Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸՀայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համաձայն զինված ուժերի առանցքային նպատակն է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովումը և Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը:

Հայաստանի Հանրապետության անվտանգային անկայուն միջավայրը, պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերները, դրանցից բխող արտաքին, այդ թվում` անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները պահանջում են ունենալ հուսալի պաշտպանության համակարգ: Ի լրումն նախաձեռնողական արտաքին դիվանագիտության՝ այդ համակարգը Հայաստանի և Արցախի երաշխավորված, կայուն և տնտեսական զարգացումը խթանող պաշտպանունակության, Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու, իսկ  անհրաժեշտության դեպքում` ուժի դիրքերից հանդես գալու հիմնական գրավականն է:

Պաշտպանության համակարգի գերագույն նպատակը մարտունակ, ապաքաղաքականացված, հասարակության համակողմանի ներգրավմամբ և ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող զինված ուժերի ձևավորումն է: Այսպիսի զինուժ ունենալու համար պահանջվում են զգալի` Հայաստանի Հանրապետության հնարավորությունների համեմատ անհամաչափ մեծ միջոցներ, որոնք պետք է զուգակցվեն թափանցիկության բարձր չափորոշիչները, ուժերը և միջոցները  առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու, վատնումները բացառելու և բանակի նկատմամբ հասարակության լիակատար վստահության հետ:

Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է բանակաշինության և զինվորական ծառայության շուրջ հաստատված մթնոլորտի ու մոտեցումների արմատական փոփոխության հրամայականը՝ որպես Զինված ուժերի մարտունակության և արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոց։ Այս գերխնդրի իրագործման համար պաշտպանության համակարգում մենք պետք է անցնենք իմացական վերափոխում՝ պարտականության զգացողությունը փոխարինելով առաքելության զգացողությամբ: Սա վերաբերում է պաշտպանության ոլորտի անձնակազմի անխտիր բոլոր կատեգորիաներին՝ գեներալներից ու սպաներից մինչև կրտսեր և ավագ ենթասպաներ ու շարքայիններ, հայեցողական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներից և քաղաքացիական հատուկ ծառայողներից մինչև բանվոր-ծառայողներ: Պարտականության զգացողությունը մարդու մեջ սերմանում է մշտապես վերադասի հրահանգներին սպասելու, իսկ անգործության պատճառով առաջադրանքը ձախողելու դեպքում՝ նման հրահանգ չստանալու պատճառաբանությամբ արդարանալու մշակույթ: Տրամագծորեն հակառակ մշակույթ է ձևավորում առաքելությունը. այն ենթադրում է տվյալ գործի, ձեռնարկի կամ հղացման սեփականության իրավունք, այսինքն՝ նպատակի իրականացման պատասխանատվությունը հավասարաչափ դրվում է պաշտպանության նախարարի և կրտսեր ծառայողի, գեներալի և շարքայինի վրա, և երբեմն սեփական նախաձեռնողականությունդ կարող է ունենալ հիրավի ռազմավարական նշանակության բարենպաստ հետևանքներ:

Հետևելով այս տրամաբանությանը՝ բոլորս պետք է առաջնորդվենք մեր պետության և ժողովրդի առաջ ունեցած պատմական առաքելության գիտակցումով։ Ղեկավար պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ, առանց բացառության, պետք է գիտակցի, որ իրեն վստահված այս առաքելությունը լավագույնս իրականացնելու համար պետք է գերազանցություն դրսևորի երկու առանցքային գործառույթում:

Առաջինը ենթականերին առաջնորդելն է: Առաջնորդիր սեփական օրինակով, մարդկանց խրախուսիր ըստ արժանիքների, պատժիր արդարացի կերպով, սահմանիր հստակ առաջադրանք, տուր դրա իրականացման խելամիտ ուղղորդում, թույլ տուր կարգապահ նախաձեռնողականություն՝ միաժամանակ վերահսկելով առաջադրանքի կատարումը և չխուսափելով ընդհանուր պատասխանատվությունից, և վերջապես՝ հանդուրժող եղիր ոչ էական վրիպումների հանդեպ, և կտեսնես, որ ձևավորել ես բարձր կատարողականությամբ թիմ՝ դրա անդամների բնավորության, խորագիտակության և հանձնառության առողջ հավասարակշռմամբ:

