Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՏ 20000 ԷՋ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ



ՄՈՏ 20000 ԷՋ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆՍա «Հայ զինվորի» 500-րդ համարն է: Դա նշանակում է՝ 1993թ. ապրիլի 1-ից մինչեւ այսօր 8000 էջ՝ հայոց բանակի մասին եւ հայոց բանակի համար: Այդ 8000 էջում հայոց բանակի տարեգրությունն է, հայ զինվորի աննկուն ոգին, հայ սպայի անձնվեր ծառայությունը: Այդ 8000 էջում են նաեւ «Հայ զինվորի» պատմությունը, խմբագրակազմի անդուլ աշխատանքը, հեղինակների անկեղծ ապրումները, խոհերն ու տեսակետները:

Անշուշտ, այդ էջերը միանման չեն. հետաքրքիր նյութերի կողքին կան ոչ այնքան հաջող հրապարակումներ, գեղեցիկ ձեւավորված էջերի կողքին՝ ոչ այնքան գրավիչ էջեր, օբյեկտիվ ռեպորտաժների կողքին՝ իրականության «գունազարդում», հավաստի փաստերի կողքին՝ անճշտություն ու վրիպակ: Ինչպես մարդկային գործունեության ցանկացած բնագավառ, թերթի աշխատանքը նույնպես զերծ չէ թերություններից, բայց այն տարբերությամբ, որ թերթի թերությունները միշտ ընթերցողի աչքի առաջ են: Սա է, որ լրագրողին ստիպում է գիտակցել իր մեծ պատասխանատվությունը: Մանավանդ, երբ ընթերցողը հայրենիքի պաշտպանն է:

«Հայ զինվորն» ունի հատուկ առաքելություն եւ հատուկ պատասխանատվություն: Այդ առանձնահատկությունը պայմանավորված է մեր ժողովրդի կյանքում հայոց բանակի բացառիկ դերով: Այսօր հայոց բանակը մեր պետության ոչ միայն «ամենակայացած» կառույցն է, այլեւ, թերեւս, «ամենաազգայինը»: Ուստի հենց ազգայինն է «Հայ զինվորի» հենքը, ուղենիշն ու նպատակը՝ միաժամանակ: Դա է, որ բոլոր փոփոխություններով, թերություններով ու բացթողումներով հանդերձ՝ անփոփոխ է մնացել թերթի 500 համարներում:

Պետք է ասել, որ այդ հենքը հաստատուն պահելու հատուկ ջանքեր չեն գործադրվում. դա ստացվում է ինքնաբուխ՝ երկու պատճառով: Նախ՝ «Հայ զինվորում» տպագրվում են հայ մարդիկ, հայ մտավորականներ, ովքեր անկեղծորեն նվիրված են հզոր եւ անկախ Հայաստան կերտելու գաղափարին, եւ այդ նվիրումն իր կնիքն է թողնում թերթի դիմագծի վրա:

Բայց գլխավորը դա չէ, այլ այն, որ «Հայ զինվորը» շունչ ու ոգի է առնում հենց բանակից: Այո՛, մեր լրագրողի ոգեշնչման աղբյուրը հայ սպան է ու հայ զինվորը: Սպայի ու զինվորի անձնվիրությունն ու հաստատակամությունն են, որ լրագրողի միջոցով վերածվում են ոգեշնչող խոսքի ու ձեւավորում թերթի ազգային դիմագիծը: Սպայի ու զինվորի լավատեսությունն ու կորովն են, որ «Հայ զինվորի» էջերում կենսունակ են պահում հզոր Հայաստանի գաղափարը:

Մեր ընթերցողների բազմությունը միատարր չէ. «Հայ զինվորը» թերթ է ե՛ւ սպայի, ե՛ւ զինվորի, ե՛ւ զինվորի ծնողի, ե՛ւ վաղվա զինվորի համար: Երբեմն չի հաջողվում նույն չափով գոհացնել բոլորին: Որոշ ընթերցողներ իրենց դժգոհությունն են արտահայտում: Նրանք իրավացի են: Ընթերցողի ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքը կարեւոր է թերթի համար: Այն լրացուցիչ առիթ է՝ քննադատաբար վերանայելու արվածը, նոր թեմաներ, խնդիրներ ու լուծումներ գտնելու: Ուշադիր ընթերցողը կնկատի, որ թերթի էջերում հայտնվում են նոր խորագրեր, իսկ եղած խորագրերի ներքո փորձ է արվում նյութերը մատուցել նոր ձեւով ու նոր ձեւավորումով:

«Հայ զինվորը» բանակի զարգացման բովում է, աշխատում է բավարարել նրա օրավուր աճող պահանջները: Թե որքանով է դա հաջողվում՝ զգալի չափով կախված է նաեւ քեզանից, ընթերցո՛ղ:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #14 (1236) 11.04.2018 - 17.04.2018, Ազգային բանակ


12/04/2018