Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ ՎԱՐԵՑ ՀՈՏՆԿԱՅՍ



Արդեն ձեւավորված ավանդույթ են սեպտեմբերի 1-ին պետական գերատեսչությունների ղեկավարների այցելությունները կրթօջախներ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին այս սեպտեմբերի 1-ին հյուրընկալեցին Երեւանի պետական ֆինանսատնտեսական քոլեջում: Նախարարը շնորհավորեց բոլորին Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ ու իր ելույթում նշեց` գիտելիքը այն հզոր ուժն է, որը, համաձուլվելով հայրենասիրական ոգուն եւ արիությանը, կերտում է պետություն. «Գիտելիքներով օժտված մարդը անպարտելի է, եւ ժամանակակից քաղաքակրթությունը փաստում է` որքան շատ գիտես, այնքան շատ կարող ես»:

Նախարարը կարեւորեց համագործակցությունը ուսումնական հաստատությունների հետ եւ այն, որ դպրոցներից յուրաքանչյուրն այսօր կցված է զորամասերից մեկին, ինչը հնարավորություն է ընձեռում աշակերտներին ծանոթանալու բանակային առօրյային: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ հայրենիքի պաշտպանությունը ոչ միայն զինվորի, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է, քանի որ յուրաքանչյուր անձ իր ներուժին համապատասխան կարող է օգտակար լինել պետությանը: Ավարտելով ուսումնական հաստատությունը, ըստ Սեյրան Օհանյանի, մարդը չի դադարում սովորել, քանի որ կյանքի ընթացքը պայմանավորված է նոր գիտելիքների, մասնագիտական հմտությունների կատարելագործմամբ:

Նախարարը շեշտեց, որ նույնիսկ պատերազմի տարիներին Արցախում շարունակում էին գործել դպրոցները. «Պատմում էին, որ կրակոցների տարափի տակ Ստեփանակերտի հրապարակում մի երեխա էր քայլում, և երբ նրան հարցրին, թե ուր է գնում եւ արդյո՞ք չի վախենում, պատասխանեց` «Դպրոց եմ գնում, պատերազմը կարող է տասը տարի տեւել, ի՞նչ է` դպրոց չգնա՞մ»»:

Այնուհետեւ տեղի ունեցավ քոլեջի ուսանողներ, Արցախյան գոյապայքարում զոհված ազատամարտիկներ Ավետիք Իսահակյանի, Մհեր Ավանեսյանի և Գուրգեն Առաքելյանի անուններով անվանակոչված լսարանի բացումը (ի դեպ` քոլեջի ուսանողներից 28-ը մասնակցել են Արցախյան պատերազմին): Հենց այդ լսարանում էլ նախարարը ուսանողների համար անցկացրեց «Արիության դաս»:

Չխախտելով ընդունված ավանդույթը` նախարարը դասը վարեց հոտնկայս: Նա ներկայացրեց ռազմական ներուժի բաղկացուցիչ մասերը` երկրի տնտեսություն, բանակ, որը անհրաժեշտության դեպքում համալրվում է պահեստազորայիններով, հայրենասիրական դաստիարակություն.

«Մենք գնահատել ենք մեր անվտանգության միջավայրը եւ ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը նշել ենք որպես սպառնալիք մեր պետության համար: Ռազմահայրենասիրական դաստիարակությունը հաճախ կապում ենք միայն երեխաների հետ, սակայն մեծերը եւս պետք է օժտված լինեն հայրենասիրությամբ: Սահմանային բնակավայրերում ապրող եւ արարող հայ գյուղացին, Լեռնային Ղարաբաղի սահմանի անվտանգությունը առանց երրորդ ուժի միջամտության` ինքնուրույն պաշտպանող զինվորը այսօր հայրենասիրության վառ օրինակ են ցույց տալիս»,-համոզված է նախարարը:

Մարտական ոգին, մարդկային որակները, ստորաբաժանումներում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը այսօր հակակշիռ են ադրբեջանցիների քանակական առավելությանը. «Այդպես եղել է նաեւ պատերազմի ժամանակ. շատ դեպքերում մենք փոքր ստորաբաժանումներով զորամասերի խնդիրներ ենք կատարել: Օրինակ` Հադրութի շրջաններից մեկի ազատագրման ժամանակ թշնամին 150 զոհ տվեց, երբ հայկական կողմը մարտնչում էր ընդամենը 40 մարտիկով»:

Նախարարը հաղթանակի համար կարեւորեց միասնականությունը. «Իմ հեղինակած գրքում ես փորձել եմ վերլուծել եւ հասկանալ, թե որն է պատճառը, որ մեր երկրի տարածքը փոքր է: Եզրակացությունը գոնե ինձ համար մեկն է. այո, մենք միասնական ենք դժվարությունները դիմագրավելիս, բայց խաղաղ պայմանները ոչ լիարժեք ենք օգտագործում, քանի որ ձեռք բերած դափնիների վրա նիրհում ենք` ասելով, թե մենք հաղթած ժողովուրդ ենք, մեզ ոչինչ չի սպառնում»: Այդուհանդերձ, անկախության տարիները, նախարարի կարծիքով, մենք ճիշտ ենք օգտագործել, քանի որ պետության բոլոր օղակները կայացած են:

Սեյրան Օհանյանը նշեց բանակի հզորացման նախապայմանները եւ ընդգծեց, որ պաշտպանության լավագույն ձեւը հուսալի ինժեներական կառույցներն են. «Ես միշտ ասում եմ` ինչքան խորը մխրճվենք հայրենի հողի մեջ, ինչքան խրամատները խորը լինեն, այնքան ավելի կարող ենք վստահել մեր պաշտպանությանը: Այսօր այնպիսի ինժեներական կառույցներ ունենք, որոնք հակառակորդին հնարավորություն չեն տա դասական ոճով ծավալվելու եւ հարձակվելու»:

Հաղթանակի մյուս նախապայմաններից են մարդկային գործոնի գերակայությունը, արագ գործելու ունակությունը, զինվորի` գաղափարապես պատրաստ լինելը, քանի որ այդպիսի զինվորի հետ աշխատելը դյուրին է, եթե նույնիսկ նա ֆիզիկապես թույլ է, և կարգապահությունը. «Հրամանատարը պետք է գիտակցի, որ նսեմացնելով ենթակային` նա կորցնում է մեկ համարձակ անձի, իսկ ես տեսել եմ, որ մարտի դաշտում համարձակ մարդկանց շնորհիվ ենք հասնում հաջողությունների»:

Նախարարը քոլեջին նվիրեց իր հեղինակած «XXI դարի բանակը» գիրքը, այնուհետեւ պատասխանեց ուսանողների հարցերին, հիշողություններ պատմեց իր դպրոցական եւ ուսանողական տարիներից:

Ուսանողներից Դավիթ Ենոքյանն ու Նորայր Խաչատրյանը մեզ հետ զրույցում անկեղծացան եւ նշեցին, որ դասը տպավորիչ էր, հետաքրքիր եւ բովանդակալից:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


01/09/2011