Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՍՄՆԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ



ՄՍՄՆԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸՍկիզբը՝ նախորդ համարներում

Մսմնայի ճակատամարտին վերաբերող վավերագրերից մեկի տեղեկացմամբ, իրոք, թուրքական զորքերին Մսմնայի մերձակա ձորում դարանակալել ու կոտորել է Դիզակի շրջանի Կարմրակուճ գյուղի քաջարի զավակ Ասլանիկն իր առաջնորդած դիզակցի ու վարանդեցի մարտիկներով:

Համաձայն այդ նույն վավերագրի՝ ճակատամարտի ամենավճռական պահին Ասլանիկին առաջինն օգնության են շտապել Արցախի լեգենդար հերոս Թևան Ստեփանյանի գլխավորած Տումի գյուղի մարտիկները, ապա նաև Արտեմ Պետրոսյանի գլխավորած Վարանդայի մյուս գյուղերի մարտական խմբերը: Ջախջախված թշնամին մարտադաշտում  թողել է ավելի քան 300 դիակ, երկու թնդանոթ, յոթ գնդացիր. զենք- զինամթերք և տասնյակ գերիներ:

Եղիշե Իշխանյանն առանց խորամուխ լինելու ճակատամարտի ընթացքի ու մանրամասների մեջ՝ գրում է, որ Շուշիում իրականացրած ձերբակալություններից ու բռնություններից հինգ օր անց թուրքական զորքերը Մսմնա գյուղն իրենց ենթարկելու նպատակով փորձում են ներխուժել բնակավայր, բայց գյուղի ինքնապաշտպանական ուժերի կողմից հանդիպելով լուրջ դիմադրության՝ ջախջախվում են ու դիմում փախուստի: Մսմնայի մարտիկները՝ որպես ռազմավար, փախուստի դիմած թուրք զինվորներից վերցնում են թնդանոթներ և գնդացիրներ:

Մսմնայի ճակատամարտին նվիրված ակնարկների ու հուշագրությունների մեջ զուտ իմացաբանական ու փաստական առումով թերևս առավել ուշագրավն ու փաստարկվածը Ստեմելի (Հովակ Ստեփանյան)  հեղինակած «Յուսաբեր» լրագրում տպագրված «Տաճիկների մուտքը Ղարաբաղ» հոդվածաշարի Մսմնայի ճակատամարտին նվիրված հատվածն է:

«Հոկտեմբերի 18-ի երեկոեան Չանախի գիւղում Վարանդայի վաշտապետ Ա-ի գլխավորութեամբ տեղի ունեցած խորհրդակցութիւնը որոշում է թոյլ չտալ տաճկական զորամասին Մսմնայից առաջ շարժւել: Այս որոշման իրագործումը յանձնում են նոյն Ա-ին (նկատի ունի Արտեմ Պետրոսյանին-Հ. Գ.):

Մութը ընկնելուն պէս, վաշտապետ Ա-ի  հրամանները յատուկ սուրհանդակները տանում էին Մսմնայի շուրջն ընկած հայկական գիւղերի զինւած ուժերին: Առաւօտեան լույսը չբացւած՝ զինւած ուժերի մի մասը պիտի հավաքվեր Ղավախան, իսկ միւս մասը՝ Մաշադիշեն:

Որոշված ժամին վարանդացիները (մօտ 250 հոգի) բռնում են Մաշադիշենի արևմտեան սահմանների բլուրներն ու Ղավախանի և Մսմնայի միջև ընկած ձորակի բարձունքները:

Լուսաբացին հասնում է Դիզակի օգնական ձիավոր խումբը Ասլանիկի գլխավորութեամբ, և բռնում Հաղորտի տանող անցքը: Այսպիսով՝ Մսմնայից Հաղորտի տանող ճանապարհը, որտեղից պիտի անցներ թշնամին, երեք կողմից առնվում է ունելիի մեջ:

Հոկտեմբերի 19-ի լուսաբացն է արդեն:

Մսմնայի ձորակը թաղված է մառախուղի մէջ: Անձրևը կամացուկ մաղում է: Ձորակի այս ու այն թումբի գլխին դիրք մտած վարանդացիներն  ու դիզակցիները աշխատում են աչքերով պատռել մառախուղի ծալքերը և վայրկյան առաջ նշմարել թշնամու ճիվաղային դեմքը: Մի քանի ժամ անձրևի տակ մնալուց հետո, վերջապես, դիրքից դիրք անցնում է ազդանշանը՝ «Պատրա՛ստ, թշնամին մոտենում է»: Չանցած քսան րոպե, թշնամու առաջապահները անցնում են ձորակով առուն և սկսում վերելքը: Թշնամու զորամասը ձորակումն է: Մեկեն բոլոր դիրքերից որոտում են համազարկերը ու շփոթանքի մատնում լրբացած թշնամուն:

Տաճիկ սպաները զգում են, որ ծուղակի մէջ են ընկել, և հևասպառ ու խուճապահար աշխատում են իրենց զորամասը փրկել:

Անմիջպես գործի են դնում թնդանոթներն ու գնդացիրները, բայց ապառաժներում և մառախուղի  ծալքերում դիրք մտած հայ գյուղացին խնդում է տաճիկ սպաների ջանքերի վրա և կամաց կամաց թշնամուն առնում է իր երկաթե օղակի մէջ: Տաճիկ սպաները փրկության այլ ելք չգտվելով, որոշում են մի վճռական գրոհով պատռել պաշարողների շղթան: Հավաքում են թաթար ղոչիբաշիների ձիավոր խումբը և նրան առաջ ձգելով և իրենց զորամասից աջ ու ձախ թևեր կազմելով՝ դիմում են ուժեղ հակահարձակման, միաժամանակ թնդանոթային ու գնդացրային անխնա կրակով ռմբակոծում հայկական դիրքերը: Երկու կողմերը ճակատ ճակատի են գալիս: Հայկական օղակը գնալով աւելի է սեղմվում: Թշնամին օրհասկան ճիգ է գործ դնում փրկության մի ճամփա բանա, բայց ի զուր:

Կեսօրից երկու ժամ անց, ճակատամարտը իր վախճանին է մոտենում: Կռվողներից մի խումբ դիմում է սվինամարտի և կոխկռտելով թշնամու դիմադրող վերջին խմբերը, գրավում է թնդանոթներն ու գնդացիրները:

Թշնամին ջախջախված էր արդեն: Սպանված էին տաճիկ բոլոր  սպաներն ու ադրբեջանցի հրամանատարները, ղոչիբաշիների խմբից և ոչ մեկը չէր փրկվել:

…Մսմնայի ճակատամարտում թշնամին կորցրեց 400-ից ավելի կռվողներ, իրենց հրամանատարներով մեկտեղ: Կռվից հետո հայերի ձեռքն անցաւ երկու թնդանոթ, 6 գնդացիր, բազմաթիվ հրացաններ, ահագին քանակությամբ փամփուշտ ու մի սնդուկ` լիքը տաճկական լիրայով»:

Մսմնայի հաղթական ճակատամարտը մեծ հնչեղություն է ձեռք բերում:

Բրիտանական հրամանատարությանը ներկայացրած վերոհիշյալ զեկուցագրում (30 մայիսի 1919 թ.) համառոտակի ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում և Զանգեզուրում 1917-1919 թթ. տիրող կացությունը՝ Արցախի Ազգային խորհրդի նախագահ Ա. Շահնազարովն ընդգծում է ոչ միայն երկու անգամ Ջրաբերդում, Աղդարա գյուղի մերձակայքում տեղի ունեցած կռիվներում այդ գյուղերի մարտական ուժերի կողմից թուրք-ազերի զորախմբերի գլխովին ջախջախման փաստը, այլև ընդգծում է Մսմնայում ինքնապաշտպանության դիմած հայ գյուղացիների հաղթանակը, որի արդյունքում մարտադաշտից փախուստի դիմած թուրքերից հայերի ձեռքն են անցնում հրետանի, գնդացիրներ, զենք ու զինամթերք և գումակը (սայլեր, ձիեր և այլ պարագաներ):

Բնական է, որ Մսմնայի հաղթանակը մեծ ոգևորությամբ է ընդունում հայությունը, փոխարենն ատելությամբ ու կատաղությամբ թուրքերը` հատկապես  Ջամիլ-Ջավիդ բեյը:

Պարտություն կրելով Վարանդայում և Դիզակում, թուրք հրամանատարությունը փորձում է հաջողություններ ձեռք բերել Խաչենում և Ջրաբերդում: Մսմնայի պարտությունից հինգ օր անց՝ հոկտեմբերի 23-ին, թուրքական զորքերը տեղացի հրոսակախմբերի աջակցությամբ ներխուժում են Ջրաբերդի շրջան: Ինչպես Մսմնայի ճակատամարտի ժամանակ, այս անգամ դարձյալ թուրքերը մատնվում են կատարյալ անհաջողության: Պատշաճ մակարդակով է գործել զինվորական շրջանների միջև հաստատված կապն ու փոխօգնությունը: Թուրքական զորքերի տեղաշարժերի լուրն առնելու պես, մարտադաշտ են շտապում Խաչենի ու Ջրաբերդի զինվորական շրջանների մարտական ուժերը:Հինգ օր ընթացող կռիվներում Ջրաբերդի զինվորական շրջանի հրամանատար Բագրատ Ղազանչյանի ընդհանուր հրամանատարությամբ մարտնչող հայ մարտական ուժերը թուրքական զորամասին ու մահմեդական հրոսակախմբերին կրկին անգամ հիշեցնում են Մսմնայի ձորի ահավոր կոտորածը: Ջախջախված թուրքերը լքում են մարտադաշտն, ու հայերի տնօրինությանն են անցնում զգալի քանակությամբ զենք, զինամթերք, փոխադրամիջոցներ և այլ անհրաժեշտ պարագաներ:

Թուրք իշխանությունները իրենց պարտությունը հերքելու համար որոշում են կայացնում մահապատժի ենթարկել ձերբակալվածներից մի քանիսին: Բարեբախտաբար, նրանց չի հաջողվում իրականացնել իրենց դատավճիռը, քանի որ Շուշի է հասնում Կոնստանդնուպոլիսի գրավման լուրը: Ջամիլ-Ջահիդ բեյի հրամանով ձերբակալվածներին ազատ են արձակում:

Թուրքիայի պարտությունն ու  դաշնակիցների կողմից Կոստանդնուպոլսի ծանրագույն հարված էր Ադրբեջանի իշխանությունների համար: Քանի դեռ թուրքական զորքը դեռևս չէր հեռացել Կովկասից, ու Շուշիի, Ադրբեջանի իշխանությունները մեկ անգամ ևս փորձեր են ձեռնարկում թուրքական զինուժի աջակցությամբ բռնազավթել Արցախը:

Կարծես մոռացության մատնելով նախորդ պարտությունները` թուրքական զորքերը տեղացի հրոսակախմբերի աջակցությամբ դարձյալ փորձում են ներխուժել Ջրաբերդի շրջան, բայց անկոտրում էր հայ ինքնապաշտպանական ուժերի դիմադրությունը. պարտություն կրած թշնամին գլխիկոր լքում է մարտադաշտը:

Որպես ընդհանրացում՝ անհրաժեշտ է ընդգծել, որ Մսմնայի ճակատամարտը թեպետ իր ընդգրկումով ու մարտական գործողություններին մասնակցած մարտական ուժերի և  տեխնիկայի քանակությամբ այնքան էլ մեծածավալ չէր, բայց իր նշանակությամբ ահռելի էր ու անգնահատելի:

Հայերը ցույց տվեցին`

1. մարտնչելու ոգին, կարողությունը ու պատրաստակամությունը,

2. կազմակերպվածություն, ժամանակին միմյանց օգնության շտապելու և թշնամու դեմ միասնական ճակատով, համատեղ գործելու պատրաստակամությունը,

3. հրամանատարության ռազմագիտական անժխտելի կարողություն, մարտեր վարելու կշռադատված ու գործող մարտավարություն ընտրելու վարպետություն:

Անժխտելի է, որ եթե թուրքական զորքերն ու նրանց աջակցող մահմեդական հրոսակախմբերին հաջողվեր հաղթահարել Զանգեզուրի և Արցախի ինքնապաշտպանական ուժերի դիմադրությունը, ապա, անտարակույս, հարցականի տակ էր դրվելու Զանգեզուրի և Արցախի հայ բնակչության գոյությունը:

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #41 (1212) 18.10.2017 - 24.10.2017, Պատմության էջերից


18/10/2017