Երկրորդ առանցքային գործառույթը միջոցների մտապատկերումն է, դրանց պլանավորումը, ձեռքբերումը, հատկացումը և օգտագործման վերահսկողությունը: Նախևառաջ պետք է գիտակցենք, որ Հայաստանի մարդկային ռեսուրսները սահմանափակ են, հետևաբար հայոց զինուժի զինվորն ու սպան պետք է շեշտը դնեն ոչ թե քանակական առավելության, այլ որակական գերազանցության վրա: Յուրաքանչյուր հրամանատար և պաշտոնյա պետք է առաջնորդվի հասարակության և պետության հատկացրած մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսները պետության և հասարակության անվտանգության ապահովմանը առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնելու գիտակցումով։ Ռեսուրսների ոչ նպատակային, ոչ արդյունքային, ոչ խնայողաբար և անարդյունավետ ծախսը հատկապես վնասակար ազդեցություն է գործում Հայաստանի նման սահմանափակ ֆինանսական հնարավորություններ և համեմատաբար մեծ զինված ուժեր ունեցող երկրների վրա: Բոլորս պետք է գիտակցենք, որ հասարակության կողմից Զինված ուժերին հատկացված նյութատեխնիկական և ֆինանսական միջոցները քաղաքացիների՝ սեփական սոցիալական, կրթական, առողջապահական և մյուս ոլորտներից խնայված և անվտանգության ապահովման առաջնահերթությունից ելնելով մեզ տրամադրված ռեսուրսներ են։ Այս հարցն էլ ավելի է կարևորվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ունեցող երկրներում, երբ պետությունը պատասխանատվություն է կրում զինվորի կենցաղային պայմանների, սննդի, հագուստի, հանգստի և ժամանցի պայմանների ու մի շարք այլ խնդիրների համար: Այս տեսանկյունից յուրաքանչյուր հրամանատար պետք է գիտակցի ծնողների՝ իրեն վստահված զորակոչիկների կյանքի, անվտանգության և բարեկեցության ապահովման բարձր պատասխանատվությունը։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուր ժամկետային զինծառայող պետք է գիտակցի, որ լինելով հայրենիքի պաշտպան՝ ինքն այլևս չի գտնվում ծնողների և հարազատների խնամքի տակ, և ֆիզիկական ու հոգեպես պատրաստ լինի պատվով կրելու զինվորական ծառայության դժվարությունները և սահմանափակումները:

Ինչքան էլ հզոր ռազմական տեխնիկա և մեծաթիվ անձնակազմ ունենաս, միևնույն է, դատապարտված ես ձախողման, եթե բանակումդ չի տիրում անհրաժեշտ արդարության, նվիրվածության և համախմբվածության մթնոլորտ: Այս հատկանիշները չեն ձևավորվում ինքնին, այլ կախված են առկա բացասական երևույթները կամ դրանց վերապրուկները արմատախիլ անելուն և դրական դրսևորումները ամրապնդելուն ուղղված ամենօրյա աշխատանքի հաջողությունից: Կոռուպցիոն որևէ դրսևորում տեղ չպետք է ունենա բանակում: Կոռուպցիան ինքնին չարիք է պետության կենսագործունեության ցանկացած ոլորտում, սակայն այն կրկնակի աղետ է ռազմական բնագավառում, աղետ, որի չսանձահարումը կարտահայտվի մարտի ժամանակ խափանված կրակոցի, հավաքակայանից դուր գալ չկարողացող տեխնիկայի, զինվորի համար անհրաժեշտ կալորիականություն չպարունակող սննդի տեսքով: Այնպես որ՝ բանակի շարքերում բարեվարքության ամրապնդման, անհրաժեշտ հաշվետվողականության զարգացման աշխատանքները պետք է լինեն ղեկավար կազմի ուշադրության կիզակետում:

