Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՍ ՇԱՐՔՈՒՄ ԵՄ»



«ԵՍ ՇԱՐՔՈՒՄ ԵՄ»Փաստավավերագրության միջազգային ակադեմիան(ՓՎՄԱ), որի կենտրոնական գրասենյակը Մոսկվայում է եւ մասնաճյուղեր ունի աշխարհի բազմաթիվ երկրներում (Հայաստանյան  մասնաճյուղն զբաղվում է հիմնականում հայ ժողովրդի պատմության, գիտության, կրթության, մշակույթի և այլ բնագավառների ուսումնասիրման և հանրահռչակման հարցերով),  համագործակցում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ու անձանց հետ, որոնք մեծ ներդրում ունեն այդ կարևոր ու շնորհակալ գործում: Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Սամվել Հակոբյանի բնութագրմամբ՝  հայոց բանակը, իր դարավոր ու հերոսական պատմությամբ, ոչ միայն հայոց, այլև աշխարհի ռազմական մշակույթի մեջ ունի իր կարևոր տեղը: Իսկ պաշտպանական համակարգն այսօր պետական կառույցի ամենակայացած օղակներից է, որը փառքով ավարտեց իր ազատագրական պայքարը Արցախյան պատերազմում, խաղաղ բանակաշինության տարիներին ձևավորեց ամուր ու մարտունակ զինվորական կառույց՝ պաշտպանելով երկրի սահմանները հակառակորդի անվերջանալի ոտնձգություններից և այսօր իր բարձր կերպարով ոչ միայն հայրենիքի ազատության երաշխավորն է ու ժողովրդի անվտանգության պաշտպանը, այլև հայ հասարակության բարոյական առաջնորդն է ու շարժիչ ուժը: Ուստի Ակադեմիայի գործունեության ծրագրերում բանակի հետ համագործակցությունը ունի իր գլխավոր տեղը:

Փետրվարի 12-ին Փաստավավերագրության միջազգային ակադեմիան և ԻԿՕՄՕՍ-Հայաստան (Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ) միջազգային կազմակերպությունը համատեղ կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-ամյակին: Միջոցառման նպատակն էր նորովի ու ավելի նպատակային դարձնել բանակի հետ Ակադեմիայի համագործակցությունը, ի մի բերել կատարված աշխատանքը, խոսել բանակ-հասարակություն փոխադարձ կապերի ու ընկալման նոր հնարավորությունների մասին և պարգևատրել բանակի այն ստորաբաժանումներին ու զինվորականներին, որոնց աշխատանքը ամենամեծ ազդեցությունն է ունեցել հասարակության ռազմահայրենասիրական դաստիարակության ու բարոյահոգեբանական վերելքի, հայոց ռազմական մշակույթի հանրահռչակման արդյունավետության վրա: Միջոցառումը բացեց Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Սամվել Հակոբյանը: Նա համառոտ պատմեց ակադեմիայի գործունեության մասին` ձեռքբերումների շարքում կարևորելով իր հեղինակած «Հայաստանի Հանրապետություն» պատմական հանրագիտարանի լույսընծայումը, որտեղ ներկայացված է հայոց նյութական մշակույթը՝ բոլոր հուշարձանները` դրանց մասին տեղեկություններով ու պատմական ակնարկներով: Այնուհետև Սամվել Հակոբյանը խոսեց բանակ-հասարակություն առնչությունների մասին, նշելով բանակի կերպարով հասարակության արժեհամակարգը կատարելագործելու, բանակի բարոյախոսությունը հասարակության բոլոր շերտերում ամրագրելու կարևորության մասին, ապա ներկայացրեց այն կառույցներն ու անձանց, որոնք արժանացել էին Ակադեմիայի Ոսկե մեդալներին ու պատվոգրերին: Նախքան պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, ցուցադրվեց գրող, բանաստեղծ, ՓՎՄԱ դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Տարոնցու եւ փաստավավերագրող Հայկուհի Առաքելյանի հեղինակած ֆիլմը՝ նվիրված օրվա հերոսներին:

 «ԵՍ ՇԱՐՔՈՒՄ ԵՄ»Փաստավավերագրող, ռեժիսոր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ցվետանա Պասկալեւա. Հայաստանի բուլղարուհի դուստրը մեր ազատագրական պատերազմի ժամանակ եկավ Հայաստան ու…մնաց: Նա սիրահարվեց Արցախին, դարձավ փոքրիկ հերոսական հողի, նրա անկոտրում ժողովրդի կենաց-մահու կռվի, պայքարի, հաղթանակի, նրա զոհված ու ապրող հերոսների, խաղաղ հայրենաշինության, հաղթանակների խիզախ ու անդավաճան վավերագրողը: Անգնահատելի է Պասկալեւայի վաստակը ազատամարտը լուսաբանելու, Արցախի խնդիրը միջազգային հանրությանը ներկայացնելու գործում: Հանրային հեռուստատեսությամբ Պասկալեւան վարում է Արցախյան գոյամարտի եւ մերօրյա հերոսների մասին պատմող «Նվիրյալները» հաղորդաշարը: Այսօր էլ հայկական բանակի գնդապետը առաջնագծում է, արհամարհելով վտանգը՝ հայ զինվորի ու սպայի կողքին է: Ցվետանա Պասկալեւային շնորհվեց ՓՎՄ Ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում եւ Ոսկե մեդալ: Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքն արժեւորելու համար՝ Ցվետանա Պասկալեւան իր խոսքում շեշտեց, որ ինչ էլ արվի մեր հերոս տղաների համար, քիչ է. «Մենք պարտք ունենք նրանց հիշատակի առաջ: Մենք պետք է դարերին հանձնենք նրանց անհավանական հերոսության մասին պատմող ասքերը, հպարտանանք նրանցով, գրենք մեր նորօրյա հերոսների մասին: Խոնարհվում եմ հայրենիքը զենքով ու կյանքով պաշտպանող տղաների հերոսական գործը շարունակողների առջեւ, ես ուժեղ եմ ձեզնով: Ես շարքում եմ»: ՓՎՄ Ակադեմիայի Ոսկե մեդալով պարգեւատրվեց նաեւ հայոց բանակի փոխգնդապետ, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ,  հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արտյոմ Գևորգյանը: Մերօրյա հերոսը՝ տակավին երիտասարդ սպա, բայց արդեն փոխգնդապետի կոչումով, կուրծքը մեդալներով զարդարած, ասես բանակի մարմնացած հերոսականությունն ու փառքը լիներ: Նա մարդ է, որ ապրում է կյանքի ու մահվան սահմանագծին: Ապրիլյան պատերազմի օրերին հենց նրա ղեկավարությամբ հայ զինծառայողները հետ բերեցին հակառակորդի գրաված դիրքը: Արտյոմի մասին վառ ու դիպուկ խոսեց Ցվետանա Պասկալեւան՝ հիշելով իրենց հանդիպումները սահմանին, բառացիորեն փառաբանելով Արտյոմի հերոսական, բայց համեստ, բարձր ու ազնվակերտ կերպարը, որի օրինակով սերունդներ են արիանում: Հաջորդ Ոսկե մեդալակիրը մեր գործընկերուհին էր՝ ՊՆ «Հայ Զինվոր» թերթի լրագրող, մայոր Գայանե Պողոսյանը: Նա պարգեւատրվեց հայոց բանակին, հայ սպային ու զինվորին նվիրված ուշագրավ հրապարակումների, հայ ռազմական ու գեղարվեստական մշակույթի հանրահռչակման գործում ներդրած ավանդի համար: Գայանե Պողոսյանի ուրույն ոճը, անկեղծ ու մտերմիկ, սրտի հետ խոսող, հուզական շեշտադրումներով, բայց միաժամանակ չափազանց ամուր, ոգեղեն հրապարակումները վաղուց  գրավել են իր բազմահազար ընթերցողների սրտերը, իսկ նրա ավելի քան 250 ծավալուն հարցազրույցները Հայաստանի գրեթե բոլոր երեւելի արվեստագետների, մտավորականների ու գիտնականների հետ, վավերագրում են վերջին 20-ամյակի ընթացքում բանակ-մշակույթ բազմաշերտ աղերսների ու համագործակցության ընթացքը, զարգացումն ու ձեռքբերումները: «Ես հպարտ եմ, որ բանակի մի մասնիկն եմ: Երջանիկ եմ, որ կարող եմ իմ փոքրիկ բաժինն  ունենալ այն մեծ ու փառահեղ գործում, որ բանակաշինություն անունն ունի: Զինվորի ու սպայի մասին գրելը, բանակը քարոզելը ինձ համար սոսկ աշխատանք չէ, հոգու պարտք է, հաճույք, հպարտություն: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր բարձր են գնահատում իմ աշխատանքը: «Մովսես Խորենացի» ոսկե մեդալը, որին արժանացա, ինձ կպարտավորեցնի ավելին անել»,- ասաց Գայանեն  հավաքվածներին: Ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ակնառու հաջողությունների, բովանդակալի ու ազգային գաղափարախոսության ոգով տոգորված հրապարակումների համար  ՓՎՄ Ակադեմիայի պատվոգրին արժանացան ՊՆ «Հայ զինվոր» թերթն ու «Զինուժ» հեռուստածրագիրը: Պատմամշակութային ժառանգության պահպանման եւ հանրահռչակման ոլորտում ունեցած ծանրակշիռ ավանդի համար ԻԿՕՄՕՍ-Հայաստան ընկերության նախագահ, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, ՓՎՄ Ակադեմիայի դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գյուրջյանն ընտրվեց ՓՎՄ Ակադեմիայի իսկական անդամ: Գյուրջյանը պարգևատրվեց ակադեմիայի «Մովսես Խորենացի» ոսկե մեդալով և նրան հանձնվեց ակադեմիկոսի ոսկե կրծքանշանը: Գրող, բանաստեղծ   Անահիտ  Տարոնցին պարգևատրվեց «Մովսես Խորենացի» ոսկե մեդալով, իսկ փաստավավերագրող Հայկուհի Առաքելյանը՝ պատվոգրով: Ազգային բանակի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառման ավարտին Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Սամվել Հակոբյանը խնդրեց իր հեղինակած «Հայաստանի Հանրապետություն» պատմական հանրագիտարանը նվիրել ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությանը` խոստանալով, որ մեկական գիրք էլ նվիրելու է ազգային բանակի բոլոր զորամասերին, որպեսզի զինվորներն ու սպաները հնարավորություն ունենան ծանոթանալու Հայաստանի բազմադարյան նյութական մշակույթին և կրկին համոզվեն, որ իրենք մեծ ու հզոր քաղաքակրթություն ունեցող ժողովրդի ներկայացուցիչն ու պաշտպանն են:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #07 (1229) 21.02.2018 - 27.02.2018, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


22/02/2018