Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՐԱՄԱՏԱՅԻՆ ԳԵՂԱՐՎԵՍՏ



ԽՐԱՄԱՏԱՅԻՆ ԳԵՂԱՐՎԵՍՏ

Թատերական հրապարակում կրկնակի թատերախաղ էր՝ բազմարար ու անվարագույր թատերախաղ:

Արցախի ՛՛փրկության ղեկը՛՛ իրենց ձեռքն առած խրոխտ ու համառ հռետորները, ամենօրյա վարժանքի նման, հրապարակի բազմությանը հաղթության ու միաբանության հերթական քաղցրածոր հորդորներն էին հնչեցնում: Օդը ճեղքող բազմահազար վանկարկումները, հանրահավաքի սկիզբն ու ավարտը ազդարարող շեփորի հուզական հնչյունները, միաժամանակ վեր բարձրացող բռունցքված ձեռքերի տարափը, վաղուց այլևս նրանց համար չէր, ովքեր պապերի՝ այս ու այն ծերպերում թաքցրած մոսինները նորոգել, այս ու այն հնարքներով զինվել էին ու ջոկատներ կազմելով մեկնել էին Արցախ, փաստելով, որ հայրենիք ազատագրելու միակ ու անփոփոխ եղանակը՝ թշնամու դեմ թշնամաբար կռվելն է: Դառն ու երանելի ժամանակներ էին…Շատերի նման պարտքի պարզ գիտակցումը ինձ էլ տարավ Արցախ՝ տարեգրի առաքելությամբ վավերագրելու փառքի, տառապանքի ու հաղթության այն բովանդակ դրսևորումները, որոնք նվիրյալ հայրոդիները ամեն ժամ կրում էին իրենց հոգնաբեկ ու տանջահար մարմիներում: Վաղուց մարել են մահաբեր ռումբերի որոտները: Հաղթանակի պատվավոր դրոշի ներքո՝ թանկագին կորուստները խորհուրդ ու պանծանք են դարձել՝ Եռաբլուրում և Արցախի բոլոր պանթեոններում: …Ահա, տարիների՝ հիշողության լլկված կարկատանների պահոցից հայացք եմ նետում խաչելության այդ անվերջ ճամփին և փորձում վերարտադրել հերոսապատումի փրկված ծվենները, որոնք դարձան մեր մտքի ու կամքի ուղեցույցն ու հոգենորոգ կանոնագիրքը: Պատերազմից վերադարձա ողջերի հետ՝ մեռյալների հիշատակն ու սխրանքը անմահացնելու պարտավորությամբ: Տեսաժապավեններից զատ, որ կուտակեցի պատերազմի դաշտում, որպես թանկագին ռազմավար, իմ կիսամաշ պայուսակում փայփայեցի, թվում էր պատերազմի վարքագծին անհարիր,ճմրթված ու պատառոտված թղթերին պահ տված ողջերի ու ընկածների գրված բանաստեղծությունների մի կապոց, որին շատ ու շատ հետո անվանեցի ՛՛Խրամատային գեղարվեստ՛՛: Խրամատային գեղարվեստ, որ ծնվում էր հենց նոր հողին հանձնված մատղաշ ընկերոջ հապճեպ, անավանդական հոգեհացի՝ դառը օղու ու չոր հացի վշտի արանքում, երեք որդիներին կորցրած մոր չցնորված ու ժայտակուռ հոգում, ՛՛Գրադի՛՛ անվերջ պայթյունների տակ ռմբապաստարանների ծարավ մանուկներին արյունոտ ջուր հասցնող վիրավոր մարտիկի կամքի միջնաբերդում: Ահա այդ մշակույթը, որը հառնում է ջղաձիգ ցավի անդարման պահին ու դառնում է ձոն, դառնում անսովոր ու ներփակված մի պոռթկում և որպես գիր կամ խզբզանք դաջվում ծխախոտի խամրած տուփին, խրամատներում խունացած դեղնաթղթին, օրագրի ճմռթված տողերին:

Տևական անդրադարձներից հետո՝ կշռադատումի մի հերթական պահի, ես համաձարկվեցի այդ պոռթկումները անվանել մշակույթ՝ռազմադաշտային մշակույթ, ասել է թե՝ «Խրամատային գեղարվեստ»: Եվ ահա, տարիներ անց, այս ամենը հանձնում եմ քեզ ՝մեր դժվարին ձեռքբերումների ժառանգորդ և հետևորդ շիտակ հայորդուդ…

 

Անհայրություն

 

Մանկանց թաց աչքերին

ցավի լճեր էին ծվարել:

Զուսպ, մունջ շուրթերին`

վրեժի երդումները տաք:

 

Նրանց անխոնարհ սրտերը

մերժել էին կորստի խեղճությանը,

ու խռիվ, ցեխոտ ճամփեքով

քայլում էին թափորին համընթաց`

ոտքի տակ անփույթ կոխելով

ակամա իրենց պարզած

որբության վկայականները:

 

1993թ. Շուշի

 

Խրամատային թախիծ

 

Բաժանումի լուռ հառաչներ,

       որ ծնվում են

կարոտների ծարավ սրտում:

 

Արցունքոտված աչքեր թաքուն,

       որ փայլում են կեսգիշերի

       ժլատ լույսի հորիզոնում:

Ցնորամիտ երազանքներ,

Որ ծնվում են խրամատի շեղ փոսերում:

 

1993թ. Զագլիկ

 

Բորիս Ղարիբյանին

(Ճուտո)

 

Լույսը դեռ չէր բացվել,

բժիշկը, մի վերջին հույսով,

կյանքի զարկեր էր փնտրում

Ճուտոյի անշարժ մարմնում:

 

Ցավը պոկվել էր

գոլ երկնքից

ու պատել սրտերը տղերքի.

– Վա~խ, մեռա~վ,- փղձկած բժիշկն անզոր,-

էս ի՞նչ ցավ էր ահավոր:

 

Լուռ կանգնած են տղերքը`

թևաթափ ու խռոված,

սիրտ էլ չկար ողբալու.

մեռա~վ, մեռա~վ մեր Ճուտոն,

 

Ծերանում էր առավոտը`

դեռ արշալույս չտեսած…

Հենց նոր ծնված շաղիկը

դարձավ արցունք ու արյուն:

 

Գալարվում էր մրմուռը

անեծքի պես վարակիչ,

հեռակապը անդադար

մահալուրն էր տարածում:

 

Մի ժպիտ էր քարացել

նրա մանուկ հայացքին,

ու գարուններ տասնչորս,

որ ընդհատվեց առհավետ:

 

Անդրադարձ

(ռիկաշետ)

 

Դիմահար առաջ էր սուլում`

հարվածը տապալեց գետնին.

դողդոջ ձեռքը տարավ կրծքին`

            արյուն չկար….

…պահունակներից մեկն էր խոցվել,

ու կրծքից փամփուշտ էր կաթում:

 

ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

կինոռեժիսոր

Խորագիր՝ #34 (1205) 30.08.2017 - 05.08.2017, Ճակատագրեր


30/08/2017