Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԱՉ ԴԱՐՊԱՍՈՎ ՏՈՒՆԸ



ԿԱՆԱՉ ԴԱՐՊԱՍՈՎ ՏՈՒՆԸԱրյունդ քնած էր, հիշողությունդ՝ լուռ։ Դու սովորական երեւանցի էիր, բոլոր հասակակից տղաների նման, Երեւանը քո ծննդավայրն էր, տունը։ Դու չժառանգեցիր պապիդ պանդխտությունը։ Պապդ ծննդավայր էր կորցրել, հայրենիք, որ իր բաժին Էրգիրն էր այս մեծ երկրում։ «Մեր տունը, ձագս, Բայազետում մնաց։ Բայազետը հրաշք էր։ Բայազետում լեռները բարձր էին, քարքարոտ, ամրոցներն՝ անառիկ, բերդերը՝ հպարտ ու պինդ, օդը մաքուր էր, սառն ու անուշահոտ։ Բայազետի եկեղեցիներն ուրի՜շ էին, շքեղ ու զարդանկար։ Սուրբ Ամենափրկիչը, Սուրբ Գրիգորը, Սուրբ Կարապետը։ Չորս ուխտատեղի կար, ձագս։ Անունները միտդ պահի, չմոռանաս՝ Սուրբ Սիմոն, Լուսաղբյուր, Ղզրո եւ Գառնիկ աղբյուրներ։ Դարոյնքի բերդն էլ չմոռանաս։ Մեր տունը Բայազետի միջնամասում էր, միհարկանի։ Վեց օթյակ ուներ։ Դարպասը կանաչ էր ներկված։ Քո մեծ պապն էր ներկել, իմ Խոսրով հերը։ Կգտնես, սիրտդ քեզ կհուշի։ Կասես՝ բարեւ, Խոսրով պապ։ Ես քո Արշակ թոռն եմ, տուն եմ դարձել։ Շեմքին մոմ կվառես, կխաչակնքես ու դուռը լայն կբանաս։ Սրահում խունկ կծխես, որ թուրքի շունչը վերանա…»։ Հետո պապը նայում էր շուրջն ու ձայնը ցածրացրած ասում. «Բանալին սալքարի տակ եմ թաղել, մեծ փշատենու տակ։ Կհանես, ժանգոտած կլինի, կսրբես, կփայլեցնես ու կբանաս դուռը…»։

Կանաչ դարպասով տունն անիրական էր ու հեռու, ինչպես սալքարն ու մեծ փշատենին, ինչպես Դարոյնքի բերդն ու Սուրբ Ամենափրկիչը։ Սիրտդ սառն էր ու անհաղորդ։ Մղձավանջային երազի, սարսափ ֆիլմի նման կոտորածի ու գաղթի պատկերները արագ ցնդում էին՝ հոգուդ մեջ թողնելով վախի ու խղճահարության տարտամ թրթիռներ։

«…Բայազետում տղամարդ չէր մնացել, ձագս, իմ հորը՝ քո Խոսրով մեծ պապին, բանակ էին տարել, բոլոր տղամարդկանց տարել էին կռիվ, տանը մնացել էին կինմարդերը, հալիվորներն ու պստիկները։ Զենքերն առել-տարել էին, հավաքել, անզեն էին թողել մեզ։ Զենքերը այրմարդերի հետ պատերազմ էին գնացել՝ Էրգիրն անպաշտպան ձգել գազանի երախը։ Մեր ու մանուկ սրի էին քաշում, ձագս, ծծկեր որդուն թրատում էին մոր աչքի առաջ, սիրուն աղջիկներին տանում-բռնաբարում էին։ Կանայք իրենց ձորն էին նետում, որ փրկվեն անպատվությունից, մայրերը մանչերին ջուրն էին գցում, որ խեղդվեն-պրծնեն դժոխային տանջանքներից։ Գիշերով փախանք լեռները, ամեն ինչ թողեցինք, հեռացանք մեր պապական օջախից։ Մայրս գաղթի ճամփին մնաց, 5 տարեկան Արշակ եղբայրս կորավ փախեփախին։ Ես որբատուն ընկա»։ Պապիդ կապույտ աչքերում արցունքը լճանում էր ու սահում ցած, խորշոմներն ակոսելով իջնում այտնիվար։