Պաշտպանության բնագավառում և զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, դրանք կառավարելու և բարեվարքության նորմերն ամրապնդելու համար պետք է մշակվեն նաև նյութա­տեխնի­կա­կան ռեսուրսների կառավարման, այսինքն՝ պլանավորման, գնումների, սպառման, վե­րահսկման և հաշվետվողականության թափանցիկ ընթացակարգեր: Այս ընթացակարգերը կոչված են երաշխավորելու պաշտպանության ռազմավարության առաջնահեր­թու­թյուն­ների հիման վրա ռեսուրսների բաշխումը և կարողությունների ձևավորումը, կառա­վարման և բյու­ջետային որոշումների ներդաշնակեցումը, բյուջետային ծրագրերի` նյութա­տեխնիկական առումով կայունությունը և մրցակցող պահանջների միջև ռացիոնալ որոշումների կայացումը: Եվ քանի որ առկա անվտանգային միջավայրում զինված ուժերի պահանջները հիմնականում գերազանցելու են պետության տնտեսական հնարավորությունները, պետք է ռեսուրսների կառավարման ոլորտում իսպառ վերացնենք տեղայնական շահերի ազդեցությունը, երբ զինված ուժերի այս կամ այն բաղադրիչն իր կարիքները ներկայացնելիս դրանք չի դիտարկում մարտական կարողությունների համապատկերում, միաժամանակ խուսափելով ռազմական գիտության տեսանկյունից չհիմնավորված այնպիսի ձեռքբերումներից (համակարգեր, համալիրներ, ապրանքներ կամ ծառայություններ), որոնք պարունակում են վաղաժամ բարոյապես հնանալու կամ ձեռքբերման համար ոչ մատչելի դառնալու ռիսկեր:

Զինված ուժերի կարևորագույն խնդիրներից է նաև պաշտպանության համակարգի և զինված ուժերի՝ ապաքաղաքական լինելու և քաղաքական չեզոքության պահպանելուց սահմանադրական պահանջի իրագործումը։ Այս առումով արդեն հիշատակված իմացական վերափոխման արգասիքներից պետք է լինի նաև այն, որ բանակը գործնականում զերծ մնա քաղաքական և ընտրական գործընթացների վրա որևէ հնարավոր ապօրինի ազդեցությունից կամ հակառակը` ինքը ուղղորդված կերպով չազդի ընտրությունների արդյունքների վրա: Լինելով համազգեստ կրող քաղաքացիներ՝ զինծառայողները երկրի իշխանության ձևավորման գործընթացին մասնակցելու իրենց իրավունքը պետք է իրացնեն բացառապես ընտրությունների ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով և զինվորականներին հարիր կարգապահ կերպով` առանց որևէ ապօրինի ներգործության։ Այս նպատակով առաջիկայում կմշակվեն առաջարկություններ ՀՀ Ընտրական օրենսգրքում ՀՀ զինված ուժերում նախընտրական քարոզչության իրականացման մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ:

Միաժամանակ, չպետք է մոռանալ, որ բանակը հասարակության անբաժանելի մասն է և պետք է առավելագույն թույլատրելի սահմաններում թափանցիկ լինի քաղաքացիական հանրության համար: Հասարակության լայն շերտերի, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կողմից զինված ուժերում առկա խնդիրների վերհանումը կապահովի անկողմնակալ կարծիքի հաշվառմամբ ընդլայնված մտքերի փոխանակում՝ նպաստելով առավել արդար և արդյունավետ լուծումների որոնմանը և կենսագործմանը:

Կառավարության ծրագիրը նախատեսում է նաև ճշգրտումների կատարում Զինված ուժերի զարգացման պլանում և Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրում: Որպես պաշտպանության ոլորտի ռազմավարական նշանակության երկու հիմնական ուղեցույցներ, այս փաստաթղթերը կարիք ունեն ինչպես իրենցում պարփակված հայեցակարգային դրույթների՝ նոր քաղաքական առաջնահերթություններին և պաշտպանության կազմակերպման մոտեցումներին համապատասխանեցման, այնպես էլ կատարված աշխատանքների միջանկյալ վերստուգման և խնդիրների թարմացման: Նորացված փաստաթղթերի վերջնանպատակը կլինի զինված ուժերի մարտական կարողությունների և անձնակազմի մարտական վարպետության բարձրացումը, որին հասնելու համար կպլանավորվեն որոշ ոլորտներում ռեսուրսների ավելացման, այլ ոլորտներում դրանց ծախսի արդյունավետության բարձրացման, մեկ այլ տեղ՝ խնայողության ռեժիմի անցման միջոցառումներ՝ հասնելով պաշտպանության համակարգում ընդհանուր արդյունքայնության բարձրացման:

Անդրադառնանք պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթություններին.

