Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԿԱԶՄԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է



ՀՀ ԶՈՒ ԿԱԶՄԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ ԷՍեպտեմբերի 14-ին լրացավ ՀՀ  ԶՈՒ կազմզորահավաքային վարչության 25-ամյակը: Այս առիթով զրուցեցինք վարչության պետ, գեներալ-մայոր ԿԱՄՈ ՔՈՉՈՒՆՑԻ հետ:

 -Պարոն գեներալ, այս տարի մենք նշում ենք մեր բանակի 25-ամյակը, և, ի թիվս ենթակա այլ կառույցների, լրանում է նաև կազմզորահավաքային վարչության հոբելյանը: Պատերազմի բովում ծնված հայկական բանակի ձևավորման և զարգացման գործում կազմզորահավաքային վարչության դերակատարումն անգնահատելի է: Ըստ Ձեզ, որո՞նք են այս տարիներին վարչության կարևորագույն ձեռքբերումները, ինչո՞վ կարող ենք հպարտանալ: 

-Կազմզորահավաքային վարչության ուշադրության կենտրոնում են երեք հիմնական խնդիրներ: «Կազմ» բառն արդեն իսկ հուշում է, որ առաջին գործառույթն անմիջականորեն կապված է զինված ուժերի կազմի, կառուցվածքի կատարելագործման հետ: Երկրորդ գործառույթը  զինված ուժերի պարտադիր ժամկետային զինծառայողների, շարքային կազմի, պայմանագրայինների և բանվորների համալրման գործընթացի կազմակերպումն է: Երրորդը` պահեստազորային և զորահավաքային ռեսուրսների պատրաստման, պլանավորման աշխատանքների կազմակերպումը: Համառոտակի նշեմ այս ուղղություններից յուրաքանչյուրում մեր կարևոր ձեռքբերումները:

Արդեն 25 տարի է, ինչ մեր տղաները խրամատներում են. մարտական հերթապահություն են իրականացնում մեր երկրի սահմաններին: Հաշվի առնելով այս հանգամանքը` մեր կարևորագույն խնդիրն է եղել հատկապես առաջնագծի զորամասերի, ստորաբաժանումների համալրումը համապատասխան մասնագետներով` նաև հաշվի առնելով զինված ուժեր ներդրվող նոր զինատեսակները:

Որպես կարևոր ձեռքբերում, կուզենայի նշել նաև 2013 թվականից հաջողությամբ կիրառվող պարտադիր ժամկետային զինծառայողների համալրումը վիճակահանությամբ որոշելու համակարգը:

Մեր հաջորդ կարևոր գործառույթի` պահեստազորային և զորահավաքային ռեսուրսների պլանավորման, պատրաստման աշխատանքների հետ կապված՝ նույնպես կարևոր քայլեր են արվել: Երրորդ տարին անընդմեջ մեր սահմանամերձ գյուղերի պահեստազորայինների հետ հավաքներ, պարապմունքներ ենք իրականացնում: Բացի այդ, այս ընթացքում բոլոր մասնակիցներն ապահովվել են հագուստով և այլ անհրաժեշտ պարագաներով, որ  անհրաժեշտության դեպքում կազմ ու պատրաստ ներկայանան զորահավաքին: Այս աշխատանքների կարևորությունն զգացինք հատկապես 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ. բոլոր նրանք, որոնց հետ նախօրոք այս պլանային միջոցառումներն իրականացրել էինք, անհապաղ ներգրավվեցին մարտական գործողություններում: Ապրիլյան փորձը ցույց տվեց, որ սա գործուն և կարևոր համակարգ է, որն անհրաժեշտության դեպքում էլի անխափան կգործի:

– Ապրիլյան մարտական գործողությունները լուրջ քննություն էին մեր ԶՈՒ համար: Այդ օրերին ի՞նչ կարևոր մասնակցություն ունեցավ Ձեր վարչությունը:

-Կազմզորահավաքային վարչության հիմնական խնդիրներից մեկը համալրումն ապահովելն է: Կամավորական ստորաբաժանումները, ջոկատներն այդ ընթացքում նույնպես համալրել են մեր զինված ուժերը: Գործընթացն սկսել ենք դեռևս ապրիլյան մարտական գործողություններից առաջ:

-Այսինքն` ապրիլյան քառօրյայի ընթացքում կամավորական շարժումը այնքան էլ տարերայնորեն չզարգացավ:

-Հաշվի առնելով Արցախյան ազատամարտի փորձը` մենք նախօրոք արդեն կազմել էինք ջոկատների անվանացուցակները` իրենց հրամանատարներով, որոնց հետ մշտապես կապի մեջ ենք եղել:

-Իսկ տարերայնորեն միացած ջոկատնե՞րը, անհատնե՞րը:

-Նոր ջոկատներն ու մարտադաշտ մեկնելու պատրաստ անձինք այնքան շատ էին, որ մենք ստիպված էինք ոմանց ետ դարձնել` հորդորելով սպասել: Ի դեպ, ասեմ, որ մինչև ապրիլյան պատերազմը զինկոմիսարիատների ջանքերով էլ խմբեր էին կազմավորվել, որոնք պատերազմի լուրն առնելով` անմիջապես ներկայացել և մարտական խնդիր են կատարել:

ՀՀ ԶՈՒ ԿԱԶՄԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է-Երիտասարդները շա՞տ էին:

-Այո՛: Շատ էին նաև դեպքերը, երբ հայր ու որդի, իրարից առաջ անցնելով, խնդրում էին, որ հենց իրենց զորակոչենք: Իսկ մենք փորձում էինք թույլ չտալ, որ երկուսն էլ ճակատ մեկնեն: Ներկայանում էին նաև տարեց մարդիկ: Դեպքեր են եղել, որ հայր ու որդի, պապ ու թոռ իրար հետ նույն դիրքում, կողք կողքի են կռվել:

-Պարոն գեներալ, Ձեր զինվորական ուղին խորը ակունքներ ունի. ակտիվ մասնակցություն Աֆղանական, այնուհետև` Արցախյան պատերազմներին, խաղաղության օրոք արդեն` զինվորական մի շարք կարևորագույն պաշտոններ եք ստանձնել զորքերում` մինչև զորամիավորումների հրամանատար, ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, այնուհետև` հանրապետության զինվորական կոմիսար: Ձեր պաշտոնավարման ո՞ր շրջանն եք փորձառության տեսանկյունից հատկապես կարևոր համարում Ձեր զբաղեցրած այժմյան պաշտոնի առումով:

-Լինելով խորհրդային շրջանի կադրային սպա` 1992 թ. դիմումիս համաձայն ծառայության անցա ՀՀ ԶՈՒ-ում: Բանակը նոր էր կազմավորվում, և իմ յուրաքանչյուր նշանակման հետ` մասնակցել եմ առաջին զինվորական կազմավորումների ձևավորմանը, զուգահեռաբար նաև` ընթացող մարտական գործողություններին: Հետագա տարիներին նույնպես ստանձնածս բոլոր պաշտոններում անմիջականորեն առնչվել եմ կազմզորահավաքային խնդիրներին: Մեր բանակը վերաստեղծվեց` որպես ազգային բանակ, և մեր բոլոր ջանքերն ի սկզբանե ուղղված էին ձևավորելու այն, ինչը մենք չենք ունեցել, և հետագա քայլերով կատարելագործելու ու զարգացնելու նոր ստեղծված կազմավորումները: Այժմ դրա արդյունքը պարզ տեսնում ենք. ունենք կազմ ու պատրաստ զորամիավորումներ, որոնք կարելի է համեմատել այսօրվա ցանկացած  պետության զորամիավորումների հետ:

-Ռազմական համագործակցության շրջանակներում միջազգային ասպարեզում Դուք ներկայացնում  եք  մեր երկրի կազմզորահավաքային փորձը: Ի՞նչ գնահատական է ստանում այն: Ունի՞ իր առանձնահատկությունները, որոնք, գուցե, ուսանելի  փորձ են հետխորհրդային կամ այլ պետությունների համար:

-Սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրման խառը սկզբունք ունեն, և վստահաբար կարելի է ասել, որ մեր կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ հենց սա է: Բանակի ստեղծման առաջին իսկ օրվանից և Արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում հաջողությունների կարևոր գրավականն եմ համարում մեր զինված ուժերի այս առանձնահատկությունը` համատեղել կադրային, պահեստազորի սպաների, ինքնապաշտպանական կամավորական ջոկատների ազատամարտիկների միասնական ներուժը: Այսօր արդեն միս ու արյուն ստացած այս գաղափարախոսությունը, որը մեր բանակի բոլոր հաջողությունների գրավականն ու հիմնասյունն է, անուն ունի` Ազգ-բանակ: Այն հետևողականորեն մշակվում և կատարելագործվում է արդի իրողությունների պահանջների հաշվառմամբ: Մենք հիմա համատեղ աշխատանքներ ենք տանում ՀԱՊԿ երկրների կազմզորահավաքային կառույցների հետ: Եվ նրանցից շատերը մեծ հետաքրքրությամբ են վերաբերվում այս փորձին, հաջողված են համարում այն:

-Իսկ ո՞ր երկրների բանակների փորձը կարող է ուսանելի լինել մեզ համար:

-Իհարկե, մենք էլ մեր հերթին ենք հետևում կազմզորահավաքային աշխատանքների շուրջ առաջավոր երկրների փորձին: Ընթացքի մեջ է ՀՀ ԶՈՒ-ում արհեստավարժ սերժանտների ջոկից դասակ սերժանտական համակազմի պատրաստության համակարգի ներմուծումը: Համակարգն արդեն իսկ ներդրված է. այժմ աշխատանքներ ենք ծավալում դրա կատարելագործման ուղղությամբ: Այս փորձը Արևմտյան, առավելապես` ՆԱՏՕ-ական բանակներից ենք փոխառել, և պետք է նշեմ, որ արդյունքներն արդեն իսկ տպավորիչ են:

-Պարոն գեներալ, սահմանամերձ համայնքների պայմանագրայիններին մարտական հերթապահության մեջ ընդգրկելու փորձը որքանո՞վ է իրեն արդարացնում: Արդյունավե՞տ է արդյոք:

-Այդ գործընթացի գաղափարակիրն եմ եղել դեռևս այն ժամանակ, երբ օպերատիվ վարչության պետն էի: Այս համակարգի հիմքում մի քանի խնդիրների լուծումն է ընկած: Առաջինը համալրման խնդիրն է: Երկրորդ կարևոր խնդիրն է ազգաբնակչության զբաղվածության հարցի լուծումը, երկրից արտահոսքի կանխումը: Պայմանագրայինը ծառայության է անցնում իր ծննդավայրում` իր տունը, թիկունքում գտնվող ընտանիքը պաշտպանելու պատրաստակամությամբ: Բացի այդ, տվյալ տարածքի առանձնահատկությունները տեղաբնակից ավելի լավ ոչ ոք չի կարող իմանալ: Այժմ արդեն ՀՀ բոլոր մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի դիրքերում հիմնականում պայմանագրայիններն են կանգնած: Եվ կասեի՝ մեծ պատասխանատվությամբ և սիրով են կրում իրենց ծառայությունը:

Կուզենայի նշել նաև «Ես եմ» ծրագիրը, որ արդեն քննարկումների փուլն անցել և իրագործման համապատասխան ընթացքի մեջ է: Սրա նպատակը  նույնպես առաջնագծի ստորաբաժանումների համալրումը պարտադիր ժամկետային զինծառայողներից կամավոր հիմունքներով պայմանագրայիններով փոխարինելն է: Այս ծրագրի արդյունքները նույնպես, կարծում եմ, շուտով տեսանելի կդառնան:  

-Զրույցի վերջում կխնդրեի, որ տոնի կապակցությամբ Ձեր բարեմաղթանքները հայտնեք: 

-Մեր ազգային բանակն արդեն քառորդդարյա պատմություն ունի: Ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր, բանակի կազմավորման առաջին իսկ օրվանից, մասնակցել են կազմզորահավաքային վարչության ստեղծման աշխատանքներին: Ուզում եմ շնորհավորել մեր առաջին զինվորներին, որ զորակոչվել են  1992 թվականի մայիս ամսին. առաջին զորակոչը և հաջորդած բոլոր զորակոչները կազմակերպողներին:  ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչությունը բազում կապերով կապված է մեր ԶՈՒ տարբեր կառույցների, ծառայությունների հետ: Կուզենայի շնորհավորել բոլորիս և շնորհակալություն հայտնել համատեղ արգասաբեր աշխատանքների համար: Հատուկ ուզում եմ շնորհավորել նաև կազմզորահավաքային վարչության անձնակազմին, մեր զորամասերի, զորամիավորումների, միավորումների համալրման բաժին-բաժանմունքների անձնակազմերին և ցանկանալ, որ մեր ամենօրյա բարեխիղճ գործունեությամբ ապահովենք մեր բանակի զարգացման, առաջընթացի  հերթական քայլերը:

 ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #37 (1208) 20.09.2017 – 26.09. 2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/09/2017