Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՈԵԶԻԱ



ՊՈԵԶԻԱԱզատության սերունդ, ներուժ նվիրական,

Մեր անսասան ոգու թռիչք երազաձիգ,

Վահագնաբոց հուրքի հորձանք նաիրական,

Մեր խոյանքից ծնված խիզախ պատանեկիկ:

 

Չդիմացան քո բորբ զորեղ կամքի դիմաց

Մեր քրտինքին թառած ցիներն ազգաչարիք,

Քո խանդավառ երթով դու ջնջեցիր նրանց,

Պարգևեցիր մեզ վառ լուսաբաց ու գալիք:

Հաղթանակած սերունդ, մեր ուժ դյուցազնական,

Դու ես դարձել լուսե առհավատչյան լույսի,

Մեզ տվեցիր քո վառ վճիտ արյամբ հայկյան

Մի մաքրվող երկիր և ժպտացող Մասիս:

 

Ազատության սերունդ՝ կրտսեր և վեհ սակայն,

Մեր հեքիաթի կրտսեր որդու նման հզոր,

Դու կբերես փառքի խնձորն անմահական

Եվ կկերտես զորեղ հայրենիքը մեր նոր:

♦♦♦

 

ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ԲՌՈՒՆՑՔ

ՊՈԵԶԻԱ

Մեկ ազգ, մեկ բռունցք,

Մեկ սիրտ, մեկ ոգի,

Լոկ ա՜յս է ճամփան մեր

հաղթանակի,

Որի դեմ անգամ աղետն է անզոր,

Որի դեմ թույլ են բանակներն հզոր,

Որից ազատվել կարող են միայն

Մեզ մասնատելով, դարձնելով

բաժան:

Ու թեև ազգ ենք մենք փոքր և քիչ,

Բայց զավակներն ենք մեր նախնյաց

կտրիճ,

Եվ  արարչության հունդն է մեզ

տրված,

Մեր հոգու մեջ է բնակվում  Աստված,

Սակայն մեզ տրված տաղանդը վերին

Ծառայեցրել ենք միշտ օտարներին՝

Մեզ ծնող ազգին միշտ պարտք

մնալով…

Եվ ա՜րդ,  ժամն է մեր

առաքելության,

Եկել է պահը Հայոց հարության,

Ու թե մեր միտքը մենք ի մի բերենք,

Աշխարհում հզոր և մեծ կլինենք,

Վկան՝  Ավարայր և Սարդարապատ,

Ուր ցուցանեցինք մեր ոգին անպարտ,

Ուր ցոլաց զորեղ կորովը մեր հին,

Մեզ հասու եղավ խորհուրդը վերին,

Ամրացավ հիմքը Թորգոմա մեր տան,

Ծիրանին հագավ Արտաշես արքան,

Դարձյալ թևածեց հայկազուն ոգին,

Եվ Տիգրան Մեծը ժպտաց կաթոգին,

Մեր հաղթությունը գրեցինք փառքով,

Մութը ցրեցինք Արցախյան զարկով…

Ու թե միշտ այսպես և ի մի լինենք,

Անպարտ, իմաստուն, հզոր կլինենք։

Մեկ ազգ, մեկ բռունցք,

Մեկ սիրտ, մեկ ոգի,

Լոկ ա՜յս է ճամփան մեր

հաղթանակի։

♦♦♦

 

ԳԱՅԼԱՈՐՍ

ՊՈԵԶԻԱ

Մեր տոտեմն Առյուծն է կրակված,

Ջարդեցե՛ք գորշ գայլեր անխնա.

Մեր կերպը Արծիվն է սիգապանծ,

Մեր ուժը ճախրանքն է նրա։

 

Զարկեցե՛ք, ջնջեցե՛ք ոհմակին,

Կոտրեցե՛ք երախն արյունռուշտ,

Որ մեր տուն չմտնի նա կրկին,

Չհոշի բարբարոս և անկուշտ։

 

Թե խղճաք, վերստին նա կգա,

Կխժռի մանուկներ ու ծերեր,

Ու նրա ոռնոցից կմնա

Մահաշունչ հիշատակ ու ավեր։

 

Լեռներից որսափողն է հնչում,

Փութացե՛ք, պահ չէ վարանման,

Հրդեհված Արցախն է կանչում,

Կռիվ է հայրենյաց փրկության։

 

Զարկեցե՛ք, ջնջեցե՛ք ոհմակին,

Քշեցե՛ք լուսնային անապատ,

Որ ատամ չգցի նա կրկին

Կրճտա ու ոռնա հուսահատ։

 

Մեր տոտեմն Առյուծն է կրակված.

