլատրելի է, որ պղծեն մեր սրբությունները, ատեն մեզ եւ անարգեն մեր ազգային արժեքները։ Այս հարցին պատասխան տալու համար (հատկապես, երբ քննադատող կողմը անհավատ է կամ ունի թույլ հավատ, քաջատեղյակ չէ հայոց պատմությանը եւ չի կարողանում ըմբռնել Հայ Եկեղեցու պատմական առաքելությունը՝ որպես Աստվածային ծրագիր, և առավել եւս այն դեպքում, երբ քննադատողը աշխատում է նենգափոխել պատմությունն ու իր սեւ գործը կատարել), պետք է մեկնողական – բացատրական կերպով ներկայացնել Աստվածաշունչը եւ մեկ առ մեկ ուսումնասիրել Հայ Եկեղեցու ժողովական որոշումները, Եկեղեցու կարեւոր դեմքերի տեսակետները, եւ ապա նոր դրանք զուգորդել պատմական փաստերի հետ։ Նման աշխատանք չէ, որ ուզում եմ ներկայացնել, այլ սկզբնաղբյուրներով հերքել այդ թյուր կարծիքը։

Հիշենք Հիսուսի երկու խոսքերը. «Սուր բարձրացնողը սրով պիտի ընկնի» եւ «Վաճառեք ձեր շորերը եւ սուր գնեցեք (ընդդեմ չարի)»։ Հայ Եկեղեցու մեծագույն սրբերից ու աստվածաբաններից մեկը՝ Գրիգոր Տաթեւացին, իր «Գիրք հարցմանց»-ում առանձին գլուխ է հատկացրել ոչ միայն թշնամուն դիմադրելու, այլ նաեւ հաղթելու եւ պարտված թշնամու երկրից ավար բերելու ու այն բաժանելու վերաբերյալ։ Խոսելով զենքի եւ դրա գործածության մասին, նա գրում է, որ զենքը «թշնամիներին հալածելու համար է» եւ որ Աստված արվեստի միջոցով մարդուն տվեց այդ զենքը, որպեսզի «Երբ դրա կարիքն զգա՝ առնի եւ գործածի, եւ երբ կամենա՝ գործածի»։ Իսկ թշնամիների դեմ օգտագործելը մարդասպանություն չէ, ինչպես որ «Սամվելը (Հին Կտակարանից-Ծ.Հ.) մարդասպան չէ, որովհետեւ Աստծու հրամանով է գործում»։

Սակայն զենքը չպետք է օգտագործել գողության ու ավազակության համար, որովհետեւ դա պիղծ գործ է։ Խոսելով պատերազմի ժամանակ ձեռք բերված ավարի մասին` Տաթեւացին շեշտում է. «Գործ արդարութեան է սպանանել զթշնամիս» («Արդար գործ է թշնամիներին սպանելը») եւ ավելացնում՝ «աւարն արդարութեան մասն է»։ Այդ ավարը պիղծ չէ, նշում է նա, այլ «Թագավորների ավարից, որ թշնամիների երկրից են բերում, հալալ է»։ Ավարը բաժանելու համար Տաթեւացին հետեւյալ կարգն է սահմանում. «Եւ այսպէս պետք է բաժանել աւարը. 100-ից մեկ մասը՝ քահանայապետին, հիսունից մեկը՝ քահանաներին ու աղքատներին, հինգից մեկը` թագաւորին, կեսը` աւար բերող զինւորներին, կեսն էլ՝ միւս մասնակիցներին, ինչպէս Մովսէս բաժանեց։ Նաեւ՝ ոսկին թագաւորի բաժինն է, արծաթը՝ թագուհու կամ այլ իշխանների, իսկ մնացած աւարը` զորքի»։

Այսպիսով, մեր Եկեղեցու նշանավոր սրբերից Տաթեւացին հիմնավորապես շեշտում է, որ Եկեղեցին երբեք թշնամու առջեւ խոնարհվելու գաղափար չի սերմանել մեր ժողովրդի հոգեբանության մեջ։ Այստեղ կարեւոր է նկատել, որ Տաթեւացին իր մտքերն արտահայտում է հայոց պատմության այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ ողջ Հայաստանը հեծում էր մոնղոլական բռնության ներքո։

