Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԿՍՎԵԼ Է ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԸ



Հարցազրույց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ,
բժշկական գիտությունների դոկտոր ԱՐՏԱՇԵՍ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԻ հետ

-Պարոն Փարսադանյան, 2010-ին ռազմական բժշկության զարգացման եռամյա ծրագիրը ավարտվեց, ու բանակի բուժծառայությունը թեւակոխեց կատարելագործման նոր փուլ։ Որո՞նք են եռամյա ծրագրի շրջանակում արձանագրված էական ձեռքբերումները։
-Բանակի բուժծառայության շենքային պայմանների բարելավումը ծրագրի կարեւորագույն ուղղություններից մեկն էր։ Մենք խնդիր ունեինք բուժծառայության բոլոր կառույցների ու ստորաբաժանումների շենքային պայմանները համապատասխանեցնելու որոշակի չափանիշների։ Ծրագրում ընդգրկված էին ինչպես զորամասերի բուժկետերը, այնպես էլ հոսպիտալային ցանցը։ Երեք տարվա ընթացքում կառուցեցինք նոր շենքեր եւ հիմնովին վերանորոգեցինք այն կառույցները, որոնք չէին համապատասխանում սահմանված չափորոշիչներին։ Եթե նախկինում շքեղ նորակառույցների կողքին կարող էիր հանդիպել անմխիթար պայմանների, անբարեկարգ շինությունների, եռամյա ծրագրի ավարտին այդ տարբերությունը գրեթե վերացվել է, եւ արձանագրվել է բուժծառայության շենքային պայմանների նոր որակ ամբողջ բանակի համար։ Նորակառույց եւ հիմնանորոգված հոսպիտալները համապատասխանում են եվրոպական ամենաբարձր չափանիշներին, զորամասերի բուժկետերն արդեն ապահովված են կենցաղային եւ սանիտարահիգիենիկ բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ սանհանգույց, ճաշարան եւ այլն։
Եռամյա ծրագրի շրջանակում ընդգրկված էր նաեւ բանակի բուժծառայության բոլոր ստորաբաժանումները համապատասխան կադրերով համալրելու խնդիրը։ Մեր ուշադրության կենտրոնում էին հատկապես զորամասային օղակները։ Այսօր կարող ենք արձանագրել, որ կառույցը ապահովված է անհրաժեշտ մասնագետներով։ Բացի դրանից, մի քնի տասնյակ զինվորական բժիշկներ (ե՛ւ հոսպիտալային, ե՛ւ զորամասային օղակից) վերապատրաստվել են արտասահմանում եւ Հայաստան են բերել զարգացած երկրների առաջավոր փորձը։ Այսօր բանակում ծառայում են բժշկագիտության 39 թեկնածու, 5 դոկտոր։ Վերջին մի քանի տարում պաշտպանվել է 5 դոկտորական եւ 5 թեկնածուական թեզ։
Բանակի բուժծառայության տեխնիկական վերազինումը եռամյա ծրագրի հենքային խնդիրներից էր։ Բուժծառայության բոլոր օղակները ապահովվեցին անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներով։ Սա տեւական գործընթաց էր, որը, բնականաբար, բանակի բուժսպասարկումը բարձրացրեց նոր մակարդակի։
-Ե՛վ տեխնիկական վերազինումը, ե՛ւ շենքային պայմանների բարելավումը, ե՛ւ կադրերի ուսուցումն ու վերապատրաստումը մեկ գերնպատակ ունեն՝ բուժսպասարկումը դարձնել ավելի որակյալ եւ արդյունավետ, ինչն էլ կդառնա առողջ ու մարտունակ բանակ ունենալու երաշխիք։ Ի՞նչ չափորոշիչներով է գնահատվում բուժսպասարկման որակը։
-Բուժսպասարկման որակը գնահատելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք կանխարգելիչ աշխատանքների արդյունավետությանը։ Սկսած 2006 թվականից՝ զինակոչիկները զորահավաքակայանում ստանում են պատվաստումներ 11 հիվանդությունների դեմ։ Արդյունքում՝ բանակում 11 կառավարելի ինֆեկցիաներ ընդհանրապես վերացել են, ինչպիսիք են, օրինակ, հեպատիտը, կարմրուկը, կարմրախտը, մինինգիտը եւ այլն։ Տարին երկու անգամ բանակի ամբողջ ծավալով իրականացվում է դիսպանսեր հետազոտություն։ Դիսպանսեր հսկողությունը հիվանդությունները