Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ» 25 ՏԱՐԵԿԱՆ Է



 

ՄԵՆՔ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔՇուրջ տասը տարի է, ինչ ես զորացրվել եմ հայոց բանակից և պահեստազորում եմ: Ծառայությանս գրեթե բոլոր 25 տարիներին բանակի այլ ստորաբաժանումում ծառայելով՝ ակտիվորեն թղթակցել եմ թերթին, հիմնականում ներկայացնելով հայ զորահրամանատարների, աչքի ընկած զինվորականների կյանքն ու գործը, պատմության այս կամ այն իրադարձությունը: Թերթի առաջին իսկ համարներից համագործակցելով համալսարանական ընկերոջս՝ երջանկահիշատակ Վրեժ Իսրայելյանի հետ, ես դարձա այս հիանալի կոլեկտիվի պատվավոր անդամն ու բանակին հրաժեշտ տալուց հետո էլ շարունակում եմ մնալ խմբագրակազմի՝ արդեն զավակներիս տարիքի աշխատակիցների ընկերը: Փոխվեցին թերթի խմբագիրները, սպայական ու հեղինակային կազմերը, բայց թերթը մնաց իր բարձունքի վրա՝ հետաքրքիր ու բանակի առօրյան ըստ ամենայնի լուսաբանող բազմազան հոդվածներով, պատմական ակնարկներով ու իրադարձային ռեպորտաժներով: Հաճելի ու միաժամանակ խրախուսելի է երիտասարդ, կարող ուժերի մուտքը խմբագրություն: Եթե տարիներ առաջ թերթի ընթերցողը անհամբերությամբ որոնում ու կարդում էր Վրեժ Իսրայելյանի և Արմեն Մարտիրոսյանի, Իգնատ Մամյանի ու Ռոմիկ Սարդարյանի, Գրիգոր Ջանիկյանի ու Սամվել Դիլանյանի, Արամ Ներսիսյանի ու Կարինե Աշուղյանի, Գևորգ Ասատրյանի ու Արսեն Յալանուզյանի, Գագիկ Մախսուդյանի ու Աշոտ Ասլանյանի, Գնել Շահնազարյանի ու Սվետլանա Աթյանի հոդվածներն ու ակնարկները, ապա այսօր ավագ գործընկերներին հաջողությամբ շարունակում և նոր կողմերով են լրացնում Գայանե Պողոսյանն ու Շուշան Ստեփանյանը, Ալիս Ալավերդյանն ու Քնար Թադևոսյանը, Արսեն Աղեկյանն ու Սամվել Հարությունյանը:

Թեեւ պահեստազորում եմ, բայց նախկինի պես ուշադրությամբ կարդում եմ Հայաստանում լույս տեսնող գրեթե բոլոր տպագիր թերթերն ու համացանցում հետևում ներկայացվող կայքերին: Ուրախությամբ ու հիացմունքով եմ արձանագրում, որ «Հայ զինվորը» բոլորից առանձնանում է ասելիքի պարզությամբ ու ոճով, ճաշակով ու գեղեցիկ ձևավորումով, անսխալ շարադրանքով:

Սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդի սիրուն ու վստահությանն արժանացած «Հայ զինվոր» թերթի  քառորդդարյա հոբելյանն ու խմբագրակազմին մաղթում լավագույն ավանդույթների շարունակականություն, լույսով ու հավատով շաղախված հոդվածներ:

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Պահեստազորի ավագ սպա

Խորագիր՝ #14 (1236) 11.04.2018 - 17.04.2018, Բանակ և հասարակություն


12/04/2018