Սակայն թերեւս ոմանց համար այս «տեսակետը» եւս դիտվի որպես անձնական վերաբերմունք։ Այդ դեպքում առավել հիմնավոր պատասխան տալու համար հիշենք, որ Եկեղեցին դարեր շարունակ ստանձնել է ոչ միայն ժողովրդի հոգեւոր կրոնական, կրթական ու մշակութային, այլեւ քաղաքական զարգացման պատասխանատվությունը։ Այս առումով կարեւոր է հատկապես, որ ե՛ւ պետականություն ունենալու, ե՛ւ օտար տիրապետությունների ժամանակ Եկեղեցու իրավասության սահմաններում էր դատական վճռահատումը։ Իսկ դա նշանակում է, որ Եկեղեցին էր որոշում, թե որ արարքն է արդարացի, եւ որը՝ անարդարացի, կամ մեղք եւ արդարացնում, կամ համապատասխան պատիժ սահմանում։ Ուստի, կարեւոր է ծանոթանալ Մխիթար Գոշ Մեծ վարդապետի կազմած եւ հայ իրականության մեջ դարեր շարունակ գործածված «Դատաստանագրքի»՝ մեզ հետաքրքրող կետերին։

Նախ, առաջին իսկ տողերում Գոշ վարդապետը գրում է. «Նախ պատասխանենք նրանց, ովքեր բամբասանքներ են տարածում Քրիստոսի օրենքների վերաբերյալ, թե դրանցում դատաստան չկա։ Քանի որ շատերն են գովում այլազգիներին (մի այլ տեղ՝ «մահմեդականներին»), իբրեւ թե իրավացի դատաստան ունեն։ Ովքեր այսպես են ասում, իրենք գայթակղված եւ խաբված են, եւ անտեղյակ ուրիշներին էլ գայթակղում են»։

Քրիստոնեական կրոնը դատաստան ունի, շարունակում է հեղինակը, որովհետեւ առակի միջոցով Քրիստոս ասաց. «Տուր քո տնտեսության, գործերիդ հաշվետվությունը»։ Գոշը գրում է, որ մեծագույն մեղքը Աստծուն հայհոյելն է։ Եթե հայհոյողը այլ կրոնի լինի եւ անարգի Հիսուսի անունը, խաչը կամ Եկեղեցին, ապա բոլոր միջոցներով քրիստոնյաները պարտավոր են «Կա՛մ քարկոծել, կա՛մ այլ կերպ սպանել. արժանի է»։ Իսկ թշնամուն սպանելը, հատկապես պատերազմի ժամանակ, մեղք չէ, որովհետեւ. «Մեր հայրերը դա որեւէ կերպ մեղք չհամարեցին, այդպես եւ մենք ճիշտ համարեցինք այս խորհրդին հետեւել»։ «Իսկ եթե այլազգին քրիստոնյա սպանի իր կամքով, դիտավորյալ՝ պետք է սպանվի նրա փոխարեն»։ Իսկ եթե ակամա է եղել սպանությունը, ապա պետք է նրա ձեռքը կտրել եւ տուգանել 365 դահեկան։

Մեր մյուս՝ Սմբատ սպարապետի (Գունդստաբլ) կազմած եւ Կիլիկիայում գործածված Դատաստանագրքում այս հարցին ավելի կարեւորություն է տրվում։ Նա գտնում է, որ եթե թշնամին հնազանդվում է, ապա պետք է սպանել միայն առաջնորդներին, վերցնել ավարը, «Եւ բոլորին (թագավորը) հնազանդեցնում է ու թույլ չի տալիս սպանել»։ Պատերազմի ժամանակ չպետք է ավերել շեներն ու բերդերը կամ կտրել պտղատու ծառերը, այլ դրանք անհրաժեշտ է գրավել եւ օգտագործել։ Հատկանշական է, որ Գունդստաբլն օգտագործում է ոչ թե «թշնամի», այլ «թուրք» տերմինը։