Առաջնահերթություն 1.

Զինված ուժերի համալրումը անհրաժեշտ քանակի և ժամանակակից սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով, ռազմական կառավարման արդիական սկզբունքների և համակարգերի ներդրումը և անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանումը: Այստեղ մեր վերջնանպատակն է բանակի մարտունակության մակարդակի համապատասխանեցումը ռազմական սպառնալիքների մակարդակին և հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու և կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունները հնարավորինս վաղ փուլում և ՀՀ համար շահավետ պայմաններով դադարեցնելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմամբ:

Մեր թիվ մեկ խնդիրն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ ռազմական պայմանների ստեղծումը: Մենք թույլ չենք տալու, որ հակամարտության կարգավորման գործընթացում, որքան էլ այն երկարաձգվի, հակառակորդը մեզ հետ խոսի ուժի դիրքերից և հետամտի առավելապաշտական նպատակներ: Սահմանին որևիցե, այսպես ասած, ապակառուցողական դրսևորում` լինի դա դիվերսիոն ներթափանցումների, դիպուկահար կրակի, դիրքային փոփոխությունների և լայնածավալ հարձակման համար ուժերի կուտակումների տեսքով, արժանանալու է կտրուկ և սթափեցնող պատասխանի: Դա անելու համար մենք շարունակելու ենք հետևողականորեն զարգացնել զինված ուժերի մարտական կարողությունները, հակառակորդի նկատմամբ ճիշտ պահին, ճիշտ տեղում և ճիշտ ձևաչափով անհրաժեշտ ազդեցության ներուժը պահպանելու և էլ ավելի զարգացնելու համար: Խնդիրներն արդեն առաջադրված են, կարողությունները՝ ձևավորված, և մենք աշխատում ենք դրանք էլ ավելի հզորացնելու ուղղությամբ:

 

 

 

 

 

Զինված ուժերի երկարաժամկետ արդիականացման գործընթացը ներառելու է ռազմական հզորության բոլոր ոլորտները՝ առաջնագծում մարտական հերթապահությունից, հեռահար միջոցներով զսպումից, մարտական պատրաստությունից սկսած և վերջացրած ռազմական կառավարման համակարգով, մարտ վարելու նոր եղանակներով և կրթությամբ: Անշուշտ, առանցքային նշանակություն ունի զինված ուժերի զինանոցի համալրումը արդիական սպառազինությամբ, և այս գործում մեր աշխատանքներն իրականացնելու ենք ինչպես դաշնակից ու գործընկեր պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման, այնպես էլ՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման շրջանակներում: Մեր վարած ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական քաղաքականությունը միտված է զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հեռավորության, ճշգրտության և արդյունավետության ավելացմանը, որի համար նախատեսվում է շարունակել բանակի զինանոցի համալրումը գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածի, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից զինատեսակներով, ինչպես նաև առաջնահերթ բազմաֆունկցիոնալ ավիացիայով:

Գերակա խնդիր է նաև Զինված ուժերի կառավարման համակարգի և կառավարման մշակույթի արդիականացումը: Այդ համակարգը պետք է ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական հագեցածություն: Այս խնդրի կատարման համար, բացի տեխնիկական լուծումներից, շարունակվելու է նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և դրանցով գործելու խթանմանը միտված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքի ներդրումը: Այս սկզբունքի էությունը հետևյալն է. տուր ենթականերիդ անհրաժեշտ ռեսուրսներ, ուժեր և միջոցներ, խելամիտ ուղղորդում և վստահություն, և կտեսնես, որ տեղում նրանք կգտնեն ավելի լավ լուծումներ և ամենակարևորը՝ կիրականացնեն դրանք ավելի օպերատիվ կերպով, քան եթե փորձես որոշել բոլորի փոխարեն` միաժամանակ չտեսնելով յուրաքանչյուր առանձին հրամանատարի պատասխանատվության գոտում ծագած իրավիճակի առանձնահատկությունները:

Ոչ պակաս կարևոր է ռազմական գործողությունների վարման ձևերի ու եղանակների, այսինքն՝ ռազմարվեստի արդիականացումը և ապակենտրոնացված ու տարատեղված գործողություններ վարելու կարո­ղությունների ձևավորումը` զինված ուժերի պատրաստությունը հավանական պատերազմի բնույթին համապատասխանեցնելու, որոշումների կայացման և գործողությունների իրականացման փուլերում հակառակորդի նկատմամբ առաջանցում ապահովելու նպատակով:

Եվ իհարկե, առաջնահերթ նշանակություն ունի ռազմարդյունաբերական համալիրում ներդրումների խթանման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման քաղաքականությունը` հարկային և վարչարարական ընթացակարգերի բարե­լավ­ման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և հանրային, մասնավոր ու միջազ­գա­յին կոոպերացիայի սկզբունքով համատեղ ձեռնարկությունների ստեղծման միջոցով: Պաշտպանության նախարարությունը խթանելու է համապատասխան արտադրական կարողությունների ստեղծումը, գիտահետա­զոտական և կիրառական գիտության զարգացումը և գիտատեխնիկական մասնագիտական ներուժի ավելացումը՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի մշակմանը, արտադրությանը, շահագործմանը, նորոգմանն ու արդիականացմանն ուղղված պետական պաշտպանական պատ­վերի՝ սեղմ ժամկետներում կատարումն ապահովելու նպատակով:

Առաջնահերթություն 2.

Հակառակորդի հետ անմիջական շփման բնագծերի շարունակաբար համալրումը արդիական տեխնիկական միջոցներով և մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումը: Մենք պետք է առավելագույնի հասցնենք մի կողմից՝ հակառակորդի դիպուկահար կրակի, դիվերսիոն ներթափանցման և հարձակման նախապատրաստման փորձերի բացահայտման, հավաստանշման, թիրախորոշման և կրակային խոցման կարողությունները և մյուս կողմից՝ յուրային անձնակազմի քողարկման, պատսպարման և պաշտպանվածության աստիճանը:

Այս համատեքստում գերակա խնդիր է մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործումը և անձնակազմի անվտանգության աստիճանի բարձրացումը: Պետք է աստիճանաբար քայլեր ձեռնարկենք առաջնագծում մեր կողմից կիրառվող ստատիկ պաշտպանությունը տեսադիտարկման և այլ հետախուզական սարքավորումներով և հեռակառավարվող խոցման միջոցներով հագեցած տարաշարժունճկուն պաշտպանությամբ փոխարինելու ուղղությամբ: Պաշտպանության այս տեսակի միջոցով զգալիորեն կնվազի անձնակազմի՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելը, կբարձրանա անձնակազմի պաշտպանվածության և դիմակայունության աստիճանը և կավելանա հակառակորդի դիվերսիոն խմբերի դարանակալման և ոչնչացման հավանականությունը: Այս նպատակով, ի թիվս այլ ուժերի և միջոցների, ստեղծվում են հակառակորդի օպերատիվ դասավորությունն ամբողջ խորությամբ վերլուծելու և ռազմավարական մակարդակում նրա մտահղացումների վաղ հայտնաբերմանն ուղղված զորային, տեխնիկական ու գործակալական-հետախուզական  կարողություններ:

Առաջնահերթություն 3.

Անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակի և արդյունավետության Էական բարձրացումը: Այստեղ մեր վերջնանպատակը զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակի ու կարգապահության ամրապնդումն է, բանակում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը, ոչ կանոնագրային հարաբերությունները նվազագույնի հասցնելը, զինծառայողների արժանապատվությունը ոտնահարելու դեպքերի, ինքնավնասման և ինքնասպանության փորձերի առավելագույնս կասեցումը։

Մեր գերակա խնդիրը զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումը երաշխավորելու նպատակով իրականացնել զինծառայողների իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացման, թափանցիկության ընդլայնման և ծառայողական քննությունների պարզեցման աշխատանքներ իրականացնելն է:

Առաջնահերթություն 4.

