Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԻՃԵԼԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԻՃԵԼԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐԱվելի քան մեկ տասնամյակի ընթացքում սա առաջին հանդիպումն էր երկու խմբերի միջև՝ կապված «Ամերիկանայի» կողմից Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի վահանակի համար վճարովի գովազդային տարածք տրամադրելու մերժման հետ: «Ամերիկանան» ֆիլմարտադրողներին ասել էր, որ թեման «խիստ քաղաքականացված» է: Սա տարակուսանք և զայրույթ էր առաջացրել, քանի որ «Ամերիկանան» ո՛չ ֆիլմն էր տեսել, ո՛չ էլ գովազդային վահանակի տեքստը, որը պարզապես մերժվել էր Հայոց ցեղասպանության մասին լինելու պատճառով:

Գովազդային վահանակի մերժման իրական պատճառը պարզաբանելու համար «Ամերիկանայի» պաշտոնյաներին դիմելու մի քանի փորձերից հետո նրանք ավելի անհողդողդ դարձան: Վավերագրողներին ուղղված էլեկտրոնային նամակներից մեկում առավել լկտի նախադասությունն այն էր, որ «Ամերիկանան» այս հակասության առիթով մեկնաբանություններ էր ստացել «հայկական համայնքից և Թուրքիայի հյուպատոսարանից»: Այս խիստ վիրավորական հայտարարությունը Հայոց ցեղասպանության ժառանգների ձայնը հավասարեցնում էր բռնատիրական ժխտողական վարչակարգը ներկայացնող թուրք դիվանագետի ձայնին, որի նախնիները իրականացրել էին Ցեղասպանությունը…

Իրավիճակն ավելի վատթար էր, քանզի առաջին անգամ չէր, որ «Ամերիկանան» մերժում էր Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցը: Երեք տարի առաջ «Ամերիկանայի» պաշտոնյաները մերժել էին երեք հայ երիտասարդներին, որոնք կրպակ էին վարձակալել «Ամերիկանայից»՝ շապիկներ վաճառելու Հայոց ցեղասպանությանը վերաբերող թեմաներով: Տեղի հայ համայնքի բարձրացրած աղմուկից հետո «Ամերիկանան» վերանայեց իր որոշումը՝ թույլատրելով այդ շապիկների վաճառքը: Նրանք իրենց սկզբնական որոշումն անվանեցին «թյուրիմացություն»:

Անցյալ ամիս նման ընթացքով Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի՝ մամուլի ասուլիս հրավիրելուց քիչ առաջ, երբ պետք է բոյկոտ հայտարարվեր «Ամերիկանային», առևտրի կենտրոնի պաշտոնյաները վերանայեցին իրենց որոշումը և ոչ միայն թույլատրեցին վավերագրական ֆիլմի գովազդային վահանակը, այլև դա արեցին «անվճար ֆիլմարտադրողների համար»:

Սա առաջին դրական քայլն էր: «Ամերիկանայի» սեփականատեր Ռիկ Կարուզոն համաձայնեց հանդիպել Հայ Դատի հանձնախմբի հետ՝ քննարկելու, թե ինչպես կարելի է բարելավել հարաբերությունները տեղական համայնքի և առևտրի կենտրոնի միջև:

Սեպտեմբերի 5-ի հանդիպմանը Կարուզոն ներկա էր «Ամերիկանայի» գործառնությունների գծով գործադիր փոխնախագահ Ջեկի Լևիի, հաղորդակցության փոխնախագահ Նենսի Մյուրեի, հանրային կապերի ավագ փոխնախագահ Ռիկ Լեմոյի և պլանավորման, կառավարման և համայնքային կապերի գծով փոխնախագահ Շերոն Քեյսերի հետ: Հայկական պատվիրակության կազմում էին Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի նախագահ Արթին Մանուկյանը, Հայ Դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի վարչության անդամ Պերճ Կարապետյանը, Հայ Դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի խորհրդատվական վարչության անդամ Հարութ Սասունյանը, Հայ Դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի նախկին գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը և Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի համայնքի հանրային կապերի տնօրեն Մարգարիտա Բաղդասարյանը

Սեպտեմբերի 5-ի հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Կարուզոն համաձայնեց հստակ քայլեր ձեռնարկել, որպեսզի «Ամերիկանան» բարելավի իր  հարաբերությունները  տեղի հայ համայնքի հետ: «Ամերիկանան» խոստացավ ստեղծել հատուկ համայնքային կապերի խումբ՝ բացառապես հայերի հետ իր գործընկերության վրա կենտրոնանալու համար:

«Մենք ուրախ ենք, որ Կարուզոն համաձայնել է աշխատել նախաձեռնությունների վրա՝ ամերիկահայ համայնքի հետ հարաբերությունները բարելավելու և մեր վստահությունը վերականգնելու համար»,- ասաց Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի նախագահ Մանուկյանը:

Իր հերթին «Ամերիկանայի» գործառնությունների գծով գործադիր փոխնախագահ Ջեկի Լևին հայտարարեց. «Մենք գնահատում ենք այս շատ արդյունավետ հանդիպումը Գլենդելի Հայ Դատի հանձնախմբի ղեկավարության հետ և ակնկալում ենք ամրապնդել մեր հարաբերությունները՝ շարունակելով մեր խոր երախտագիտությունը հայտնել հայ համայնքին: Համայնքային կապերի այս նոր խմբի ստեղծումը կնպաստի, որ մեր գործընկերությունը շարունակվի առավել իմաստալից ձևով»:

Այսպիսով՝ «Ամերիկանայի» և Գլենդելի հայ համայնքի միջև առկա երկարատև վիճահարույց հարաբերությունները կարգավորման փուլում են: «Ամերիկանայի» սեփականատեր Կարուզոն իր ելույթում շատ սիրալիր էր և շատ դրական արտահայտվեց հայերի մասին: Առաջիկա ամիսներին երկու կողմերի միջև կլինեն ավելի շատ շփումներ՝ համագործակցության ամրապնդման ծրագրեր մշակելու համար, որպեսզի վիճելի հարցերը լուծվեն բարեկամական քննարկումների միջոցով՝ ցույցերի և բոյկոտների դիմելու փոխարեն:

Ավելի քան երկու տասնյակ հայեր և օտարներ հայտնվեցին Գլենդելի քաղաքային խորհրդի նիստում՝ բողոքելու «Ամերիկանայի» կողմից գովազդային վահանակի մերժման սկզբնական որոշման դեմ: Ի պատիվ իրենց, Գլենդելի քաղաքային խորհրդի բոլոր հինգ անդամները, քաղաքապետ Վարդան Ղարպետյանի գլխավորությամբ, պաշտպանեցին համայնքի պահանջները և ներկա էին «Ամերիկանայում» Հայ Դատի հանձնախմբի մամուլի ասուլիսին: Հայ համայնքի ցանկություններին աջակցեց նաև Կալիֆորնիայի նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն, որը մեծ դեր խաղաց հակասությունների լուծման հարցում:

Այս վիճահարույց հարցի լուծումը ցույց է տալիս, թե որքան կարևոր է համայնքի մասնակցությունն ու ակտիվությունը ամերիկահայերին վերաբերող հարցերում:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #38 (1209) 27.09.2017 - 03.10.2017, Տարածաշրջան


27/09/2017