Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՂՈՒԼՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԳՐՈՀԸ



 

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՂՈՒԼՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԳՐՈՀԸՊատժիչ գործողությունն ավարտված էր: Վերադարձել էինք զորամաս: Հատուկենտ կրակոցներ էին լսվում. երեւի հակառակորդի ականանետն էր: Աղմուկը հետզհետե  սաստկացավ, կրակոցները ոչ մի րոպե չէին դադարում՝ ոնց որ տեղատարափ անձրեւի խոշոր կաթիլները թմբկահարեին տանիքը: Դասական հրետանային նախապատրաստություն էր: Վատ կանխազգացում ունեի: Արագ հավաքվեցինք ու նորից շարժվեցինք դեպի նստեցման շրջան: Հերթապահ ուժերը պատսպարեցին մեր բացազատումը: Րոպեներ անց հրետանային բոլոր միջոցները ծավալված էին մարտավարական բնագծում: Պատերազմ էր:

 

Արշավիրը երկրորդ դասարանի աշակերտ էր, երբ հակառակորդը «գրադով» խփեց  Ստեփանակերտի իրենց դպրոցին: Նայեց քարակույտ դարձած շենքին այնպես, ինչպես կնայեն վերքի բացվածքին: Փոքր էր, բայց զգաց պատերազմ բառի ամբողջ ծանրությունը: Հետո ազատագրվեց Շուշին, եւ Ստեփանակերտը դուրս եկավ աքցանից: Ռազմաճակատից տուն եկած հոր դեմքին վերջապես ժպիտ տեսավ: Եվ այդ ժպիտը նրա համար հաղթանակի խտացումն էր: Վճռեց՝ մեծանա, լավ հրետանավոր  է դառնալու` հոր պես: 2001 թվականին ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Հրետանին ես  էի  ղեկավարում: Մարտկոցների զինվորներին գիտեի անուններով, գիտեի՝  որ սպան ինչ խնդիր կարող է կատարել: Որեւէ անհանգստություն չունեի: Մեր առաջին մարտական գործողությունը չէր, բայց այս անգամ ուրիշ էր. թվում էր՝ ուղիղ թշնամու աչքերի մեջ ենք նայում: Կռիվը թունդ էր լինելու: Ժամը հինգն էր: Տարբեր կողմերից կրակ թափեցինք նրանց վրա: Հայտնաբերում էի նշանակետերի ուղղությունը, խոցելու հրաման տալիս, եւ արկերը գլխապատառ վզզում էինԱռաջնագիծը ծխում էր մխի մեջ: Կրակի ներդաշնակությունը շշմեցրեց թշնամուն. խխունջի պես կծկվեցին: Չէին կարողանում օգնական ուժեր ներքաշել մարտի մեջ: Սկսեցին հրետակոծել հեռվից՝ «Գրադ», «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով: Մի կրակակետի վրա 510 արկ էր ընկնում: Փորձում էին  ճնշել մեզ՝ իզուր: Ավելի ուժգին էինք հարվածում: 30 վայրկյան, 50 վայրկյան, 1 րոպե է պետք մինչեւ թշնամական արկը տեղ կհասնի: Իսկ տղաները հասցնում էին այդ ծանրության տակ դիպուկ խփելՄեր ներսում մի մեծ ուժ էր եռում. մենք կռվելու եւ հաղթելու պահանջ էինք զգում:

 

Առաջին անգամ առաջին կուրսում կրակեց: Սիրտը տրոփեց տագնապով, կրակոցի ձայնը չլսեց, տեսավ միայն ցնցվող հրանոթն ու բարձրացող փոշու ամպը… Արկի թռիչքը նրան մի ամբողջ հավիտենություն թվաց: Եվ երբ հրաձգարանով մեկ հանկարծ հնչեց «հուռա՜ն», իրականություն վերադարձավ: Թիրախը խոցված էր. արկը պայթել էր ճիշտ կետում: Այդ օրը հրետանին իր մշտական տեղը զբաղեցրեց նրա կյանքում: Այլեւս երեկվա անվստահ կուրսանտը չէր:

 

