Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԸ ՄԻԱՅՆ ԶԵՆՔԸ ՉԷ, ԲԱՆԱԿԻՆ ԶՈՐԱՎԻԳ Է ՆԱԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ



ԲԱՆԱԿԸ ՄԻԱՅՆ ԶԵՆՔԸ ՉԷ, ԲԱՆԱԿԻՆ ԶՈՐԱՎԻԳ Է ՆԱԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸՀունվարի 30-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ Հայոց բանակին և հայրենասիրությանը նվիրված 2017 թ. մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Արդեն ավանդական դարձած այս մրցանակաբաշխությունը, որը Հայաստանի գրողների միության և ՀՀ պաշտպանության նախարարության Հայոց բանակի միջև սերտ համագործակցության վկայություններից է, նպաստում է մեր ժողովրդի ազատագրական պայքարին, պաշտպանության ու անվտանգությանը նվիրված բարձրարժեք գրական գործերի ստեղծմանը: Պատահական չէ, որ մրցանակաբաշխության ամփոփիչ հանդիսությունը տեղի ունեցավ հունվարի վերջին՝ Հայոց բանակի հիմնադրման օրերին: Չէ՞ որ ստեղծագործողներն էլ յուրատեսակ զինվորներ են, ովքեր իրենց երգերով, տողերով շունչ ու ոգի են հաղորդում, ստեղծում մարտական տրամադրություն, և այս ամենով տոգորված հայ զինվորը կերտում է սխրանքներ:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բացման խոսքում նշելով, որ բանակի թեման դարերի ընթացքում միշտ էլ հուզել է հայ գրողներին, հայ պատմիչներին, ընդգծեց, որ հայ պատմավեպերում, տարբեր աշխատություններում արծարծվում է այն միտքը, որ մեր պարտությունները հաճախ կապված են եղել բանակ չունենալու հետ: Խոսելով արցախյան խնդրի շուրջ հայ ժողովրդի համախմբվելու և հայոց պետական բանակի ձևավորման մասին՝ Էդ. Միլիտոնյանը նկատեց, որ Հայոց բանակը մեր անկախ հանրապետության ձեռքբերումն է և ամենօրյա, ամենժամյա հզորացման կարիք ունի: «Այն պետությունը, այն ժողովուրդը, որը բանակ չունի, ոչինչ չի կարող ունենալ՝ ո՛չ տնտեսություն, ո՛չ գրականություն, ո՛չ մշակույթ: Բանակը միայն զենքը չէ, բանակին զորավիգ է նաև ժողովրդի լեզուն, խոսքը, բանաստեղծությունը, քարոզչությունը, որը պատմությունն է, ներկայի ոգին, մարդկանց առաջ մղող ուժը, նպատակը, իսկ այդ ամենը նաև գրականության միջոցով է արտահայտվում»,- ասաց ՀԳՄ նախագահը և հավելեց, որ բանակի մասին գրվածքներում ներկայանում է ոչ միայն բանակը, այլև հասարակության ողջ դեմքը՝ իր տեսլականով, ներկայի խնդիրներով: Ապա անդրադառնալով արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությանը՝ Էդ. Միլիտոնյանը ուրախությամբ փաստեց, որ այն աստիճանաբար ընդլայնվում է. մասնակցում են գրողներ Արցախից, Հայաստանի տարբեր մարզերից: «Սա գրողի համար, ըստ իս, ամենապատվավոր մրցանակն է»,- ամփոփեց նա:

ԲԱՆԱԿԸ ՄԻԱՅՆ ԶԵՆՔԸ ՉԷ, ԲԱՆԱԿԻՆ ԶՈՐԱՎԻԳ Է ՆԱԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸՄրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի հավաստմամբ՝ հեղինակներն այսօր առավել մեծ պատասխանատվությամբ են ներկայանում: Փաստելով, որ հայրենասիրությունը եղել է մեր գրականության հիմնական թեման, նա նշեց, որ այսօրվա երիտասարդը բոլորովին այլ կերպ է գրում հայրենիքի մասին: «Չէ՞ որ մենք նորանկախ Հայաստանի, նոր պատմական իրականության մեջ ենք, և, բնականաբար, պետք է ստեղծվի ժամանակակից երգը, խոսքը, որ պետք է գրի հենց ժամանակակիցը, մասնակիցը: Այս իմաստով, կարծում եմ, գրական այս թեմայի մեջ որակական փոփոխություններ և նրբերանգներ են մտնում՝ և՛ բովանդակության, և՛ գեղագիտության իմաստով»,- ասաց Շ. Մկրտչյանը՝ շեշտելով, որ հենց այս թեման կարող է վեր հանել և փոփոխություններ մտցնել հայ մարդու կերտվածքում:

«Բանակի և գրականության հոգևոր կյանքի սկիզբը շատ հնուց է գալիս, թերևս՝ Հայկ Նահապետից, և շարունակվում արդեն մի քանի հազար տարի: Չի երևում մի շրջան, որ հայ գրողն իր հոգուն մոտ չհամարի հայ զինվորին, հայ բանակը, հայ զորավարին՝ բանակի թեմային վերաբերվելով ներքին մղումով»,- ասաց մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ, արձակագիր, դրամատուրգ Նորայր Ադալյանը՝ այս համագործակցությունը կարևորելով ոչ միայն գրականության, բանակի առումով, այլև հայ ժողովրդի հոգեկերտվածքի տեսանկյունից: Այնուհետև անդրադառնալով Զորի Բալայանին Հատուկ մրցանակ շնորհելուն՝ Ն. Ադալյանն ասաց. «Նրան հատուկ մրցանակ շնորհելը արժեքավորում և է՛լ ավելի է բովանդակավորում այս մրցանակաբաշխությունը: Հայրենասիրության, Արցախի, բանակաշինության առումով Զորիի վաստակը միշտ կմնա իբրև մեր գրականության, մեր հասարակական կյանքի լավագույն դրսևորումներից մեկը»,- ամփոփեց նա:

Այնուհետև ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանն ու ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բաժնի պետ Արթուր Ավագյանը հանձնեցին մրցանակները:

Բանակաշինության գործում ունեցած վաստակի համար Հատուկ մրցանակը շնորհվեց Զորի Բալայանին: Գեղարվեստական արձակ անվանակարգում առաջին մրցանակը հանձնվեց Կոմիտաս Դանիելյանին («Երկհատորյակ», 2017), երկրորդ մրցանակը՝ Գագիկ Խաչատրյանին («Զինվորի վերադարձը») և Վրեժ Սարուխանյանին («Տարոնականչ»), երրորդ մրցանակը՝ Ժաննա Հակոբյանին («Ապրիլյան հերոսամարտ», 2017):

ԲԱՆԱԿԸ ՄԻԱՅՆ ԶԵՆՔԸ ՉԷ, ԲԱՆԱԿԻՆ ԶՈՐԱՎԻԳ Է ՆԱԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸՊոեզիայի անվանակարգում առաջին մրցանակի արժանացան Գագիկ Սարոյանը (Բանաստեղծական շարք, ԳԹ, 29.12.2017 թ.) և Նորայր Գրիգորյանը («Խրամատի թաց պատին», ԳԹ, 01.12.2017 թ.), երկրորդ մրցանակի՝ Դարիկո Խաչատրյանը («Նավարկումի զարկերակ») և Անահիտ Թարյանը («Ես քո զինվորն եմ, Հայաստան», 2017): Երրորդ մրցանակը հանձնվեց Սամվել Մարգարյանին («Սխրանք» շարք, ԳԹ, 31.03.2017 թ.) և Հրանուշին (Բանաստեղծություններ, «Շիրակ», թիվ 10, 2017 թ.):

Հրապարակագրություն, գրաքննադատություն անվանակարգում մրցանակների արժանացան Հակոբ Հարությունը («Պրոմեթևսն է առաջին կամավորը», ԳԹ, 17.11.2017 և «Լռության դափնիներով զինվորները», ԳԹ, 02.06.2017), Տիգրան Նիկողոսյանը (2016-2017 թթ. «Հայաստան» պարբերականում լույս տեսած հայ զինվորին նվիրված հրապարակումներ), Քնար Թադևոսյանը (հոդվածաշար «Հայ զինվոր»-ում), Ռուզաննա Մկրտչյանը («Արագածոտնի մարզի անմահացած հերոսները քառօրյա պատերազմում», «Մռայլ երկինք – շանթահարված երկինք»):

Հայոց բանակին նվիրված գրական-տեսական աշխատություն անվանակարգում մրցանակ ստացավ Նորայր Ղազարյանը («Զինվորագրյալ բանաստեղծական շարքեր», ԳԹ, 01.12.2017 թ.):

Խրախուսական մրցանակների արժանացան Լիանա Մայիլյանը, Տաթև Սուքիասյանը, Սաթենիկ Ղազարյանը, Լուսիկ Մկրտչյանը, Արմենուհի Սիսյանը, Ժաննա Աբրահամյանը:

Գրական հանդիսությանը մարտական շունչ հաղորդեցին Ե. Չարենցի անվան թիվ 67 դպրոցի աշակերտուհի Էլեն Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտ Շահեն Մութաֆյանը՝ ներկայացնելով Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» և Անահիտ Թարյանի «Ես քո զինվորն եմ, Հայաստան» բանաստեղծությունները: Երաժշտական կատարումներով հանդես եկավ ՀՀ ՊՆ «Զորական» համույթը (գեղղեկ.՝ Արամ Գալստյան): Շնորհակալական խոսք ասացին մրցանակակիրները և կարդացին իրենց բանաստեղծություններից:

ՇԱՔԵ ԵՐԻՑՅԱՆ

Խորագիր՝ #05 (1227) 07.02.2018 - 13.02.2018, Հոգևոր-մշակութային


07/02/2018