Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ԿՈՎՍԱԿԱՆԻ 25-ԱՄՅԱԿԸ



ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ԿՈՎՍԱԿԱՆԻ 25-ԱՄՅԱԿԸՆոյեմբերի 1-ին լրացավ Արցախի Քաշաթաղի շրջանի հարավային ամենամեծ բնակավայր Կովսականի ազատագրման 25-ամյակը: Այս առթիվ քաղաքում կայացավ տոնական միջոցառում: Կովսականցիների հետ տոնին ներկա էին հարևան համայնքների ղեկավարներ, հյուրեր: Կովսականը՝ Մեծ Հայքի Սիսական աշխարհի Կովսական գավառի երբեմնի բնակավայրերից մեկը, հնում կոչվել է նաև Կուսական, Կոսական և Գրհամ՝ համանուն գլխավոր բերդի անունով։ Հիմնականում տարածված էր Արաքսի ձախակողմյան վտակներ Ծավի, Ողջիի ավազաններում՝ բարձրադիր սարահարթերից իջնելով հարթավայր: Գավառի մասին առաջին անգամ հիշատակվում է «Աշխարհացույց»-ում՝ որպես Սյունիքի հարավարևելյան գավառներից մեկը, որը տարածվում է մինչև Նակորզան քաղաք:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո այս տարածքները միացվեցին Խորհրդային Ադրբեջանին, և 1930 թվականին նույն տարածքների վրա ստեղծվեց Զանգելանի շրջանը՝ համանուն կենտրոնով՝ ներկայիս Կովսականով: Խորհրդային իշխանությունների հովանավորությամբ ու թողտվությամբ 1930-80-ական թվականներին ադրբեջանցիները տիրացան հայոց այլ տարածքների ևս, և Զանգելանի շրջանի սահմանը հասավ Կապանի շրջանի Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ և այլ գյուղերին: Արցախյան շարժման սկզբից Զանգելանի թուրքերն առաջիններից էին, որ սկսեցին հարձակումներ գործել Հայոց բնակավայրերի վրա: Պատերազմի ամբողջ ընթացքում նրանք մեծ վնաս էին հասցնում հայ բնակչությանը:

1992թ. մայիսին ազատագրվեց Բերձորը՝ նախկին Լաչինը, բացվեց կյանքի ճանապարհը, սակայն այն մեկ ու կես տարի շարունակ թշնամին հյուսիսից ու հարավից անընդհատ փորձում էր փակել Արցախը Մայր հայրենիքին կապող միակ երթուղին: 1993թ. գարնանը ճանապարհի հյուսիսային մասն ամբողջությամբ ազատագրվեց, սակայն հարավում թշնամին դիմակայում էր; Բայց Հայոց հաղթական բանակին հնարավոր չեղավ երկար դիմակայել. հոկտեմբերի վերջին կայացան հաղթական մարտերը Զանգելանի և հարևան Ջաբրայիլի շրջանների համար: Նոյեմբերի 1-ին Հայոց պատմական Կովսական գավառն արդեն ազատագրված էր: Մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 2-ին, ԼՂՀ կառավարության հատուկ որոշմամբ ստեղծվեց Քաշաթաղի շրջանը, որն ընգրկում է Հակարի և Ողջի գետերի ավազանները՝ Նախկին Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի շրջանները: 1997թ. սեպտեմբերի 12-ին Կովսական եկան առաջին վերաբնակիչները, և սկսվեց հայոց հերթական բանակավայրի հայացումը… Այժմ Կովսականի քաղաքային համայնքի կազմում են նաև Դիցմայրի և Քարատակ գյուղերը: Քաղաքն ունի 177 ընտանիք: Բուն քաղաքային բնակչության թիվը կազմում է 730 շունչ: Ծավ գետի դարավոր սոսիների հովտում գտնվող Դիցմայրի գյուղն ունի 17 ընտանիք՝ մոտ 60 բնակչով, իսկ Քարատակում կա ընդամենը 2 ընտանիք: Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցը բացվել է 1998թ. հոկտեմբերին, այժմ ունի 109 աշակերտ, 26 ուսուցիչ: Տարածքային հիվանդանոցը նույնպես գտնվում է Կովսականում, ունի հիմնանորոգված շենք, համապատասխան գույք: Կովսականի բնակչությունը հիմնականում զբաղված է գյուղատնտեսությամբ. ունեն մոտ 1400հա վարելահող, այգիներ, բանջարանոցներ, անասուններ, մեղվաընտանիքներ:

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ԿՈՎՍԱԿԱՆԻ 25-ԱՄՅԱԿԸ…Տոնական միջոցառումը կայացավ քաղաքապետարանի մերձակա հրապարակում, որտեղ տեղակայված խաչքար-կոթողի մոտ ներկաները ծաղիկներ խոնարհեցին, հնչեցին մեր երկու հանրապետությունների Օրհներգերը, ծածանվեց Եռագույնը, եղավ լռության րոպե՝ ի հիշատակումն Արցախյան ազատամարտի և հետագա ժամանակներում զոհված բոլոր քաջորդիների: Շնորհավորական խոսքով հանդես եկավ Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը: Կարևորելով սահմանամերձ քաղաքի դերը Քաշաթաղի շրջանի և ընդհանրապես մեր երկրի կյանքում՝ Ռ. Մարգարյանը փառք տվեց բոլոր այն քաջորդիներին, ովքեր իրենց կյանքի գնով, մաքառումով ու հերասացմամբ ազատագրեցին քաղաքը և նրա շրջակայքը և թշնամուն դուրս մղեցին մեր պատմական հայրենիքի արաքսամերձ այս տարածքից: Քաղաքապետը բնակչության անունից հայտարարեց, որ մշտապես տեր են մնալու հայրենի հողին, շենացնելու են մեր պատմական Կովսականը: Ելույթից հետո ութ կովսականցիներ, որոնք վերջերս  կամավոր մեկնել էին առաջնագիծ, պարգևատրվեցին քաղաքապետարանի պատվոգրով:

Համերգային մասում ելույթ ունեցավ Կովսականի «Թաթուլ» երգի-պարի համույթը: Եղավ նաև տոնական հրավառություն:  Առավել ուրախալի էր, որ միջոցառման մասնակիցներից շատերը երեխաներն էին՝ Կովսականի այսօրվա հույսը և վաղվա տերերը…

Զոհրաբ Ըռքոյան

Խորագիր՝ Նորություններ


03/11/2018