Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԵՏԱԽՈՒՅԶ. ԿՈՉՈՒՄ ԵՎ ԱՊՐԵԼԱՁԵՎ
ՀԵՏԱԽՈՒՅԶ. ԿՈՉՈՒՄ ԵՎ ԱՊՐԵԼԱՁԵՎ

ՀԵՏԱԽՈՒՅԶ. ԿՈՉՈՒՄ ԵՎ ԱՊՐԵԼԱՁԵՎԶինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 7-ին նշվեց հետախուզության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձը։ Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության վետերաններ, զինծառայողների հարազատներ:

Զորամասի անձնակազմը շարվել է հանդիսավոր տողանի: Շարահրապարակ բերվեց զորամասի մարտական դրոշը: Ենթականերին շնորհավորեց հետախուզության վարչության պետ, գեներալմայոր Առաքել Մարտիկյանը:

Այսօր նշում ենք ռազմական հետախուզության կազմավորման 25-րդ տարեդարձը, որը փաստացի կայացել է մեր զինված ուժերի ստեղծմանը զուգահեռ` ժամանակի պահանջին համապատասխան: Այն սկսեց կազմավորվել դեռևս 1991 թվականից, երբ ԶՈւ՝ որպես այդպիսին, չկային, իսկ ինքնապաշտպանությունը ղեկավարում էր Ռազմական կոմիտեն և որպես ԶՈՒ անբաժան մասնիկ հիմնադրվեց 1992 թվականին: Առաջին պետն է եղել գնդապետ Իվան Ղուկասովը, որի ժամանակ ծառայությունը կազմավորվել է որպես մարտական ապահովման ձև:

Գեներալմայորը հարգանքի խոսք ուղղեց բոլոր նրանց, ովքեր իրենց դերակատարումն են ունեցել և ունեն ռազմական հետախուզության կայացման գործում: Նաև հավելեց, որ այսօր հետախուզությունը բարեփոխվել է, զարգացում են ստացել յուրահատուկ գործունեության առանձին ուղղություններ, բայց դեռևս առկա է անելիքների հսկայական շարան։ 

Փաստ է, որ առանց հետախուզության, որոշում չի կայացվում. ռազմական հետախուզությունը յուրաքանչյուր բանակի հզորության և մարտունակության հենասյուներից է: Մարտի դաշտում հաղթանակը, իսկ խաղաղ ժամանակներում այդ նույն խաղաղությունը՝ որպես կանոն, ապահովում են հետախուզական ստույգ տեղեկատվությամբ։

Վերջում հետախուզության վարչության պետը հավաստիացրեց, որ ռազմական հետախույզներն ի զորու են պատվով կատարելու առաջադրված մարտական խնդիրները` հանուն Հայրենիքի անվտանգության՝ առաջնորդվելով հետևյալ կարգախոսով՝ վասն Հայրենյաց՝ առանց փառքի իրավունքի:

ՀԵՏԱԽՈՒՅԶ. ԿՈՉՈՒՄ ԵՎ ԱՊՐԵԼԱՁԵՎԵլույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ամենամյա այս տոնը հայ հետախույզներին շնորհավորելու և մաղթանքներ հղելու առիթ չէ միայն: Այն հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրում է ռազմական այս ոլորտի և այն մարդկանց վրա, որոնց ամենամյա վտանգավոր և նվիրված ծառայության, անձնվեր ու հերոսական գործողությունների շնորհիվ զսպվում են հակառակորդի նկրտումները: Վստահ եմ, սխալված չեմ լինի, և մյուս զինվորական մասնագիտությունների դերը բնավ նսեմացրած չեմ լինի, եթե ասեմ, որ հետախույզը բանակային ամենաազնիվ, ամենապատվախնդիր և ամենահերոսական մասնագիտությունն է: Շատերն են ասում, որ այն ոչ թե պարզապես մասնագիտություն, այլ նաև կոչում և ապրելաձև է:

Նախարարի գնահատմամբ՝ հետախուզական ստորաբաժանումներում են միավորված արհեստավարժ, հայրենասեր, պատվախնդիր ու ազնիվ, իրենց կենցաղի, մոտեցումների հարցում սկզբունքային և հետևողական մարդիկ:

Ամենօրյա պարապմունքներ, ֆիզիկական, մասնագիտական ունակությունների, տոկունության շարունակական կատարելագործում, մշտական աչալրջություն: Սրանք են հատկությունները, որոնք ի վերջո ձևավորում են հետախույզի հավաքական կերպարը: Այդ կերպարից այս կամ այն չափով ուսանելու և ընդօրինակելու բան ունենք բոլորս:

Վիգեն Սարգսյանը նաև նշեց, որ աշխարհի բոլոր բանակներում կա հետախուզական լեգենդ հասկացությունը: Դրանք պատմություններ են, որոնց իրապատում սյուժեներն ու հերոսները ոգեշնչում են նոր հերոսներին, մղում քաջության և խիզախության: Մեր իրականության մեջ այդ պատմությունների հերոսներն անմիջապես մեր կողքին են: Նրանք Արցախյան պատերազմի մասնակից հետախույզներն են, վերջիններիս արժանի հետնորդները, ապրիլյան պատերազմում վճռական դեր խաղացած հատուկ նշանակության ջոկատները և ամեն օր սահմանին հակառակորդին զսպող, նրա թիկունքում նպատակային գործողություն իրականացնող մեր տղաները:

ՀԵՏԱԽՈՒՅԶ. ԿՈՉՈՒՄ ԵՎ ԱՊՐԵԼԱՁԵՎՉբարձրաձայնելով շատ ու շատ մանրամասներ՝ ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ շատ կարևոր ու դժվարին ծառայության համար: Պատվով, անձնվիրաբար կատարվող ծառայության, որի շնորհիվ հակառակորդն ու մեր բոլոր չարակամների հեռագնա ծրագրերը հօդս ցնդեցին ու հօդս են ցնդելու ապագայում: Բոլորին, ովքեր շուրջ 25 տարի իրենց նպաստն են բերել հայկական բանակի հետախուզական զորքերի ստեղծման, կայացման և հզորացման գործին մաղթում եմ առողջություն, հաջողություն, բազում հաղթական ակնթարթներ ու հպարտության առիթներ մասնագիտական պատվաբեր գործունեության մեջ:

Նախարարը վերհիշեց և արժևորեց հետախուզական զորքերի անցած 25-ամյա դժվարին, բայց և պատվաբեր ճանապարհը կերտած այն հետախույզներին, ովքեր ընկել են մարտական առաջադրանքներ կատարելիս։ Նախարարի առաջարկով նրանց հիշատակը հարգվեց մեկ րոպե լռությամբ։

Հետախուզական զորքերի մի շարք զինծառայողներ խրախուսվեցին գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:

ՀԵՏԱԽՈՒՅԶ. ԿՈՉՈՒՄ ԵՎ ԱՊՐԵԼԱՁԵՎԱյնուհետև սկսվեց միջոցառման երկրորդ հատվածը: Մի քանի ուսումնական կետերում զինծառայողները ներկայացրին հետախույզների զինանոցում առկա սպառազինության, հանդերձանքի, կապի և դիտարկման միջոցների նմուշներ: Տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ, ցերեկային և գիշերային դիտարկման նորագույն սարքեր, պայթուցիչներ և այլն։ Այս ամենից հետո հետախուզական ստորաբաժանումները հանդես եկան ցուցադրական ելույթներով՝ թակարդների տեղադրում, սննդի, ջրի հայթայթում, հակառակորդի զինվորների գերեվարում, լեռնային պատրաստության տարրեր, մերձամարտում ձեռնամարտի հնարքներ և այլն: Հետախույզները ցուցադրեցին իրական հետախուզական գործողության ժամանակ կիրառվող հմտությունների մի մասը միայն:

 ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