Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷՐԴՈՂԱՆԸ ՆԵՐՔԱՇՎԱԾ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼԻ ՄԵՋ



ԷՐԴՈՂԱՆԸ ՆԵՐՔԱՇՎԱԾ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼԻ ՄԵՋԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 14 տարի առաջ իշխանության եկավ որպես բարեպաշտ մահմեդական՝ հայտարարելով, որ մտադիր է կոռուպցիան արմատախիլ անել թուրքական քաղաքականությունից:

 Իր իշխանությունն ամրապնդելուց և վարչապետից բռնակալ նախագահ դառնալուց հետո նա մոռացավ իր խոստումները և վարեց խիստ կոռումպացված քաղաքականություն, որը նախկինում դատապարտել էր: Ինչպես ասել է բրիտանացի պատմաբան լորդ Աքթոնը՝ «Իշխանությունը փչացնում է. բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես…»:

Այս շաբաթ ցանկանում եմ լուսաբանել Էրդողանի չորրորդ կոռուպցիոն սկանդալը՝ սկսելով իր և իր ընտանիքի ներգրավմամբ նախորդ երեքի ամփոփմամբ:

Առաջին դեպքը տեղի է ունեցել 2008 թվականին և վերաբերում է Էրդողանի՝ 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավ նվեր ստանալուն ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովի կողմից: Էրդողանի խնդրանքով Մանսիմովը հետագայում դարձավ Թուրքիայի քաղաքացի և փոխեց իր ազգանունը՝ Գուրբանօղլու:

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել 2013թ. դեկտեմբերին, երբ Էրդողանը և նրա նախարարներից չորսը ներգրավված էին բազմամիլիոնանոց կոռուպցիոն հետաքննության մեջ: Դատավարությունից առաջ չորս նախարարները հրաժարական տվեցին: Սակայն Էրդողանը միջամտեց դատավարությանը, մերժեց դատական հայցը և հեռացրեց այն դատախազներին ու ոստիկաններին, որոնք բացահայտել էին իր նախարարների կոռումպացված գործունեությունը… Գաղտնալսվել էին Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի մասնավոր հեռախոսազրույցները՝ բացահայտելով նրանց քննարկումները հարյուր միլիոնավոր դոլարների կանխիկ գումար թաքցնելու մասին…

Կոռուպցիայի երրորդ դեպքը Նյու Յորքում շարունակվող դատավարությունն է Թուրքիայից Իրան նավթի համար մաքսանենգ ճանապարհով ոսկի արտահանելու միլիարդավոր դոլարների ծրագրի վերաբերյալ՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խախտմամբ: Անցյալ շաբաթ ոսկու առևտրով զբաղվող թուրք-իրանցի Ռեզա Զարաբը մեղավոր ճանաչվեց յոթ մեղադրանքներով՝ բացահայտելով թուրք բանկիր Մեհմեդ Հաքան Աթիլայի և յոթ այլ մեղադրյալների, այդ թվում՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի մասնակցությունը, որը մեղադրվում է միլիոնավոր դոլարներ կաշառք ստանալու մեջ՝ ապօրինի ծրագիրը կազմակերպելու դիմաց: Զարաբը նաև ներքաշել է Էրդողանին՝ նավթի առևտրի համար ապօրինի ոսկին արտահանելու թույլտվության համար:

Չորրորդ և վերջին կոռուպցիոն ծրագիրը ներառում է Էրդողանի ընտանիքի  անդամներին, որոնք 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. հունվարն ընկած ժամանակահատվածում 15 միլիոն դոլար են փոխանցել  Bellway Limited օֆշորային ընկերությանը Անգլիայի Մեն կղզու հարկային ապաստարանում: Այս մեղադրանքը ներկայացրել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Մեն կղզին Բրիտանական թագի ինքնավար թագավորական տարածք է, որը գտնվում է Իռլանդական ծովում, Անգլիայի և Իռլանդիայի միջև:

Վերջերս ՀԺԿ նախագահ Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2011թ. օգոստոսի 1-ին Մեն կղզում՝ 1 ֆունտ ստեռլինգ հիմնադիր կապիտալով: Նա բացահայտել է Bellway Limited ընկերությանը 15 միլիոն դոլարի բանկային փոխանցումների քաղվածքներն ու պատճենները.