Զինծառայողների կրթության շարունակականության ապահովումը զինվորական ծառայության ամբողջ ընթացքում։ Մենք պետք է հետևողական աշխատանքներ տանենք զինծառայողի կրթական ցենզի բարձրացման և ինտելեկտուալ մակարդակի աճի ուղղությամբ՝ որպես զինված ուժերի զարգացման ռազմավարության կարևորագույն ուղղություն։

Մեր վերջնական նպատակը բանակում արհեստավարժության և բարոյականության նոր չափանիշների ձևավորումն է` հմուտ, պատվախնդիր ու առաջնորդ սպայական կազմով և վարժված, կրթված, շարժառիթավորված ու մարտունակ զինվորներով, որի համար ձեռնարկելու ենք քայլեր զինված ուժերի մասնագիտական ինքնությունը և վարկանիշը ամրապնդելու ուղղությամբ, ընդհուպ` մինչև ազգային արժեքները խորհրդանշող նոր համազգեստի ներմուծումը:

Կրթությունը անքակտելիորեն կապված է անձնակազմի կառավարման հետ: Պաշտպանության համակարգում ընթացող կադրային փոփոխությունները իրականացվելու են պետական կառավարման և քաղաքացիական հանրության կարող ուժերը ներգրավելու և առկա արհեստավարժ ռեսուրսը լավագույնս օգտագործելու` միմյանց փոխլրացնող ուղղություններով: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման քաղաքականություն` ավելի ու ավելի պատասխանատու պաշտոններ վստահելով ուժեղ բնավորություն, առաջնորդական որակներ, մասնագիտական խորագիտակություն և առաքելության նկատմամբ հանձնառություն ունեցող արհեստավարժ զինվորականներին և աշխատակիցներին:

Առաջնահերթություն 5.

Զինծառայողների պատշաճ և ամբողջական նյութական բավարարումը: Մենք պետք է երաշխավորենք բոլոր կարգի զինծառայողների իրավունքների պաշտպանվածության, թիկունքային, նյութատեխնիկական և բժշկական պատշաճ ապահովումը՝ որպես զինված ուժերի ղեկավարության, պետական ու հասարակական վերահսկողության ու հոգածության առարկա:

Մեր խնդիրը զինծառայողներին հատկացվող իրային միջոցների՝ համազգեստի, ներքնազգեստի, հիգիենայի ապահովման պարագաների որակական և քանակական ցուցանիշների, ինչպես նաև սննդակարգի բարելավումն է: Այս ուղղությամբ առաջիկայում պաշտպանության նախարարությունում կմշակվի համապատասխան չափորոշիչների բարելավման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ և կներկայացվի ՀՀ կառավարություն: Պետք է աշխատենք նաև մի շարք ապահովման ծառայություններ օտարելու ուղղությամբ` հիմք ունենալով դրանց որակի կտրուկ բարձրացումը և կոռուպցիոն երևույթների բացառումը:

Առաջնահերթություն 6.

Զինծառայողների սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, բնակարանային, բժշկական ապահովման և այլ ծրագրերի իրականացումը։ Բանակի բարոյահոգեբանական պատրաստվածությունը չի լինի բարձր մակարդակի վրա, եթե զինծառայողների համար չլինեն պատշաճ սոցիալական ապահովման պայմաններ` սկսած արժանավայել դրամական բավարարումից, հանգստի ու ժամանցի պայմաններից և վերջացրած բուժապահովմամբ: Իհարկե, ինչպես արդեն նշվել է, պետության տնտեսական ներուժի համեմատ մեծաքանակ բանակ ունենալու հանգամանքը ինքնին առաջ է բերում ֆինանսական սահմանափակումներ, սակայն խելամիտ լուծումների, «վատնող արտահոսքը» կասեցնելու և գործառույթներն ավելի օպտիմալ բաշխելու միջոցով պաշտպանության նախարարությունում անելու ենք ամեն ինչ զինծառայողի կենսապայմանները և նրա հոգևոր պահանջները բարելավելու համար:

Պաշտպանության նախարարության գերակա խնդիրն է նաև ծառայության մեջ գտնվող և նախկին զինծառայողների ու քաղ­ծառայողների, զինվորական հաշմանդամների, զոհված և անհայտ կորած զինծա­ռա­յողների ընտանիքների անդամների համընդգրկուն սոցիալական ապահովման ծրագրերի իրականացումը, զինծառայողների բժշկական ապահովման համակարգի վերափոխումը` առաջին բուժօգնության ցուցաբերումից և մարտի դաշտից տարհանումից մինչև հոսպիտալային օղակում որակյալ բուժում ստանալը: Այս համատեքստում արդեն իսկ ավարտական տեսքի է բերվում արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման` «Մատչելի բնակարան զինծառայողին» պետական աջակցության նպատակային ծրագիրը, որը բեկումնային լուծում կտա բոլոր զինծառայողների (առանց տարիքային սահմանափակումների) սոցիալական պաշտպանվածության ոլորտի այս կարևոր հիմնախնդրին: Եվ իհարկե, աչքաթող չի արվում պաշտպանության ոլորտի անձնակազմի դրամական բավարարման մակարդակը բարձրացնելու հարցը, որին լուծում կտրվի Հայաստանում տնտեսական աճի և պետական բյուջեի եկամտային մասի ավելացմանը զուգընթաց:

Առաջնահերթություն 7.

Միջազգային ինտեգրման և հավաքական անվտանգության գործող ընթացակարգերի հնարավորությունների ընդլայնումը: Այս նպատակի վերջնարդյունքը ռազմաքաղաքական դաշինքների և գործընկերությունների զարգացումն է՝ պահպանելով ՀՀ ազգային շահերից բխող և առկա ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձևավորման հավասարակշռությունը:

Մենք մեր հակառակորդի հետ չենք գտնվում քաղաքական վակուումում, այլ շրջապատված ենք տարատեսակ, երբեմն հակադիր օրակարգեր ունեցող պետությունների և միջազգային կազմակերպությունների հանրույթով: Թե որքանով ճիշտ կկարողանանք նավարկել միջազգային հարաբերությունների այս հորձանուտում, կախված է արտաքին անվտանգության հարցերում ՀՀ շահերից բխող դիրքորոշումների ձևավորման, մեր բարեփոխումներին աջակցության, մեր բանակի հեղինակության ամրապնդման հաջողությունը:

Մեր գերակա խնդիրներից են նաև դաշնակցային և գործընկերային պաշտպանական համագործակցությունը զարգացնելու, բովանդակային և աշխարհագրական պատկերը բազմազանեցնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, միջազգային համագործակցության նպատակաուղղումը բազմակողմ և երկկողմ հարթությունում ռազմաքաղաքական հարաբերությունների, ռազմական և ռազմատեխ­նի­կական համագործակցության ու փոխգործունակության ամրապնդման բաղադրիչ­ների զարգացմանը:

Սա պաշտպանության նախարարի` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում պաշտպանության համակարգի և զինված ուժերի համար սահմանված նպատակների, առաջնահերթությունների և գերակա խնդիրների իրագործման տեսլականն է: Վստահ եմ, որ պաշտպանության համակարգի անձնակազմն իր մասնագիտական խորագիտակության և հմտությունների ոլորտներում կգտնի էլ ավելի արդյունավետ գործնական լուծումներ, որոնք ամբողջարկվելով պետության և բանակի ղեկավարության ուղեցույցում, մեծապես կնպաստեն մեր ընդհանուր առաքելության պատվով կատարմանը:  Կարևորագույն այս գործում բանիմացության, արդարամտության, նվիրվածության և համախմբվածության կատարելատիպ դառնալու ձգտումը չունի այլընտրանք:

 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ            ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ

Խորագիր՝ #2 (1249) 11.07.2018 - 17.07.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/07/2018