Պապդ մեռավ՝ իր հետ տանելով Բայազետից բերած անամոք ցավը, մանկության քաղցր հուշերն ու կոտորածի մղձավանջը։ Իսկ մի քանի տարի անց հայրդ քեզ տարավ փնտրելու կանաչ դարպասով տունը։ Տարավ Էրգիր, որ քո բաժինն առնես Ցավի, Կարոտի, Սիրո ակունքից։ Որ արյունդ վարակի Էրգիր անունով անբուժելի հիվանդությամբ։ Որ պապիդ անսահման ու անամոք վշտի ժառանգակիրը դառնաս։ Ինչո՞ւ բանակից առաջ, ինչո՞ւ զինվորանալու շեմին։ Պատասխանը ինքդ պիտի գտնեիր, երբ Էրգիր տանող ճանապարհիդ յուրաքանչյուր թիզը իր անիմանալի հարազատությամբ, անբացատրելի կարոտով, անսահման գեղեցկությամբ բազմապատկեր ցավդ, երբ հոգուդ մեջ ծնվեր, ահագնանար վրեժը, երբ ափսոսանքն ու անզորությունը պատռեին սիրտդ, երբ ոտքիդ տակի հողը հանկարծ դառնար թանկ ու ցանկալի։

… Հեռվում, պայծառացող կաթնագույնի մեջ երեւացին քաղաքի տները։ Էրգրում ենք՝ ասաց հայրդ։ Ուղեղդ առաջին պահին չընկալեց միտքը, սիրտդ չարձագանքեց։ «Ուրեմն, սա է Էրգիրը»,-մտածեցիր անհույզ։ Վաղորդայնի ցողաթաթախ խոտերի մեջ ձիեր էին վարգում, կանաչը փարթամ էր ու անծայրածիր։ Երկնաձիգ բարդիները շարվել էին զինվորների նման, հրամանի պատրաստ։ Նաիրյան Կարսը՝ օտարաբարբառ, օտարաբնակ։ Հնամյա Կարսը, Կարսի բերդը, Առաքելոց եկեղեցին՝ կիսալուսինը գմբեթի վրա։ Հանկարծ մի տարօրինակ զգացում շոշափեց սիրտդ։ Դու եկել էիր դեմառդեմ հանդիպելու քո կենսագրությանը, քո կորուստներին ու… քո պարտությանը։ Ահա Իգդիրը՝ ծառաշատ, փոքրիկ քաղաք։ Հայրդ մեղմ պատմում է. «Հնում Ցոլակերտ է կոչվել։ Սուրմալու գավառի վարչական կենտրոնն էր, 1921-ին թուրք-խորհրդային պայմանագրով նվիրաբերվեց թուրքերին։ Նախկինում երկու վարժարան է ունեցել, 3 եկեղեցի»։ Ամենուր քրդեր էին վխտում, գույնզգույն շորերով կանայք, ոտաբոբիկ երեխաներ ու փափախավոր տղամարդիկ՝ այնքան ներդաշնակ ծանրաշունչ մինարեներին եւ այնքան անհամատեղելի սարյանական գույների գեղեցկությանը։

… Սկզբում երեւացին Բայազետի լեռները՝ կուտակ-կուտակ, խրոխտ ու անառիկ։ Տուն ենք հասել՝ ասաց հայրդ։ Քեզ մի պահ թվաց, որ լեռները քարացած վիշտ են, աղի արցունքը հոսել է լանջերով, չորացրել է խոտ ու կանաչ, այրել հողը։ Ահա Դարոյնքի բերդը՝ կիսավեր ու վեհաշուք, ահա Ամենափրկիչ եկեղեցին։ Բարձունքից, ասես ափիդ մեջ, երեւում էր Բայազետը։ Աննկուն պարիսպները կենդանի պատմություն են, հերոսամարտերի վկա ու սխրանքների կենսագիր, դրա համար են այդքան հպարտ ու անընկճելի։ Պարիսպները չեն կորցրել հիշողությունը։ Դու դողդողացող ափով շոյում ես մանրանկար ժայռապատկերները՝ հայոց հզոր արքաների քաջագործություններն ու ժողովրդի սխրանքները փառաբանող մանրամասներով։ «Բարեւ, Խոսրով պապ, ես տուն եմ եկել»,- գոռում ես հանկարծ, կապույտ երկնքի տակ քարացած ավերակները բազմաձայն արձագանքում-բազմապատկում են քո հայաշունչ բարբառը՝ դղրդյունով ու կարոտած։ Թվում է` մի ամբողջ զորք է գոռում՝ մենք տուն ենք եկել։

