Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ, ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ



ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ, ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆՄիշտ զինվորի հետ՝ այս անգամ Տավուշի զորամասեր՝ նոր ու ավելի հագեցած ծրագրով։

Գրեթե 15 տարի է՝ զինվորի կողքին եմ, աշխատում եմ ՊՆ ԿԿԶՀ վիրաբուժական բաժանմունքում: 2011 թ. զանազան ծրագրերով նաեւ համերգային շրջայցեր եմ ունեցել տարբեր զորամասերում։ Այս անգամ այցը զորամասեր ծավալուն էր։

Ավանդույթ է դարձել «Զինվոր» համակարգող խորհրդի եւ նրա նախագահ Մարգարիտա Խաչատրյանի այցը զինվորներին։ Նրանց սիրում ու սպասում են, դեռ չբաժանված՝ կարոտում ու խնդրում են կրկին այցելել։ Զգաստության ու հարազատության, կարոտի ու սպասելիքների սրտագին պահեր են՝ շաղախված սիրով, բարությամբ, հարգանքով ու երախտագիտությամբ։ Բանակը մեր հպարտությունն ու պարծանքն է։ Ամեն ինչ արվում է, որ զինվորի առօրյան թեկուզ մեկ օր դառնա հիշարժան։

Տիկին Մարգարիտան իրեն բնորոշ սրտաբացությամբ բաժանում է նվերները՝ պայուսակներ, լապտերներ, արդուկներ, նաեւ կանանց ամառային ու ձմեռային վերնազգեստներ, կոշիկներ և մարզակոշիկներ, գուլպաներ, սուրճ, կոնֆետ, թխվածք, ծխախոտ, սափրիչներ… Այն ամենն, ինչ անհրաժեշտ է դիրքերում կանգնած մեր քաջորդիներին։ Լավագույնները՝ հրամանատարական կազմից, պայմանագրային շարքայիններն ու զինվորները խրախուսվում են մեդալներով, պատվոգրերով ու ժամացույցներով։ Եվ այս ամենն ուղեկցվում է համերգային ուրախ ու հրաշալի ծրագրով։ Այս անգամ իրենց երաժշտական ողջույնն էին բերել Սպայի տան երգի-պարի համույթի երգիչները։ Ես ևս անմասն չմնացի և երգով ու ասմունքով լրացրի համերգային ծրագիրը։ Մեծ ուրախություն է, երբ իմ բաժանմունքում բուժված ու ապաքինված զինվորներին տեսնում եմ զինակից ընկերների շարքում։

Ես անակնկալ մատուցեցի՝ զինվորներից մեկի եւ իմ խոսքը բանաստեղծության տեսքով ներկայացնելով զորամասում.

 

-Հերթապա՛հ բուժքույր, լսի՛ր զինվորիս,

Մայր ես ու քույր ես այստեղ բոլորիս,

Ցերեկը վազում, գիշերը անքուն,

Բոլորիս ցավը հոգում ես, տանում…

Շնորհակալ ենք, որ կաս աշխարհում,

Հերթապա՛հ բուժքույր՝ ազնիվ ու խոհուն:

 

– Ես պարտավոր եմ հասնել բոլորին,

Հայոց բանակի քաջ մարտիկներին,

Որ լինեք առողջ, ձեր ուժով բազկի՝

Դառնաք պարծանքը մեր հայոց ազգի։

 

ԿԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ԿԿԶՀ վիրաբուժական բաժնի բուժքույր

Խորագիր՝ #36 (1207) 13.09.2017 - 19.09.2017, Ազգային բանակ


13/09/2017