Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԹՈՒԼԱՑՆՈՒՄ



Հրամանատարաշտաբային զորավարժությունը շարունակվում էր։ Բացազատված հրամանատարական կետում զորամասի ղեկավար կազմը պարբերաբար առաջադրանքներ էր ստանում, կատարում եւ զեկուցում վերադասին։ Զորամասի հրամանատար գնդապետ Մանվել Միրզախանյանը թեեւ շատ էր զբաղված, բայց կարողացավ «պատուհան գտնել» ու պատասխանել մեր հարցերին, ներկայացնել իր հրամանատարությամբ վերջին մեկ տարում կատարված աշխատանքները։
-Անցած ամռանն է զորամասն ստուգվել գլխավոր ռազմական տեսչության կողմից, հետո ստուգումը կրկնվել է։ Պարզապես առաջին ստուգման ընթացքում ստորաբաժանումներից մի քանիսը թերություններ են ունեցել եւ լիովին չեն բավարարել հեղինակավոր հանձնաժողովի պահանջները։ Ես գիտեմ, որ առանձին ստորաբաժանումներ, օրինակ՝ հրետանային, հակատանկային, մշտապես բարձր արդյունքներ են ցույց տալիս, եւ անհնար է կասկածել նրանց մարտունակությանը,- ասաց գնդապետ Մ. Միրզախանյանը եւ մեր խնդրանքով ներկայացրեց առաջնագծի մարտական հերթապահության ընթացքը։
-Ներկայումս մեր հիմնական խնդիրը պետական սահմանի հուսալի պահպանությունն է։ Ընդհանուր առմամբ, մեզ մոտ իրավիճակը հանգիստ է, թեեւ վերջերս տեղամասերից մեկում լարվածություն առաջացավ։ Հակառակորդի ինչ-որ խմբավորում, հնարավոր է հետախուզական, առաջխաղացման փորձ կատարեց, սակայն հանդիպելով մեր զինվորների դիմադրությանը` նահանջեց։ Մենք սահմանի պահպանությունն իրականացնում ենք ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային զինծառայողների ուժերով՝ հաճախ էլ համատեղ։ Ես շատ գոհ եմ մեր պայմանագրային գումարտակի ցույց տված արդյունքից։ Հրամանատար փոխգնդապետ Արսեն Գրիգորյանին վերջերս փոխարինել է փոխգնդապետ Վ. Կրոյանը, որը սահմանի պահպանությունը կազմակերպելու մեծ փորձ ունի, եւ ես վստահ եմ, որ գումարտակի հաջողությունները կշարունակվեն։ Մենք հերթապահության մեջ ենք ներգրավում նաեւ պայմանագրային սերժանտներին, որոնցից ոչ բոլորն են լիովին արդարացնում իրենց նկատմամբ եղած վստահությունը։ Այս համակարգը դեռեւս զարգացման, կատարելագործման կարիք ունի։ Առաջնագծի ամրությունը մեր ծառայության գերխնդիրն է, եւ մեր կատարած ինժեներական-ամրաշինական աշխատանքների շնորհիվ ստեղծվել է բազմաշերտ պաշտպանություն։ Աշխատանքները շարունակվում են։