-2011թ. դեկտեմբերի 15-ին Էրդողանի փեսան՝ Զիյա Իլգենը, փոխանցել է 2.5 միլիոն դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 26-ին՝ 1.25 միլիոն դոլար:

-2011թ. դեկտեմբերի 15-ին Էրդողանի եղբայր Մուսթաֆան փոխանցել է 2.5 միլիոն  դոլար, իսկ 2011թ. դեկտեմբերի 26-ին՝ 1.25 միլիոն  դոլար:

-2011թ. դեկտեմբերի 27-ին Էրդողանի աները՝ Օսման Քեթենչին, փոխանցել է 1.25 միլիոն  դոլար, իսկ 2011թ. դեկտեմբերի 28-ին՝ 1 միլիոն  դոլար:

-2011թ. դեկտեմբերի 27-ին Էրդողանի նախկին գործադիր օգնական Մուսթաֆա Գյունդոգանը փոխանցել է 1.25 միլիոն  դոլար, իսկ 2011թ. դեկտեմբերի 28-ին` 250 000 դոլար:

-2011թ. դեկտեմբերի 29-ին Էրդողանի որդին՝ Ահմեդ Բուրաք Էրդողանը, փոխանցել է 1.45 միլիոն դոլար, իսկ 2012թ. հունվարի 4-ին՝ 2.3 միլիոն  դոլար:

Քըլըչդարօղլուն խորհրդարանական միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով փոխանցումների վերաբերյալ հետաքննություն անցկացնել: Սակայն, մեծամասնություն կազմող Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դեմ է քվեարկել այդ առաջարկությանը: Երբ Քըլըչդարօղլուն դիմել էր խորհրդարան՝ Էրդողանի դեմ մեղադրանքների առնչությամբ, պետական հեռուստաընկերությունը անջատել էր ուղիղ հեռարձակումը…

Անցյալ շաբաթ թուրք դատախազները հայտարարեցին, որ իրենք հետաքննում են Էրդողանի դեմ մեղադրանքները: Այնուամենայնիվ, ինչպես հայտնի է, ոչ մի դատավոր չի համարձակվի հաստատել, որ Էրդողանը մեղավոր է որևէ հանցագործության համար, հաշվի առնելով, որ շատ դատավորներ պաշտոնազրկված են կամ կալանավորված՝ Թուրքիայի նախագահի ցանկությունները չկատարելու համար:

Էրդողանը, ինչպես և սպասվում էր, զայրացած էր իր ընտանիքի հասցեին հնչած մեղադրանքների համար: Նա հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե ապացուցվի, որ նա բանկային հաշիվ ունի արտասահմանում: Էրդողանի իրավաբան Ահմեդ Օզելը հայտարարել է, որ Քըլըչդարօղլուի կողմից հրապարակված բանկային փաստաթղթերը «կեղծ» էին, իսկ մեղադրանքները՝ «սուտ»:  Էրդողանն սպառնացել է, որ Քըլըչդարօղլուն «թանկ կվճարի» դրա համար և դատական հայց է ներկայացրել նրա դեմ՝ պահանջելով 500 հազար դոլար զրպարտության համար…

Այդ սկանդալները կարող են բացասաբար ազդել Էրդողանի վերընտրության վրա 2019 թվականին, եթե իհարկե նա թույլ տա արդար ընտրություններ անցկացնել: Հուսով ենք, որ Էրդողանը կմնա իր պաշտոնում, քանի որ նա համառորեն շարունակում է վարկաբեկել Թուրքիան ամբողջ աշխարհում…

 ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ 

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #49 (1220) 13.12.2017 - 19.12.2017, Տարածաշրջան


13/12/2017