Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՓԱԿՄԱՆ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ



ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ  ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՓԱԿՄԱՆ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸՍեպտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի փակման լիագումար նիստը: Հընթացս ամփոփվեցին եռօրյա համաժողովի չորս ուղղությունների եռօրյա աշխատանքների արդյունքները:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ընդգծելով համաժողովի աշխատանքների կարևորությունը` ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց, որ տարեցտարի նկատելի է դրանցում ընդգրկվողների թվի ու աշխարհագրության ընդլայնումը:

Անդրադառնալով արցախյան խնդրի կարգավորմանը` Ա. Բաբլոյանը շեշտեց. «Արցախը համահայկական երազանքի մարմնավորումն է: ԱԺ-ն պատրաստվում է նոր եռանդով իրականացնել երկրի զարգացմանը միտված գործունեությունը: Առաջընթացի և զարգացման տարաբնույթ ծրագրերը, սակայն, չեն կարող իրականություն դառնալ խաղաղության և անվտանգության բացակայության պայմաններում»: ՀՀ սահմանների անվտանգությունն ու խաղաղությունը, ըստ ԱԺ նախագահի, անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից: «Որևէ բանակցություն, քննարկում կամ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքից, Արցախի անվտանգության և խաղաղության գաղափարից»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության խնդիրներին՝ Արա Բաբլոյանն ասաց, որ  մեր երկիրը չի փորձում որևէ կազմակերպության կամ երկրի հետ հարաբերություններ հաստատել` ի վնաս այլ կազմակերպությունների կամ երկրների: «Մենք վստահության և հուսալիության բարձր վարկանիշ ունենք Եվրասիական տնտեսական միությունում, Եվրամիությունում,  ամերիկյան կազմակերպություններում և բոլոր գործընկերների ՝ այդ թվում Իրանի, Չինաստանի հետ հարաբերություններում»,-ասաց նա և վստահություն հայտնեց, որ այս համաժողովը կնպաստի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը:

ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ  ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՓԱԿՄԱՆ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ«Հայաստանի զարգացման հիմնախնդիրները և ներդրումները» ուղղության աշխատանքների արդյունքներն ամփոփեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Փոխվարչապետը նշեց, որ նիստի ընթացքում ներկայացվել են տնտեսության գրավիչ կողմերը, խոսվել է առկա անելիքների մասին: «Մասնավորապես, նշվել է, որ Հայաստանը պատմականորեն եղել է բոլոր խոշոր առևտրային ուղիների խաչմերուկում և մշտապես եղել ակտիվ միջազգային առևտրում: Միևնույն ժամանակ, մենք այժմ ևս կարող ենք հնարավորություն ընձեռել ներդրողներին եւ տնտեսվարողներին, առաջարկել հասանելիություն դեպի առնվազն 800 միլիոն սպառողներ ունեցող շուկաներ՝ պայմանավորված թե՛ Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ, թե՛ Իրանի հետ սերտ եւ նախանշվող ավելի խորացող հարաբերություններով եւ թե՛ ԵՄ ու ԱՄՆ հետ առեւտրի հստակ արտոնյալ ռեժիմներով»:

«Արտաքին քաղաքականության օրակարգ» ուղղության արդյունքներն ամփոփելիս ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մասնավորապես, անդրադարձավ արցախյան հիմնախնդրին: «Բոլորիս համար ակնհայտ է, որ Արցախի խնդրի կարգավորումը տեղում դոփում է մի շատ պարզ պատճառներով. Ադրբեջանը գործում է և՛ միջազգային իրավունքի դեմ, և՛ միջնորդ պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի կոչերի ու հորդորների դեմ»-ասաց նա:

Ըստ Շավարշ Քոչարյանի` 2016 թվականին Ադրբեջանը շատ հստակ ցույց տվեց իր իրական դեմքը: «Իր համար բանակցային գործընթացն ընդամենը քող է ռազմական ուժ կուտակելու, իր կեղծիքն ու քարոզչական պատերազմը շարունակելու համար: Իսկ 2016թ. իրադարձությունները կրկին ագրեսիա էին, 90-ականների սկզբի ագրեսիայի կրկնությունն էին»:

ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ  ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՓԱԿՄԱՆ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸՆա հիշեցրեց, որ 1994թ. համաձայնագիրը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ փաստաթուղթ է, մինչդեռ 2016թ. ապրիլի գործողությունները ոչ այլ ինչ էին, եթե ոչ ռազմական գործողությունների բացահայտ  վերսկսում: «Ադրբեջանը կրկին հայտնվեց ագրեսորի դերում: Եղան մարդասիրական իրավունքի  բազմաթիվ կոպիտ ոտնահարումներ»,-ասաց նա` հավելելով, որ դրանց վերաբերյալ փաստաթղթերը շարունակելու են ներկայացնել միջազգային կազմակերպություններին ու կառույցներին:

ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական Բաբկեն Վարդանյանը ամփոփեց «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» ուղղության արդյունքները:

Բաբկեն Վարդանյանը մասնավորապես նշեց, որ այժմ մենք առանձին ճակատամարտերի և պատերազմների փուլից անցում ենք կատարել մի նոր փուլ, որում գերակա պիտի լինի համահայկական պաշտպանության գործում համազգային մասնակցությունը: «Յուրաքանչյուր հայ զինվորական է հայրենիքի պաշտպանության գործում և պետք է մտածի, թե ինչպես ուղղակիորեն կամ անուղղակի պաշտպանի Հայաստանը, Արցախն ու աշխարհասփյուռ հայությանը»: Անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, սեռից ու տարիքից` հայ ազգային միասնականության գաղափարախոսությունը պետք է լինի առաջնորդողը»: Ըստ բանախոսի՝ պատերազմում մեր հաղթանակները շոշափելի կլինեն այն դեպքում, եթե Արցախի ազատագրված հողերն ապահով կերպով բնակեցվեն:

«Հայապահպանության հիմնախնդիրներ» ուղղության արդյունքների մասին խոսեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:   Նա գոհունակությամբ նշեց, որ Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովն արդյունքներով գերազանցեց բոլոր նախորդ համաժողովներին:  Այս տարի, ըստ Սփյուռքի նախարարի, համաժողովին մասնակցել է շուրջ 1800 մարդ 70 երկրից:  Տեղի են ունեցել 3 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով 16 թեմատիկ նիստեր, որոնք վերաբերում էին Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության օրակարգերին, Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը և հայապահպանության հիմնախնդիրներին:

ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ  ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՓԱԿՄԱՆ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸՆախարարը նշեց, որ մենք հայկական սփյուռքը հռչակել ենք որպես Հայաստանի ազգային անվտանգության բաղադրիչ, և դա ամրագրել ենք Սահմանադրությամբ. «Այստեղ գլխավոր խնդիրը հայապահպանության հարցն է, երկրորդը հայրենադարձությունն է, երրորդը՝ լեզվի և հայկական պատմամշակութային արժեքների պահպանումը և երիտասարդների կրթությունը»:

Անդրադառնալով հայրենիք-սփյուռք ճանաչողության խնդրին` Հ. Հակոբյանը շեշտեց. «Որքան էլ դուք դրսում, հեռվում երիտասարդին, երեխային պարտադրեք խոսել հայերեն, իմանալ հայրենիքի մասին, միևնույն է՝ վերացական պատկերացումները չեն կարող հոգեկան այնպիսի ապրումներ առաջացնել, քան երբ երեխան գալիս է, ոտք է դնում հայկական հողին, իր աչքերով տեսնում է Արարատը, ձեռքերը լվանում է Սևանում, իր մոմն է վառում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, խոնարհվում է Ցեղասպանության հուշարձանին. այլևս այս երեխան հայ է մեծանում»,-ասաց նա՝ վերստին նշելով, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է գա  և  տեսնի իր հայրենիքը:

Խոսքի ավարտին նախարարը նշեց, որ այս համաժողովը պատմական կարելի է համարել: Ամփոփելով «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրի ներքո ընթացած եռօրյա աշխատանքները` նա հայտարարեց. «Միասնությունը կայացավ, մենք միասին ենք»:

Քնար Թադևոսյան

Խորագիր՝ #37 (1208) 20.09.2017 – 26.09. 2017, Բանակ և հասարակություն


22/09/2017