Ջնջեցե՛ք գորշ գայլեր անխնա,

Մեր կերպը Արծիվն է սիգապանծ,

Մեր ուժը ճախրանքն է նրա։

♦♦♦

ԲԵՌԼԻՆԻ ԳՐԱՎՈՒՄԸ

 

Երբ Բեռլինի կոնֆերանսում  Հայոց հարցը վիժեցին,

Վիլհելմ  կայսրը եղբայրության երդում տվեց սուլթանին։

 

Եվ գրկեցին իրար երկու մարդադևերը նանիր,

Համբուրվելով վավերացրին մի զազրելի ծրագիր։

 

Բնաջնջե՜լ ամբողջ մի ազգ, ոչնչացնել ի բնե՜,

Մեկ հայ թողնել  թանգարանում՝ ճաղերի մեջ  երկաթե։

 

Լեռնե՛ր, դաշտե՛ր ներկել արյամբ ու չգթալ ոչ մեկի,

Չխնայել մայր եւ մանուկ ու թրատել ամենքին։

 

Բայց չիրացավ ծրագիրը ոճիրների որոճման,

Արյան ծովից հառնեց հանկարծ փոքրիկ մի ափ

Հայաստան։

 

Ու շենացավ երկիրը այդ  մեր պապերի քրտինքով,

Մեջքը ուղղեց կաղնու նման՝  նոր եռանդով, նոր  երգով։

 

Բայց սասանմամբ գազանարբու աշխարհամարտ  սկսվեց,

Եվ Հիտլերը ամբարտավան Հայոց ջարդերը հիշեց։

 

Եվ հայորդիք ոտքի ելան՝ պաշպանելու հայրենին,

Նրանց մղեց խիզախության  նաիրական մեր ոգին։

 

Նրանց առջև ընկրկեցին թշնամիները բոլոր,

Չդիմացան զենք ու զրահ հարվածներին մեծազոր։

 

Եվ դիվիզիան մեր հայկական Բեռլին մտավ  շռինդով,

Անցան Հայոց զինվորները պանծացումի հրդեհով։

 

Եվ  գրավվեց զորեղ կամքով  հսկա քաղաքն անառիկ,

Որ այլեւս չահագնանա մահվան քրքիջ ու չարիք։

 

Ու երբ հասան դամբարանին Վիլհելմ  կայսեր  ահարկու,

Նրանց ներսում հորձանք տվեց խտացումը մեր ոգու։

 

Եվ  Նվերը մեր Սաֆարյան՝  հրամանատարը անպարտ,

Ոտքը դրեց մահարձանին, գոչեց ձայնով իր հպարտ.

 

– Նայի՜ր, Վիլհե՛լմ, ես մանուկն եմ  կոտորածից փրկված,

Որին պիտի վիճակեիք թանգարանի մի հատված։

 

Ցուցադրվող նմուշ չեմ  ես, այլ գեներալ բանակի,

Որը խիզախ անցավ ճամփան հերոսության և փառքի։

 

Եվ մենակ չեմ, տե՜ս,  իմ  շուրջը զուտ դեմքեր են հայկական,

Նրանցով  է կազմավորվել մեր  դիվիզիան Թամանյան։

 

– Նայի՜ր ավեր քո քաղաքին, գոթերի պիղծ  թագավոր,

Չեն դիմանում  Հայոց զարկին պարիսպները քո հզոր։

 

Հավաքվեցին Ռայխստագի մոտ հայորդիները  արի,

Հնչեց զուռնան, ու թափ առավ հաղթապարը հայրենի։

 

Ու խփեցին ոտքերն այնպես փողոցի գորշ  սալերին,

Որ քարերից կայծեր թռան, հասան Հայոց  սարերին։

 

Իսկ Ստամբուլը վախից սոսկաց, զգաց ի՜նչ է լինելու,-

Մի օր պարը այդ սիգապանծ ի՛ր վրա են  պարելու։

Խորագիր՝ #4 (1251) 25.07.2018 - 31.07.2018, Հոգևոր-մշակութային


26/07/2018