վաղաժամ բացահայտելու եւ բուժման ընթացքը ավելի արդյունավետ դարձնելու կարեւոր պայմաններից մեկն է։ Կանխարգելիչ աշխատանքների բաղադրիչ է զորամասային օղակում կենցաղային, հիգիենիկ պայմանների բարելավումը, կենսամակարդակի բարձրացումը։ Մենք բլինդաժներից զինվորներին տեղափոխեցինք կացարաններ, որոնք խոնավ չեն, տաքացվում են եւ ունեն օդը մաքրող համակարգ։ Զինվորներին տրվում է վիտամինացված սնունդ եւ այլն։ Այնպիսի սոցիալական բնույթի հիվանդությունները, ինչպիսին, օրինակ, տուբերկուլյոզն է, նվազում են առաջին հերթին պրոֆիլակտիկ աշխատանքի, վաղաժամ հայտնաբերման եւ հսկողության շնորհիվ։ Տարին երկու անգամ իրականացվող ֆլյուրո-հետազոտությունը հնարավորություն տվեց տուբերկուլյոզով հիվանդացությունը հասցնել նվազագույնի։
-Պարոն Փարսադանյան, բուժօգնության ի՞նչ ծավալ են ապահովում զորամասերի բուժկետերը եւ ծայրամասային հոսպիտալները։
-Զորամասերի բուժծառայությունները կատարում են կանխարգելիչ աշխատանք, նրանց հիմնական խնդիրն է հիվանդության վաղաժամ հայտնաբերումը եւ առաջին բուժօգնության ցուցաբերումը։ Հոսպիտալում հիվանդը կարող է ստանալ որակավորված բուժօգնություն։ Անհրաժեշտության դեպքում օգտվում ենք հատուկ կահավորված սանավիացիայից, ժամանակակից բուժտեխնիկայով զինված արագընթաց ռեանիմոբիլներից։ Բանակի բուժծառայությունը հնարավորություն ունի ապահովելու բուժսպասարկման բոլոր հնարավոր ձեւերը, քաղաքացիական բուժհիմնարկներից օգտվում ենք միայն սրտի հիվանդությունների, հոդերի ռեկանստրուկցիայի եւ բարդ անոթային վիրահատությունների ժամանակ։
Ունենք շատ որակյալ մասնագետներ՝ վիրաբույժներ, վնասվածքաբաններ, ակնաբույժներ, որոնք բավարարում են աշխարհում ընդունված ամենաբարձր չափանիշները։ Մենք կատարում ենք նեյրովիրաբուժական ամենաբարդ վիրահատությունները տարածաշրջանում, ունենք համապատասխան սարքավորում, որը առայժմ միակն է Անդրկովկասում։ Անցյալ տարի իրականացվեց զորավարժություն «դաշտային հոսպիտալ» թեմայով, որին մասնակցում էին նաեւ կցագրված անձնակազմերը։ Զորավարժության արդյունքները գոհացուցիչ էին։ Մարտական պատրաստության որակը բարձրացնելու նպատակով մեծացրել ենք վարժանքների հաճախականությունը։
-Պարոն Փարսադանյան, բանակի բուժծառայության կատարելագործման եռամյա ծրագիրը ավարտին հասցնելուց հետո ենթադրվում է, որ պետք է սկսվի գործունեության նոր փուլ։ Ինչո՞վ է բնորոշվում այն։
-Սկսվել է շրջադարձային բարենորոգումների ժամանակաշրջանը՝ գիտատեխնիկական առաջընթացի, որակական զարգացման նոր փուլ, որը կընդգրկի բուժծառայության բոլոր ուղղություններն ու կառույցները։ Մենք խնդիր ունենք զորամասային օղակները ապահովելու որակավորված բուժօգնությամբ, բարձրացնելու կադրերի մասնագիտական մակարդակը՝ բուհական կրթությունն առավել արդյունավետ դարձնելու, վերապատրաստման գործընթացը բարելավելու միջոցով։ Շարունակելու ենք տեխնիկական վերազինումը։ Օրինակ՝ շուտով կներդրվի կենտրոնացված կարդիոծառայության մի համակարգ, որը հնարավորություն կտա ընդունիչ-հաղորդիչ սարքի միջոցով հեռահաղորդմամբ իրականացնել էխոկարդիոգրաֆիա։ Բոլոր զորամասերի զինծառայողները հնարավորություն կունենան օգտվելու այս ծառայությունից։
Կշարունակվի շենքային պայմանների բարելավումը, կկառուցվեն նոր հոսպիտալներ ու բուժկետեր։ Համագործակցությունը զարգացած երկրների ռազմական բուժծառայությունների հետ կդառնա ավելի սերտ ու պարբերական։ Ավելի մեծ թվով մասնագետներ կվերապատրաստվեն արտերկրում, զարկ կտանք գիտատեխնիկական համագործակցությանը։ Մտադիր ենք ստեղծել գիտաուսումնական կենտրոն։
