Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է



ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 Մայրաքաղաքը – Երևան

Տարածքը – 29,743 հազար կմ 2

Բնակչությունը – 2,986 մլն մարդ

Պետական լեզուն – հայերեն

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 Մայրաքաղաքը – Ստեփանակերտ

Տարածքը – 11.432 հազար կմ 2

Բնակչությունը – 0,146 մլն մարդ

Պետական լեզուն – հայերեն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷՀայաստանի Հանրապետությունը գտնվում է Մերձավոր Արևելքում՝ Հարավային Կովկասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում: 

Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք, այն աշխարհում 138-րդն է մակերեսի մեծությամբ: Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչությունը 2 986.1 հազար մարդ, կրոնը՝ քրիստոնեություն:

Պետական սահմանը 1 570 կմ` արևելքից սահմանակից է Ադրբեջանի և Արցախի հետ, արևմուտքում` Թուրքիայի և Նախիջևանի ԻՀ հետ, հյուսիսում՝ Վրաստանի, հարավում` Իրանի հետ:

Հայաստանն առաջին պետությունն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն (301թ.):

1918 թվականին՝ Ռուսական կայսրության անկումից հետո, Հայաստանը հռչակում է իր անկախությունը. հիմնվում է Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Իսկ 1920թ. հաստատվում են Խորհրդային կարգեր:

Մինչև 1991թ. կոչվել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն: Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հիմնվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Հայաստանի քաղաքացիների 94,39 %-ը կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և ՀՀ անկախության օգտին:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև:

1992թ. հունվարի 28-ին ՀՀ Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը, որով և ազդարարվեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմված են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հինգ զորամիավորումներից:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կազմված են հետևյալ մասնագիտացված զորքերից՝

1. ցամաքային զորքեր,

2. ռազմաօդային ուժեր,

3. հակաօդային պաշտպանության զորքեր:

Ցամաքային զորքերն իրենց հերթին բաղկացած են հետևյալ զորատեսակներից՝

1. մոտոհրաձգային զորքեր,

2. տանկային զորքեր,

3. հրթիռային զորքեր և հրետանի,

4. օդադեսանտային զորքեր,

5. ինժեներական զորքեր,

6. կապի զորքեր:

2001թ. հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության նախագահը հաստատեց ՀՀ զինված ուժերի զինանշանը: ՀՀ զինված ուժերի զինանշանի հեղինակներն են՝ նկարիչներ Ռուբեն Արուտչյանը և Գագիկ Աբրահամյանը:

Հայաստանի Հանրապետության դրոշը` կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից ներքև)` հավասարաչափ հորիզոնական շերտերով: Այն չափսերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության դրոշի կրկնությունն է: Դրոշը հաստատել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1990թ. օգոստոսի 24-ին:

Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունել է Գերագույն խորհուրդը 1992թ. ապրիլի 19-ին: Զինանշանը Առաջին Հանրապետության զինանշանի կրկնությունն է (հեղինակներ` նկարիչ Հակոբ Կոջոյան և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան):

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991թ. հուլիսի 1-ի որոշմամբ՝ որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) օրհներգը:

Հայաստանի Հանրապետությունը լեռնային երկիր է: Ամենաբարձր կետը Արագած լեռն է 4.090 մ, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը՝ 375 մ:

Հայաստանի Հանրապետության լեռները հիմնականում մտնում են Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռնաշղթաների համակարգում:

Հայաստանի Հանրապետության խոշոր լեռնաշղթաներից են Ջավախքի, Բազումի, Փամբակի, Վիրահայոց, Ծաղկունյաց, Գուգարաց, Գեղամա, Միափորի, Վարագի, Տավուշի, Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Զանգեզուրի, Վայքի, Բարգուշատի, Մեղրիի լեռնաշղթաները:

Հայաստանի Հանրապետության ամենամեծ գոգահովիտներից են Արարատյան, Շիրակի, Սևանի և Փամբակի գոգավորությունները: Արարատյան գոգավորությունը գտնվում է Արաքսի ավազանի միջին մասում, բարձրությունը` 800-1000 մ:

Լինելով լեռնային երկիր` Հայաստանի Հանրապետությունը հարուստ է զանազան օգտակար հանածոներով: Դրանցից են պղնձի, կապարի, արծաթի, ոսկու, երկաթի, մոլիբդենի, պեռլիտի, տուֆի, բազալտի, հրաբխային կավերի, գրանիտի, մարմարի և այլ հանքավայրերը:

Հանրապետությունում առկա են նաև Ջերմուկի, Դիլիջանի, Արզնիի, Բջնիի և այլ հանքային աղբյուրները:

Հայաստանի Հանրապետությունը հարուստ է ջրային պաշարներով. երկրում կա մոտ 9480 գետ ու գետակ: Ամենախոշոր գետերից են Արաքսը, Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան և Քասաղը:

Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ լճեր, որոնցից ամենամեծը՝ Սևանա լիճը, գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Աշխարհի քաղցրահամ լճերի շարքում՝ ըստ բարձրության, այն զիջում է միայն Տիտիկակա լճին: Լճի մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83 մետրի: Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ, իսկ դուրս է հոսում միայն Հրազդան գետը:

Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհն ընդգրկում է ավելի քան 12 հազար կենդանատեսակ: Իսկ բուսական աշխարհը կազմված է մոտ 3200 տեսակի բույսերից:

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը, ինչպես նաև մարզի կարգավիճակ ունեցող Երևան քաղաքը: Այն բաժանված է 10 առանձին մարզերի: Դրանք են՝ Արագածոտնի մարզը՝ Աշտարակ կենտրոնով, Արարատի մարզը՝ Արտաշատ կենտրոնով, Արմավիրի մարզը՝ Արմավիր կենտրոնով, Գեղարքունիքի մարզը՝ Գավառ կենտրոնով, Լոռու մարզը՝ Վանաձոր կենտրոնով, Կոտայքի մարզը՝ Հրազդան կենտրոնով, Շիրակի մարզը՝ Գյումրի կենտրոնով, Սյունիքի մարզը՝ Կապան կենտրոնով, Վայոց Ձորի մարզը՝ Եղեգնաձոր կենտրոնով, Տավուշի մարզը՝ Իջևան կենտրոնով:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷԱրցախի Հանրապետությունը զբաղեցնում է 11.432 հազար կմ2 տարածք: Մայրաքաղաքը Ստեփանակերտն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչությունը 146.6 հազար մարդ է, կրոնը՝ քրիստոնեություն: 

Պետական սահմանը` արևմուտքից սահմանակից է Հայաստանի հետ, հյուսիսից և արևելքից` Ադրբեջանի հետ, հարավից` Իրանի հետ:

Կլիման մեղմ է և բարեխառն, հանրապետության զգալի տարածքում` մերձարևադարձային:

Ծովի մակերևույթից միջին բարձրությունը` 1100 մ:

Ամենաբարձր լեռնագագաթները` Արիության (Գոմշասար)` 3 724 մ, Գժասար` 3 616 մ, Թսխուդ` 3 581 մ, Մռավ` 3 341 մ, Կուսանաց՝ 2 823 մ, Մեծ Քիրս` 2 725 մ:

Խոշորագույն գետերը` Արաքս, Աղավնո, Որոտան, Թարթառ, Խաչենագետ, Իշխանագետ:

Արցախի Հանրապետության պետական դրոշն ընդունվել է Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992թ. հունիսի 2-ին:

Արցախի Հանրապետության պետական դրոշն իրենից ներկայացնում է մի ուղղանկյունաձև կտոր` հորիզոնական և հավասար երկարությամբ կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի 1/3 հատվածի վրա:

Արցախի Հանրապետության պետական զինանշանն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992թ. նոյեմբերի 17-ին:

Արցախի Հանրապետության պետական օրհներգն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992թ. նոյեմբերի 17-ին:

Արցախի Հանրապետության մակերևույթը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով: Լեռնային գոտիները զբաղեցնում են Հանրապետության ամբողջ տարածքի 3/4-ը: Հյուսիսում Մռավի, հյուսիս-արևմուտքում Արևելյան Սևանի լեռնաշղթաներն են, արևմուտքում՝ Սյունիքի բարձրավանդակը, կենտրոնական հատվածում՝ Արցախի լեռնաշղթան, որից դեպի արևելք են տարածվում մի շարք մանր լեռնաճյուղեր:

Արաքս գետի երկայնքով տարածվում է Արցախի դաշտավայրը:

Արցախի Հանրապետությունը հարուստ է զանազան օգտակար հանածոներով` ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի, երկաթի, մարմարի, կրաքարի, գրանիտի, բազալտի, տուֆի և այլն:

Արցախը հարուստ է ջրային պաշարներով. երկրում կան մոտ 2 639 գետ և գետակ: Ամենախոշոր գետերից են՝ Թարթառը, Խաչենը, Կարկառը, Խոնաշենը, Հագարին, Վարանդան, Իշխանագետը: 1970թ. կառուցվել է Սարսանգի ջրամբարը:

Արցախի տարածքի շուրջ 35%-ն անտառածածկ է: Անտառներում աճում են հաճարենի, կաղնի, բոխի, թխկի, լորենի, հացենի, կեչի, հոնի, խնձորենի, թզենի, տանձենի, ընկուզենի, սալորենի և այլն: Հարուստ է նաև կենդանական աշխարհը:

Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորներն են՝ շրջանները, ինչպես նաև շրջանի կարգավիճակ ունեցող Ստեփանակերտ քաղաքը: Այն բաժանված է 7 առանձին շրջանների: Դրանք են՝ Ասկերանի շրջանը՝ Ասկերան կենտրոնով, Հադրութի շրջանը՝ Հադրութ կենտրոնով, Մարտակերտի շրջանը՝ Մարտակերտ կենտրոնով, Մարտունու շրջանը՝ Մարտունի կենտրոնով, Շահումյանի շրջանը՝ Քարվաճառ կենտրոնով, Շուշիի շրջանը՝ Շուշի կենտրոնով և Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր կենտրոնով:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Խորագիր՝ #09 (1231) 07.03.2018 - 13.03.2018, Ռազմական


07/03/2018