Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԲԱՆԱԿԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՆՈՒՆՈՎ



ԻՄ ԲԱՆԱԿԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՆՈՒՆՈՎԻնձ թվում էր` այլեւս նման տներ չկան` հնաբույր, տաք ու գույնզգույն, որտեղ անցյալը շնչում է կողքիդ, ամեն անկյունում հուշեր են ապրում, ասքեր ու լեգենդներ: Որտեղ ժամանակները ձուլվել են իրար, ու հիշողության արահետները չեն ավարտվում… Նկարիչներն ավելի բախտավոր են: Կվերցնեն վրձինը, կխառնեն գույներն ու կտավի վրա կպատկերեն ամեն ինչ` բոլոր մանրամասներով` հին, բայց գունավոր գորգերը, մաշված, բայց ազնվական կահկարասին: Բազմերանգ ծաղիկները… …Եվ այս ժպտադեմ, կոկիկ ու սիրալիր կնոջը, որը եկել է անցյալ դարի 20-ականներից, անցել ամբողջ Հայրենական պատերազմը՝ Թբիլիսիից Ստալինգրադ, Նովոռոսիյսկից Չեխոսլովակիա, հետեւում է թողել 20-րդ դարը ու հիմա զարմանալի թեթեւությամբ քաղցրավենիք է շարում սեղանին: Հավատում ես, թե չէ` սեւով սպիտակի վրա գրված է, որ Ռոզալիա Աբգարյանը ծնվել է 1923թ. հունիսի 17-ին: Այսինքն` շուտով կբոլորի 95 տարին: Նրա սրտում մի ամբողջ դար է ապրում` իր ուրախություններով ու ցավերով, հաղթանակներով ու կորուստներով, վերելքներով ու վայրէջքներով

… Հանկարծ ես վախենում եմ: Վախենում եմ սեղանին, անուշաբույր թեյի, մորու մուրաբայի ու տեսակ-տեսակ կոնֆետների արանքում ծվարած սպիտակ թղթից, որի վրա քիչ հետո մի ամբողջ դար իր հույզերի քարտեզը պիտի գծի:…Պատուհանից այն կողմ 2018 թվականն է, Երեւանի ամենաբանուկ փողոցներից մեկը` իր աղմուկով, ռիթմով ու արագությամբ: Ես փակում եմ պատուհանը: Իսկ կինն արդեն անցյալում է…

 

Հորս առաջին ընտանիքը մորթվեց Ղարսում եղեռնի ժամանակ: Երբ առաջին անգամ լսեցի այդ պատմությունը, դպրոցական էի: Չեմ մոռանա հորս դեմքը, երբ ասում էր. «Կինս, երեխաներս` բոլորն սպանվեցին»: Կորստի զգացումը երբեք չլքեց ինձ, ասես իմ աչքի առաջ էր կատարվել ոճիրը, ասես իմ ընտանիքն էին մորթել: Ճակատագրի ծաղր էր. մենք Թիֆլիսում էինք ապրում, ու ես 4 տարեկանում թրքուհու դեր եմ խաղացել «Գյուլի» վերնագրով ֆիլմում: Ինձ կապել էին «մորս» մեջքին, նա գնում էր Քռի ափով, ու ես պիտի լաց լինեի: Բայց լացս չէր գալիս: Ինձ սպառնացին` եթե չլացեմ, Քուռը կնետեն: Շատ վախեցա ու սկսեցի բարձրաձայն հեծկլտալ: Հետո մեզ իսկական փլավ տվեցին` առատ յուղով: Սա իմ մանկության ամենավառ հուշն է:

Հիշում եմ նաև, թե ինչպես առաջին անգամ գնացի Մոսկվա: Հաղթել էի պատանի կապավորների հանրապետական մրցույթում եւ Խորհրդային Միության մայրաքաղաքում պիտի մասնակցեի համամիութենական մրցույթի: Շատ բան մոռացել եմ այդ ուղեւորությունից, բայց հիշում եմ ապրումներս, երբ մեծ քաղաքը բացվեց աչքիս առաջ` հզոր, անկոտրում, անպարտ: Հիմա նույն զգացողությունն եմ ունենում, երբ տեսնում եմ մեր զինվորների կուռ շարքերը, լսում եմ հանուն մի թիզ հայկական հողի նրանց անհավանական քաջագործությունների մասին… երբ մի գեղեցիկ, բարձրահարկ շենք եմ տեսնում Երեւանի փողոցներում: Երբ զգում եմ փոքրիկ երկրիս մեծ սրտի տրոփը, հզորների հետ չափվելու կամքն ու վճռականությունը:

Մոսկովյան մրցույթից ես Թիֆլիս վերադարձա հաղթանակով, որի ապացույցը մի գեղեցիկ, արծաթազօծ պատեֆոն էր` իմ մրցանակը:

Չեմ մոռանում նաև իմ հանդիպումը վրացի մեծ արվեստագետներ Խորավայի եւ Վասաձեի հետ: Նրանց տեսնելու պատվին արժանացել էի գերազանց առաջադիմության շնորհիվ: Այնքան հուզված էի, ասես ուխտի էի գնում: 80 տարի է անցել, բայց պարզ հիշում եմ, թե ինչ էին խոսում այդ երեւելի մտավորականները: Նրանք ասում էին, որ մարդու ամենամեծ առաքինությունը հայրենասիրությունն է, հայրենիքը միակն է, հանուն որի կարելի է զոհել ամեն ինչ: Երբ տուն էի վերադառնում, հոգիս ցնծում էր, ասես ճախրում էի օդում: Ընկերներով թափառում էինք գիշերային Թիֆլիսի փողոցներով, երգում էինք բարձրաձայն: Մենք լցված էինք երազանքներով, այնքան ուժեղ էինք, հպարտ ու երջանիկ: Առավոտյան ռադիոն գուժեց բոթը` Գերմանիան հարձակվել է Խորհրդային Միության վրա: Երբ ծնողներիս հայտնեցի կամավոր ռազմաճակատ մեկնելու որոշմանս մասին, մայրս լաց եղավ, իսկ տուն, ընտանիք, ծննդավայր կորցրած ղարսեցի հայրս ասաց` գնա՛, պաշտպանի՛ր հայրենիքդ: Մի քանի օր հետո բեռնատար վագոնով ճամփա ընկա դեպի ռազմաճակատ:

Ես շատ ջահել էի, մահից վախենալու համար, շատ լավատես, որ մտածեի հաշմանդամ մնալու մասին: Բայց ամեն ինչ տակնուվրա եղավ, երբ մի անգամ «Ու-2» ինքնաթիռն անակնկալ հայտնվեց մեր գլխավերեւում: Ընկերուհուս հետ զրուցում էինք: Ինքնաթիռն այնքան մոտ էր, որ նույնիսկ նկատեցի օդաչուի ժպիտը: Վայրկյաններ անց դժոխային դղրդյուն լսվեց, ես տեսա ընկերուհուս այլակերպված դեմքը: Պատերազմն իմ մտապատկերում հայտնվում է գերմանացի օդաչուի ժպիտով` ընկերուհուս անշնչացած մարմնի կողքին: Այնքան էի ցնցվել, որ ցավ չէի զգում: Մինչդեռ վիրավոր էի: Ու ինձ հոսպիտալ տարան: Բուժվելուց հետո ուղարկեցին ուրիշ ճակատ` Վորոշիլովգրադ:

Մի անգամ շրջափակման մեջ ընկանք: Ձմեռ էր, սառնամանիք: Անտառում մեկ շաբաթ սոված, անօգնական կռվեցինք գերմանացիների դեմ: Երբ թշնամու հետախուզական ինքնաթիռը թռչում էր անտառի վրայով, հասկացանք, որ րոպե անց ռումբերի անձրև է տեղալու. զոհերին թիվ ու համրանք չկար: Բայց նույնիսկ այդ ժամանակ այնքան տխուր ու կոտրված չէինք, որքան նահանջելիս: Նահանջը ամենածանր պատիժն է զինվորի համար…

ԻՄ ԲԱՆԱԿԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՆՈՒՆՈՎ1943թ. սեպտեմբերին կանգ առանք: Նահանջից հետո առաջ շարժվելու, պարտությունից հետո հաղթանակի հասնելու համար աներեւակայելի կամք ու ուժ է պետք: Մենք գտանք այդ ուժը: Մեր առաջին ազատագրական կռիվը Նովոռոսիյսկի համար էր: Վեց օր տեւած փողոցային մարտերն ավարտվեցին մեր հաղթանակով: Հետո ազատագրեցինք Կրասնոդարը: Հետո մեր երթը ձգվեց դեպի Ուկրաինա, անցավ Հունգարիայով, Չեխոսլովակիայով:

Չեխոսլովակիայում ես պատահաբար որսացի մերոնց տագնապահար հաղորդագրությունը. «Պրագայի գլխին մեծ վտանգ է կախված»: Անմիջապես հաղորդեցի իմ հրամանատարին, նա էլ վերադաս ղեկավարությանը, ու մերոնք ոչնչացրին Պրագայում դիրքավորված գերմանացիներին ու փրկեցին քաղաքի բնակիչներին: Սա իմ պատերազմի վերջին արարն էր:

1945թ. մայիսն էր: Գարուն, արեւ, կանաչ, ծաղկունք: Պատերազմն ավարտվել էր, ու ես ողջ էի: Դա աննկարագրելի, անպատմելի երջանկություն էր: Այդ զգացողությունն ինձ ուղեկցեց ամբողջ կյանքում: Ինչը կարող է խանգարել մարդուն երջանիկ լինել, եթե նա ողջ է: Առավել եւս` եթե ձեռք ու ոտք ունի եւ կարող է օգնել իր կարիքն զգացող մեկին: Ես հրճվում եմ կյանքիս ամեն վայրկյանով, ամեն օր ինքս ինձ ասում եմ` դեռ ողջ ես, շտապիր ինչ-որ լավ բան անել: Եվ այդ մտքից հոգիս ափեափ լցվում է երջանկությամբ:

Չեխոսլովակիայում հանդիպեցի ավագ լեյտենանտ Եզնիկ Նալբանդյանին: Այդ տղան օձնեցի էր, դասավանդում էր Ճոճկանի դպրոցում ու… սիրում էր ինձ: Նա ինձ դուր էր գալիս: Մենք զրուցում էինք, կինո էինք գնում: Բայց ես պատերազմ գնացի առանց նրան հրաժեշտ տալու. նման սենտիմենտալ հույզերի ժամանակ չկար: Ես ու Եզնիկը պատերազմից վերադարձանք նույն օրը: Դեկտեմբերի 5-ին հանդիպեցինք: 10 օրից մեր հարսանիքն էր:

Եզնիկը զինվորական էր: Ես ստիպված էի նրա հետ մեկնել Լեհաստան, որ շարունակի ծառայությունը: Բայց երբ զորացրվեց, երկուսս միաձայն որոշեցինք, որ պիտի գանք Հայաստան ու ապրենք մեր հայրենիքում: Ամուսինս ծառայության անցավ Հայաստանի ներքին գործերի համակարգում, ես պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետն ավարտելուց հետո սկսեցի դասավանդել: Մինչ օրս իմ ուսանողներն այցելում են ինձ: Կյանքի օրենքն է` քեզ են վերադարձնում այն, ինչ տալիս ես:

Ես չեմ ուզում խոսել այն պատիվների մասին, որին արժանացել եմ Հայաստանում եւ նախկին Խորհրդային Միության տարբեր երկրներում: Վ. Պուտինն անձամբ է երախտիքի խոսքեր ասել ինձ: Մեր ազատագրած Նովոռոսիյսկի քաղաքապետը միշտ շնորհավորում է իմ բոլոր տոները: Այդուհանդերձ, ամենամեծ վարձատրությունն այն է, երբ այցելում ես քո ազատագրած քաղաքները ու տեսնում, որ մարդիկ երջանիկ են, որ երբեմնի ավերակ ու վիրավոր քաղաքը նաեւ քո շնորհիվ է կենդանի ու ծաղկուն, զգում ես, որ անդառնալիորեն կապված ես այդ հողին:

Ես չեմ կռվել Արցախի համար, բայց նույն զգացողությունն եմ ունենում, երբ այցելում եմ Արցախ: Երբ տեսնում եմ, թե ինչպես է ծաղկում գերությունից ազատագրված հողը: Ես մեր բանակի անունը Հաղթանակ եմ դրել: Այսքան կարճ, բայց այդքան փառահեղ կենսագրությո՞ւն: Ծնվել պատերազմի դաշտում ու հաղթել իրենից բազմապատիկ մեծ ու զինված բանակին, երբ թիկունքում երկրաշարժ տեսած, աղքատ, վիրավոր ու փլուզվող երկիրդ է: Հետո ավելի քան քառորդ դար անձնուրաց պաշտպանել պատերազմով ձեռք բերված հաղթանակդ: Ու նորից հաղթել 2016-ի ապրիլին՝ 18-20 տարեկան քաջորդիների՝ հայրենիքի հանդեպ անսահման սերն ու անհավանական խիզախությունը վահան դարձնելով թշնամու մինչև ատամները զինված հատուկջոկատայինների դեմ… Սահմանին կանգնած 18-20 տարեկան զինվորը իմ զինակից ընկերն է, որովհետեւ մենք երկուսս էլ նույն հայրենիքի ազատության համար ենք կռիվ տվել: Թող օրհնվեն բոլոր նրանք, ովքեր Արցախի սահմանները պաշտպանեցին ավելի քան 25 տարի: Այսօր մեր բանակն ավելի հուսալի ձեռքերում է: Առիթ եմ ունեցել շփվելու մեր պաշտպանության նախարարի հետ ու հիացած եմ նրա բարեկրթությունից, մարդուն լսելու, հասկանալու և օգնելու պատրաստակամությունից, նրա համարձակ ու խելացի նախաձեռնություններից: Ես համոզված եմ, որ Վիգեն Սարգսյանի ղեկավարությամբ մեր բանակը ավելի օրինավոր, կիրթ, բարոյական ու մարտունակ է դառնալու: Մեր բանակն է առաքինություն, հայրենասիրություն, ազնվություն ու արդարություն թելադրելու երկրին:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1237) 18.04.2018 - 24.04.2018, Ճակատագրեր


19/04/2018