Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՄԱՐԴԸ



ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. ԲԱՐՁՈՒՆՔԻ ՄԱՐԴԸԱրթուր Ալեքսանյանը եւս մեկ անգամ ապացուցեց՝ ինքն ամենաուժեղն ու անպարտելին է։ Անբացատրելի ուրախություն է, երբ հայ մարզիկի պատվին աշխարհի առաջնությունում հնչում է Հայաստանի հիմնը, երբ նա բարձրացնում է Հայաստանի եռագույնը։ Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ այսպիսի անգերազանցելի ըմբիշ ունենալու առթիվ։ Ինձ համար առանձնահատուկ օր էր. եւ ուրախության հուզմունք, եւ հիշողություններ՝ ամեն ինչ խառնվել էր իրար: 2003 թվականին Ֆրանսիայում ես նույնպես հռչակվեցի աշխարհի եռակի չեմպիոն, իմ պատվին եւս հնչեց Հայաստանի հիմնը, ծածանվեց դրոշը։ Հատկանշանական է, որ տարիներ անց այդ հաջողությունը կրկնվեց նույն երկրում։ Սա պատմություն է, շատ մեծ իրադարձություն եւ երկրի, եւ մարզիկի համար։ Ուրախ եմ Հայաստանիս համար, հպարտ՝ Արթուր Ալեքսանյանով։

ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ
Հունահռոմեական ըմբշամարտի կրկնակի օլիմպիական
չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն,
հունառոմեական ըմբշամարտի
Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ

***

Արթուր Ալեքսանյանը 5 տպավորիչ գոտեմարտ անցկացրեց Փարիզի մրցագորգում եւ հաղթեց բոլորին։ Պատմական օր է բոլորիս համար, քանի որ Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Բայց առավել կարեւոր է փաստը, որ արդեն չորրորդ անգամ անընդմեջ Արթուր Ալեքսանյանն ապացուցում է, որ իրենից ուժեղը չկա: Հիշենք Ռիո-2016-ը եւ աշխարհի երեք առաջնությունները։ Նման ցուցանիշ աշխարհում չկա։
Արթուրի բոլոր մրցակիցներն էլ ուժեղ էին, բայց նա գրագետ գոտեմարտեր անցկացրեց։ Արթուրը վնասվածքներով, մասնավորապես ծնկի, դուրս եկավ աշխարհի առաջնության մրցագորգ, բայց նրա կամային հատկություններն այնքան բարձր են։ Եռակի աշխարհի չեմպիոններ էլի ենք ունեցել՝ Արայիկ Գեւորգյան, Արմեն Նազարյան։ Հպարտ ենք, որ Արթուր Ալեքսանյանը լրացնում է մեր գերհզոր մարզիկների շարքերը եւ ավելացնում աշխարհի եռակի չեմպիոնների թիվը: Համոզված եմ՝ Արթուր Ալեքսանյանը դեռ շատ մեդալներ է նվաճելու Հայաստանի համար:

ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հունահռոմեական ըմբշամարտի
Հայաստանի հավաքականի մարզիչ

***

Չգիտեմ՝ զգացողություններս բառերով ինչպես փոխանցեմ. շատ լավ եմ զգում ինձ։ Շատ կուզենայի, որ կարողանայինք մինչեւ այս օլիմպիական շրջափուլի վերջն այսպես շարունակել, կրկնել արդյունքները։ Արթուր Ալեքսանյանը թույլ է տալիս մտածելու ՝ ես աշխարհի ամենա-ամենա երջանիկ ծնողն ու անձնական մարզիչն եմ։

ԳԵՎՈՐԳ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ

Խորագիր՝ #33 (1204) 23.08.2017 - 29.08.2017, Մարզաշխարհ


23/08/2017