Մոտակա բլրի տակ եղբայրական գերեզման է, ուր 1915 թվականին թուրքերը թաղել են 5000 բայազետցու։ Դու վառում ես քո առաջին մոմերն ու խնկում քո պապերի, քո բայազետցիների սուրբ հիշատակը, խնկահոտը տարածվում է շուրջը պատարագի պես։ Հետո նեղլիկ փողոցները քեզ տանում են Բայազետի միջնամաս, քրդերի հետաքրքրասեր ու զարմացած հայացքների տակ դու որոնում ես կանաչ դարպասը, սալքարը, փշատենին։ «Սիրտդ կհուշի»։ Դարպասը կարմիր են ներկել, փշատենին կտրել են, սալքարը չկա, ու արցունքները թումբը պատռած առվի նման հոսում են քո աչքերից։ «Բարեւ, Խոսրով պապ»՝ ասում ես արտասվելով, հայրդ արագ-արագ ծխում է, մի կերպ կուլ տալով արցունքը։ Տունը կանգուն է։ Այս պատերին պապիդ մատներն են դիպել, այս պատերը իրենց մշուշվող հիշողության մեջ պահել են անցյալի խնկահոտն ու մեծ տատիդ քնքուշ նանիկները։ Քուրդը երգում է հյուրերի պատվին, ու նրա ծորուն բայաթին քեզ իրականություն է վերադարձնում։ «Մնաս բարով, Խոսրով պապ,- ասում ես կամացուկ,- ես դեռ հետ եմ դառնալու»։

… Բայազետը մնում է հեռվում, իսկ հորիզոնում կապտին է տալիս Վանա լիճը։ Ջուրը լույսի պես մաքուր է ու շողշողուն, ափերին ողորկ, բազմագույն քարեր են։ Նեմրութն ու Սիփանը կապույտ գեղեցկուհու անդորրը հսկող զինվորների նման կանգնել են հպարտ ու սիրահար, կանաչ ու ծաղկոտ լանջերով լիճը գրկած։ Հետո նավը քեզ տանում է Աղթամար կղզին։ Լուռ ու անշունչ ամայության մեջ գերված թագուհու նման կանգնել է եկեղեցին՝ վեհատեսիլ, մանրաքանդակ, չքնաղ։ Դու նորից վառում ես քո մոմն ու շշնջում. «Պա՛պ, ինչպե՞ս ես դիմացել այս ցավին»։

«Վանում ենք,- նորից պատմում է հայրդ,- աշխարհի ամենահին քաղաքներից է։ Կենտրոնում՝ բարձրադիր լեռան վրա 28 դար առաջ Մենուա արքան կառուցել է միջնաբերդը, շրջապատել անառիկ պարիսպներով, սարքել զինանոցներ»։ Ամենուր պատմության պատառիկներ են, անցյալի հետքեր՝ քո ժողովրդի անցյալի, քո պատմության։ Չքնաղ կանաչի ու փարթամ ծառերի մեջ քարացել է ժամանակը։ Դու չգիտեիր, որ հպարտությունը կարող է այդքան ուժեղ լինել։ Դու զգում էիր, թե ինչպես է ոտքիդ տակի հողը կենդանանում, տրոփում սրտիդ ռիթմով, դառնում հայրենիք։ Դու զգում էիր կենդանացող արմատիդ թրթիռը։ Դու արդեն Էրգիր ուխտի գնացած հայ էիր։ Դու անամոք վշտակիր էիր կորուսյալ հողիդ վրա ու անդառնալիորեն պանդուխտ էիր դառնալու քո ծննդավայր Երեւանում։ Իսկ հայրդ պատմում էր. «Մշո յոթ եկեղեցիներից 20-րդ դարի սկզբին հինգը դեռեւս կանգուն էին ու գործում էին, 5-րդ դարից հիշատակված բերդի հիմնադիրը, ավանդության համաձայն, Գայլ Վահանն է»։ Ամենուր ավերակներ են, վիրավոր քարեր՝ խաչակիր ու հայատառ, պղծված, անշիրմաքար գերեզմաններ։ Դու կանգնել էիր քո երբեմնի շքեղ ու փառահեղ տան ավերակների մոտ, ու արցունքդ քարացել էր։ Դու պարտված զորավար էիր՝ անզեն ու անզորք։ Դու աներկիր ու անհող արքա էիր։

