Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐԵՎԻ ԵՎ ՔԱՐԵՐԻ ԵՐԿՐԻ ԶԱՎԱԿԸ
ԱՐԵՎԻ ԵՎ ՔԱՐԵՐԻ ԵՐԿՐԻ ԶԱՎԱԿԸ

ԱՐԵՎԻ ԵՎ ՔԱՐԵՐԻ ԵՐԿՐԻ ԶԱՎԱԿԸԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

Նրա ամբողջ կյանքը սիրո յուրահատուկ պատմություն է, որ աշխարհով մեկ տարածվել է նրա հրաշալի երգերով…

 

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921թ. հունվարի 21-ին: Ընտանիքի հոր՝ մաթեմատիկայի ուսուցիչ Հարություն Բաբաջանյանի ուրախությանը չափ ու սահման չկար:  Երեք տարի հետո երբ իր մահկանացուն է կնքում Վլադիմիր Լենինը, եւ երկրում սուգ է հայտարարվում, ապագա կոմպոզիտորի հայրը մտածում է երեխայի ծննդյան օրը փոխելու մասին, քանի որ իրենց տանն ամեն տարի տոն կլինի, մինչդեռ երկիրը կսգա բոլշեւիկների առաջնորդի մահը: Այսպես տղայի ծննդյան օրը տեղափոխում են հունվարի 22:

 

Կոմպոզիտորը խելահեղորեն սիրահարված էր քաղաքամայր Երեւանին

Կոմպոզիտորը խելահեղորեն սիրահարված էր իր հայրենի քաղաքին, նա Երեւանն աշխարհի լավագույն վայրն էր համարում, նրա հետ կապը երբեք չի կորցրել՝ նույնիսկ հեռու ապրելով: Բաբաջանյանն ամեն ամառ հայրենիք էր գալիս: Նա սիրում էր կրկնել, որ ապրում է Երեւանում, բայց բնակվում Մոսկվայում: Նա իր մոսկովյան բոլոր ընկերներին եւ գործընկերներին հրավիրում էր հիանալու արեւի եւ քարերի երկրով: Նման յուրաքանչյուր այցելությունը նա կարող էր վիթխարի տոնի վերածել՝ էքսկուրսիաներով եւ հյուրասիրությամբ:

Մի անգամ Երեւանում երաժշտական փորձ են անցկացրել: Անցորդներին են մոտեցել՝ խնդրելով երգել Առնո Բաբաջանյանի «Երեւանի սիրուն աղջիկ» երգը, որը հնչում է «Առաջին սիրո երգը» ֆիլմում: Զարմանալի է, բայց փողոցում չի եղել գեթ մեկը, որ այն սկզբից մինչեւ վերջ չերգի:

 

ԱՐԵՎԻ ԵՎ ՔԱՐԵՐԻ ԵՐԿՐԻ ԶԱՎԱԿԸԱզգային հարց

Առնո Բաբաջանյանն անչափ նրբանկատ է եղել ազգային պատկանելությանը վերաբերող հարցերում: Նա հետեւում էր հայկական բոլոր ավանդույթներին եւ որդուց՝ Արայից պահանջում էր իր մտքերը միայն մայրենի լեզվով շարադրել:  Չլսելու դեպքում որդուն կարող էր նույնիսկ ապտակել, քանի որ Առնո Բաբաջանյան ՀԱՅԸ դաստիարակության հարցում չափից դուրս խստապահանջ էր: Հայերենով շփվելու խնդիրն առանձնապես հրատապ է դարձել, երբ ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Որդին ստիպված է եղել մայրենի լեզուն ու խոսքը կրկնապատկված եռանդով գործածել՝ հատկապես Հայաստանում ամառային արձակուրդներն անցկացնելիս: Ասում են, որ մեծ կոմպոզիտորը նեղսրտում ու անգամ վիրավորվում էր  այն ծնողներից, որոնք իրենց զավակների հետ հայերենով չէին շփվում:

Պատմում են նաեւ, որ մի անգամ, երբ Մոսկվայում չորս տարեկան Արայիկին հարցրել են՝ ի՞նչ ազգության է պատկանում, և երբ երեխան պատասխանել է, որ հրեա է, քանի որ ոչ մի ազգության մասին պատկերացում չի ունեցել, իսկ շենքի բնակիչները հիմնականում հրեաներ էին, դրանից հետո նա ստացել է հոր հերթական ապտակը…:

 

Մարդ, որը հաղթել է մահին

Առնո Բաբաջանյանը 32 տարեկանում հիվանդացել է: Բժիշկները սպիտակարյունություն են ախտորոշել, սակայն ազգականներն սկզբում վախեցել են նրան խոստովանել եւ թաքցրել են ախտորոշման պատասխանը: Առնո Բաբաջանյանի վրդովմունքն անսահման է եղել, երբ  իմացել է ճշմարտությունը: 1960-ական թվականների վերջերին խորհրդային կառավարությունը ֆրանսիական բժշկության պայծառ դեմքերից մեկին հրավիրել է կուսակցական գործիչ Ալեքսեյ Կոսիգինի հիվանդ կնոջ մոտ: Երբ այս մասին իմացել է Բաբաջանյանի մտերիմ ընկեր Էդուարդ Միրզոյանը, նա անմիջապես օգնության խնդրանքով դիմել է Հայաստանի ԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին, որն էլ  զանգահարել է Մոսկվա եւ խնդրել, որ ֆրանսիացի բժիշկը Առնոյին էլ զննի: Քոչինյանին հայտնել են, որ բժիշկը մեկ խորհրդատվության համար 2000 դոլար է վերցնում: Քոչինյանն առանց մեկ վայրկյան իսկ տատանվելու պատասխանել է, որ իրենք Բաբաջանյանի համար պատրաստ են նույնիսկ միլիոն էլ վճարել: Արդյունքում՝ նշանակված բուժման շնորհիվ Առնո Բաբաջանյանը յուրահատուկ ռեկորդ սահմանեց և այդպիսի ծանր ախտորոշմամբ ապրեց 30 տարի:

 

Բաբաջանյանի մուսան

Առնո Բաբաջանյանն իր ապագա կնոջը՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող Թերեզա Հովհաննիսյանին առաջին անգամ հանդիպել է 1945 թվականին: Թերեզան համերգից հետո մոտեցել է Առնոյին եւ հիացած խոստովանել, որ աստվածային է նվագում: Հենց այս հրաշք հայուհուն է վիճակվել դառնալու մեծ կոմպոզիտորի կյանքի «գլխավոր կինը»: Այս հանդիպումը նրա կյանքն արմատապես փոխեց: Նրան դաշնակահարուհու մեծ ապագա էին կանխորոշել, սակայն Թերեզան որոշեց իրեն նվիրել սիրելի Առնոյին: Նա ամուսնուն ուղեկցել է ամենուր: Երբ նա հիվանդացել է, Թերեզան մշտապես հետն է վերցրել առաջին օգնություն ցուցաբերելու հավաքածուն: Իսկ հիվանդանոցում պառկած ժամանակ բժիշկներից գաղտնի նրան օգնել է համերգի կամ հեռուստանկարահանումների գնալ. անհնար էր մերժել ամբողջ շրջապատի համար նախկին ուրախ Առնոն մնալու նրա ցանկությունը:

Առնո Բաբաջանյանի սիրտը դադարել է բաբախել 1983 թվականի նոյեմբերի 11-ին:

 

Պատրաստեց՝ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