Եթե թուրքը քրիստոնյա սպանի, ապա անպայման պետք է նրան սպանել, իսկ եթե պատահական է եղել սպանությունը, ապա պետք է ոչ միայն ձեռքը կտրել, այլեւ կուրացնել եւ գանձել 300 դահեկան։ Հատկանշական է նաեւ, որ քրիստոնյայի՝ թուրքին պատահական սպանելու դեպքում նա սահմանում է տուգանք՝ «երեք բաժնէն մէկը», այսինքն՝ ընդամենը 100 դահեկան, այն էլ այն մահմեդականի սպանության դեպքում, որը հայոց թագավորի հողում է ապրում։ Բայց այդ 100 դահեկանի կեսը պետք է տալ թագավորին, որովհետեւ նրա թագավորության բնակիչը, հարկատուն է սպանվել, եւ միայն 50 դահեկանը տալ «սպանուած թուրքին ազգն»։

Սակայն չպետք է կարծել, թե մեր Եկեղեցին շեղվել է քրիստոնեության խաղաղասիրական ու մարդասիրական գաղափարներից։ Մեր կողմից բոլոր պատերազմները, ինչպես Գոշն է գրում, «պատահի ընդ այլազգիս հարկաւորաբար», դրանք լինեն պաշտպանողական, թե նախահարձակ։ Հարձակվելու դեպքում, «Եթե թշնամիների քաղաքը պաշարվի, նախ պետք է նրանց հնազանդության կոչել»։ Եթե թշնամին հնազանդվի, ապա պետք է սպանել առաջնորդներին ու պատերազմ հրահրողներին, որպես ավար վերցնել նրանց ունեցվածքը, իսկ տեղի բնակչությանը դնել այնպիսի հարկի տակ, «որ սահմանվել է մեր նախնիների կողմից»։ Իսկ պատերազմում մարդ սպանած քրիստոնյան պարտավոր է նախ ապաշխարել, ապա նոր միայն Եկեղեցի մտնել։

Կարեւոր է նշել պատերազմների վերաբերյալ ե՛ւ Գոշի, ե՛ւ Սմբատ սպարապետի Դատաստանագրքերի մի քանի հոդված եւս։ Նախ, ըստ Դատաստանագրքերի, պատերազմին մասնակցելուց ազատվում էին միայն նոր ամուսնացածները, «որպեսզի հանկարծ պատերազմում զոհվելիս անժամանակ սուգ չլինի»։

Քրիստոնեությունն ընդունող այլակրոնին Եկեղեցին պետք է ընդունի, պայմանով, «մինչեւ որ հավատքի մեջ հաստատվի»։ Եթե քրիստոնյան այլ կրոն ընդունի եւ գնա օտար աշխարհ, ապա նրա կինը պարտավոր է գնալ նրա հետեւից եւ համոզել՝ վերադառնալու ճշմարիտ հավատի։ Իսկ եթե կինն է հավատը փոխում, կամ ամուսնանում այլակրոնի հետ, նա վտարվում է Եկեղեցուց։

Այսպիսով, հիշված վկայություններից պարզ է դառնում, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին երբեք էլ թշնամիների հանդեպ խոնարհություն չի քարոզել։ Եթե երբեմն հայ հոգեւորականը հնազանդություն է քարոզել եւ եկեղեցիներում մեծ զրկանքների գնով զարկ տվել ազգային մշակույթին, ապա դա երբեք չի խաթարել Եկեղեցու ազգապահպան դերն ու նշանակությունը մեր ժողովրդի կյանքում։

Բոլոր հարմար պահերին Մեր Եկեղեցին ոտքի է կանգնել եւ իր զավակներին առաջնորդել ազատագրական պայքարների։ Նա դժվարությունների ժամանակ աղոթել է «ազատութիւն եղբարց մերոց գերելոց», իսկ պատերազմների ժամանակ ղեւոնդների ձեռքը սուր է դրել եւ առաջնորդել մեր ազգը «վասն հաւատոյ, վասն հայրենեաց» ազատագրական սուրբ պատերազմներին։ Այս է պատճառը, որ դարեր շարունակ յուրաքանչյուր հայի շուրթերից հնչում է ու պիտի հնչի.

«ՏԷՐ, ԱՆՍԱՍԱՆ ՊԱՀԻՐ ԴՈՒ ՄԻՇՏ ՔՈ ԻՍԿ ՀԻՄՆԱԾ ՄԱՅՐ ԱԹՈՌ»։

ԱԲՐԱՀԱՄ եպիսկոպոս ՄԿՐՏՉՅԱՆ
Վայոց թեմի առաջնորդ

Խորագիր՝ #35 (900) 08.09.2011 - 14.09.2011, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


14/09/2011