Հակառակորդին հաջողվել էր  զբաղեցնել Ուրֆանյանի ու նրա տղաների պահած դիրքը: Պիտի  հետ գրավեինք. պատվի հարց էր: Հրամայված էր հրետանային կրակով սպասարկել հակագրոհը: Մարտկոցի հրամանատարները հերթով կապ տվեցինամեն մեկն ուզում էր, որ հենց իրեն թիրախ «հանձնարարեմ»: Ե՛վ ջղայնացա, ե՛ւ հպարտացա: Պատերազմի ամենալարված պահն էր: 220 արկ կրակեցինք, յուրաքանչյուրն էլ՝ ճակատագրականԱնընդհատ մտածում էի՝ միայն թե  թշնամուն պաշարած մեր տղաներին չվնասենք: Հրետանու աջակցությունը վճռական եղավ՝ դիրքը նորից մերն էր: Այն, թե ինչ էինք զգում այդ պահին, աննկարագրելի է. մենք լուծել էինք մեր ընկերների վրեժը:

 

…Ապրիլի երկուսից հետո էր՝ հակառակորդը մեր ուղղությամբ եւս երկու գրոհ կազմակերպեց: Ալիեւին զեկուցել էին, թե իբր իրենց բանակը գրավել է Սեյսուլանը: Ամեն ինչ պիտի անեին՝ սուտը փրկելու համար: Հրետանային բոլոր միջոցները թեքեցինք այդ ուղղությամբ` թույլ չենք տալու: Խփում էինք ու խփում: Ամեն մեկն իր կրակային դիրքից խնդիր էր կատարում, բնականաբար, չիմանալով, թե ինչ է կատարվում սահմանի երկայնքով: Փորձում էի բոլոր ստորաբաժանումներին իրադրության ծիրում պահել:  «Հակառակորդը հասել է այս կետին, փորձում է ծավալվել, երեք դիրքեր մեր աջակցությանն են սպասում: Դե, ձեզ տեսնեմ, տղե՛րք: Հիմա այս նշանակետին խփեք: Ապրե՛ք… նահանջում են»: Հրետանավորը պիտի զգա պատերազմի ռիթմը, եւ նրա նետած արկը չի վրիպի:

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՂՈՒԼՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԳՐՈՀԸ…Քառօրյա  մարտագործողությունների ընթացքում մեր ոչ մի հրանոթ չվնասվեց,  իմ զինվորներից  եւ ոչ մեկը մի քերծվածք անգամ չստացավ. հրամանատարի համար ավելի կարեւոր բան կա՞:

Հյուսիսարեւելյան զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Արշավիր Ղուլյանը «Արիության մեդալ» ստացավ Արցախի նախագահից: Ապրիլյան պատերազմից հետո թվաց՝ ամեն բան գիտի հրետանու մասին, ամեն ինչ կարող է:  Հրամանատարի նրա հնարավորությունների կաշկանդված սահմանները վերջապես ջնջվել էին. չորս օրում չորս հազար արկ էին կրակել: Բայց ընդունվեց ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի հրետանային բաժին, որովհետեւ ուզում էր կատարելագործել գիտելիքները, որովհետեւ պատերազմը մտավոր պայքար է: Շուտով կավարտի ուսումնառությունը: Արդեն առաջարկ է ստացել՝ մնալ մայրաքաղաքում եւ դասավանդել: Կհամաձայնի՞ արդյոք:

 

Իմ ծառայությունն առաջնագծում է անցել. ե՛ւ դասակի հրամանատար եմ եղել, ե՛ւ մարտկոցի, ե՛ւ դիվիզիոնի: Քանի դեռ սահմանին խաղաղությունն այդքան փխրուն է, զգայուն, երերուն, իմ տեղն այնտեղ էԳիտեք՝  երբ առաջնագծից մի քանի ժամով քաղաք եմ գալիս, ինձ անպայման հարցնում են՝  ճի՞շտ է, որ  հակառակորդը տեխնիկան մոտեցրել էբա ասում են՝  էսօր ձեր ուղղությամբ 40 արկ են կրակելկռի՞վ է լինելու:   Եվ ինչքան էլ հոգնած, մտահոգ ու անհանգիստ եմ լինում, կատակում եմ, ժպտում: Որովհետեւ պատերազմի մեջ ապրող երկրում զինվորականի ժպիտը փոքրիկ խաղաղություն է:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #4 (1251) 25.07.2018 - 31.07.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/07/2018