Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԽՈՍՈՒՆ ԵՆ…



ԵՐԲ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԽՈՍՈՒՆ ԵՆ...Սահմանամերձ-սահմանապահ Մատաղիսում ենք: Աշնանային վառվռուն-գունեղ առավոտ է, արեւի տաք, կենսառատ ճառագայթները հասունացրել- քաղցրացրել են բերքը:

Աշնան գունեղ բացված առավոտի մեջ այնքան խաղաղություն կա, բայց երբ շրջում ես գյուղում, տների պատերին, դարպասներին աչքդ հանդիպում է հազարումիտեսակ զենքից արձակված բեկորների  հետքերի….

Ապրում են մարդիկ պապենական հողի վրա ու հանապազօրյա հացը վաստակելու  համար կռիվ են տալիս ոչ միայն քարի, բնության տարերքի, այլ նաեւ մշտաներկա թշնամու դեմ…

Ու էսպես մշտապես ապրում-արարում են պատերազմի եւ խաղաղության սահմանաբերանին:

Այցելում ենք Մատաղիսի դպրոց, որ ապրիլյան դժնդակ այն  օրերին որոշ ժամանակ չէր գործել: Մատաղիսցի դպրոցականները խաղաղությունը պահող-պաշտպանող զինվորներին նամակներ են գրել, տաք ու սրտառուչ նամակներ են երախտիքի եւ շնորհակալության խոսքերով լիուլի: Աշակերտներին լուսանկարում եմ, անունները նշում նոթատետրումս:

-Ռազմուհի Հակոբյան,- ներկայանում է հերթական լուսանկարվող  աղջնակը:

Ռազմուհի անունը սակավ հանդիպող է, հայկական Ռազմիկ անվան իգական տարբերակն է:

-Ռազմուհի, կարո՞ղ է անվանդ համահունչ էլ  զինվորական դառնաս,- հարցնում եմ աղջնակին:

-Մեր ընտանիքում երկու զինվորական կա՝ հայրս ու եղբայրս, ես որոշել եմ դեղագործ դառնալ:

…Ռազմուհիենց տանն ենք՝ Խոսրով եւ Ելենա Հակոբյանների հյուրընկալ օջախում:

-Մի տղա ունեմ, երկու աղջիկ, մի հարս ու երկու թոռնիկ,- ընտանիքը ներկայացնում է տանտերը՝ պահեստազորի սպա Խոսրով Հակոբյանը:

Մատաղիսի դպրոցի զինղեկն է,  21 տարի առաջնագծում ծառայելուց հետո անցել է թոշակի, հիմա զինվորական գիտելիքները փոխանցում է աշակերտներին: Նվիրված ծառայության համար արժանացել է բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի։

-Ժամանակի թելադրանքով զինվորական դարձանք՝ ես էլ, տղաս էլ:

-Ժամանակի թելադրանքով էլ ձեր երեխաների անունները դրեցիք,- կատակում եմ:

-Մի աղջկաս անունը Նարինե է, մյուսինը՝ Ռազմուհի, որդուս անունն էլ Վրեժ եմ դրել: Բոլոր երեխաներիս ծնվելու ժամանակ պոստերում եմ եղել: Դե դուք ասեք՝ ինչ դնեի…

-Երբ  Ռազմուհին ծնվեց, բոլորովին  ուրիշ անուն էի որոշել դնել, ժամանակակից, սիրուն  անուն ՝ Յուլյա,- զրույցին միանում է Խոսրովի կինը՝ Ելենան:- Ասացի՝ Խոսրով, երկու երեխաների անուններն էլ դու ես դրել, թող գոնե էս մեկինը ես դնեմ: Ասաց՝ չէ որ չէ,  Ռազմուհի եմ դնելու: Կարծեցի՝ կատակ է անում, բայց ասածն ասած էր:

Ռազմուհին թեեւ զինվորական չի դառնալու, բայց կրակային պատրաստությունից գերազանց արդյունքներ է գրանցել, մինչեւ հանրապետական փուլ հասել, ՆԶՊ առարկայից էլ  բազմաթիվ պատվոգրեր ունի։

