Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆԻ ԿՌԻՎԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

ՄԱՐՏՈՒՆԱՇԵՆԻ ԿՌԻՎԸԵթե զորքը միայն ՕՄՕՆ-ականներից կազմված լիներ, ապա խնդիրը միանգամայն հեշտ ու հասկանալի կլիներ, բայց գործ ունենալ հրասայլերով զինված խորհրդային զինվորների հետ, այլ բան է նշանակում: Իրավիճակն իրոք աննախադեպ էր, չափազանց ծանր ու պատասխանատու: Ի՞նչ պետք է արվեր: Իրենց անելիքները վերջնականապես որոշելու նպատակով Կարոտը խորհրդակցում է տղաների հետ եւ բոլորին ուղղում միեւնույն հարցը: Կա՛մ պետք է, չվախենալով խորհրդային զորքի ու հրասայլերի հետ բախվելու սպառնալիքից, համարձակորեն ընդունել մարտահրավերն ու կռիվ տալ, կա՛մ խուսափել առճակատումից եւ հեռանալով գյուղից՝ ժամանակավորապես պատսպարվել անտառներում, մինչեւ վտանգի անցնելը: Պետոն վճռական առաջարկում է. «Ոչ մի դեպքում չպետք է առանց կռվի թողնել գյուղը: Եթե մեռնելու ենք, ավելի լավ է մեռնենք կռվելով ու պատվով»: Նույնպիսի անհողդողդ հաստատակամությամբ էին տրամադրված Կարոտն ու խմբի մյուս անդամները: Վճիռը կայացնելուց հետո տղաները ներկայանում են Սիմոն Աչիկգյոզյանին ու հայտնում իրենց որոշումը. «Դե՛դ, մենք որոշել ենք չթողնել գյուղը եւ մեր հնարավորությունների սահմաններում անպայման պիտի դիմադրենք ու կռիվ տանք»:

Ինչ խոսք, դյուրին չէր նույնիսկ առավել փորձառու Սիմոնի համար միանգամից գոտեմարտելու վճիռ կայացնելը, չէ որ ընդամենը  քսանինը մարտիկներ էին, դեռեւս շատ  երիտասարդ, իսկ ոմանք՝ նաեւ  անփորձ:

«Լսելով մեզ, – վերհիշում է Հրաչը, – Դեդը փոքր-ինչ խորհելուց հետո ասաց. «Տղանե՛ր, ես կգնամ ու կներկայանամ նրանց հրամանատարությանը եւ կասեմ, որ ես այս գյուղի ուսուցիչն եմ ու կաշխատեմ համոզել, որ նրանք գյուղ չմտնեն»:

Սիմոնի մտահոգությունը միանգամայն պարզ էր եւ հասկանալի: Նկատի ունենալով հակառակորդի ուժերի ահռելի գերակշռությունը, նա ուզում էր փորձ անել կանխելու անխուսափելի կռիվն ու արյունահեղությունը, թեկուզ եւ իրեն վտանգելով:

«Մենք,- շարունակում է Հրաչը,- լսելով նրան, ասացինք. «Չէ՛, Դե՛դ, մի՛ գնա, եթե գնաս, նրանք քեզ կսպանեն, պետք է կռվենք»:

Վիճակն արդեն գցված էր, Դեդի ու նրա գլխավորած «Արաբո» մարտական ջոկատի որոշումը նույնպես միանշանակ էր:

Հիրավի պատմական որոշում էր: Արցախյան ազատամարտի պատմության ընթացքում նախադեպը չունեցող պահ: Մի բուռ քաջակորով հայ մարտիկներ, չերկնչելով հակառակորդի ուժի հսկայական գերակշռությունից, վճռում են ճակատամարտ տալ խորհրդային բանակի զորավաշտերին: Մարտունաշենի պաշտպանների հիմնական զենքը ինքնաձիգներն էին ու Կարոտի գնդացիրը:

Հակահրասայլային զենքերի իսպառ բացակայության պայմաններում հրասայլերի դեմ պայքարելու համար նրանք կարող էին օգտագործել միայն իրենց մոտ եղած ընդամենը երկու հակահրասայլային ականները: Հարմար դիրքեր գրավելով Մարտունաշենից դեպի Գետաշեն ու Ղուշչի-Արմավիր տանող ճանապարհների մերձակայքում՝ տղաները հանգիստ սպասում են հակառակորդի հայտնվելուն: Թշնամին երկար սպասեցնել չի տալիս: Հրասայլերից կրակ տեղալով Մարտունաշենի ու նրա մերձակայքում խրամատավորված պաշտպանների դիրքերի վրա՝ ազերի ՕՄՕՆ¬ականները եւ խորհրդային բանակի զինվորները փորձում են թափանցել գյուղ: Հրասայլերի կողմից գյուղի հրետակոծությունը կատարյալ անակնկալ էր, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ նրանք կարող էին հրետանային կրակ տեղալ բնակիչների վրա: Տղաները հավատացած էին, որ գյուղի շրջափակումը «անձնագրային ռեժիմի» պատրվակով իրականացվող հերթական ստուգումն էր:

«Գյուղի ներքեւից,- պատմում է Հրաչը,- լսվում էր մեր տղաների ձայնը: Հատկապես բարձր էր հնչում Պետոյինը. «Տղե՛րք, նրանք արդեն իջնում են գյուղ, պատրաստ եղեք, որ ոչ մեկը ողջ չմնա»:

Տղաների միահամուռ համազարկերը խափանում են գյուղ թափանցելու հակառակորդի հետեւակի փորձերը: Հրասայլերի մուտքը խոչընդոտելու դիտավորությամբ՝ Պետոն իր մարտական զինակիցների՝ Մուկուչի (Մկրտիչ Մկրտչյան, Արթիկի շրջ., գյուղ Լեռնակերտ) եւ Արարատի (Սահակյան Արարատ, ք. Հրազդան) ընկերակցությամբ հակահրասայլային ականները ձեռքներին նետվում են ականապատելու Գետաշենից դեպի գյուղը ձգվող միակ ճանապարհը՝ հուսալով խոչընդոտել հրասայլերի մուտքը: Սակայն թշնամու հրամանատարությունը, երկյուղելով զրահամեքենաներով գյուղ  ներխուժելուց, որոշակի հեռավորության վրա կանգնեցնելով հրասայլերը՝ փորձում է այն գրավել միայն հետեւակի ուժերով: Մարտունաշենի պաշտպանների ուժեղ դիմադրությունը ստիպում է նրանց դադարեցնել նաեւ գրոհները:

Տղաների հերոսական դիմադրությունը կատարյալ անակնկալ էր: Խորհրդային բանակի սպաների ու ազերի ՕՄՕՆ-ականների մտքով իսկ չէր կարող անցնել, որ հայ մարտիկները կհանդգնեն դիմադրություն ցույց տալ հրասայլերով զինված խորհրդային «ահեղ» բանակի զինվորներին: Կրելով զգալի կորուստ՝ թշնամու հետեւակը հարկադրված դադարեցնում է  գրոհները:

Մարտունաշենի պաշտպանների հենակետերի դիրքերը ճշտելու եւ դրանք ոչնչացնելու նպատակով շուտով հայտնվում են նաեւ ռազմական ուղղաթիռները: Այս անգամ արդեն ղեկավարվելով ուղղաթիռներից հաղորդված տեղեկություններով՝ հրասայլերը ուղիղ նշանառությամբ հրանոթներից համազարկերի հեղեղ են տեղում մեր մարտիկների դիրքերին եւ գյուղի տների վրա: Հրասայլերի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արձակված արկերի հարվածներից ավերվում ու քանդվում են գյուղի տները:

Հակառակորդի հետեւակը արժանի դաս առնելով Մարտունաշենի պաշտպաններից՝ որոշակի հեռավորությունից դիտում է գյուղի վրա շարունակվող հրետակոծությունը: Կատարվում է ամենաողբերգականը. հրասայլից արձակված արկից խոցվելով՝ զոհվում է սիրելի հրամանատարը՝ Սիմոն Աչիկգյոզյանը:

Թշնամու երկաթյա օղակում մարտնչելով՝ տղաները, միաժամանակ հարմար պահեր որսալով, նայում էին Գետաշենի կողմը: «Ինձ համար,- հետագայում ասում էր Պետոն,- տագնապալի էր ու խորհրդավոր Գետաշենի լռությունը: Մենք բոլորս տեսել էինք, թե ինչպես լուսաբացին զորքն ու զրահամեքենաները շրջապատեցին Գետաշենը: Թշնամու հարձակումներից պաշտպանվելով՝ մտածում էինք, թե ի՞նչ է պատահել, որ մեզ մոտ թեժ կռիվ է, իսկ Գետաշենում հանգիստ է»:

Մարտունաշենի կռիվը, եթե չհաշվենք Նոյեմբերյանի դեպքերը, փաստորեն նրանց մարտական կենսագրությունում առաջին լուրջ փորձությունն էր, այն էլ միանգամից խորհրդային զինվորների ու զրահամեքենաների դեմ: Այն ժամանակ, երբ Թաթուլ Կրպեյանը Գետաշենում ահեղ գոտեմարտում գերեվարելով խորհրդային բանակի գնդապետին, մահվան սպառնալիքով հարկադրում էր նրան ազատել հայ զինյալներին, Մարտունաշենում կռիվը շարունակվելով՝ ավելի սպառնալի կերպարանք էր ձեռք բերում: Եթե կռիվը նույն ուժգնությամբ շարունակվեր, ապա թշնամին հրասայլերից տեղացող հարվածներով կարող էր հաշված րոպեների ընթացքում ավերակույտերի վերածել ամբողջ գյուղը: Բնակիչները կարծելով, որ խորհրդային զինվորների եւ օմօնականների կողմից իրենց տները քանդելու պատճառը մարտիկների ներկայությունն է, խնդրում են նրանց դադարեցնել դիմադրությունը եւ թողնել գյուղը: Կարելի է հասկանալ գյուղացիներին համակած անհանգստությունը. իրոք, գյուղը վերջնական կործանումից փրկելու այլ ելք չկար:

Մարտունաշենի պաշտպանները տեղի տալով գյուղացիների խնդրանքին՝ որոշում են գյուղի բնակիչների խնամքին հանձնել թշնամու ինքնաձիգի գնդակից ծանր վերք ստացած Մուկուչին եւ աննկատելիորեն հեռանալ դեպի Շահումյանի անտառները:

«Երբ ինձ թողեցին գյուղացիների խնամքին, – պատմում է Մուկուչը, – Կարոտն ու Պետոն բացատրեցին, որ գյուղացիները կարծում են, որ իրենց ներկայությունը ստիպում է հակառակորդին գյուղը հրասայլերով ռմբակոծել: Այդ պատճառով իրենք հարկադրված թողնում են գյուղը, չնայած, եթե չլիներ գյուղացիների խնդրանքը, ապա իրենք պատրաստ էին մինչեւ վերջ կռվելու: Տղաները վճռականորեն պնդում էին, որ իրենք թողնում են գյուղը ավելի մեծ ուժերով վերադառնալու եւ այն անպայմանորեն ազատագրելու պայմանով»:

Մարտունաշենի կռիվը իրավամբ փայլուն ապացույցն է այն ճշմարտության, որ հայ զինվորը ի զորու է խիզախորեն գոտեմարտելու բազմիցս գերակշիռ ուժեր ունեցող ցանկացած հակառակորդի հետ: Խորհրդային բանակի զինվորները ու ազերի օմօնականները հայ ազատամարտիկների հարվածներից սարսափած՝ ժամեր շարունակ չէին համարձակվում մտնել գյուղ: Հետագայում գյուղի բնակիչներն անկեղծ հիացմունքով դրվատելով կռվում տղաների դրսևորած հերոսականությունը`  հաստատում էին, որ նրանց համազարկերից սպանվել էր թշնամու ավելի քան երեք տասնյակ զինվոր, իսկ վիրավորները անհամեմատ ավելի էին:

Մարտունաշենում տղաների հերոսական դիմադրությունը մեծ տպավորություն է գործել նույնիսկ խորհրդային բանակի սպաների վրա, որոնց շարքերում, ինչպես պարզվեց հետագայում, կային նաեւ Աֆղանստանի կռիվների մասնակիցներ:

«Մարտունաշենցիները պատմում էին,- վերհիշում է գյուղացիների խնամքին հանձնված Մուկուչը,- որ ռուս սպաները իրենց ներկայությամբ գովասանքով արտահայտվելով մեր ազատամարտիկների դրսեւորած մարտական որակների ու վճռականության մասին՝ շեշտել են, որ եթե իրենք այն օրերին Աֆղանստանում ունենային նման մարտունակությամբ օժտված բանակ, ապա կարող էին շատ արագ հասնել իրենց նպատակին»:

Իր ընդգրկումով ոչ այնքան մեծածավալ կռիվը ռազմավարական առումով կարեւոր նշանակություն ունեցավ: Մարտունաշենի դիմադրությունը ավելի քան երեք ամիս կաշկանդեց խորհրդային բանակի եւ ադրբեջանցիների` Արցախի հյուսիսային՝ Շահումյանի շրջանի վրա ձեռնարկվող հարձակումը:

Նրանց հրամանատարությունը շատ լավ հասկացավ, որ եթե միայն Մարտունաշենի գրավումը նրանց վրա նստեց ավելի քան երեք տասնյակ զոհեր, ապա Շահումյանի գրավումը, ուր գործում էին հարյուրավոր զինյալներ, անկասկած կարող էր անհամեմատ ավելի մեծաքանակ կորուստների տեղիք տալ, եւ միայն նոր կորուստների սպառնալիքը հարկադրեց Խորհրդային բանակի հրամանատարությանը, գոնե ժամանակավորապես, ձեռնպահ մնալ «Օղակ» գործողությունը շարունակելու եւ Շահումյանի շրջանը հայաթափելու մտադրությունից:

Գյուղը թողնելուց տասնհինգ ժամ հետո տղաները հոգնած, քաղցած ու ջարդված հասնում են Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղ, ապա տեղափոխվում Մանաշիդի անտառ, որտեղ նրանց են միանում Գետաշենի անկումից հետո եկած զինվորները:

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմ. գիտ. դոկտոր,

պրոֆեսոր

Խորագիր՝ #15 (1237) 18.04.2018 - 24.04.2018, Պատմության էջերից


19/04/2018