Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌՅՈՒԾ ՏՂԵՐՔԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



ԱՌՅՈՒԾ ՏՂԵՐՔԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸԱրցախ աշխարհի հյուսիսային դարպասները պաշտպանող  զորամասերից մեկում ենք՝ «Եղնիկներում»: Հրամանատարի սենյակում զորացրվող զինվորներն են. երկու տարվա ծառայողական կյանքը մի քանի րոպե անց կմնա զորամասի դարպասներից ներս, իսկ բանակային հիշողությունները կտանեն իրենց հետ ընդմիշտ:

-Հեշտ չի եղել ձեր ծառայությունը. ցեխին, անձրեւին, սառնամանիքին, շոգին, հազար զրկանք կրելով, հազար դժվարություն հաղթահարելով,  առանց տրտնջալու, առանց բողոքելու, երբեք չթուլացնելով զգոնությունը, ծառայել եք: Շնորհակալ եմ, տղե՛րք: Վստահ եմ, որ վաղը, եթե հակառակորդը համարձակվի ոտնձգություն կատարել մեր սահմաններին,  դուք առանց վարանելու կգաք, կկանգնեք ձեր ընկերների կողքին,- գնդապետ Կարեն Ջալավյանն է՝ հրամանատարը:

-Ճիշտ այդպես,- զորացրվող զինվորների պատասխանի մեջ այնքան վճռականություն կա:

Թե վտանգվի հայրենի եզերքի խաղաղությունը, տղերքն իրենց զինվոր ընկերների կողքին կլինեն հենց իրենց  լեգենդար հրամանատարի պես, հրամանատարի օրինակով,  որ տարիներ առաջ, կիսատ թողնելով ուսումը Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում,  հայտնվեց Արցախյան պատերազմի  թոհուբոհում, մասնակցեց ինքնապաշտպանական եւ ազատագրական  բազում մարտերի՝ Մարտունի, Աղդամ, Մարտակերտ, Քարվաճառ….    Կռվի դաշտում չորս անգամ վիրավորվեց, բայց ապաքինվելուց հետո  դարձյալ միացավ զինակից ընկերներին: Ու մինչեւ օրս  առաջնագծի վտանգավոր հատվածներից մեկում շարունակում է նվիրված ծառայությունը որպես զորամասի հրամանատար:

Պարտիզանական ջոկատի հիման վրա ստեղծված ճակատային այս զորամասը հերոսական անցյալ ունի. Արցախյան շարժման սկզբում տարածքի գյուղերի ինքնապաշտպանական ջոկատները  միավորվեցին Շահումյանի արծվի՝ Շահեն Մեղրյանի ջոկատի կազմում եւ բարդ, չափազանց բարդ տեղանքում հակառակորդին մշտապես ահուսարսափի մեջ էին պահում` տարբեր ուղղություններով շեշտակի հարվածներով  խուճապի մատնելով նրան: Հետո, երբ ստեղծվեց կանոնավոր բանակը, բազում հերոսական ասքեր գրած պարտիզանական ջոկատը դարձավ կանոնավոր զորք, ռազմիկը՝ զինվորական:

Զորամասն այսօր   25 տարվա կենսագրություն ունի: Այսօր էլ Շահեն Մեղրյանի աննկուն ոգով շարունակում են ծառայել «Եղնիկների» առյուծ տղերքը:

♦♦♦

…Պաշտպանական այս շրջանի ստորաբաժանումները տեղակայված են իրարից բավականաչափ  հեռու:

Զինվորական ամենագնացը հաղթահարում  է  խորդուբորդ  ճանապարհի բազում արգելքները՝ մեզ տանելով գումարտակից գումարտակ,  խրամատից խրամատ՝ առյուծ տղերքի մոտ:  Գնդապետն ինքն է վարում մեքենան ու  զինվորի  տեսնելիս պարտադիր արգելակում է, ձեռքով բարեւում,  մանրամասն հարցուփորձ անում:

-Հրաման տալը իրավունք է,- ասում է գնդապետը,- հրաման տալուց առաջ պիտի  իմանաս զինվորիդ ու սպայիդ ցավը, կիսես հոգսն ու ուրախությունը, մտահոգությունն ու մտատանջությունը,  որ հրամանդ ոչ թե դժկամությամբ, այլ նվիրումով կատարեն: Ու երբ կոշտ լինես, հիշեն բարությունդ, երբ պահանջես, հիշեն հոգատարությունդ:

♦♦♦

Շրջում ենք խրամատից խրամատ: Առաջնագծում զգալի աշխատանքներ են կատարվել եւ կատարվում:

ԱՌՅՈՒԾ ՏՂԵՐՔԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ-Ժամանակ առ ժամանակ առաջնագծի կահավորումը արդիականացվում է՝ սահմանը դարձնելով ավելի անառիկ, զինվորի ծառայությունն էլ՝ առավել անվտանգ:

Շաբաթը  չորս-հինգ անգամ հակառակորդի ԱԹՍ-ները  փորձում են աննկատ հետախուզել մեր տարածքը, տեղեկություն կորզել մեր դասավորությունից:  Մեր տեսադիտարկման համակարգերը իրենց գործը լավ գիտեն: Մեր տեխնիկական միջոցները թույլ են տալիս թե՛ գիշերը, թե՛ ցերեկը ժամանակին նկատել ամեն  շարժ, անգամ հակառակորդի խորը թիկունքում եւ համապատասխան քայլեր ձեռնարկել՝ դրանք չեզոքացնելու ուղղությամբ: Օպերատիվ-մարտավարական վիճակը կայուն է, վերահսկելի,- նշում է գնդապետը:

Մինչ ապրիլյան դեպքերը,  հակառակորդը  վեց-յոթ անգամ դիվերսիոն գործողություն է իրականացրել այս տարածքում,  բայց նահանջել է կորուստներով ու պարտված: Հրամանատարը ոգեւորված պատմում է, թե  ապրիլյան օրերին ժամկետային զինծառայողը ինչպես է վնասազերծել հակառակորդի դեսանտադիվերսիոն խումբ տեղափոխող  ուղղաթիռը: Խոսում է հայ զինվորի  ու սպայի անօրինակ քաջագործություններից, անպարտելի ոգեղենությունից…

Հրամանատարը չի ասում, որ 2016թ.  ապրիլի սկզբներին անձամբ է  ղեկավարել զորամասի մարտական դիրքերի համար մղվող մարտերը, նպաստել  առաջնագծի վերականգմանը, որ ցուցաբերած խիզախության համար  պարգեւատրվել  է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

-Ո՞րն է Ձեր ամենամեծ պարգևը, – հարցնում եմ գնդապետին:

-Ազատագրված հողը:

ԱՌՅՈՒԾ ՏՂԵՐՔԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ…Երբ դիրքերը մնում են հետևում, երբ հրամանատարը համոզվում է, որ մեր զինվոր որդիների ծառայությունը  հուսալի ու անվտանգ է, հիշում է ի՛ր երեխաներին:  Երեք զավակ ունի, երկու աղջիկ եւ մեկ տղա:

-Երեխաներս դեռ փոքր են, ուշ եմ ամուսնացել: Որդիս՝ Աղասը, հինգ տարեկան է, մանկապարտեզ  միայնումիայն զինվորական   համազգեստով է գնում, պապիկի ծնունդին էլ էր համազգեստով: Ուզում է զինվորական դառնալ…

Բջջային  հեռախոսի զանգն ընդհատում է մեր զրույցը:   Նայում եմ հրամանատարի դեմքին. հպարտությունը, հուզմունքը, ուրախությունը մեկտեղվել են, դարձել ջերմ ու բարի ժպիտ.

-Զորացրված զինվորներս են զանգել, ասում են՝ հավաքվել ենք տղերքով ու ձեզ ենք հիշել, հրամանատա՛ր….

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #5 (1252) 1.08.2018 - 7.08.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/08/2018