Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ



ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԶրույց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, պահեստազորի գնդապետ ԲԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

 

-Պարոն Հարությունյան, լրանում է բանակի բուժծառայության կազմավորման 25-ամյակը: Սովորաբար, տոնական իրադարձությունների ժամանակ գովերգում են հոբելյարին, խոսում են միայն ձեռքբերումների ու հաջողությունների մասին: Բայց ես ուզում եմ խախտել ընդունված կարգը եւ անդրադառնալ բացառապես այն խնդիրներին, որոնք խոչընդոտել են ռազմաբժշկական կառույցի առավել արագ ու արդյունավետ զարգացումը եւ ուրվագծել այն հնարավորությունները, որոնք կստեղծեն գալիք մարտահրավերներին դիմակայելու նախադրյալներ:

-Այո՛, համաձայն եմ, խնդիրների մասին խոսելը մեր զրույցը կդարձնի առավել օգտակար ու գործնական:

-Դուք բանակի բուժծառայությունը ղեկավարել եք 1992-95 թվականներին, այսինքն` պատերազմի ընթացքում, կառույցի հիմնադիրներից եք, եւ ես տեսել եմ, թե ինչ հպարտությամբ եք խոսում Արցախյան պատերազմի տարիներին մեր զինված ուժերի ռազմաբժշկական համակարգի գործունեության ու զինվորական բժիշկների սխրանքների մասին: Ուզում եմ հարցնել, բուժծառայության հետագա ընթացքը եղե՞լ է նույնքան արդյունավետ ու սխրալի: Ձեզ բավարարո՞ւմ են բանակի բուժծառայության զարգացման տեմպերը: Բուժծառայությունը, ի տարբերություն բանակի մյուս կառույցների, զրոյից չձևավորվեց: Հայաստանում բժշկությունը բավականին զարգացած էր խորհրդային տարիներին, ու լավ նախադրյալ էր, որ ռազմական բժշկության առաջընթացը լիներ թռիչքային:

-Համաձայն չեմ Ձեր գնահատականին, քանի որ քաղաքացիական բժշկությունը մեծապես տարբերվում է ռազմական բժշկությունից, ու կարող ենք արձանագրել, որ բանակի բուժծառայությունը կազմավորվել է զրոյից, ինչպես մյուս կառույցները, զարգացել է ու պիտի զարգանար բանակի մյուս ստորաբաժանումներին համապատասխան եւ Հայաստանի առողջապահական համակարգի վիճակին ներդաշնակ: Այս առումով, բանակի բուժծառայությունից մեծ թռիչքների ու հզոր առաջընթացի ակնկալիք ունենալը միամտություն կլիներ: Այն, որ բանակի այսօրվա բուժծառայության տեխնիկական հագեցվածությունը, շենքային պայմանները, բուժծառայության որակը եւ բանակի առողջապահության կազմակերպումը էականորեն բարելավվել է 25 տարիների ընթացքում, անհնար է վիճարկել: Բայց անհնար է նաեւ չասել, որ հանրապետության առողջապահական համակարգը եւ նրա հետ միասին` բանակի բուժծառայությունը կարող էին առաջընթացի ավելի մեծ շարժ արձանագրել, եթե ժամանակին սահմանվեին առողջապահական համակարգի գաղափարախոսությունն ու առաջնահերթությունները, եթե լիներ առողջապահության զարգացման հայեցակարգ, բժշկագիտության զարգացման ծրագիր, եթե ձեւավորվեին մասնագիտական դիֆերենցված ծառայությունները, եթե բժշկագիտությունը դառնար կիրառական խնդիրներ լուծող գիտություն եւ այլն: Ես չեմ կարող չասել, որ մեր երկրում առողջապահական համակարգը զարգացել է տարերայնորեն, եւ դա չէր կարող ուղղակիորեն չարտացոլվել ռազմական բժշկության վրա: Այսօր բարդ, ռեկոնստրուկտիվ բժշկությունը Հայաստանում էականորեն հետ է մնում համաշխարհային տեմպերից:

Տարիներ առաջ երկրի ղեկավար անձանցից մեկն ասաց, որ գնում է արտերկիր` պրոֆիլակտիկ ստուգումների, ինչը ինձ շատ հուզեց: Եթե այդ մարդիկ չեն վստահում սեփական երկրի բժշկությանը եւ նույնիսկ պրոֆիլակտիկ ստուգումների համար գնում են արտերկիր, ապա ինչ բժշկություն ենք մենք առաջարկում ժողովրդին:

-Պարոն Հարությունյան, խաղաղ պայմաններում բանակի բուժծառայությունը կարծես թե կատարում է իր խնդիրը` համաճարակներ չկան, հիվանդության հետեւանքով մահեր` նույնպես: Համաձա՞յն եք:

-Այո՛, խաղաղ պայմաններում բանակի բուժծառայությունը կատարում է խնդիրը, հանրապետությունում ընդունված չափորոշիչներին համապատասխան: Հոսպիտալները գործում են, զորամասերի բուժծառայությունները կատարում են իրենց գործառույթները:

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այդ մասշտաբի ընդհարման ժամանակ նույնպես բանակի բուժծառայությունը կարող է տիրապետել իրավիճակին եւ պատվով դուրս գալ փորձությունից` կազմակերպելով առաջին բուժօգնություն` փոխօգնություն եւ ինքնօգնություն, պահպանելով ոսկե ժամանակը, այսինքն` տարհանման արագությունը: Բանակից բժիշկների արտահոսքն էլ կարելի է արագ կանխել` լուծելով սոցիալական մի քանի խնդիր, կարելի է ուղիներ գտնել որոշ զորամասերի բուժծառայության թափուր հաստիքները համալրելու համար, դա էլ դժվար չէ: Սակայն ամենակարեւորը երկրի առողջապահության համակարգի եւ բանակի բուժծառայության պատրաստությունն է մեծամասշտաբ պատերազմի: Ներկայի գերճշգրիտ մահաբեր զենքերը ու զանգվածային խոցման միջոցների հարուստ զինանոցի գոյությունը, ինչպես նաեւ կենսաբանական զենքի կիրառման հնարավորությունը եւ մի շարք այլ հանգամանքներ ենթադրում են համակցված ծանր վիրավորումների, այրվածքների զանգվածայնություն, ինչը բուժծառայության առջեւ դնում է ծավալուն ու բարդ խնդիրներ, որոնց արդյունավետ լուծելու համար բուժծառայությունը պետք է լինի շարժունակ, օպերատիվ, կառավարելի, մասնագիտացված: Ղարաբաղյան պատերազմի փորձը վկայում է, որ անհրաժեշտ է միավորել քաղաքացիական եւ ռազմական նախանշանակման բուժծառայությունների ներուժը: Այս մոդելը ոչ միայն արդյունավետ է գործում մարտական գործողությունների ժամանակ, այլեւ նպաստում է բժշկական ապահովման համակարգի ինքնազարգացմանն ու կատարելագործմանը: Եթե խոսքը գալիք մարտահրավերներին դիմակայելու մասին է, ապա խնդիրը շատ ավելի գլոբալ է, եւ պետք է լուրջ բարեփոխումներ իրականացվեն երկրի առողջապահական համակարգում, ինչը ուղղակիորեն կընդգրկի նաեւ բուժծառայության ոլորտը: Անհրաժեշտ է ունենալ հայեցակարգային հենքի վրա ստեղծված, օրենսդրորեն ամրագրված ու երաշխավորված՝ բնակչության առողջության պահպանման միասնական համակարգ: Եվ այս համատեքստում առաջին հերթին անհրաժեշտ է բացահայտել հանրային առողջության վրա բացասաբար ազդող շարժառիթները, ռիսկային գործոնները եւ մշակել դրանք վերացնելու խելամիտ ու կիրառելի ծրագիր: Այսօր հանրապետության առողջապահության ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունը ընդհանուր առմամբ պատրաստ չէ ապահովելու բնակչության պահանջները բավարարող ծառայությունների անհրաժեշտ հասանելիությունը, որակը, օպերատիվությունը ու անընդհատությունը, արդյունավետությունն ու անհրաժեշտ ծավալները: Եվ սա ուղղակիորեն անդրադառնում է բանակի վրա: Առողջապահության առաջնային օղակի գործունեության կարեւոր ուղղություններից է զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի մշտահսկումը, մինչդեռ ամեն տարի կենտրոնական զորակոչային հավաքակայանում մակերեսային զննման ժամանակ հայտնաբերվում են լրացուցիչ հետազոտություններ չպահանջող այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են քթի միջնապատի թեքությունը, քրոնիկ տոնզիլիտը, բերանի խոռոչի հետ կապված խնդիրները: Սա խոսում է ինչպես առաջնային օղակի, այնպես էլ կցագրային հանձնաժողովների գործունեության անարդյունավետ եւ ձեւական բնույթի մասին: Մինչդեռ դրանց գործունեության արդյունքները պետք են բժշկական տեղեկատվական բազայի եւ անհատական էլեկտրոնային բժշկական քարտի մշակման համար, սա ընդամենը մեկ պարզունակ օրինակ է…

Վերջին երկու տասնամյակների ընթացքում փաստացի կտրվել է գործնական առողջապահության եւ բժշկագիտության կապը: Բժշկագիտությունը օտարվել է հանրային առողջության առաջնային խնդիրների լուծման հարցերից: Նույնը վերաբերում է նաեւ ռազմական բժշկությանը, որովհետեւ սրանք ամբողջի երկու սերտաճած մասերն են: Ես այս երկու օրինակով փորձեցի մատնանշել, որ ռազմական բուժծառայությունը զարգացել եւ զարգանում է իրեն տրված հնարավորությունների սահմանում, եւ կարիք ունենք առավել գլոբալ բարեփոխումների, պետք է հանրապետության առողջապահական համակարգի և ռազմաբժշկական ծառայության ինտեգրման միջոցով ստեղծել համապետական ժամանակակից, զարգացող և բոլոր իրավիճակներում մարտահրավերները լուծելու պատրաստ կառույց: Ուստի, մեր կարծիքով, անհրաժեշտ են ոլորտի գործունեության հայեցակարգային փոփոխություններ, հանրային առողջության պահպանման նոր, գործունակ միասնական համակարգ` գերակա ուղղությունների հստակ սահմանումով, ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան մոդելի ստեղծումով, որը կապահովի հանրային առողջության պահպանման բարձր աստիճանի հուսալիություն եւ տրամադրվող բժշկական օգնության ժամանակակից որակ, եւ որը ունակ կլինի արդյունավետ գործել ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ արտակարգ իրավիճակներում եւ պատերազմական գործողությունների ժամանակ:

Ամփոփելով զրույցը՝ ուզում եմ շնորհավորել մեր բոլոր բուժծառայողներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթել անձնական երջանկություն ու հաջողություններով լի աշխատանք: Բանակի առողջությունը նրա հաղթանակների ամենակարևոր գրավականներից է:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #46 (1217) 22.11.2017 - 28.11.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/11/2017