Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. 1920Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ



ՀԱՂԹԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. 1920Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐՍկիզբը՝ թիվ 13-ում

Թեպետ Դրոյի  հրամանատարությամբ մարտնչող զինվորները, որպես օրենք, նրա հրամաններն անառարկելիորեն կատարում էին, սակայն ռազմաճակատում ստեղծված տագնապալի իրավիճակը հրամայաբար թելադրում էր վճռական քայլեր ձեռնարկել ու հուսալիորեն պաշտպանել Արաքսի գետանցումները: Սթափ գնահատելով կացությունը՝ Դրոն կապվում է Երևանի հետ և պահանջում, որ գնդապետ Կուռո  Թարխանյանը, որն այդ ժամանակ Երևանում էր, իր հրամանատարությամբ գործող ուժերով անհապաղ օգնության շտապեր Սուրմալուի պաշտպաններին: Ստանալով Դրոյի հրամանը՝ Կուռո Թարխանյանը՝ «…7 հատ խեղճ ու կրակ ինքնաշարժերով, 6 գնդացիրով սպառազինված և 180 մարդով դուրս եկավ Քանաքեռեն ժամը 4-ին և հասավ Մարգարա ժամը 6-ին»:

Հասնելով մարտադաշտ՝ Կ. Թարխանյանը երկու բեռնատարներ ուղարկում է Դաշբոռունի պաշտպաններին օգնության, իսկ ինքը շտապում է Իգդիր, ուր այդ պահին Դրոն էր: Մարգարայից  Իգդիր ձգվող մայրուղին ամբողջովին բռնված էր թշնամու զինվորներով:  Տվյալ իրավիճակում այլընտրանք չկար: Այն, ինչ ձեռնարկեց Կուռո Թարխանյանը, անտարակույս պահանջում էր, որ զինվորականը օժտված լինի ընդգծված արիությամբ ու վճռականությամբ: Ի՞նչ պետք է արվեր:

«…Առանց երկար մտածելու՝ Կուռոն դասավորում է զինվորներին ինքնաշարժերի վրա, ինքը նստում է առաջին ինքնաշարժի վարիչի մոտ և չորս ինքնաշարժերը իրարից հիսուն քայլ հեռու, արագությամբ քշել է տալիս խճուղիով, միաժամանակ, գնդացիրներից սաստիկ կրակ բանալով ճանապարհի երկու կողմով: Կուռոն ճեղքում է թշնամու շղթան ու հասնում օրհասական դիմադրություն ցույց տվող Դալիգդաշին օգնության»:

Հարկ է ընդգծել, որ բեռնատարներով թշնամու  վրա գնդապետ Կուռո Թարխանյանի ձեռնարկած հարձակումն ու նրանց  մարտաշարքերը ճեղքելու հաջողությունը արմատական բեկում են մտցնում այդ օրն ընթացող ճակատամարտում:

Գնդապետ Կ. Թարխանյանին հանձնարարելով Արաքսի գետանցումների պաշտպանությունը՝ Դրոն համախմբելով ուժերը,  վճռական հարձակում է ձեռնարկում  հակառակորդի վրա: Թուրքական զորամասերն ու քրդական հրոսակախմբերը, կորցնելով զգալի թվով սպանվածներ ու վիրավորներ, նահանջում են ելման դիրքերը:

Ընդհանրացնելով հոկտեմբերի 24-ի ճակատամարտի արդյունքները, կարելի է ասել, որ գերակշռող ուժերով ձեռնարկած հարձակումները թուրք հրամանատարությանը որևէ շոշափելի արդյունք ու առավելություն չեն տվել, նրա բազում գրոհները  ապարդյուն են անցնում: Դրոյի զինվորները հրաշալի քննություն են բռնում: Ինչպես նախորդ, այնպես էլ այդ օրն   ընթացող լարված ու դժվարին կռիվներում նրանք ոչ մի անգամ տեղի չեն տվել թշնամու անընդմեջ կրկնվող հարձակումներին և չեն լքել իրենց դիրքերը:

Հոկտեմբերի 24-ի մարտերը, կարելի է ասել, ծավալվող գործողությունների միայն սկիզբն էին: Մարտերի արդյունքն անակնկալ էր և, իհարկե, բացարձակապես չէր կարող բավարարել շուտափույթ հաղթանակի ակնկալիք ունեցող թուրք հրամանատարությանը:

Հոկտեմբերի 25-ը խաղաղ է անցնում, բայց միանգամայն պարզ ու հասկանալի էր, որ այդ խաղաղությունը խաբուսիկ էր: Հոկտեմբերի 26-ի  ճակատամարտը, որը զգալիորեն տարբերվում էր նախորդներից, Սուրմալուի ռազմաճակատում մղվող կռիվներից ամենավճռականն էր: Նախորդ կռիվներում իրենց կրած պարտություններից ու ծրագրերի փլուզումից հետո թուրք հրամանատարությունը որոշում է առավել ուժգին և մեծածավալ ընդգրկումներով գործողություններ ձեռնարկել:

ՀԱՂԹԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. 1920Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԱյդ օրը հակառակորդի հարձակողական գործողություններին մասնակցել են ճակատում կենտրոնացած բոլոր զորամասերը, բազմաթիվ քրդական հեծելախմբեր, մեծ քանակությամբ հրետանի և գնդացիրներ:

Հակառակորդի կողմից կիրառվել է նաև հետևյալ մարտավարությունը: Թուրք հրամանատարությունը, հայկական զորքերի պաշտպանությունը արագորեն խորտակելու դիտավորությամբ, հոգեբանական գրոհ է ձեռնարկում հայ զինվորների վրա: Նվագախմբի և թմբուկների զարկերի ուղեկցությամբ թուրքական զորաջոկատները մարտաշարքերով և խրոխտ քայլերով մոտենում են հայ մարտիկների դիրքերին: Սակայն իզուր էր թուրքական հրամանատարության փորձը՝ հոգեբանական գրոհների սարսափազդու տեսարաններով ահաբեկել Սուրմալուի պաշտպաններին. Դրոյին և նրա զինվորներին անհնարին էր վախեցնել ու ահաբեկել այդօրինակ, թեկուզև հոգեբանական գրոհներով ու սարսափազդու գործողություններով: Հոգեբանական գրոհներին հաջորդում է թնդանոթային մարտկոցների փոթորկալի կրակը, որի պաշտպանությամբ թուրքական զորամասերը և քրդական հեծելախմբերը նետվում են Սուրմալուի պաշտպանների հենակետերի վրա:

Նախորդ օրվա հաղթական կռիվները թևավորել ու ոգեշնչել էին հայ զինվորներին ու հրամանատարներին: Չնայած հայկական զորամասերում տիրող մարտնչելու  տրամադրվածությանը, այնուամենայնիվ, շատ ծանր իրավիճակ էր ռազմաճակատի ամբողջ տարածքում: Թուրք հրամանատարությունը, հաշվի չառնելով կորուստները, անընդհատ պահեստային նորանոր ուժեր նետելով մարտադաշտ, ձգտում էր ընկճել հայ զինվորների դիմադրությունը և մոտենալ Արաքսի գետանցումներին: Մի շարք բնակավայրեր մի քանի անգամ ձեռքից ձեռք են անցնում:

«Կռվի ընթացքում,-գրում է Վ. Ահարոնյանը,-Դրոն ամէն տեղ է: Չի մնում ոչ մի դիրք, որ նա չայցելի, չի մնում ոչ մի զորամաս, որի թիկունքում նա գեթ մի քանի րոպե չերևա: Մեկին խրախուսել, մյուսին քաջալերել, երկրորդի սխալն ուղղել կամ նոր հրահանգներ տալ ստեղծված կացության հանդեպ, ահա թէ ինչ է անում նա կռվի ընթացքում: Նրան ենթակա զորամասերը միշտ զգում են նրա անմիջական ներկայությունը: Մի հանգամանք, որ չի կարող չանդրադառնալ նրա զորաբանակի բարձր ռազմական տրամադրության վրա»:

Թեպետ Սուրմալուի հայ մարտական ուժերի  նկատմամբ ունեցած  գրեթե եռապատիկ գերակշռությանը, հակառակորդի ձեռնարկած գրոհները  անհաջողության են մատնվում ռազմաճակատի բոլոր հատվածներում:  Այդ օրը թուրք հրամանատարությունը զուգահեռաբար գրոհներ է ձեռնարկում նաև Իգդիրի ուղղությամբ:

Չնայած մարտերը ծավալվում էին ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում, այնուամենայնիվ, թուրք հրամանատարության հարվածի գլխավոր ուղղությունը եղել ու մնում էին Արաքսի երկու՝ Մարգարայի և Կարակալայի կամուրջները:

Եթե Մարգարայի կամրջի ուղղությամբ թուրքերի ձեռնարկած բոլոր գրոհները, հայ մարտիկների անկոտրում պաշտպանության հետևանքով, ապարդյուն էին անցնում, ապա Կարակալայի հատվածում մարտերը ծավալվում են բոլորովին այլ ուղղությամբ: Այդ ուղղությամբ առաջացող թուրքական զորքն ու քրդական հեծելախմբերը հաջողությամբ զարգացնում են հարձակումը, հասնում են մինչև կամուրջը և հարձակվելով պաշտպանության այդ հատվածում դիրքավորված հայ մարտիկների վրա, գրավում են կամուրջն ու գետանցում Արաքսը: Ռազմաճակատում  ստեղծվում է չափազանց վտանգավոր և տագնապալի դրություն: Եթե թշնամու տնօրինությանը թողնվեր և անհապաղ հետ չվերցվեր կամուրջը, ապա այդ իրավիճակը անխուսափելիորեն  խուճապ կառաջացներ զորքերի շարքերում: Իսկ դա  աներկբա նշանակում էր, որ հայկական զորքերն ու բնակչությունը լիովին կկտրվեին Արարատյան դաշտից, և նրանց վրա անխուսափելիորեն ծառանալու էր շրջափակման ու ոչնչացման սպառնալիքը: Այդ բախտորոշ և, թվում է, անելանելի իրավիճակում իր խիզախ ու վճռական քայլն է կատարում ռազմաճակատում կատարվող գործողություններին ուշիուշով հետևող Դրոն:

Հասնելով մարտադաշտ՝ Դրոն անմիջապես գումարում է զինվորական խորհրդակցություն, ուր ստեղծված կացությունը փոքր-ինչ քննարկելուց ու գնահատելուց հետո, որոշվում է անհապաղ դիմել հարձակման և վերագրավել կորցրած դիրքերը: Շատ կարևոր էր, որ կորցրած դիքերն ու մասնավորապես՝ Կարակալայի կամուրջը մեր զորքերի կողմից  վերգրավվեին հնարավորինս արագ, քանի դեռ թշնամու ձեռք բերած հաջողության լուրը չէր հասել ռազմաճակատի մյուս զորամասերին, գավառի բնակչությանը և Երևանին:

Գնդապետ Բեկ-Զոհրաբյանի փոխարեն Կարակալայի պաշտպանական հատվածում մարտնչող զորամասի հրամանատարությունը վստահելով գնդապետ Կուռո Թարխանյանին, Դրոն նրան հանձնարարում է Ջաֆարաբատ-Քյալակարխ-Կարակալա ուղղությամբ անհապաղ անցնել հարձակման:

«Դրոյի հանձնարարությունը,-գրում է Վահե Արծրունին,-անմիջապես մագնիսացուց զորքն ու սպայությունը, և ամենքը հավասարապես փորձեցին իրենց գերագույնը»:

Հայ մարտիկները փայլուն են կատարում ռազմաճակատի հրամանատարի հանձնարարությունը. սրընթաց հարձակումով ջախջախելով Կարակալայի հատվածում հաստատված թուրք-քրդական զորախմբերին՝ հայկական մարտական ուժերն ամբողջովին վերագրավում են կորցրած տարածքներն ու ամենակարևորը՝ Կարակալայի կամուրջը:

Թուրք հրամանատարությունը, չհամակերպվելով կորցրածին, կենտրոնացնում է  լրացուցիչ զինական ուժեր և լույսը բացվելուն պես դիմում  հարձակման: Ռազմաճակատում շատ վտանգավոր կացություն է ստեղծվում: Եթե հայ մարտիկները չկարողանային կասեցնել թուրքերի եւ քրդական հրոսակախմբերի առաջխաղացումը, ապա նրանք կարող էին գրավել կամուրջներն ու ներխուժել Արարատյան դաշտ:

Ռազմաճակատի ամբողջ տարածքում հայկական զորախմբերն անպատմելի խիզախումներով կասեցնում են թշնամու՝ միմյանց հաջորդող հարձակումները: Թուրքական զորաբանակի հարձակողական նախկին ուժն ու հզորությունը ի չիք են դառնում՝ բախվելով հայ մարտիկների աներեր ու անխորտակ  պաշտպանությանը: Ռազմաճակատի ամբողջ տարածքում հայկական զորախմբերն անպատմելի խիզախումներով կասեցնում են թշնամու՝ միմյանց հաջորդող հարձակումները: Թշնամու ձեռնարկած գրոհները չեզոքացնելուց և թիկունքն անցած քրդական հեծելախմբերի սպառնալիքը վնասազերծելուց հետո արդեն հասունանում է պաշտպանությունից հարձակման անցնելու պահը:

Դրոն կենտրոնացնելով մի քանի զորախմբեր՝ վճռական հարձակում է գործում թուրքական զորքի ու քրդական հրոսակախմբերի վրա: Անկասելի ու անձնուրաց գրոհներով խորտակելով հակառակորդի դիմադրությունը՝ հայ մարտիկները  ջախջախում են թշնամու մարտական ուժերի մարտաշարքերը, և «թշնամին անհամար դիակներ թողնելով՝ դիմեց փախուստի…»:

Հաղթությունը կատարյալ էր, ճակատամարտի հաղթական ավարտին մեծ հավատով և սրտատրոփ սպասող մայրաքաղաքի ու Արարատյան դաշտի բնակչությունը ցնծության մեջ էր: Սուրմալուի ուղղությունից մայրաքաղաքի ու Արարատյան դաշտի վրա ծառացած մահասարսուռ ուժերը խորտակվում են՝ բախվելով հայ զինվորների ու նրանց առաջնորդող զորահրամանատարների անկոտրում կամքին ու խիզախությանը:

Սուրմալուի ճակատամարտի պատմական նշանակությունն ու մեր ժողովրդի գոյատևման գործում ունեցած դերակատարությունն ու իրական արժեքը մեծագույն են:

Հարց է ծագում. ինչպիսի ճակատագիր էր սպասում Արարատյան դաշտի և մայրաքաղաք Երևանի հայությունը, եթե թուրքական զորքերին ու քուրդ հրոսակախմբերին հաջողվեր հաղթահարել Սուրմալուի ճակատը պաշտպանող հայ մարտիկների դիմադրությունը և գետանցելով Արաքսը՝ ներխուժեին Արարատյան դաշտ,  ապա նաև Երևան:

Խոսքերն ավելորդ են, չէ՞ որ հայության ամենախիտ բնակեցված շրջանները հենց Արարատյան դաշտն էր ու մայրաքաղաք Երևանը, ու եթե թուրքական զորքերին ու արյունարբու քուրդ հրոսակախմբերին հաջողվեր ներխուժել Արարատյան դաշտ, ապա որևէ կասկած լինել չէր կարող, որ նրանք անխնա սպանդի կենթարկեին Արարատյան դաշտի, ինչպես նաև Երևանի ու նրա մերձակա շրջանների հայությանն և իսպառ կամայացնեին իրենց բռնազավթած տարածքները:

Չնայած Դրոյի անզուգական հրամանատարությամբ Սուրմալուի ռազմաճակատում ձեռք բերած փայլուն հաղթանակին, դժբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը արդեն պարտվել էր: Կարսի ռազմաճակատն, ի տարբերություն Սուրմալուի, ունենալով պաշտպանության հզոր միջոցներ, անգամ զրահագնացք ու մի քանի ինքնաթիռ, առանց որևէ դիմադրության հզոր բերդաքաղաքը հանձնում է հակառակորդին:

Կարսի բերդաքաղաքի անփառունակ վախճանը կատարյալ անակնկալ էր Սուրմալուի ուղղությամբ մարտնչող զինվորների համար: Կարսի ռազմաճակատում ծավալվող աննպաստ մարտական գործողությունների թելադրանքով Սուրմալուի ռազմաճակատի հաղթական զորքերը հարկադրված թողնում են պաշտպանության իրենց բնագծերը և ապահովելով գավառի հայ բնակչության անվտանգ տեղափոխությունը Արարատյան դաշտ, այրում են կամուրջներն ու գետանցում Արաքսը: Սուրմալուի ճակատամարտի հաղթական զորամասերն այժմ արդեն պիտի պաշտպանեին Արաքսի գետանցումներն ու թույլ չտային թուրքական զորքերին ու քրդական հրոսակախմբերին ներխուժելու Արարատյան դաշտ:

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #15 (1262) 10.10.2018 – 16.10.2018, Պատմության էջերից


10/10/2018