-Որո՞նք են բուժծառայության համեմատաբար թերացող օղակները։
-Մենք պետք է բարձրացնենք կրթության մակարդակը ռազմաբժշկական ֆակուլտետում եւ ապահովենք պայմանագրային հիմունքով ծառայող բժիշկների ներհոսքը բանակ։ Պետք է ուշադրություն դարձնենք հատկապես զորամասային օղակի բուժծառայությանը եւ ծայրամասային հոսպիտալներին։
Բանակը առողջ զինվորներով համալրելու խնդիրը ավելի հեշտ կլուծենք, եթե նախազորակոչային փուլում ապագա զինվորների բուժհետազոտման աշխատանքները լինեն կանոնակարգված եւ ախտորոշումից բացի, անհրաժեշտության դեպքում իրականացվի նաեւ համապատասխան բուժսպասարկում։
Մենք պետք է կարողանանք բարձրացնել զինվորական բժշկի կերպարը, նրան ներկայացնելով ավելի բարձր չափանիշներ։ Բանակի բուժծառայությունը տոնում է իր հիմնադրման 18 տարին, բայց իրականում մեր բժիշկները պատերազմի առաջին օրվանից են զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, իրենց մասնագիտական բարձր ունակություններն ու նվիրումը ապացուցել են մարտադաշտում սխրանքներ գործելով։ Նրանք ե՛ւ ռազմիկ էին, ե՛ւ բժիշկ, ե՛ւ կռվում էին, ե՛ւ բուժում վիրավորներին՝ փրկելով տասնյակ հարյուրավոր կյանքեր։ Խաղաղ ժամանակներում զինվորական բժիշկը պարտավոր է ավելի հոգատար եւ ուշադիր լինել զինծառայողների հանդեպ։ Քանիցս կրկնել ենք, որ հատկապես բանակի բժշկական կառույցներում մարդկային գործոնը մեծ նշանակություն ունի։
-Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ ի՞նչ տեղաշարժ է արձանագրվել՝ կապված բանակում հիվանդության հետեւանքով մահերի քանակի հետ։
-Այս պարագայում թվերի մասին խոսելը ճիշտ չէ։ Պետք է կատարել վերլուծություն։ Բարդացած հիվանդությունների հետեւանքով մահերը էականորեն նվազել են, եւ դեպքերի գերակշիռ մասը կապված է հանկարծամահության հետ։ Նման դեպքում բժիշկները նույնիսկ չեն հասցնում որեւէ բժշկական միջամտություն կատարել։ Ես կարող եմ միանշանակ ասել, որ այսօր ե՛ւ սպայակազմի, ե՛ւ ժամկետային զինծառայողների առողջության պահպանման համար ձեռնարկվում են համակողմանի միջոցառումներ՝ սկսած սոցիալական խնդիրներից, կանխարգելիչ աշխատանքից մինչեւ ամենաբարձր մակարդակի բուժօգնություն։
-Պարոն Փարսադանյան, «Հայ զինվորը» իր եւ ընթերցողների անունից շնորհավորում է Ձեզ եւ բանակի բուժծառայության ամբողջ անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ, մաղթում առողջություն, ձեռքբերումներ ծառայության մեջ, անձնական հաջողություններ։
-Բանակի բուժծառայությունը փառահեղ կենսագրություն ունի։ Բանակում ծառայել եւ ծառայում են իրենց գործին նվիրված հմուտ մասնագետներ։ Ուզում եմ նշել նրանցից մի քանիսի անունները՝ փոխգնդապետ Արամ Ասատրյան, գնդապետ Սամվել Գեւորգյան, փոխգնդապետ Կամավոր Խաչատրյան, փոխգնդապետ Վահան Գեւորգյան, կապիտան Արման Հակոբյան, կապիտան Դանիել Մկրտչյան, մայոր Գոհար Կարապետյան, փոխգնդապետ Կամո Շաբոյան, փոխգնդապետ Աշոտ Զոհրաբյան եւ այլք։ Ուզում եմ շնորհավորել բանակի բուժծառայության ամբողջ անձնակազմին տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն, երջանկություն։ Թող տոնը առիթ դառնա բազմապատկելու սերը բանակի եւ զինվորի հանդեպ։ Բանակն ու զինվորը հայրենիքի ուժն են, հայրենիքի անկախության, ժողովրդի անվտանգ կեցության երաշխավորները, ուրեմն՝ նրանք բացարձակ, անքննարկելի արժեք են իր երկիրը սիրող յուրաքանչյուր հայի համար։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #45 (860) 17.11.2010 – 24.11.2010, Ազգային բանակ


09/12/2010