Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՅՈՒՆՈՏ ՄԻԼԻՈՆԱՏԻՐՈՋ ԿՏԱԿԸ



ԱՐՅՈՒՆՈՏ ՄԻԼԻՈՆԱՏԻՐՈՋ ԿՏԱԿԸՇվեդ քիմիկոս, ինժեներ, գյուտարար Ալֆրեդ Նոբելը 19-րդ դարի վերջի Եվրոպայի ամենահայտնի հարուստներից էր, բազմաթիվ ձեռնարկությունների սեփականատեր,  արտոնատեր էր 355 հայտնագործության, որոնցից ամենահայտնին  դինամիտն է:

Ծնվել է 1833թ. հոկտեմբերին, Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում: Հայրը՝ Էմանուել Նոբելը, ստորջրյա ականների գյուտարարն է, Ղրիմի պատերազմի (1853-1856թթ.) ժամանակ նա ռուսական բանակին զենք ու զինամթերք էր մատակարարում:

Էմանուել Նոբելի ութ որդիներից մեկն էլ Ալֆրեդ Նոբելն էր, որ թեև ծնված օրվանից վատառողջ էր, բայց դրա փոխարեն  շնորհալի էր, բազմակողմանի զարգացած ու նաև չափազանց աշխատասեր

19-րդ դարի 50- ական թվականներին նա իր եղբայրների հետ աշակերտ էր հոր գործարանում (Սանկտ Պետերբուրգում):

Այստեղ  էլ ծանոթանում է ռուս հայտնի քիմիկոս Ն. Զինինի հետ: Քիմիայի խորհրդավոր աշխարհը ձգում է, հետաքրքրում, և  երիտասարդը շուտով իր առաջին արտոնագիրն է ստանում ու հոր հետ զբաղվում նիտրոգլիցերինի փորձերով:

Նիտրոգլիցերինի մեծ պայթյունային ուժը հայտնի էր նաև առաջ, բայց ոչ մեկին մինչ այդ չէր հաջողվել գործնականորեն այն կիրառել: Նոբելի հայտնագործությունը դարձավ պատիճճայթիչը (պիստոն), որն առաջացրեց բեռնարկղի պայթյունը հեղուկ նիտրոգլիցերինով: Նոբելները, ներառյալ Ալֆրեդի կրտսեր եղբայրը՝ Էմիլը, որ դեռևս սովորում էր դպրոցում, Ստոկհոլմի մոտ գտնվող մի ոչ մեծ լաբորատորիայում կազմակերպեցին  արտադրություն:

ԱՐՅՈՒՆՈՏ ՄԻԼԻՈՆԱՏԻՐՈՋ ԿՏԱԿԸՄեկ տարի անց՝ 1863թ. աշնան մի օր, լաբորատորիայում պայթյուն որոտաց, որի հետևանքով զոհվեց Էմիլը և եւս 8 մարդ:

Սակայն  Ալֆրեդն այնքան վստահ էր հաջողությանը, որ, չնայած տեղի ունեցածին, չհրաժարվեց Շվեդիայում և Գերմանիայում գործարաններ ստեղծելու մտքից:

Ստոկհոլմի պայթյունը եղավ առաջինը աղետների մի ամբողջ շարքի, որ իրար հաջորդելով, թվում էր, թե պետք  է  ընդմիշտ «թաղեին» արդյունաբերական հիմքով նիտրոգլիցերինի արտադրության գաղափարը: Այդ նյութը շատ «զգայուն»  է և չնչին ցնցումներից կարող է պայթել: Պահել և տեղափոխել հեղուկ նիտրոգլիցերինն ավելի վտանգավոր էր, քան ենթադրում էր ինքը՝ Նոբելը: 1866 նիտրոգլիցերինի բեռով ընթացող շոգենավը հօդս ցնդեց Պանամայի ափերի մոտ, զոհվեց 74 մարդ, մեկ ամսից էլ քիչ անց 14 մարդ մահացավ Սան Ֆրանցիսկոյի պահեստի պայթյունի ժամանակ: Համբուրգի պայթյունն էլ ոչնչացրեց Նոբելի գործարանը: Նման աղետներ եղան Նյու Յորքում, ՍիդնեյումՄարդկային բազում կյանքեր խլած այս պատահարներից  հետո մի շարք երկրներում նիտրոգլիցերինի արտադրությունն արգելվեց: Ալֆրեդ Նոբելը պրպտումների մեջ էր, նա համառորեն շարունակում էր ելք փնտրել.  որոնում էր պինդ, փոշենման մի նյութ, որի հետ զուգակցելով այն կներծծեր իր մեջ  հեղուկ նիտրոգլիցերինը և այդ կերպ կնվազեցներ պայթյունավտանգությունը:

Եվ, ինչպես հաճախ  է պատահում, պատահականությունը օգնության հասավ հայտնագործությանը:

Նոբելի արտադրած նիտրոգլիցերինը սովորաբար տեղափոխում էին շշերով, որոնք տեղադրվում էին Սաքսոնիայից բերված հատուկ հողով լցված արկղերում: Հողը կազմված էր ջրիմուռների սիլիկատե թաղանթներից, ծակոտկեն էր, ուստի ցնցումների ժամանակ հրաշալի հարվածամղիչ դեր էր կատարում:

Մի անգամ, հերթական բեռնաքանակի տեղափոխման ժամանակ, Նոբելը նկատեց, որ նիտրոգլիցերինով լի շշերից մեկը ջարդվել է, եւ վտանգավոր հեղուկը ներծծվել է արկղում եղած հողի մեջ: Գիտնականը որոշեց  պայթուցիկ նյութով պատված հողն ուսումնասիրել և հայտնաբերեց, որ ստացված խառնուրդը ցնցումներից այլևս պայթյունավտանգ չէ, բայց, այնուամենայնիվ, պայթեցման ժամանակ իր ավերիչ ուժով չի զիջում նիտրոգլիցերինի հզորությանը:

1867 թվականն էր՝ 150 տարի առաջ: Նոբելը արտոնագրեց իր այդ հայտնագործությունը՝ նոր նյութն անվանելով «դինամիտ» (հունարեն դինամա բառից, որ նշանակում է ուժ, ուժգնություն): Դինամիտը արագորեն  վերածվեց աշխարհում ամենատարածված պայթուցիկ նյութի:

Նոբելը եւ  նրա գործընկերները գործարաններ կառուցեցին Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Իտալիայում, Իսպանիայում, ԱՄՆում, մի խոսքով՝ ամենուր, որտեղ ինժեներները պայթեցումներ էին կատարում: Շահույթը բավականին մեծ էր, եւ շուտով Նոբելը դարձավ դինամիտի արտադրության ձեռնարկությունների կազմակերպիչ ու տնօրեն Արեւմտյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում:

Նրա գիտական հետազոտությունների շրջանակն ավելի էր ընդլայնվում: Շուտով նա մշակեց ավելի հզոր ուժի բռնկիչ նյութ՝ «պայթուցիկ դոնդողը»,  իսկ 80-ականներին արտոնագրեց «անծուխ վառոդը», որը սկսեցին գնել աշխարհի բոլոր բանակները:

Կյանքի վերջում բոլոր հինգ մայրցամաքներում Նոբելի ենթակայության տակ էին տարբեր նշանակության արտադրատեսակներ և պայթուցիկ նյութեր թողարկող շուրջ 93 ձեռնարկություններ, ընկերություններ, սեփական 20 լաբորատորիա:  Նոբելը լողում էր հարստության մեջ, սակայն մի դիպված լրջորեն վերափոխեց նրա մտածելակերպն ու մոտեցումները:

1888թ. Ալֆրեդի եղբայրը՝ Լյուդվիգը, մահացավ: Թերթերից մեկում թյուրիմացաբար տպագրվեց, որ Ալֆրեդ Նոբելն է մահացել: Հոդվածը վերնագրվել էր՝ «Մահացել է մահվան առեւտրականը, արյունոտ միլիոնատերը»: Հոդվածում ասվում էր, որ գիտնականը հարստացել է մարդկանց արագորեն սպանելու եղանակներ հայտնագործելու շնորհիվ: 

Այս հրապարակումը  լուրջ ազդեցություն է  գործում գիտնականի վրա, ստիպում մտածել, թե հետագայում ինչ անուն է թողնելու մարդկանց հիշողության մեջ եւ որոշում է փոխել իր նախօրոք գրած կտակի բովանդակությունը. «Մահվանից հետո իմ գումարներից տրամադրել մարդկությանը  մեծ օգտակարություն բերած՝ ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության բնագավառների գիտնականներին, իսկ «Խաղաղության նոբելյան  մրցանակ» շնորհել նրանց, ովքեր կատարել են ամենամեծ, ամենաարդյունավետ աշխատանքը ազգերի մեջ եղբայրություն հաստատելու, մշտական զորքերի վերացման կամ նվազեցման, խաղաղության համագումարների անցկացման եւ խթանման համար»: 

Մեծ գիտնականը դեմ էր իր հայտնագործությունները  ռազմական նպատակներով կիրառելուն. «Պատերազմը սարսափների սարսափն է եւ ամենաահեղ հանցանքը: Ես կցանկանայի  հայտնագործել այնպիսի ավերիչ հզորությամբ նյութ կամ մեքենա, որ յուրաքանչյուր պատերազմ ընդհանրապես անհնարին դառնար»:

 Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #44 (1215) 08.11.2017 – 14.11.2017, Ռազմական


09/11/2017