Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԱՏ ԵՎ ԱՆԿԱԽ ԿՅԱՆՔԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»



Հատված Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների՝ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հետ հանդիպմանն ասված խոսքից:

 

Հատված Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների՝ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հետ հանդիպմանն ասված խոսքից:…Հակառակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգեւոր առաջնորդներիս կոչերի եւ պատգամների, այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ եւ երբեմն նաեւ սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ։ Հատկապես մտահոգիչ ենք համարում քաղաքացիական բնակչության թիկունքում պատսպարվելու եւ այն միտումնավոր թիրախի վերածելու դեպքերը։

Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները։ Այս ամենը մեծապես վտանգում է փոխվստահության եւ փոխըմբռնողության ոգու մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը եւ, սասանելով արդեն իսկ փխրուն հրադադարը, վերափոխում հակամարտության ուժգնացման մի նոր իրողության, որին ականատես դարձանք 2016 թվականի ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ։ Ամենքիս հայտնի է այդ օրերի ժամանակագրությունը՝ փաստագրված նաեւ միջազգային հանրության կողմից, մարտի դաշտում զոհված զինվորների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված խոշտանգումները, վայրագություններն ու բռնությունները, պատճառված կորուստներն ու ավերները։

Մտաբերելով այս դեպքերը՝ բնական հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող են պահպանվել իրավիճակի կայունությունը ու խաղաղությունը, երբ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը միակողմանի են։ Ինչպե՞ս կարող ենք հասնել խաղաղության, երբ ջանք եւ միջոց չի խնայվում բոլոր հնարավոր եւ անհնարին ճանապարհներով սեփական բնակչության մեջ ատելություն ու թշնամանք սերմանելու հարեւան հայ ժողովրդի նկատմամբ, իսկ հայկական կողմի եւ միջազգային հանրության արդարացի եւ օբյեկտիվ գնահատականները հակադարձելու անհիմն մեղադրանքներով։

Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ինչպես եւ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ բացառապես բանակցությունների միջոցով։ Այլընտրանք չունի նաեւ Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ եւ անկախ կյանքը։

Այսօր հրամայական է, որ կամք եւ հանձնառություն դրսեւորվի՝ հիմնախնդրի լուծումը փնտրելու միմիայն բանակցային հարթության մեջ եւ կասեցնելու հրադադարի խախտման դրսեւորումները, սահմաններից հեռացնելու դիպուկահարներին, դադարեցնելու անդադար գնդակոծումները եւ այլեւս պատճառ չդառնալու հրադադարի պայմաններում ընտանիքների դժբախտացման՝ անվտանգ պահելով մեր զինվորագրված զավակների կյանքը։ Յուրաքանչյուր փամփուշտ, որ արձակվում է Աստծո արարածի դեմ, նաեւ Աստծո դեմ է։

Այստեղ ենք մենք տեսնում մեր՝ հոգեւոր առաջնորդներիս առաքելությունը՝ հորդորելու եւ պատգամելու, մեր լծակիցների հետ մեկտեղ ձեւավորելու այն գիտակցությունը եւ փոխըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտը, որոնց պայմաններում հնարավոր պիտի դառնա հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացումը։ Միեւնույն ժամանակ, մեր հանապազ հորդորը պետք է բերենք զինվորականներին՝ պահպանելու հրադադարը եւ խուսափելու սադրանքներից։

Մենք մեծապես կարեւորում ենք միջազգային հանրության դերակատարությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը հակամարտության շփման գծում վերահսկողական մեխանիզմների կիրառման եւ սահմանային միջադեպերի հետաքննության հարցում։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում Կիրիլ Ա պատրիարքին եւ Ռուս ուղղափառ եկեղեցուն՝ հակամարտության առաջին իսկ օրվանից դրսեւորած սրտացավության եւ միջնորդական ջանքերի համար։

…Թող Բարձրյալի օրհնությամբ աշխարհում եւ մեր ժողովուրդների կյանքում միշտ գերակայի հաշտության ոգին եւ պտղաբերի փոխըմբռնումն ու բարի կամեցողությունը»։

Խորագիր՝ #36 (1207) 13.09.2017 - 19.09.2017, Հոգևոր-մշակութային


13/09/2017