Ներկայացնելով ուսումնական գործընթացը` գնդապետ Մ. Միրզախանյանն ասաց.
-Ձմեռային-գարնանային ուսումնական փուլի ավարտական քննություններն ընդունել է զորամասի հանձնաժողովը՝ իմ ղեկավարությամբ։ Մոտեցումը շատ խիստ է եղել, բայց որոշ ստորաբաժանումների անհնար էր «լավ» գնահատական չնշանակել։ Այդպիսիններից են վերոհիշյալ հրետանային, հակատանկային, տանկային ստորաբաժանումները։ Արդյունքները գոհացուցիչ էին կրակային պատրաստությունից, մարտավարությունից եւ ֆիզպատրաստությունից։ Անցկացրել ենք նաեւ մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններ վաշտերի եւ գումարտակների կազմով, որոնց ընթացքում դարձյալ կրակայինից արձանագրվել է բարձր արդյունք։ Այժմ պարապմունքները շարունակվում են, իսկ զրահատեխնիկայի մի մասը գտնվում է ճամբարում եւ նախապատրաստվում է Հայաստանի անկախության քսանամյակին նվիրված զորահանդեսին։ Շատ մեծ աշխատանք է կատարվել ուսումնական բազայի հնարավորությունները մեծացնելու, կատարելագործելու ուղղությամբ։ Այսօր արդեն մեր դաշտային ուսումնական կենտրոնն իր հնարավորություններով զիջում է միայն «Բաղրամյան» ուսումնական կենտրոնին։ Կատարելագործման աշխատանքները շարունակվում են։ Կառուցվում են նոր դիտակետեր, հարստացվում եւ ավելի բազմազան է դարձվում թիրախային իրադրությունը, մեծացվում են մարտավարական դաշտի հնարավորությունները։

Խոսելով անձնակազմի մասին՝ զորամասի հրամանատարն ասաց.
-Այստեղ գալու առաջին օրվանից առանձնազրույցներ եմ ունեցել բոլոր զինծառայողների հետ։ Մեծ թիվ են կազմում ծնողազուրկները։ Կարգապահությունը բավական բարձր է։ Պայմանագրայինները շատ լավ են ծառայում, եւ խրախուսման համար տրվող գումարի մեծ մասը ես նրանց եմ հատկացնում։ Որպես հրամանատար` գոհ եմ փոխգնդապետ Տ.Դարաբյանի ծառայությունից։ Նա միշտ առաջնագծում է եւ իրավիճակին լավ է տիրապետում։ Փոխգնդապետ Ա. Գրիգորյանը մշտապես ուսումնական կետում է եւ պարապմունքներն է ղեկավարում։ Շատ գոհ եմ մայոր Ն. Պետրոսյանից, հատկապես հակատանկային ստորաբաժանումներից, որոնք շատ լավ են պատրաստված։

Գնդապետ Մ. Միրզախանյանն անդրադարձավ նաեւ հանկարծակի ստուգումներին.
-Նման ստուգումներ շատ են լինում, սակայն վերջերս զորամասում, հենակետերում հանկարծակի կատարված ստուգումներից մեկը, ինչպես հետո պարզ դարձավ, պայմանավորված էր մամուլում, մասնավորապես` «Հրապարակ» թերթում տպագրած մի քննադատական հոդվածով։ Ինչպես ասացին, կրկնվող մի քանի ստուգումներից հետո, թերթը մեզ մեղադրել է վատ սննդի եւ խմելու ջրի բացակայության համար։ Այսօր անհեթեթություն է սննդի հարցում քննադատել որեւէ զորամասի։ Այդ թերությունը բնորոշ էր բանակի կազմավորման առաջին շրջանին։ Մենք ունենք երկու տեսակ խմելու ջուր, որոնցից մեկն արտեզյան է եւ միշտ կա, մյուսը Գառնիի ջուրն է, տրվում է ընդհատումներով` օրական 6-7 անգամ։ Այս ջրից մենք լուսադեմին պահեստավորում ենք և օգտագործում օրվա ընթացքում։ Խոհանոցում օգտագործվում է Գառնիի ջուրը։ Զինվորներին խորհուրդ ենք տալիս հիմնականում օգտագործել Գառնիի ջուրը, թեեւ արտեզյանը եւս երաշխավորված է խմելու համար։ Իսկ ջրի բացակայության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Չբավարարվելով ունեցածով` միջոցներ ենք ձեռնարկել եւ շուտով կունենանք ջրի մատակարարման երրորդ գիծը։ Կարծում եմ` ցանկացած թերթի լրագրող պարտավոր է նախեւառաջ իրեն հասած լուրերի իսկությունը ստուգել։