… Անին վերջին հանգրվանն էր։ «Արվեստների, արհեստների, գիտության ու մշակույթի կենտրոնը հռչակված էր իր եկեղեցիներով, մայր տաճարով, կրթահամալիրներով մշակութային օջախներով։ Այստեղ են ուսանել Գրիգոր Մագիստրոսն ու Հովհաննես Իմաստասերը»։ Քեզ թվում է` հորդ ձայնը գալիս է անցյալից ու փշրվում ավերակների մեջ, մոլորվում կիսավեր տաճարների անհուն որմերում։

Դու տեսար ցավի սահմանը, դու դատարկեցիր տառապանքի գավաթը ցմրուր։ Դու արդեն ուրիշ էիր, ուրիշ էին երեւանյան փողոցները, ուրիշ էին անցորդները, շենքերը, ծառերը: Հայրենիք էին։ Քանի որ քո սիրտը կորսված Էրգրի ցավն ապրած սիրտ էր, քո աչքերը Էրգրի վեհաշուք ու ավերակ, ազնվակերտ ու անարգված պատկերը տեսած հայի աչքեր էին։ Եվ ուրիշ էր քո սրբազան երդումը զինվորանալիս, հոգուդ խայտանքը, երբ հայացքդ սահեց հայկական համազգեստով խրոխտ ու ձիգ հայորդիների կուռ շարքերին. «Մենք զորք չունեինք, ձա՛գս, մեր տղամարդկանց թուրքական բանակ զորակոչեցին, ասկյար դարձրին»։ Դու զենքը ձեռքդ առար գորովանքով ու երկյուղած. «Մենք զենք չունեինք, ձագս, մեր զենքը տղամարդկանց հետ զորակոչեցին, որ զինեն իրենց ասկյարին ու մեր զենքը մեր դեմ ուղղեն»…

…2018 թ. ապրիլի 24-ի լուսաբացը  դու դիմավորեցիր զենքը ձեռքիդ, սահմանին։ Այգաբացը օրհնության պես իջնում էր լեռան լանջերին։ Դու նորից անցար Ցավի, Կարոտի, Վրեժի. Սիրո ճամփաներով՝ քայլ առ քայլ, պահ առ պահ, հույզ առ հույզ։ Իսկ այդ ժամանակ Երեւանում դեպի Ծիծեռնակաբերդ էր հոսում մարդկային հեղեղը։ Միլիոնավոր հայեր խնկարկում էին  միլիոնուկես զոհերի հիշատակը՝ կանգնեցնելով Ցավի, Կարոտի, Վրեժի, Սիրո ծաղկե հուշարձան։ Այդ ժամանակ դու հայրենի երկրի սահմանն էիր հսկում։ Դու կանգնած էիր զինավառ, հայրենապաշտ, հերոսական։ Դու մեր հույսերի, մեր հավատի մունետիկն էիր, դու մեր հոշոտված, անթաղ մեռելների, մեր միլիոնուկես անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող ԿԱՄՔՆ էիր՝ աշխարհին ի տես։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #16 (1238) 25.04.2018 - 01.05.2018, Պատմության էջերից


26/04/2018