-Տղա, աղջիկ, կարեւոր չէ, ինչ են դառնալու, ինչ մասնագիտություն են ընտրելու, կարեւոր չէ՝ ինչպես կդասավորվի նրանց կյանքը, պետք է  փայլուն տիրապետեն ռազմական գործին… Մեր դիմաց թշնամին է, որ երբեք չի խաղաղվում, պետք է  մշտապես պատրաստ լինեն,- ասում է Խոսրովը:

ԵՐԲ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԽՈՍՈՒՆ ԵՆ...-2016 թ. ապրիլի 5-ին  մեր դպրոցականները «Արծվիկ» ռազմամարզական խաղերին պետք է մասնակցեին, մի քանի օր էր մնացել, աշակերտները լրջորեն նախապատրաստվում էին: Մեր վերեւի հարեւանի աղջիկն էլ մրցումներին մասնակցող ջոկի անձնակազմում էր, ինքն իրենց տանը շարային էր պարապում, Ռազմուհին  էլ ինձ ասում է,  պա՛պ,  մանրամասն բացատրիր, թե միջուկային զենքի պայթյունի ժամանակ ինչ պետք է անել, որտեղ պատսպարվել: Դե, ես էլ  հանգամանալից բացատրեցի, հետո օրը մթնեց, պառկեցինք քնելու ու… գիշերը սկսվեց կրակատարափը: Դե, մինչ այդ, կրակոցներ միշտ էլ եղել էին, բայց այս ուժգնությամբ՝ երբեք: Երեխեքին արագ-արագ արթնացնում եմ, Ռազմուհուն էլ ասում եմ՝ աղջի՛կ ջան, վե՛ր կաց, իսկական պայթյուններ են, տեսնենք ինչ ենք անում, ուր ենք պատսպարվում,- դառը ծիծաղով ապրիլյան մղձավանջն է վերհիշում Խոսրովը:

-Բոլոր պատերազմներն էլ նման են իրար՝ ցավ, ավերածություն, դառնություն ու կսկիծ…,- շարունակում է ուսուցիչ-զինվորականը:- Փոխվում են միայն զենքերն ու զինատեսակները, բայց  սցենարները նույնն են, այնքան նման  իրար…Մի փոքրիկ կրկնվող դրվագ էլ պատմեմ հենց  իմ կյանքից, որ սիրտս շատ է խոցել. Արցախյան պատերազմի ժամանակ «Ալազանով» խփում էին մեր գյուղի վրա, այն ժամանակ դեռ ֆիդայական ջոկատում էի: Վրեժս փոքր էր, երեխա, հիշում եմ՝ գիրկս առա ու տարա ապահով  մի տեղ: Տարիներ հետո էլ՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ, Վրեժը իր փոքրիկ աղջնակին, որ հազիվ մի քանի ամսական էր, գիրկն առավ ու  անվտանգ տեղ տեղափոխեց…

Էհ,  իսկ դուք հարցնում եք՝ ինչո՞ւ եմ զավակներիս անունները Վրեժ, Ռազմուհի դրել…

 

♦♦♦

 

Օրը մթնում էր, երբ դուրս եկան Մատաղիսից։  Մութն իր տիրական թեւերն էր փռում, աշնան գունեղ ներկապնակի  բոլոր գույները ձուլվում էին կապտասեւաթույր մշուշի մեջ։

Հետդարձի ճանապարհին որտեղից որտեղ  Շիրազի տողերն էի հիշել.

Մինչ ահաշուք ճչում էին, թե՝ ձեռ քաշենք Մասիսից,

Մինչ կուզեին ինձ էլ պոկել աստվածային Մասիսից,

Ես իմ որդոց անունները Սիս ու Մասիս  կնքեցի,

Որ հավիտյան ելնենք Մասիս, ձեռք չքաշենք Մասիսից…

Ահա այսպես. անունները երբեմն շատ ավելի խոսուն են, քան պատմության չոր թվերն ու փաստերը…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #17 (1264) 24.10.2018 - 30.10.2018, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


25/10/2018