Մեր այս զրույցը հրամանատարի հետ տեղի ունեցավ օրվա երկրորդ կեսին, իսկ մինչ այդ մենք եղանք առաջնագծի տարբեր հենակետերում, զրուցեցինք մարտական հերթապահություն կատարող զինծառայողների հետ (ի դեպ, սահմանի երկայնքով տեղի էր ունենում մարտական հերթափոխ), ծանոթացանք նրանց կեցության պայմաններին։ Այցն առաջնագիծ սկսվեց «X-1» հենակետից։ Էլեկտրական հոսանքով ապահովված ղեկավարման այս հենակետում իմ ուշադրությունը գրավեցին շուտ փչացող սննդամթերքով՝ ձվով, երշիկով, պանիրով լիքը լցված սառնարանները։

«X-2»
Հենակետ այցելեցինք առաջնագծի պատասխանատու փոխգնդապետ Տ. Դարաբյանի ուղեկցությամբ։ Հենակետի պատասխանատու, ավագ սերժանտ Արթուր Խաչատրյանի զեկույցը պարզ էր եւ ամբողջական։
-Մեր ամենալավ պայմանագրային սերժանտներից է, զինվորականի որդի է. հայրը՝ ենթասպա Լեւոն Խաչատրյանը, զորամասի կաթսայատան պետն է: Արթուրն արդեն ութ ամիս է, ինչ ծառայության մեջ է, իսկ հայրը ոչ մի անգամ տղային վերաբերող ոչ մի հարցով չի դիմել ինձ կամ հրամանատարին։ Երկուսն էլ իրենց պարտականությունները կատարում են ինչպես հարկն է,- ասաց փոխգնդապետը։

Մեզ ուղեկցելով գետնատնակ` ավագ սերժանտ Ա. Խաչատրյանը ցույց տվեց ունեցած գրքերը, թերթերն ու ամսագրերը, փաստաթղթերը, իրավական անկյունը, անհրաժեշտ հրահանգները, այնուհետեւ զինվորների անձնական հիգիենայի պարագաները, սննդի պահարանը, ճաշարանը, զինանոցը, հանգստի անկյունը։
-Օրական երկու ժամ մարտական հաշվարկով պարապմունք եմ անցկացնում։ Տղաները գիտեն ծրագրով նախատեսված նյութը, բայց կրկին ու կրկին քննարկում, պարզաբանում ենք, թե հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում ով ինչ է անելու, ինչպիսի պաշտպանություն ենք կազմակերպելու եւ այլն,- պարզաբանեց ավագ սերժանտը։

Իր մասին նա ասաց.
-2002-04թթ. ծառայել եմ առաջնագծի ՀՕՊ զորամասերից մեկում, կրթությունս թերի բարձրագույն է, ամուսնացած եմ, ունեմ մեկ տղա, սպասում ենք երկրորդին։ Պայմանագրիս ժամկետն ամբողջությամբ կծառայեմ ու դրանից հետո կորոշեմ, թե ինչ եմ անելու։

Ստորաբաժանման մասին՝
-Բոլորն էլ շարքայիններ են, շատ լավ պատրաստված զինվորներ։ Սեյրան Հովհաննիսյանը պարգեւատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Մկրտչյան Մնացականը, Խաչատրյան Նաիրին, Պետրոսյան Էմինը, Մարգարյան Հովհաննեսը, Մկրտչյան Աղասին, Շահնազարյան Միքայելը զենքին լավ են տիրապետում, հոգեբանորեն նույնպես պատրաստ են ծառայության։ Ես մեծ ուշադրություն եմ դարձնում զենքի օգտագործման, անվտանգության կանոնների պահպանման հարցերին, իսկ հանգստի ժամերը պետք է լիարժեք օգտագործվեն, որպեսզի հերթապահությունը ապահով ընթանա,- ասաց սերժանտ Արթուր Խաչատրյանը եւ մեզ ուղեկցեց առաջնագիծ։

