Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՔԱՅԼԵԼ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ



ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՔԱՅԼԵԼ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԸՆԹԱՑԶրույց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ ԱՆԱՏՈԼԻ ՍԻԴՈՐՈՎԻ հետ:

 

-Անատոլի Ալեքսեյի, անցյալ տարի ՀԱՊԿ շրջանակներում մի շարք զորավարժություններ անցկացվեցին: Ի՞նչ հմտություններ են կատարելագործվելու  «Մարտական եղբայրություն-2017» լայնածավալ զորավարժությունների ընթացքում:

-Այս տարի էլ զորավարժությունների մի ամբողջ շարք ենք իրականացնում հետախուզական ուժերի եւ միջոցների, հավաքական ուժերի օպերատիվ արձագանքման ստորաբաժանումների, խաղաղապահ համահավաք ուժերի ներգրավվածությամբ: Նախատեսվում են նաեւ չծրագրված վարժանքներ, որոնք անցկացվելու են Տաջիկստանի Հանրապետությունում: Գործնական գործողություններն սկսվել են հոկտեմբերի 3-ին եւ կավարտվեն հոկտեմբերի 20-ին: Որոշակի ընդմիջումից հետո նոյեմբերի 20-ից կշարունակենք վարժանքները Տաջիկստանում: Այսպիսով՝ զորավարժությունները տեղի են ունենում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության տարածքներում: Ընդհանուր առմամբ, զորավարժությունները մեկ միասնական մտահղացմամբ են  եւ միավորված են «Մարտական եղբայրություն-2017» ընդհանուր անվամբ: Սկիզբը տրվեց դեռեւս այս տարվա ապրիլին՝ համատեղ գործնական վարժանքով, որում ընդգրկված էին ՀԱՊԿ մշտական մարմինները, քարտուղարությունը, միացյալ շտաբը, պետությունների օպերատիվ կառավարման լիազոր ներկայացուցիչները: Վարժանքն անցկացվում էր  ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիայում: Այնուհետեւ միացյալ շտաբում անցկացվեցին մի շարք շտաբային մարզումներ:  «Որոնում-2017» եւ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները ստեղծված ուսումնական իրավիճակի տրամաբանական շարունակությունն են: Հետեւաբար, խնդիրների բավականաչափ լայն շրջանակ է ներառված, ամենակարեւորը, սակայն, միացյալ ուժերի կառավարումն է: Այսինքն՝ զորավարժությունների ընթացքում կատարելագործելու ենք որոշումների ընդունման եւ իրացման կարգը: Ինչո՞ւ: Զորավարժություններում ներգրավված է համատեղ ուժերի արտահաստիքային կազմը: Հիմնական անձնակազմը պատրաստված, ուսուցանված է, եւ  այս առումով խնդիրներ գրեթե չեն ծագում: Եթե, օրինակ, անդրադառնանք «Որոնում-2017»-ին, ապա մենք դիտարկում ենք Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ-երկրների հետախուզական ուժերի լիարժեք կիրառման հնարավորությունը: Կատարելագործում ենք ռադիոտեխնիկական, ռադիոէլեկտրոնային, օդային, տիեզերական հետախուզությունը, ռազմական հետախուզությունը եւ հատուկ նշանակության խմբերի գործողությունները:

-Ինչպե՞ս եք գնահատում «Մարտական եղբայրություն 2017» զորավարժության 3 փուլերից առաջինը՝ «Որոնում-2017»-ը: 

-Դաշտային ճամբարային տարածք պայմանական դիվերսանտների ներթափանցման փորձը կանխվեց հակաահաբեկչական ստորաբաժանումների կողմից: Վերլուծեցինք, գնահատեցինք իրավիճակը, մշակեցինք առաջարկներ հետախուզական ուժերի հրամանատարության համար եւ ներկայացրինք դրանց կիրառման ծրագիրը: Ընդհանուր առմամբ, առաջին փուլը կազմակերպված էր: Զորքի գործողությունները արհեստավարժ էին, որոշումները կայացվել են ժամանակին,  խնդիրները պարզորոշ էին, հետեւաբար, ամեն ինչ սահուն ընթացավ:

-Զորավարժությունների ընթացքում հաշվի առնվո՞ւմ են ժամանակակից ռազմական հակամարտությունների առանձնահատկությունները:

-Իհարկե: Մենք պարզապես պարտավոր ենք քայլել ժամանակին համընթաց եւ ՀԱՊԿ-ի անդամ-երկրների զինվորական քանակակազմի, զինված ուժերի ղեկավար մարմինների վերապատրաստման ընթացքում հաշվի առնել իրավիճակի հնարավոր զարգացումներն ու սրացումները: Նկատի ենք առնում նաեւ Ռուսաստանի Դաշնության ուժերի եւ միջոցների կիրառման հարուստ փորձը Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Դիտարկում ենք այն կարողությունները, որ աշխարհում այսօր ունեն այլ երկրները: Եվ հնարավորության սահմաններում փորձում ենք իրացնել մեր ուժերն այնպես, որ հարկ եղած դեպքում ըստ արժանվույն հակազդենք  մարտահրավերներին ու սպառնալիքներին: 

