Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՎԿԱՅԱԳԻՐ՝ 38 ԸՆՏԱՆԻՔԻ



ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՎԿԱՅԱԳԻՐ՝ 38 ԸՆՏԱՆԻՔԻԳեւորգ Միսակյանն առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս երեք հրազենային վիրավորում է ստացել: Բուժման երկար շրջան է անցել՝ ոտքի կանգնելու համար: Կյանքը կամաց-կամաց բնականոն հունի մեջ է ընկել՝ ամուսնացել է, երկու որդի ունեցել: Գեւորգի հիմնական խնդիրը, թերեւս, բնակարան չունենալն էր: 2007 թվականին  դիմել էր պաշտպանության նախարարություն` աջակցություն ստանալու խնդրանքով: Սակայն, ասում է՝  տանիք ունենալն անիրատեսական էր թվում: Երբ տասը տարի անց պաշտպանության նախարարությունից զանգեցին եւ տեղեկացրին՝ դեկտեմբերի 6-ին պետք է ներկայանա բնակարանի գնման վկայագիր ստանալու, էլի չհավատաց: Բայց նշված օրը, նշված ժամին եկավ գերատեսչություն: Կլոր դահլիճում Գեւորգից բացի ներկա էին եւս  37 շահառուներ` առաջին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ և զոհված զինծառայողների անօթեւան ընտանիքների անդամներ:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց. «Իմ խոնարհումն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ` մեր երկրի անվտանգության, պաշտպանության գործում անչափելի ներդրման համար: Պետությունը մեծ պարտք ունի զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների առջև: Հետևողական քայլեր մշտապես կատարվել և շարունակելու են ձեռնարկվել` մեր երկրի անվտանգության ու պաշտպանության համար իրենց կյանքը զոհած կամ առողջությունը վտանգած համաքաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու համար: Պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելուց հետո ես փորձել եմ զոհված զինծառայողների ընտանիքների և առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների խնդիրներին մոտենալ ավելի կանոնակարգված»: Ըստ Վիգեն Սարգսյանի՝ անհավասար բաշխման հետևանքով ձևավորվել են անարդարության խոր հիմքեր. «Օրինակ՝ ապրիլյան մարտագործողություններից տուժած այն ընտանիքները, որ Երեւանում կամ մերձակայքում էին բնակվում, շատ ավելի մեծ ուշադրության են արժանացել բարերարների, կազմակերպությունների կողմից, քան նույն վիճակում հայտնված, բայց հեռավոր շրջաններում ապրողները: Երևանում բուժօգնության տրամադրման հնարավորությունն ավելի մեծ է, քան մարզերում, նույնը վերաբերում է նաեւ բնակարանաշինության ծրագրին: Փաստորեն, նույն խնդիրներն ունեցող մարդիկ տարբերակված վերաբերմունքի են արժանացել, ինչն անընդունելի է»:

Նախարարը ներկայացրեց մինչ այս իրականացրած հիմնական քայլերը և առանձնացրեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ստեղծումը: Ասաց՝ միջոցների բավարար լինելու դեպքում նախարարության ծրագրերն ավելի են ընդլայնվելու, և հիմնադրամի ուշադրության կենտրոնում են հայտնվելու մինչ օրենքի ընդունումը զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները:

ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆԵԼՈՒ ՎԿԱՅԱԳԻՐ՝ 38 ԸՆՏԱՆԻՔԻՎիգեն Սարգսյանը կարեւորեց զինհաշմանդամների վերականգնողական նոր կենտրոնի կառուցումը և տեղեկացրեց՝ այն մինչև հունվարի 28-ը կբացի իր դռները և հագեցած կլինի գերժամանակակից սարքավորումներով. «Մեր տարածաշրջանում իր նման երկրորդը չունեցող, հաշմանդամին ոտքի կանգնեցնող, երկարատև բուժման հնարավորություններ տրամադրող կենտրոն է լինելու»:

Երրորդն էլ բնակարանային ապահովման վերոնշյալ ծրագիրն է, որի իրականացման համար ապրիլի 20-ին «Ազգ-բանակ» համաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեք տարի ժամանակ էր տվել:  Նախարարի խոսքով՝ հաշվարկներ են կատարել և եզրակացրել՝ ծրագիրը հնարավոր է իրականացնել անհամեմատ սեղմ ժամկետներում՝ ներգրավելով հավելյալ ֆինանսավորում. «Օգտագործելով ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցները, մասնավորապես՝ տեսախցիկների արձանագրած խախտումներից գանձվող գումարի մի մասը, հնարավոր դարձավ ծրագիրն իրականացնել մեկ տարվա ընթացքում»:

Արդյունքում` մինչև տարեվերջ 223 ընտանիք վկայագիր կստանա ու կկարողանա իր ընտրությամբ բնակարան գնել: Նախարարի խոսքով` գումարը հաշվարկել են՝ հիմք ընդունելով շահառուի գրանցման վայրում բնակարանի վերջին երեք ամսվա կադաստրային արժեքը: Շահառուն վկայագրով կկարողանա բնակարան ձեռք բերել վեց ամսվա  ընթացքում, իսկ գումարը վաճառողին կփոխանցի նախարարությունը: Վիգեն Սարգսյանը խորհուրդ տվեց բնակարան գնել մինչեւ դեկտեմբերի վերջ. «Մենք հարգելու ենք պայմանագրի ժամկետը, մենք անելու ենք ամեն ինչ, որ վկայագիրը լիարժեք օգտագործվի»:

Եվ ահա Գեւորգը նախարարի առաջին տեղակալից ստանում է վկայագիրը:  Նա Թաիրով գյուղում արդեն երկու սենյականոց բնակարան է գտել:  Նախարարության տրամադրած վեց միլիոն դրամին ևս երկուսը կավելացնի, և նրա ընտանիքը Նոր տարին կդիմավորի նոր բնակարանում:

Շուշան Ստեփանյան

Լուս.՝ Սիփան Գյուլումյանի 

Խորագիր՝ Նորություններ


07/12/2017