Դիտորդ շարքային Հ. Մարգարյանը մի պահ շրջվեց եւ մայոր Կ. Ոսկանյանին զեկուցեց.
-Պարոն մայոր, իմ դիտարկման ընթացքում հակառակորդի կողմից որեւէ շարժ չի նկատվել…
Քիչ առաջացանք եւ հանդիպեցինք շարքային Էմին Պետրոսյանին…

«X-3»
Հենակետի ավագը կրտսեր սերժանտ Սարգիս Բաբայանն էր՝ ժամկետային զինծառայող։
-Նույնպես օրինակելի ավագ է,- ասաց մայոր Կ. Ոսկանյանը։
Այստեղ վաղ առավոտյան էր կատարվել հերթափոխը։ Վառարանի վրա ճաշ էր եփվում։ Հենակետի ավագը ներկայացրեց շարք կանգնած զինվորներին` շարքայիններ Արթուր Կիրակոսյան, Տիգրան Աթոյան, Հրաչյա Հակոբյան, Գոռ Սահակյան, Տիգրան Բալայան, Սոս Մյասնիկյան… «X-3»-ում, ինչպես եւ «X-2»-ում, նույնպիսի մաքրությունն էր, կարգուկանոն։ Ժամապահը հսկում էր սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։
-Գրեթե բոլորն էլ ուսումնական զորամասից են տեղափոխվել մեզ մոտ, լիովին տիրապետում են ռազմական տեխնիկային, միաժամանակ լավ հրաձիգներ են,- ասաց կրտսեր սերժանտ Ա. Բաբայանը։

«X-4»
Սերժանտ Էդգար Աղանյանը լավագույն պայմանագրայիններից է։ Հենակետը ոչ թե գետնատնակի, այլ սովորական բնակարանի էր նման, ներկված ու ձեւավորված էր խնամքով։
-Մեր գումարտակի լավագույն հենակետերից է։ Գումարտակում ամենաշատը այս հենակետերի զինվորներն են խրախուսվում,- ասաց մայոր Է. Ոսկանյանը։
-Սպորտով զբաղվե՞լ ես,- հարցրի ամրակազմ զինվորին՝ շարքային Արիստակես Թորոսյանին։
-Այո՛, ծանրամարտիկ եմ եղել, այժմ էլ գնդացրորդ եմ։

Արիստակեսն Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղից է, աշնանը զորացրվելու է։
-Հրաձիգ եմ եւ ծանր զենքի նռնականետորդ,- ներկայացավ շարքային Հակոբ Հակոբյանը։
-Շարքային Խորեն Սարգսյան, ձեռքի գնդացրորդ։
-Իսկ դո՞ւ։
-Ես ոսկերիչ եմ,- արագ ասաց շարքային Ռոբերտ Բանդարյանն ու անմիջապես ուղղեց իրեն,- նռնականետորդ։
-Շարքային Արմեն Գրիգորյանն արդեն ջոկի հրամանատար է եւ շուտով կրտսեր սերժանտի կոչում կստանա։ Նա ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում է սովորում,- ասաց սերժանտ Է. Աղանյանը։

Արմենին հանդիպեցինք առաջնագծում դիտարկման ժամանակ։ Մեկ այլ դիտակետում էլ շարքային Սուրեն Աղաբաբյանն էր տեղանքի դիտարկում կատարում։

«X-5»
Արդեն ճաշի ժամ էր։ Տղաներից ջուր խնդրեցինք, տվեցին ու նաեւ թեյ առաջարկեցին։
-Մեր թեյը լավն է,- ասաց Հարություն Ավագյանը։
Շարքային դիտորդներ Ռուբեն Հովհաննիսյանը եւ Էդուարդ Կիրակոսյանը առաջադրանքը կատարում էին քողարկված՝ մեկը թիկունքի, մյուսը՝ հակառակորդի ուղղությամբ։ Խաղաղ կեսօր էր, բայց հակառակորդին չի կարելի վստահել. անդորրը կարող է խաբուսիկ լինել։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #33 (898) 24.08.2011 - 31.08.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


31/08/2011