-Ի՞նչ նոր մարտավարական հնարքներ են կիրառվելու «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների ընթացքում:

-Եթե նախապես պլանավորեինք մարտավարությունը, ամեն ինչ անհետաքրքիր կլիներ: Մենք սպասում ենք զորավարժության կառավարման մարմինների եւ մասնակից ստորաբաժանումների որոշումներին, ստեղծագործական մոտեցմանը: Այնուհետեւ գործողությունները խորապես կվերլուծենք ոչ միայն շտաբի աշխատակիցների, ղեկավարության հետ, այլեւ հետազոտական ինստիտուտների եւ ռազմական դպրոցների ներկայացուցիչների ներգրավմամբ:

-Անդրադառնանք  զորավարժությունների անցկացման տեղանքին: Ի՞նչ դժվարություններ կարող են ծագել:

-Մենք այժմ Արարատյան դաշտավայրում ենք, տեղանքը ինքնին գեղեցիկ է, բայց եւ բարդ՝  հարթավայրային եւ լեռնային միաժամանակ, ինչը նորություն չէ մասնակիցների համար: Բելառուսի Հանրապետությունում, օրինակ, դժվար է գտնել նման տեղանք: Հետեւաբար, մենք գիտակցաբար ենք զորավարժություններն անցկացնում ՀԱՊԿ տարբեր շրջաններում, որ ստորաբաժանումները պատրաստ լինեն գործելու ոչ միայն հարթավայրային կամ անտառապատ տարածքներում, այլեւ լեռնային շրջաններում՝ տարբեր կլիմայական պայմաններում:  Ի դեպ, Բաղրամյանի անվան զորավարժարանը շատ լավն է: Թե՛ սարքավորումները, թե՛ պայմանները տպավորիչ են:

-Ի՞նչ տեսակի սպառազինություն, քանի՞ միավոր տեխնիկա եւ զինծառայող է ներգրավված զորավարժություններում:

-Եթե անդրադառնանք Կովկասում եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անցկացվող զորավարժություններին ընդհանրապես, ապա տարբեր վարժանքներում ներգրավված է շուրջ 12000 մարդ՝ սպասարկող անձնակազմ եւ գործողությունների անմիջական մասնակիցներ: Շոշափելի է նաեւ տեխնիկայի քանակը՝ ավելի քան 1500 միավոր, նաեւ՝ 90 թռչող  սարք: Ծանրակշիռ թվեր են, բայց նորից ընդգծեմ՝ այս ամենը չի կիրառվելու նույն տեղում եւ նույն ժամանակ: Ուժերի եւ միջոցների վերոնշյալ թվերը համապատասխանում են բոլոր միջազգային պարտավորություններին ու պայմանագրերին: Այսինքն՝  որեւէ սպառնալիք չենք ներկայացնում երրորդ երկրների համար:

-Սակայն, մամուլում շրջանառվում էր տեսակետ, թե զորավարժությունների անցկացման համար Հայաստանը պատահական չէ ընտրվել, որ այս վարժանքները  պատասխան են վերջերս Վրաստանում անցկացված  ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

-Զորավարժությունները պլանային են: Համատեղ օպերատիվ-մարտավարական պատրաստության ծրագրում ընդգրկվել են դեռեւս 2016 թվականին, եւ այնքան էլ տեղին չէ ուղղակիորեն կապել Վրաստանում անցկացված  ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Չնայած՝ ճշմարտություն գուցե եւ կա: Մենք հետեւում ենք, թե հավաքական անվտանգության որ շրջանում ինչ միջոցառումներ են նպատակահարմար անցկացնել, բայց դա արձագանք չէ իրավիճակի այս կամ այն  փոփոխությանը:

-Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ՀԱՊԿ անդամ-պետությունների զինծառայողների միջեւ վստահության ամրապնդման համար:  

-Մենք զորավարժադաշտերում անցկացնում ենք ոչ միայն գործնական վարժանքներ,  այլեւ՝ սպորտային եւ մշակութային միջոցառումներ: Որպես կանոն՝ հյուրընկալող երկիրը մասնակիցներին ներկայացնում է իր պատմությունը, կազմակերպում էքսկուրսիաներ: Այս ամենը միավորում, համախմբում է զինծառայողներին: Ոչ մի հակասություն՝ միայն առողջ մրցակցություն:  Զինծառայողները փորձում են ի ցույց դնել իրենց լավագույն որակները, բարձր պահել իրենց երկրի պատիվը: Հետեւաբար, զորավարժություններն ընթանում են ընկերական մթնոլորտում եւ ստեղծում են բարիդրացիական  հարաբերությունների հեռանկար:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

կապիտան

Խորագիր՝ #40 (1211) 11.10.2017 - 17.10.2017, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


11/10/2017