Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«…ԱՅԴ ԱԶՆՎԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ»



«...ԱՅԴ ԱԶՆՎԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ»«Նրանց տառապանքը չափազանց մեծ է տանելի լինելու համար, իսկ նրանց առնչվող որոշումներ կայացնելը Եվրոպան անընդհատ ձգձգում է, մինչև հարմար պահը գա: Դա վերաբերում է թե՛ մշակույթին  և թե՛ տնտեսությանը, բայց ամենից առավել դա անձնական ու բարոյական անապահովության խնդիրն է: Այսպիսի ժողովուրդը, ոչ սովորական, սակայն բարձր օժտվածությամբ, արհեստականորեն ենթարկվում է մի իրավահամակարգի, որը հարմար չէ նույնիսկ վայրենիներին կառավարելու համար: Թուրքերը՝ Քիփլինգի բառերով, թերզարգացածների ցեղ են, այնպիսի մի տեսակ, որի վերացումը չի էլ զգացվի աշխարհում, քանի դեռ նրանք նույնիսկ իրենց սևագործ աշխատանքով էլ նպաստ չեն բերում աշխարհին: Քաղաքակիրթ ազգերի գոյությունը կարևոր է թե՛ իրենց և թե՛ ուրիշ ազգերի համար: Բայց կա նաև երրորդ դասը` քիչ են այն ազգերը, որոնք իրենց նպաստն են բերում արվեստներին ու մշակույթին, այս ազգերին աշխարհը կորցնելու իրավունք չունի: Այն, որ հենց այս դասին է պատկանում հայ ազգը,  աշխարհում շատերին հասու չէ: Պետք է իրավական առումով և ընդմիշտ դեն նետել այն գաղափարը, որ թուրքերը ներքին բարեփոխումների միջոցով կլուծեն հարցը: Համոզվել եմ վերջնականապես` տեսածիցս ելնելով, և, բառիս բուն իմաստով, թող նզովյալ լինեն նրանք` թուրքերը»։

 ՆՈԵԼ և ՀԱՐՈԼԴ ԲԱՔՍԹՈՆՆԵՐ

Հատված բրիտանական կառավարությանը ներկայացրած հաշվետվությունից

1914 թ.

Իրենց առաքելության ավարտին Բաքսթոնները համոզվում են, որ հայերի համար ազգային հավատարմությունը վեր է ամեն ինչից` միասին համախմբված լինելը, ընդհանուր գործի համար իրար սատար կանգնելը, միշտ առկա է ու առաջնային:

«...ԱՅԴ ԱԶՆՎԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ»Բաքսթոններն ընդվզում են հայի թշնամիների տարածած այն մտքի դեմ, որ հայը վախկոտ է և ունակ չէ ինքն իրեն պաշտպանելու: Նրանց կարծիքով՝ ցանկացած ազգի ներկայացուցիչ էլ կարող է բարոյազուրկ լինել: Այս միտքը հորինել են հիմնվելով այն փաստի վրա, որ այդ հանուն հավատի տառապելու ընդունակ անզեն հայը ի վիճակի չէ իրեն պաշտպանել ժամանակակից հրազենով զինված ճնշողներից: Բաքսթոնները հիացմունքով են խոսում հայի պատվախնդրության, ազգին ու ընտանիքին նվիրվածության մասին: Նրանք շատ լավ են հասկացել, որ արտակարգ իրավիճակում հայտնված հայը, երբ վտանգված է իր կամ իր ազգի պատիվը, «մետաղի համաձուլվածքի» ամրություն է ձեռք բերում, դառնում անխոցելի, ծնունդ տալիս քաջարի ռազմիկների ու զինվորների: Այդպիսի ռազմիկներ  էին Զեյթունի, Կիլիկիայի հերոսները, որոնք երբեք չհնազանդվեցին թուրքական լծին: Բաքսթոնները հրաշալի հասկանում են, որ որքան լավն ու բարի է մարդը, նա այնքան ավելի խորն է զգում անարդարությունը, և դա նրան ավելի կատաղի է դարձնում: Հայերը վախկոտ չեն. պարզապես անզեն հայը ժամանակակից զենքով զինված թուրքի և քրդի հետ չի կարող մրցել, եզրահանգում են նրանք: Վաղուց ապացուցված է, որ հայը հրաշալի ռազմիկներ է տվել թե՛ռուսական բանակին և թե՛ թուրքականին: Հիշատակվում է նաև հայերի մասնակցությունը Բուլղարիայի ազատագրման պայքարին, ռուսական հեղափոխությանը, ընդ որում՝ նրանք միշտ էլ օգնություն են ցուցաբերել այն ազգին, որի հետ ապրել են կողք կողքի և ոչ թե ստեղծված հեղափոխական իրադրության պայմաններում փորձել են լուծել իրենց ազգային հարցերը: Ցուցաբերելով նուրբ դիտողականություն` Բաքսթոնները հաջողել են հասկանալ, թե որքան նվիրված է հայն այն պետությանը, որի տարածքում ապրում է: Այսպես` նշելով, որ Բրիտանական կայսրությունը հայից ավելի հավատարիմ բնակիչներ չունի, նրանք առանձնացնում են այն փաստը, որ հայերը, հավատալով երիտթուրքերի առաջադեմ հայացքներին, փորձել են դաշնակցել նրանց,  բայց  Ադանայի ջարդերից  հետո համոզվել են, որ երիտթուրքերի նպատակներն էլ ավելի արատավոր են, քան համիդյան քաղաքականությունը:

Օրհասական պահին հայերի համախմբվածությունը միշտ էլ զարմացրել է օտարներին: Բաքսթոնները  հարցը քննարկում են Ռուսաստանում և Ռուսահայաստանում՝ Արևելյան Հայաստանում ապրող հայերի օրինակով. հարուստ հայերը հիմնականում խոսում են ռուսերեն, ռուսերենով ներկայացումներ են բեմադրում՝ ասես մոռացած իրենց ազգային պատկանելությունը, բայց երբ ազգականին հայ լինելու համար ազատում են աշխատանքից, նրանք միավորվում են ու բողոքն արտահայտում պաշտոնական մակարդակով:

Հայերի կողմից ռուսական հեղափոխական ուժերին, նաև երիտթուրքերին ցուցաբերած օգնությունը վկայում է, որ, հավատարիմ քաղաքացի լինելուց բացի, նրանք միշտ փորձել են հասկանալ առաջադեմ ուժերի առաքելությունը և սատար կանգնել հեղափոխության միջոցով աշխարհը փրկելու գաղափարին:

Հայերի հետ շփումները հայերի հայրենիքում՝ գրքի հեղինակներին հուշում են, որ հայի լավագույն տեսակը, որին կարելի է հանդիպել Հայաստանում, հազվադեպ չէ: Ազդեցիկ տեսք ունեցող, թիկնեղ ու թխադեմ հայ տղամարդը հիմնականում լռակյաց է, դանդաղ ու նպատակասլաց խոսք ունի:Նա շատ ավելի պակաս ագահ է բախշիշների` ընծաների նկատմամբ, քան իր մահմեդական հարևանը: Հայ կինը, անկախ տարիքից, հրաշալի արտաքին ունի: Բաքսթոնները նույնիսկ փորձում են ընթերցողին համոզել, որ տարիքով հայ կնոջ թախծոտ ու համեստ գեղեցկությունը կարող էր դառնալ Ռեմբրանդտի հիասքանչ կտավի նյութ: Ակամայից հիշում ես, թե ինչպիսի հատկանիշներ է վերագրում հային Լոուրենս Արաբացին ամերիկացի լրագրող Սթեֆֆենսին  տված իր հարցազրույցում. հայը կատարյալ է իր տրամաբանությամբ, հոգեբանությամբ ու մարմնական կենսունակությամբ, որի համար էլ, ըստ Լոուրենսի` նրան պետք է վերացնել աշխարհի երեսից: Բարեբախտաբար, Բաքսթոնների կարծիքը հակադրվում է իրենց համերկրացու համոզմունքին: Նրանք կարծում են, որ հային պետք է փրկել թուրքից, որ չի կարելի հավատալ թուրքի խոստումներին, թե՝ բարեփոխումներ կանցկացնեն, ու հայերի և մյուս ազգային փոքրամասնությունների կյանքը կբարելավվի: Բաքսթոնները չեն էլ կասկածում, որ հայը փոքրամասնության է վերածվել հենց թուրքի պետական քաղաքականության արդյունքում: Նկատենք, որ մեկ հարցում թե՛ Բաքսթոնները,  թե՛ Արաբացին և թե՛ թուրքերը համակարծիք են` հայը հաջողակ, հմուտ և բանիմաց մրցակից է: Նա կարողանում է արարել ու նյութական բարիքներ ստեղծել, որտեղ էլ որ բախտի քմահաճույքը նետի նրան: Բաքսթոններն այն սակավաթիվ ականատեսներից են, որոնք հայի նկատմամբ օտարների նախանձը բացատրում են արարող հային  ոչնչացնելու և նրա ստեղծածին տիրանալու արատավոր ձգտումով, որի վառ ապացույցն էին հենց թուրքերի ստեղծած փաստաթղթերը: Բաքսթոնները ցավով են նկատում, որ պաշտոնական մակարդակով հասցված վիրավորանքներն ու օրինականացված կողոպուտը մարդկանց մղում են այնպիսի ծայրահեղ քայլերի, որոնք այլ պայմաններում հանցագործություն կհամարվեին:

Սակայն արդարության վիրավորված զգացումը նույնիսկ ամենաառաքինի մարդուն կարող է ծայրահեղ քայլերի մղել:

Քննարկելով տիրող իրավիճակը և արդարացնելով հայերի պայքարը՝ Բաքսթոնները կարծում են, սակայն, որ շոշափելի արդյունք չկա, որովհետև եվրոպացին հային սատար չի կանգնում, որովհետև հային զենք չի տրվում, որպեսզի վերջինս ինքն իրեն պաշտպանի: Ավելին, Բաքսթոններն այն համոզմունքն են արտահայտում՝ ելնելով իրենց տեսածից ու լսածից, որ եթե հայերի ամենաակտիվ քաղաքական ուժերին զենք տրվի, ապա նրանք ոչ միայն հաջողությամբ կպաշտպանեն իրենց, այլև տարածաշրջանում խաղաղությունն այլևս չի խաթարվի:

Լավ կրթություն ձեռք բերելու հայերի մեծ տենչը հաճախ է առաջացրել օտարների նախանձը: Որովհետև թշնամին շատ լավ գիտակցել է, որ դժվար է բանիմաց ու խելացի, կրթված հակառակորդի հետ գործ ունենալը: Մորգենթաուն նշում է, որ հայերի  տեղահանություններից առաջ Թուրքիայում կային 785 մասնավոր հայկական դպրոցներ` 82 000 աշակերտով, մինչդեռ թուրքական դպրոցները պետական էին և թվով 150` 17 000 աշակերտով, իսկ քրդական և ոչ մի դպրոց չկար:

Հայերի գիտության և կրթության նկատմամբ հակումը այսօր էլ հանգիստ չի տալիս թուրքին: 2015 թ. թուրքական Daily Star էլեկտրոնային լրագիրը գրում է, որ հայերի մտավոր ներուժը չափազանց մեծ է նրանց բոլորին  Հայաստանի հողի վրա թողնելու  համար:

«...ԱՅԴ ԱԶՆՎԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ»Հետազոտությունը բացահայտում է, որ հայերի նկատմամբ բացասական դիրքորոշման համարյա թե միակ պատճառը ամփոփում է դրական երանգավորում ունեցող, բայց որոշակի համատեքստում խիստ բացասական հնչողություն ստացող «a skilled business competitor» (հմուտ գործարար մրցակից կապակցությունը, որը to eliminate) ոչնչացնել բայի հարադրությամբ, գործածվելով տարբեր հեղինակների աշխատություններում, ուղղակիորեն բացատրում է, թե ինչու են որոշ ազգեր ցանկանում ոչնչացնել հային:  Այս միտքը անուղղակիորեն արծարծվում է Արաբացու մոտ,  ով կատարյալ հայատյացության առումով չի զիջում Մեծ Բրիտանիայի հայտնի վարչապետ Դիզրաելիին:

Թե՛ ցեղասպանությանը նախորդող շրջանում և թե՛ Ղարաբաղի պատերազմում տեսնում ենք նույն ձեռագիրը՝ նույն  մորթելու մշակույթը: Մեծ Թուրանում ստորակարգ ցեղերը տեղ չունեն, միայն թուրքը տեղ ունի: Այս վերջնական որոշումը թուրքին ուղղորդում է հեշտությամբ ազատվելու համաշխարհային մշակույթի գանձարանը հարստացրած, բայց թուրքին իր գոյությամբ տհաճություն պատճառող ստորակարգ ցեղերի` արաբների, հույների, հայերի, ասորիների ներկայությունից, որոնց կարելի էր առանց վարանելու ոչխարի նման «մորթել». դա էլ  որոշակի տեսակի մշակույթ է. ամեն մեկն անում է այն, ինչ կարող է, գնում է այն քայլերին, դեպի ուր իրեն ուղղորդում են ազգային ինքնությունն ու էթնիկ մղումները: 

Տեղի ունեցածը համարյա ամբողջությամբ ամրագրված է արխիվներում և փաստաթղթերում, և վկայում է, որ  Թուրքական կայսրությունը պետական մակարդակով մանրամասն նախապատրաստվել է էթնիկական զտումներին` անձնագրային ստուգումներ անցկացնելով, հասցեները ճշտելովՆախ՝ զորակոչի պատճառաբանությամբ ընտանիքներից հեռացվել են տղամարդիկ, հետո՝ սովի և տեղահանության միջոցով ջլատելով, Արաբացու բնորոշմամբ` «կայսրությանը խանգարող ցածրակարգ ցեղերի», այդ թվում՝ հայերի ուժերը, ապա նաև մայրերից հեռացվել են փոքր երեխաները, իբրև թե ապահովության համար, հաճախ րոպեներ ու ժամեր անց նրանց լցնելով եկեղեցիները ու կենդանի խարույկի վերածելովՈւսումնասիրությունը կատարում է մի շատ տարօրինակ բացահայտում` սկսել են հայերից, որովհետև կայսրության տարածքում ամենաշատ ոսկի ունեցող ժողովուրդը քարից հաց քամող հայերն էին, իսկ Թուրքիայի մասնակցությունը պատերազմին չէր կարող լինել առանց կայուն ֆինանսական աջակցությանայսինքն՝ այստեղ դարձյալ հառնում է հարուստ մրցակից հային the skilled competitor վերացնելու և նրա ունեցվածքին տեր կանգնելու միտքըՀայերը ցեղասպանվել են իրենց բնօրրանում՝ Հայաստանում, սակայն դա չի նշանակում, որ նրանք չեն փորձել պայքարել

Հոլիվուդյան խիզախ մտավորական և ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, թատրոնի և կինոյի ամերիկացի բեմադրիչ, արմատներով հույն Էլիա Կազանի հետևյալ խոսքերը` «Երբ թուրքերը թքում էին հույների, հրեաների եւ այլ փոքրամասնությունների վրա, բոլորն ասում էին՝ անձրև է գալիս, միայն հայերն էին ետ թքում թուրքերի վրա», գալիս են ցրելու այն թյուր կարծիքը, որ Հայկական մեծ եղեռնի շրջանում հայերը հանդես են եկել սոսկ զոհի կարգավիճակով:

Շարունակելի 

ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու

ԵՊՀ դոցենտ

Խորագիր՝ #43 (1214) 01.11.2017 - 07.11.2017, Հոգևոր-մշակութային


02/11/2017