Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՒ



«Ոչ միայն հացիւ կեցցէ մարդ,
այլեւ ամենայն բանիւ, որ ելանէ
ի բերանոյ Աստուծոյ»
/Միայն հացով չի ապրի մարդ,
այլեւ այն ամեն խոսքով,
որ դուրս է գալիս Աստծո բերանից/ /Մատթ. Դ 4/

Թերևս բազմիցս եք լսել կամ ընթերցել Տերունի այս խոսքը` արտասանված Հրեաստանի անապատում, 40-օրյա ծոմապահությունից հետո: Փրկիչը մկրտվել էր արդեն Հորդանանում և փորձությունից հետո պիտի անցներ իր առաքելությանը` Սատանայի ճիրաններից մարդկության փրկագնմանը: Հիսուս ծոմապահությամբ կրկնել էր Մովսեսի օրինակը, և ապա նրա մեջ արթնացել էր մարդկային տկարությունը: Տերը, որ արարել էր համայն տիեզերքը, այժմ քաղցել էր: Եվ նույն պահին հայտնվում է Հակառակորդը և փորձում Քրիստոսին:
Այդ նույն իրավիճակում բոլորս ենք հայտնվում այս կամ այն կերպ, բայց արդյո՞ք բոլորս ենք կրկնում տիրավանդ խոսքը, թե` միայն հացով չէ, որ ապրում է մարդը, միայն նյութականով չէ, որ ապահովվում է նրա գոյությունը, այլեւ Աստծո կենարար խոսքով: Այդ խոսքը, եթե հավատարմությամբ է պահվում, մեր մահվան դեպքում իսկ ընդունակ է հարություն և կյանք տալու մեզ: Աստված գիտե յուրաքանչյուրիս պետքերը և տալիս է առատորեն` հայրաբար:
«Զհաց մեր հանապազորդ»,- խնդրում ենք աղոթքում: Բայց ինչքա՜ն թշվառ կդառնանք մենք մեր աչքում, եթե այդ մի պատառ հացը դառնա գերագույն մի նպատակ, ու մեր կյանքը կապենք միայն նյութականը կուտակելու հետ` դատարկ մնալով հոգևոր արժեքներից, որ ամփոփված է «այլ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» պարզ նախադասության մեջ: Մեր աչքի առաջ ունենք մանավանդ Խորհրդային կայսրության օրինակը, որ իր քաղաքացիներին պահում էր հացի լիության, բայց հոգևոր կատարյալ քաղցի պայմաններում: Այդ երկիրը չգոյատևեց ու կործանվեց, և այլ կերպ չէր էլ կարող լինել:
Ս. Գիրքը` ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարանները, մեզ տալիս են Տիրոջ ձեռքով կերակրվող ոչ միայն անհատների, այլեւ ամբողջ ժողովրդի հագեցման վկայություններ: Օրինակ` Իսրայելը` անապատում իր 40-ամյա դեգերումների ընթացքում:
Ս. Եղիա մարգարեն Աստծո գործն էր կատարում, նրա պատգամները հաղորդում Իսրայելին: Երբ հրեաներից առանձնացել էր մի հեղեղատում, Տիրոջ խոսքով լցված նրա կյանքում մարմնի սնունդն Աստծո կամքով ագռավներն էին հասցնում, իսկ հոգու սնունդը նա քաղում էր անմիջապես Ամենակալի բերանից:
Իզուր է հակադրվելը, թե հին ժամանակներում կյանքը հեշտ էր, իսկ կենսականորեն անհրաժեշտի հայթայթումը` ոչ այնքան դժվար, որքան այսօր: Ամենևին էլ այդպես չէ. «ոչ միայն հացիւ» ապրող մարդն այժմ էլ Տիրոջ ամենաառատ ողորմության սեղանից ստանում է իր նվիրումի չափով: Աստված երբեք չի փոխում իր խոսքը: Նա հավատարիմ է իբրև դաշինքի մի կողմ, իսկ մյուս կողմը, որ մենք ենք, սիրող Հոր բերանից ելած խոսքը կատարելու չափով ենք վարձատրվում:
Պատմության ամենասարսափելի շրջանները վկայում են, որ հայ ժողովուրդը քրիստոսավանդ այս պատգամին հավատարիմ է մնացել: Նրան խեղդել են հարկերի լծի տակ, իսկ նա հարատևել է Տիրոջ խոսքով, արյունված ձեռքերով գորգ գործել, Ավետարան ծաղկել, խաչքար քանդակել… Ազգովի քայլել ենք ժամանակի անապատում, անընդհատ ենթարկվել նյութին ծառա դառնալու սատանայական դրդումին, բայց միշտ ընդդիմացել, որովհետև Ոգի և Տեսիլք ունեցող ժողովուրդը ցանկացած իրավիճակում հավատարիմ է մնում իր սկզբունքներին:
Այսօր, երբ աշխարհը գնում է ազգությունների փոխներթափանցման և միաձուլման ճանապարհով, յուրաքանչյուր անհատ իր ինքնությունը պետք է հաստատի ոչ թե ուրիշին կապկելով ու նմանվելով, այլ ընդհակառակը` իր արմատներին, իր նախնիներին ցույց տված հավատարմությամբ: Սա դրսևորվում է նաև ավետարանական ավանդների անարատ ընկալումով և կենսագործումով: Սակայն երբ ոչ միայն անհատը, այլև ազգն է բռնում դարեր ի վեր իր ստեղծածից հրաժարման և նոր ու սնամեջ գաղափարների հետևելու ուղին, նա անշեղորեն քայլում է ինքնաոչնչացման ճանապարհով: Հայ մարդը, որին ո՛չ հուրը և ո՛չ էլ սուրը չէին կարող ստիպել ուրանալ նախնյաց Աստծուն, այսօր դառնում է օտարամուտ աղանդների հեշտ զոհը: Ուրեմն ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է հայը թողնում իր պատվավոր տեղն ընտրյալների շարքում, անհավատարմություն ցուցաբերում հայրերի Աստծո և նրա խոսքի նկատմամբ ու գլորվում ցեխի մեջ: Մի՞թե Աստված է հեռացել մեզանից: Բնավ ոչ:
Ս. Գրքի յուրահատկություններից մեծագույնը նրա բացահայտած ճշմարտությունների վերժամանակային լինելն է: Դրանք չեն հնանում և այսօր էլ մեզ պատգամում են նույն խոսքը. մարդն ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ, և նրան կյանք տվողն առավելաբար Տիրոջ ամենակեցույց Խոսքն է, քան կորստյան ենթակա հացը: Ուստի խնդրենք, որ Քրիստոս մեզ զորացնի իր Հոգու արիությամբ` հաղթահարելու գոյության կռվի պատրվակով մեզ փորձության ներքաշող հին թշնամու որոգայթները: Իսկ հաղթել կարող ենք, եթե ապրենք «ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ»: Այս ճանապարհով է, որ Քրիստոսի հաղթական բազուկը մեզ դուրս կբերի ամեն տեսակ փորձության անապատից` մեզ պահելով իր ամենազոր Աջի հովանու ներքո:

Տ. ՀԱԿՈԲ քահանա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #45 (860) 17.11.2010 – 24.11.2010, Հոգևոր-մշակութային


09/12/2010