Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳ-ԲԱՆԱԿ



ԱԶԳ-ԲԱՆԱԿ«Հայաստան-Սփյուռք» համաժողովին ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում թեմայի համատեքստում քննարկվեց «Ազգ-բանակ» հավաքական ներուժի զարգացման մոդելը: 

Նիստավար, ՊՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապի վարչության պետ Գեւորգ Ալթունյանի` «Ազգ-բանակ» կոնցեպտի հանրային ընկալման եւ իրացման քայլերի հակիրճ պարզաբանումից  հետո հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը շեշտեց Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական գործունեության կարեւորությունը, համախմբումը մեր ֆիզիկական անվտանգության առանցքային ուժի` բանակի շուրջ: Փաստեց, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը հիմք դարձավ մեր պաշտպանական քաղաքականության լրջագույն եւ խորքային վերանայման համար եւ ներկայացրեց այն ծրագրերը, որոնք արտացոլում են նոր քաղաքական մոտեցումների էությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մատնանշեց «Ազգ-բանակ» հայեցակարգի քաղաքականության 5 հիմնական ուղղությունները եւ պատմեց կատարված աշխատանքների, ինչպես նաեւ ծրագրերի մասին.

1. Զինվորական մասնագիտության արժեւորում,

2. Մարտական պատրաստության եւ պատրաստականության բարձրացում,

3. Ռազմարդյունաբերական համալիրի զարգացում,

4. Ռազմաքաղաքական դիվանագիտության ուժեղացում,

5. Արդարության եւ հանրային վստահության ամրապնդում:

Որքան էլ պաշտպանության նախարարությունը աշխատանքի շուկայում առաջարկում է բավականին մրցակցային պայմաններ` որակյալ, անվճար կրթություն, ապահով աշխատանք, մասնագիտական առաջընթացի հստակ հնարավորություններ, այդուհանդերձ, զինվորականի մասնագիտությունը չունի այն ձգողականությունը, որը բանակը լավագույն կադրերով համալրելու նախադրյալ կդառնա: Մեր ժողովուրդը պաշտում է զինվորին, բայց չունի պատշաճ հարգանք հրամանատարի եւ սպայի նկատմամբ: Այս  իրողությունն առաջին հերթին ռազմական կրթության որակը բարձրացնելու պահանջ է հուշում: Պաշտպանության նախարարը ներկաներին պատմեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր` Դիլիջանում տեղակայված շենքի գերազանց պայմանների եւ մեր ռազմական բուհերի շենքային պայմանները բարելավելու ծրագրի մասին: Նախարարը առանձնացրեց վերջին մի քանի նախաձեռնությունները, որոնցից առաջինը մեր կուրսանտների ինտեգրումն է այլ ուսումնական հաստատություններին: Նրանք օտար լեզվի դասընթացներ կանցնեն քաղաքացիական բուհերում եւ հնարավորություն կունենան տեղեկատվական տեխնոլոգիաներին ծանոթանալու «Թումո» կենտրոնում, որպեսզի յուրաքանչյուր զինվոր բանակից հեռանա այդ բնագավառի գոնե տարրական գիտելիքներով, իսկ առավել ունակները կարողանան հետագայում ավելի լրջորեն իրացնելու իրենց գիտելիքները:

Պաշտպանության նախարարը իր գոհունակությունը հայտնեց Հայ բարեգործական ընդհանուր միության` ռազմական բուհերի  կուրսանտներին, ռազմամարզական վարժարանի սաներին եւ առաջին անգամ զինվորական կոչում ստացած զինծառայողներին տրամադրած 1000 էլեկտրոնային գրքի առիթով: Տեղեկացնելով, որ գրքի մեջ ընդգրկված է մասնագիտական եւ գեղարվեստական հարուստ գրականություն: Նախարարը խոսեց նաեւ «Ազգ-բանակ» համատեքստում բանակի ուժերը հասարակությանը ծառայեցնելու նոր ուղիների որոնման մասին եւ որպես առաջին քայլ` ներկայացրեց միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը եւ սահմանային համայնքների մասին պատմող գրքի լույսընծայումը:

Մարտական պատրաստությանը եւ պատրաստականությանը միտված քայլերից պաշտպանության նախարարը առանձնացրեց առաջնագծի ինժեներական կահավորման աննախադեպ ծավալը ու շարունակական աշխատանքները ապրիլյան պատերազմից հետո, ինչը զինվորի ծառայությունը դարձրել է առավել անվտանգ եւ սահմաններն ավելի պաշտպանված: Անդրադառնալով ռազմարդյունաբերության խնդիրներին, պաշտպանության նախարարը հույս հայտնեց օգտագործելու Սփյուռքի ամբողջ ներուժը` օտար երկրներում զենքի ու սպառազինության խնդիրներով զբաղվող հայերի մասնակցությամբ եւ մեր արտադրանքը արտասահմանյան շուկաներ արտահանելու հնարավորությամբ: Նա փաստեց, որ մեր ռազմարդյունաբերությունը զարգանում է պատշաճ տեմպով`  ադրբեջանական քանակին` որակ, անմիտ մրցավազքին՝ ողջախոհություն հակադրելու արդյունավետ քաղաքականությամբ:

«Ազգ-բանակ» հայեցակարգի քաղաքականության հաջորդ ուղղությունը ռազմաքաղաքական դիվանագիտության ուժեղացումն է, դիվանագիտական կապերի ընդլայնումը: Պաշտպանության նախարարը ներկաներին համառոտ պատմեց արտերկիր իր բազմաթիվ պաշտոնական այցելությունների արդյունքների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Վիգեն Սարգսյանի համոզմամբ` «Ազգ-բանակ» հայեցակարգը չի կարող դառնալ գործողություն առանց հանրային վստահության: Կոռուպցիայի դեմ պայքարը այդ վստահությունը ձեւավորող պայմաններից է: Պաշտպանության նախարարը խոսեց, այսպես ասած, «1000-դրամի ծրագրի» արդյունավետության եւ հիմնադրամի աննախադեպ թափանցիկության մասին: Ինչպես նաեւ ներկայացրեց հանրային վստահությանը միտված իր նոր նախաձեռնությունը` պաշտոնյաների  եկամուտների հայտարարագրում նշել նաեւ նրանց եւ ընտանիքի անդամների, այդպես ասած, զինծառայության հետ ունեցած առնչությունը: Եվս մեկ ծրագիր բանակի ղեկավարությանը հնարավորություն կտա լիարժեք պատկերացում ունենալու զորամասերում տիրող իրավիճակի մասին: Յուրաքանչյուր զորացրված զինվորի տուն կայցելի մասնավոր սոցիալական ընկերությունում աշխատող սոցիոլոգը եւ կլրացնի 60 հարցից բաղկացած հարցաթերթիկ` նրա ծառայության եւ զորամասում առկա խնդիրների մասին: Հարցումը կլինի անանուն, բայց կնշվի զորամասի համարը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանրային վստահությունը շահելու ճանապարհին կարեւորեց նաեւ թեժ գծի առկայությունը, որը գործում է ակտիվ, եւ որի միջոցով լուծվում են բազմաթիվ խնդիրներ:

ԱԶԳ-ԲԱՆԱԿՊաշտպանության նախարարի զեկույցից հետո Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը խոսեց «Ազգ-բանակ» կոնցեպտը կյանքի կոչելու հնարավորությունների ու Սփյուռքի մասնակցության մասին: Նա կարեւորեց «Ազգ-բանակ» հայեցակարգի հույժ կարեւոր կենսական նշանակությունը, խոսեց դրա մեծ անհրաժեշտության մասին, որի հետ կապված է մեր ազգային ինքնության պահպանումը, անկախ պետականության ամրապնդումը, սերունդների ապագան, մարտահրավերներին դիմակայելու իմունիտետը: Նա «Ազգ-բանակ» հայեցակարգի գործադրումը համարեց Հայաստան-Արցախ միասնական պաշտպանական համակարգի հիմք, մեր երկրի զարգացման եւ առաջընթացի հուսալի երաշխավոր: Եվ առաջարկեց ձեռնարկել համալիր գործողությունների ծրագիր` միավորելով Հայաստանը, Արցախը եւ Սփյուռքը, ուրվագծելով համընդհանուր զորաշարժի բովանդակությունը եւ ձեւերը: Բանակաշինության համալիր ծրագիրը պետք է երաշխավորի բոլորի ընդգրկվածությունը խաղաղ  պայմաններում` բանակաշինության գործին, պատերազմական պայմաններում` սահմանների պաշտպանությանը: Պատգամավորը կարեւորեց նաեւ սահմանապահ գյուղերի` կարգավիճակ ունենալու խնդիրը եւ դրանք հենակետերի վերածելու հրամայականը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր խոսքում անդրադարձավ «Ազգ-բանակ» գաղափարի ձեւավորման դրդապատճառներին, որից առաջինը այն ռազմական, տնտեսական, քաղաքական մրցապայքարն է, որը պարտադրվել եւ պարտադրվելու է մեզ դեռ երկար ժամանակ:

Մոտ 30 տարի Անկախություն ունեցող ազգը չի կարող իր անկախությունը կորցնել բանակցությունների սեղանի շուրջ. Ադրբեջանի ղեկավարությունը սա շատ լավ է հասկանում եւ ամեն ինչ արել ու անելու է ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու եւ ուժերի հարաբերակցությունն իր օգտին փոխելու համար: Հաջորդ դրդապատճառը, ըստ Վազգեն Մանուկյանի, աշխարհաքաղաքական գործընթացներն են, օր օրի աճող լարվածությունը, պատերազմական օջախները, զինված բախումները, որոնք ներառում են տասնյակ ժողովուրդների եւ հուշում յուրաքանչյուր երկրի` անվտանգության ավելի մեծ երաշխիքներ ստեղծելու հրամայականը, ինչը ենթադրում է համախմբում, առկա ներուժի առավել ռացիոնալ օգտագործում: Վազգեն Մանուկյանը խորհուրդ տվեց «Ազգ-բանակ» հայեցակարգի յուրաքանչյուր ծրագիր առավել ընկալելի դարձնել ժողովրդին, որովհետեւ ի վերջո դրա իրագործողը հենց ինքը ժողովուրդն է:

Իսկ ինչպես մոբիլիզացնել ազգային ներուժը բանակաշինության գործում` այս հարցի պարզաբանմանն էր նվիրված «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ, «ՄըքՔինսի ընդ Քոմփանի» խորհրդատվական ընկերության գործընկեր Ավետիք Չալաբյանի ելույթը: Նա ներկայացրեց գալիք  մարտահրավերները եւ դրանց դիմակայելու գործում առկա ռեսուրսներն առավել ռացիոնալ օգտագործելու հնարավորությունները: Խոսելով Ադրբեջանի մարդկային եւ նյութական  միջոցներին որակական առաջընթացով դիմակայելու անհրաժեշտության մասին` ինչպես ռազմական, տնտեսական, կրթական ոլորտում, այնպես էլ ժողովրդագրական խնդիրներ լուծելիս, նա նաեւ պատմեց պաշտպանության նախարարության եւ հիմնադրամի արդեն իսկ իրագործված նախաձեռնությունների եւ ապագային միտված ծրագրերի մասին:

Մեր հոգեւոր պաշտպանության, բարոյական անվտանգության խնդիրներին անդրադարձավ գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը: Նա խոսեց մեր բարոյական նկարագրի մաքրագործման կարեւորության մասին:

Լիբանանի Հանրապետության ԶՈՒ բրիգադիր-գեներալ Փանոս Մահճյանը կրկին անդրադարձավ Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերներին եւ արժեւորեց համագումարում արծարծված խնդիրները հետեւողականորեն լուծելու հրամայականը: «Մեր ապագան մեր բանակն է»,- ասաց Փանոս Մահճյանը եւ առաջարկեց մեր սփյուռքահայ եղբայրների մասնակցությունը բանակաշինության գործին առավել շոշափելի դարձնելու համար ստեղծել «Զինվոր մը որդեգրելու ֆոնդ»:

Վերջին ելույթը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Համբիկ Սարաֆյանինն էր, որը ներկայացրեց իր պատկերացումները Հայաստանակենտրոն համազգային հայեցակարգի կազմավորման մասին, ինչը կնպաստի «Ազգ-բանակ» գաղափարի իրագործման արդյունավետությանը, վերացնելով բոլոր այն խոչընդոտներն ու հանգամանքները, որոնք խանգարում են, որ յուրաքանչյուր հայ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում Հայաստանի պաշտպանությունը համարի իր խնդիրը: Այս առումով նա կարեւորեց  նպատակային քարոզչության դերը հատկապես երիտասարդ սերնդի շրջանում:

«Ազգ-բանակ» հավաքական ներուժի զարգացման մոդելին նվիրված քննարկումն ավարտվեց գեղեցիկ միջոցառմամբ. «Հայփոստ» ՓԲԸ-ն եւ պաշտպանության նախարարությունը թողարկել են երեք նամականիշ` նվիրված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» թեմային: Փոստային նամականիշները մարվեցին եւ շրջանառության դրվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ընթացքում:

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #37 (1208) 20.09.2017 – 26.09. 2017, Բանակ և հասարակություն


22/09/2017